Երբ տունդ է անպաշտպան – Թշնամու դեմ՝ ի՛ր զենքով եւ ի՛ր մեթոդներով, իսկ միջազգայինի դեմ՝ ազգայինո՛վ պիտի կռվել… Ռուսերենի փուչիկը կրկին փորձարկվում է…

Բոլոր ժամանակներում էլ քաղաքականությունն ամենուր տարածել-տարածում է իր շոշափուկները եւ դեռ զարմանալ կարելի է, երբ այս ու այն կողմից լսվում է, թե մշակույթը, արվեստն ու սպորտը, տնտեսությունը կամ կրոնն ու իրավունքների ազատությունը… քաղաքականություն չեն:

Կյանքի յուրաքանչյուր ասպարեզ, բնագավառ, այսպես թե այնպես ունի ոլորտային քաղաքականություն, որն էլ որոշակի հենված է տվյալ ազգի ու պետության ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Իհարկե լավ կլիներ, որ միջազգային մամլիչը հանգիստ թողներ ազգայինը պահող մարդկանց ու նրանց կեցակարգը, ինչը թերեւս կհանգեցներ տարբեր ոլորտների որոշակի ինքնատիպ անկախությանը եւ դրանից բխող քաղաքականությանը, բայց այդպես չէ: Սակայն մամլիչը փորձում է վերացնել ազգային դիմագծերը, որպեսզի ստեղծի միադեմ (նույնն է՝ թե անդեմ) մեկաշխարհական տեսություն, որից միայն արարչական տարաբնույթ տեսակների ոչնչացման՝ մահվան հոտ է գալիս:

Սա տեսություն չէ, այլ պարզ իրականություն, որը հետեւանք է ցայսօր եղած մեր բոլոր իշխանությունների չտեսության… Գրեթե բոլոր միջազգային վարկերն ու դրամաշնորհները լցրել ու լցնում են այդ պահի իշխանությունների փորը, ինչը մեր ազգային հարցերն էլ դարձրել է մեր թշնամիների խնդիրների միջազգային քննարկումների բաղադրիչը, մասը միայն:

Անգամ մեր պետության, մեր ազգային ավանդույթների ու օրենքների դեմ քայլեր են անում իշխանավորներն ու ընդդիմադիրները՝ ակնկալելով միջազգային «դրամական խոշոր շահումներ»… ՀՀ ԱԺ որոշ պատգամավորներ էլ, գործադրելով մեր թշնամիների եվրաստորագրությունները՝ երկրի ղեկն են մոտեցնում օտարի ձեռքերին…

Այսօրինակ «մերոնց» համար (կամ նրանց այդպես է հարմար) իշխանությունը նաեւ պետությունն է եւ թշնամու ձեռամբ պետության դեմ քայլերը անգիտակցի տրամաբանությամբ հակաիշխանական պայքար են կոչում: Դա անում են ոչ պակաս անուղեղ, ամեն ինչի դեմ բողոքողների շրջանում: Վերջիններիս համար էլ պետությունը նաեւ հայրենիքնն է (ոչ թե մի գործիք, որ պիտի ծառայեցնել ազգի ու երկրի համար) եւ պետության դեմ պայքարը վերածվում է հայրենալքության ու «երկիրը՝ երկիր չէ» սինաբանությամբ փառաբանվող արտագաղթի:

Մենք տանուլ ենք տալիս ոչ միայն երկրի ներսում, այլեւ՝ դրսում՝ Միացյալ Հայաստանի վերակերտման գաղափարը, նաեւ՝ այն ամենը, ինչը հայկական է, անգամ հայկական երգն ու պարը, մեր ազգային խոհանոցը, որ ուտեստ առ ուտեստ զիջում ենք թուրքին, ադրբեջանցուն, վրացուն…

Այո, պարտադիր չէ, որ բոլոր ոլորտները դառնան քաղաքական բնագավառի կցորդներ, նույնիսկ տարանջատման գիծը պետք է հստակեցնել: Սա հասկանալի է:

Սակայն իրականում այլ բան են անում եւ հիմնականում այլ բան են մտածում նրանք, ովքեր վերոնշյալի մասին բարձրաձայնում են բոլորովին այլ պատճառներով՝

1. Չեն գիտակցում, որ մերօրյա աշխարհում (աշխարհի գաղտնի կառավարության համապարփակեցման պայմաններում) ամեն բան խառնված է քաղաքական, ավելի ստույգ՝ ռազմա-քաղաքա-տնտեսական ուղղությանը: Սա վտանգավոր փաստ է ազգային եւ անհատական ինքնապահպանության տեսանկյունից, եւ կարող է հանգեցնել դադնաղ կործանման, անգամ՝ ինքնակործանման:

2. Այդպես են ասում, որպեսզի իրենց օտարասիրական, օտարահաճ կամ օտարանպատակ եւ այլ ապազգային (երբեմն էլ հրահրվող ու դավադիր) նկրտումները կարողանան ներկայացնել իբրեւ «կեղտոտ քաղաքականությունից» հեռու՝ «բոլորովին ա՛յլ մակարդակ»: Բայց սա առավել ծառայամիտ կամ զուտ շահադիտական նպատակներ հետապնդող ավելի կեղտոտ խաղ է, քան այդ «կեղտոտ քաղաքականություն» ասվածը, որը պարտադրում են շահագրգիռ օտարները:

Այսպես, անգամ թուրքահաճ ե ադրբեջանահաճ պատվիրված միջոցառումներ են փորձում կազմակերպել Հայաստանում՝ որոշ երկրների դեսպանտների կամ դրսից սնվող քաղաքական ու հաարակական ուժերի միջոցով, ինչը դավաճանություն որակվելու փոխարեն ստանում է «խաղաղասիրության», «առաջադիմության» եւ «զարգացվածության» բնորոշում ու միջազգային դրամաշնորհներ, նաեւ՝ թշնամական երկրներից: Նման դրամաշնորհային կաշառակերությամբ էլ (որը կոչել ենք՝ «օրինական» կաշառք) քաղաքականությունը մտնում է մեր կյանքի բոլոր ոլորտներ, նաեւ մեր կյանք ու կենցաղ, անգամ անկողին…

Եվ անբնական ու հիվանդ մարդատեսակը (կրոնամոլ, համասեռամոլ, օտարամոլ, ազգադավ ու հայրենադավ) սկսում է պահանջել հավասար իրավունքներ՝ բնական, աստվածահաճ կյանքով ապրող, հայրենիքն ու ազգը սիրող, իր տանը, ծնողներին ու զավակներին, հարազատներին ու ազգակիցներին նվիրված արարչածին Մարդ Տեսակի հետ: Երբ վերջինը խղճալով կամ արտաքին ճնշումների պատճառով կիսում է իր իրավունքները, հետզհետե ինքն է դառնում փոքրամասնություն՝ այս հակաբնական-հակամարդկային փոքրամասնականների նկատմամբ:

Սա չի՛ կարող քաղաքականություն չլինել: Ա՛յս քաղաքականության պատճառով է, որ մեր կյանքի բոլոր ոլորտներում հանդիպում ենք «քաղաքականություն» ասվածին՝ ուզենք, թե չուզենք: Իզուր չի ասվել, եթե չես ցանկանում, որ քաղաքականությունը զբաղվի քեզանով, ապա դու՛ զբաղվիր քաղաքականությամբ: Սա է մեր իրականությունը եւ դրա դեմ պետք է համարժեք ու գործուն պայքար ծավալել:

Թշնամու դեմ՝ ի՛ր զենքով եւ ի՛ր մեթոդներով, իսկ միջազգայինի դեմ՝ ազգայինո՛վ:

Հիշեցնենք, երբ այսպիսի պայքար է ծավալվում համաշխարհային ժողովրդավարական հռչակված (բայց իրականում ժողովրդասպան) մամլիչի դեմ, հակառակորդը մարդու մարմնական-նյութական հաճույքներին տուրք տալուն զուգահեռ՝ ծավալում է նաեւ հոգեւոր-կրոնական (նաեւ աղանդավորական) քաղաքականություն, ինչը հիշեցնում է «մեզ հայտնի» աշխարհի կործանման «հերթական ճշգրիտ տարեթիվը» եւ «փրկության միակ ուղին»…

Հերթական ծրագրված սարսափատարածման, համաշխարհային խարդախությունների, անարդարությունների, գաղափարա-կրոնական ու անբարո սադրանքների պարկերը բացվում են եւ արդեն դրանցից բխող ապազգային բարոյախոսություններն ու տեղային հակամարտությունները կապվում են «մարդկության ջանին», որոնք լռեցնում են արդեն փոքրամասնացած՝ մարդ մնացած մարդկանց ձայնը եւ տհաս ու սարսափած մեծամասնությանը ավելի հեռու են տանում իրականությունից ու այն զգալու բնազդից…

Եվ այստեղ հայտնվում են «պատմաբաններ», «տեսաբաններ», «սոցիոլոգներ», «արվեստաբաններ»… բայց իրականում այսօրինակ ու այլ անբաններ, որոնք դրամաշնորհներից արբեցած հայտարարում են, թե՝

1. Տղամարդը կարող է սեռական կյանքով ապրել տղամարդու հետ, ինչպեսեւ՝ կինը կնոջ, քանի որ հավատը դարձել է քաղաքականություն ու մարդկանց զրկում է ազատություններից եւ իրավունքներից:

2. Աղանդավորականը իրավունք ունի իր նմանների հետ եկեղեցի հիմնելու եւ աստծու հետ իր «կանալներով» խոսելու: Եվ  մարդը նույնպես կարող է աստվածանալ եւ նրա ասածներն էլ կարող են անքննելի դառնալ:

3. Հայաստանում կարող են թուրքական կամ ադրբեջանական ապրանքներ վաճառել-վերավաճառել ու Անկարայի եւ Բաքվի գանձարանները առանց խոչընդոտելու հայկական փողերով լցնել: Իսկ մեր թշնամիների՝ այդ փողերով գնված զենք-զինամթերքը միջազգային իրավունքի համաձայն կարող է սպանել հայ սահմանապահին կամ դիրքապահին:

– Անգամ Երեւանում կարող է վնաս պատճառել այդ զենք-զինամթերքը, իսկ դրա համար պետք է նախապես մեզ սովորեցնեն թշնամու մշակութային ռմբահարմանը՝ թուրք-ադրբեջանական փառատոնների կազմակերպմամբ, ինչը վաղուց փորձարկում են: Հարեւանասիրության քարոզի տակ են անում, լավ ու վատ թուրքի կերպարներ են հրամցնում, թուրքի իրավունքից են խոսում, որ եկել զավթել է մեր տունը, մեր ծնողներին կոտորել, մեր տան դռներն էլ մեր դեմը փակել ու իր իրավունքներից է խոսում: Խոսում է, քանի որ միջազգային քաղաքականությունը մտել է մեր տուն, մեր կենցաղ, մեր անկողին…

Հայկ Թորգոմյան

Ռուսերենի փուչիկը կրկին փորձարկվում է…

«Մենք եղբայրներ ենք եւ պետք է խոսենք եղբայրական լեզվով: Եթե ուզում եք խոսել ռուսերեն, խոսեք, եթե ոչ՝ ոչ… բայց ես խորհուրդ չէի տա մեկուսանալ, այն ժամանակները չեն»,- ՀՀ ԱԺ-ում ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի ավարտին ասուլիսում հայտարարեց միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը՝ անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանում հնարավո՞ր է պետական լեզու փոխվի:

Հայկական կողմի համանախագահ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ հայտարարեց, որ ՀՀ պետական դիրքորոշումը հայտնի է, եւ որեւէ փոփոխություն դրանում չկա ու հիմքեր այլ լեզու՝ երկրորդ պետական լեզու ճանաչելու համար չկան: «Դրա հիմքեր կարող են լինել միայն այն դեպքում, երբ ՀՀ-ում ապրի ինչ-որ այլ ազգության կոմպակտ քանակություն: Բայց նման բան այսօր չունենք»:

Նիկոլայ Ռիժկովն էլ հավելեց, թե Հայաստանը մոնոազգ է եւ նման խնդիր չկա:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 35 (340), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։