Գաղտնի են, թե ազդեցության, նույն գործակալն են (հայ մասոն-իկները տքնում են երեւալ) – Իսկ ամենամեծ քաղաքականությունը հենց հավատն է, քանի որ այն առնչվում է ոչ միայն երկրային, այլեւ երկնային իրողություններին…

Ժամանակին հայ արիները պարբերաբար ներկայացնում էին այս կամ այն մասոնական գործչի կամ այդ գաղտնի կազմակերպության որեւէ կամակատարի ու գործակալի «հայանպաստ» քայլերը, ինչն ավելի տրամաբանական էր դարձնում նրանց երկերեսանի կերպն ու երկակի քաղաքականության հետեւորդ լինելը: Լինում էր նաեւ, որ ներկայացվում էին գործիչներ, որոնց ազդեցության գործակալներ էին որակում, ովքեր այս կամ այն երկրի ազդեցության խորացմամբ էին զբաղվում: Այսօր թերեւս քիչ են նման հայտարարությունները, սակայն բացահայտված շատ մարդիկ ու «գործեր» կան արդեն, որոնք  օժանդակում են նոր բացահայտումների հասնելու համար:

Այսպես ասած՝ հին մասոնական եղբայրներից մեկը, ում բացահայտեցին հայ արիականները տարիներ առաջ, շարունակում է զբաղվել իր կինոգործերով, բայց վստահաբար շարունակում է ղեկավարել Հայաստանի կինոգործիչների միությունը: Ռուբեն Գեւորգյանցը դրանով չի բավարարվում, նա ինքնախոստովանված միակ հայ մասոնն է, ով արդեն հնար չուներ չբացահայտվելու (ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը կինոգործիչ Ռուբեն եւորգյանցի հերքումից հետո խոստացավ ներկայացնել իրենց խոսակցության (հայ արիների ղեկավարին մասոնական կենտրոններին էր ցանկացել ներկայացնել ինքնախոստովանված մասոնը) ձայնագրված խոսքը, որից հետո «սառույցը շարժվեց») եւ «մասոն Ռուբենը» կամովին ներկայացավ հանրությանը: Իհարկե սա զրկեց մասոնական եղբորը ապագա առաջխաղացման հնարավորությունից՝ խախտվեց գաղտնիության խորհուրդը, բայց կարեւորեց նրա անձը որոշակի քաղաքական ու լրագրողական շրջանակներում, որոնք միշտ դեպի դուրս են նայում ու հպատակային ձգտումներ ունեն:

Վերջին ժամանակներս մի քանի անգամ հանդիպեցի «մասոն Ռուբենի» հարցազրույցներին, որոնցում «եղբայրական» սույն անձը իր կրկնվող բացատրություններից բացի, որ առանց զարգացման ուղղակի գովաբանական արտահայտություններ են մասոնականությանն ուղղված, մի քանի անգամ արդեն նշել է, թե մասոնները իրենց ծրագրերն են իրականացնում Հայաստանում եւ շուտով լավ է լինելու: Նա անգամ Սյունիքի վերանշանակված մարզպետ «Սուրեն Խաչատրյանի ու նման լիսկաների վերանշանակումներից է զարմացել», ինչը մասոնությունից կիլոմետրերով հեռու բացահայտված այս մասոնի համար խորթ է, քանի որ ըստ նրա վերաբերմունքի, երեւի թե խորթ է նաեւ «մասոն եղբայրության» համար: Քիչ է մնում մեզ էլ «հավատացնի», որ մասոն դառնում են միայն մաքրամաքուր մարդիկ եւ ազգի նվիրյալ զավակները, որոնք տեղավորվելով ամենատարբեր գաղտնի օթյակներում՝ հետզհետե սրբի թեւեր կրելու բախտին են արժանանում…

Ինչեւէ, այս գործակալի խոսքերը այլեւս ազդեցություն չունեն հայ հանրության, էլ չասենք՝ ազգային հատվածի վրա, սակայն մի բան հստակ է՝ մասոններն ու ազդեցության գործակալները ամենուր փնտրում-գտնում են անբարո բարքերի, աղանդավորական ուղղության հետեւորդների, որոնք ազգայինից «հոգնած» պատրաստ են մեծացնել Հայաստանի ու հայության շուրջ (իհարկե, սա համաշխարհային երեւույթ է) սարդոստայնը:

Մեկ այլ նմանատիպ անձ էլ հանդես է գալիս որպես սոցիոլոգ: Նույն ՀԱՄ առաջնորդը բացահայտումներ արեց նաեւ հասարակական կամ բարեգործական անունների տակ թաքնվող մի քանի կազմակերպություններին առնչվող, որոնցից մեկի ներկայացուցիչն էր («Ռոտարի» ակումբի) սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Հայտնի են նրա պատվիրված հարցումների ուղղությունները եւ նպատակները, բայց նա, ինչպես Ռուբեն եւորգյանցը (միջազգային «դաբրո» ունենալով), շարունակում են գործել առանց խոչընդոտների եւ դեռ կարողանում են դրամական միջոցների պակաս չզգալ՝ իրենց գործունեության ծավալման համար:

Եթե «արվեստագետ» մասոնը խոստանում է, որ իր «եղբայրները» դեռ օգնելու են Հայաստանին, ապա «սոցիոլոգ» մասոնը անցել է մի նոր՝ կրոնական հարձակման: «Մենք մի քանի անգամ դավանափոխ ազգ ենք եղել՝ սկսած Հայկից, որի ժամանակ մենք հեթանոս էինք, Տիգրան Մեծի ժամանակ մենք զրադաշտ էինք, իսկ խորհրդային տարիներին մեր ազգը աթեիստ էր դարձել»,- ասել է Ահարոն Ադիբեկյանը: Նրա կարծիքով, Հայաստանում աղանդավորական կառույցները ֆինանսավորվում են քաղաքական կառույցների կողմից, իսկ եկեղեցին գրեթե ազդեցություն չի կարող ունենալ դրանց վրա: Միանգամից մի քանի բան աղավաղվեց այստեղ եւ՝ ոչ պատահաբար:

Նախ՝ հայ ազգը «մի քանի անգամ դավանափոխ ազգ՚»չի եղել: Եթե օտարը բռնացել ու սրի քաշելով «դավանափոխ է արել» կամ «անհավատ՝ աթեիստ դարձրել», ապա դա չի կարելի համեմատել իր կողքինների հետ՝ այս կամ այն գործչի այս կամ այն կուսակցություն տեղափոխվելու տրամաբանությամբ:

Հայ ազգը ոչ թե Հայկ Նահապետից է սկսել հեթանոս լինել, այլ Հայկից դեռ հազարամյակներ առաջ: Տիգրան Մեծի ժամանակ աշխարհակալ հայ թագավորը անծայրածիր Հայաստանը լցրել էր նաեւ այլազգերով, հատկապես սահմանային մասերում, եւ ոչ միայն պարսկական զրադաշտությունը, այլեւ հունական, հրեական եւ հնդկական հավատները ունեին իրենց հետեւորդները: Արքայից արքան էլ մի քանի կին ուներ՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ հարեւան երկրների հետ քաղաքական համաձայնությունների գալու նպատակով: Իսկ թե աթեիստ կոչված սովետական ժողովուրդը (նաեւ հայերը) ինչպես էր եկեղեցի այցելում, մոմ վառում, բախտագուշակությամբ զբաղվում ու «հոգի կանչում», երեւի «սոցիոլոգը» «մոռացել» է…

Իսկ այն, որ աղանդավորական կազմակերպությունները ղեկավարվում են մեր քաղաքական կառույցների կողմից, արդեն նորություն էր, քանի որ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հստակ ներկայացնում է դրանց ծագումն ու հովանավոր երկիրը:

Սակայն Ահարոն Ադիբեկյանը նպատակ ունի այլ կարծիք սերմանել. «Եկեղեցին աղանդավորների վրա առհասարակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ այդ աղանդավորական կազմակերպությունները ֆինանսավորվում են քաղաքական գործիչների կողմից» եւ, պարզվում է, այդ գործիչները«ՙաշխարհի տարբեր երկրներում ունեն առանձնատներ, որոնք կարողացել են գնել հենց աղանդավորական կազմակերպությունների միջոցով»: Իսկ գուցե ասվի ա՞յլ կերպ, որ մեր որոշ քաղաքական, տնտեսական ու մշակութային գործիչներ գրանցվել են աղանդավորական կազմակերպություններում, որպեսզի կարողանան դրսերում առանձնատներ ունենալ եւ «հարգալից ընդունելության արժանանալ»…

Սա ոչ մի բանով չի տարբերովում մասոնական եղբայրության մոտեցումներից, քանի որ իրականում ինչպես սեռական, այնպես էլ կրոնական փոքրամասնություն ասվածները ծառայում են նույն գաղտնի ուժերի նպատակներին: Սոցիոլոգի խոսքով, աղանդավորական կազմակերպությունների թվի մեծանալը կապված է ՀՀ Սահմանադրության հետ, բայց նորից չի նշել, թե ովքե՞ր են պարտադրել այդ Սահմանամադրությունը հայությանը եւ դեռ ինչ օրենքներ են պարտադրվում ցայսօր:

Կրոնական կազմակերպությունները փորձում են դեր խաղալ մեր քաղաքականության մեջ, ասել է նաեւ Ալեքսանդր Ամարյանը, խոսելով նրանց ինչպես քաղաքական, այնպես էլ այլ հակումների մասին: Դիցուք՝ թե աղանդավորական կայքերը եւ մորմոնները ինչպես են զբաղվում հիասեռականների հավաքագրմամբ:

Այո, Հայաստանյայց առաքելական եկեղեցին դարձել է մի կառույց, որն այսօր կարող է կոչվել ՀՀ կրոնի նախարարություն: Բայց դա չէ պատճառը, որ մասոնները, աղանդավորականները կամ սեռամոլագարները վխտում են մեր մեջ: Ինքը՝ եկեղեցին եւս դավանում է հուդա-քրիստոնեություն եւ ոչ հայկական հավատի հետեւորդ է, նույն գաղտնի ուժերի հսկողության տակ է, ինչպես Էկումենիկ միջազգային շարժման ցանկացած եկեղեցի: Քաղաքականության մեջ խառնվում է այնպես, ինչպես մնացյալները: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո, ով իրեն լուրջ հավատավոր էր ներկայացնում, ոմանք սկսեցին բարձրացնել մեռելոցներից հրաժարվելու հարցը, քանի որ ոչ աշխատանքային, եկեղեցական այդ տոների հեղինակը համարվում է նախկին վարչապետը, եւ այս փոփոխությունները բացասական էին ազդում երկրի աշխատող զանգվածի վրա: Այս թեման անգամ Հովիկ Աբրահամյանն է փորձել բարձրացնել, երբ նորանշանակ վարչապետ էր, սակայն կաթողիկոսի կողմից լուրջ դիմադրության է հանդիպել: Ասում են՝ Գարեգին 2-րդն այնքան է զայրացել, որ խոստացել է վեր հանել մեռելոցների նախապատմությունը, քանի որ, պարզվում է, դրանց հիմնադիրը ոչ այնքան Տիգրան Սարգսյանն է, որքան Սերժ Սարգսյանը՝ վարչապետ աշխատած օրերին: Իսկ դա կնշանակի, որ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն իր նախորդի ստվերի դեմ է պայքարում, այլեւ գործող նախագահին է դեմ գնում։

Քաղաքականության մեջ կրոնի ազդեցության մասին մեր հարցմանն ի պատասխան ՀԱՄ գրասենյակից հայտնեցին, որ հիմա հայ արիականներն առավելապես զբաղված են Հայաստանում եւ Սփյուռքում արիադավան ազգայնականների համախմբմամբ եւ սահմանամերձ գոտիներում «հին կռված տղաների» վերահաշվառմամբ: Իսկ հիշյալ խնդիրները միշտ էլ իրենց ուշադրության կենտրոնում են, ու կգա դեռ անդրադառնալու ժամանակը: Նաեւ համաարիական քաղաքական ու հավատքային դաշինքի բանակցություններն են շարունակում, ինչը մոտ ապագայում կհանգեցնի հայոց հավատի վերահստատմանը: Նրանք չհերքեցին, որ ամենամեծ քաղաքականությունը հենց հավատն է, քանի որ այն առնչվում է ոչ միայն երկրային, այլեւ երկնային իրողություններին եւ իզուր չէ, որ ժամանակին հայերն ունեցել են Քուրմ Արքաներ, ովքեր տիրապետել են երկրային ու երկնային գործերին հավասարապես:

Այսօր դժվար է պատկերացնել երկրի նախագահին որպես կաթողիկոս կամ հակառակը, բայց աշխարհիկ եւ հոգեւոր ոլորտների ղեկավարները պարտավոր են Հայաստանը հային ծառայեցնել:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 35 (340), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։