«Սասնա Ծռե­ր»-ը՝ որպես «Քրմական Զրուցարա­ն».- Աշոտ Հեթանոս – Քրմի թեկնածու (Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախումբ)…

«Սասնա Ծռե­ր» էպոսը ուսումնասիրել են շատերը, հայոց էպոսով զբաղվել են անգամ մեր թշնամիները:

Այն, որ «Սասնա Ծռե­ր»-ը այլաբանական եւ թաքնագիտական խորիմաստ խորհուրդներ ունի եւ հաստատ հազարամյակներից է գալիս, ոչ թե հարյուրամյակների կյանք ունի, այդպես է, այս մասին զրուցել եմ նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ: Համաձայն եմ նրա այն տեսակետին, որ ժամանակի հայ քրմերը մարդկանց հետ խոսելու այս ձեւը հարմար են համարել, երբ պարզ հայ մարդը հայոց խորհուրդներին, հավատին ու պատմությանը ծանոթացել է առասպելների, ասքերի, զրույցների կամ հեքիաթների միջոցով: Հայ արիների ղեկավարը համոզված է, որ ամենատարբեր պատումները գրավոր կամ բանավոր տարածելով, մեր զորավոր քրմերը հետագայում ավելի հեշտ են վարել տաճարային զրույցները եւ ավելի դյուրին է եղել մարդկանց ներկայացնել կյանքում միշտ հանդիպող եւ կարեւոր այն «երեք ճանապարհ­ը», նաեւ դրանցից մեկի ընտրության իմաստը եւ առաքելությունը, «յոթ սար այն կողմու­մ» գտնվող գաղտնիքներին հասնելու բանաձեւը կամ «յոթ երկինք վերեւում»՝ Հայ Աստվածային համակարգի Արարչադրոշմ ճանապարհը ու էլի նման խորհուրդներ:

Ինձ եւս հետաքրքրել է մեր էպոսը իր այլաբանությամբ ու խորհրդապաշտությամբ, երկար ժամանակ այն ինձ հանգիստ չէր տալիս, անգամ կարծես չէր բավարարում:

Երբ ձեռք բերեցի գրեթե բոլոր պատմությունները, կարդացի, խմբավորեցի ասացողներին ըստ տեղի եւ ժամանակաշրջանի, ու պատում առ պատում իմ առջեւ բացվեց ինձ համար անհայտ մի պատմություն, որը մոգական ուժ ուներ, տիեզերական էներգիա: Պատումների քանակը, ասացողների վերաբերմունքն իրենց պատմածի նկատմամբ, ինչպես նաեւ նրանց անձնական տվյալները փոխեցին իմ վերաբերմունքը էպոսի հանդեպ: Յուրաքանչյուր պատում բացում է մի նոր, անճանաչելի, անիմանալի աշխարհ:

Պատումների թիվն անցնում է 168-ից: Շուրջ 10 մարզից գրի են առել, ձայնագրվել են մոտ 23 ուսումնասիրություններ, էպոսը նոտագրել են 4 կոմպոզիտորներ, կան տեքստեր, որոնք երգվել են:

Էպոսի ուսումնասիրությունը տեւել է շուրջ մեկ դար՝ 1873-1973թթ: Էպոսը հայտնաբերեց քահանա Գարեգին Սրվանձտյանը, ավարտեցին ազգագրագետներ Սարգիս Հարությունյանը եւ Արուսյակ Սահակյանը:

Ասացողները տարբեր ձեւով, տարբեր բովանդակությամբ են ներկայացրել մեր էպոսը: Հայտնի են մի քանի Մոկացիներ, մի Մոկացին պատմում է միայն Սանասարի եւ Բաղդասարի պատմությունը, իմիջայլոց, պատումներում Սանասարի եւ Բաղդասարի մասին նյութերը գերակշռում են:

Մոկացի Նախո քեռին «Դավիթ եւ Մհեր», իսկ Անհայտ Ոմն մեկը ներկայացրել է «Սասնա Ծռե­ր»-ի միանգամայն այլ տարբերակ, որը կտրուկ տարբերվում է բոլորից: Սպարկերտցի Փառիկի պատմվածը, որը գրի է առել Արամ Ղանալանյանը, ունի այլ զգացողություն, այլ էներգետիկա: Փառիկի պատմածը մեզ մտածելու տեղիք է տալիս:

«Չե՛, խողածին չիմ, ըստայ իմ զարկ»,- Դավթի խոսքերն են Մսրա Մելիքի կռվի ժամանակ, բայց մենամարտից հետո պատմությունը կտրուկ ավարտվում է,- ասում է Ղանալանյանը,- այստեղ Փառիկը վերջացրեց իր պատմությունը»:

– Բա Դավթի ամուսնությու՞նը,- հարցրել է Ղանալանյանը:

– Պստիկ Դավիթ չպսակվի,- պատասխանել է Փառիկն ու ավելացրել,- Դավիթ, որ կռվի երավ, պրծավ, կ՛իյնա ծովու պռուկ ֆըռռա խետ տղներուն: Տղեներ կըյնին խետ կիյանա ծովու պռուկ կը լոխկնան:

Դավիթ սութ երթմցավ ծեռ տը զարներ վար ձախ թեւին, եղար վար աջ թեւին, ընկավ ծով խեխթըվավ:

Այսինքն՝ Դավիթն անժառանգ է մնում, ուստի այն վարկածը, որ Փոքր Մհերը կարող է լինել քրմական դասի ստեղծած մարգարեությունն՝ ուղղված ապագային, հիշեցնում է «Հայտնությունը», եւ թվում է Փոքր Մհերի դարաշրջանը նոր է գալու: Այսօր Սասունցի Դավիթի դարաշրջանում ենք, Դավիթի կռվի օրերն են, Դավիթը դիմակայում է Մսրա Մելիքին:

Ուսումնասիրելով պատումները՝ թվում է՝ ամբողջ մարդկության զարգացման 50 հազար տարվա պատմությունն է կերտված ասքում: Սանասարը եւ Բաղդասարը  արարիչ աստված դիցեր են, դիցեր արարող, հրեղեն դիցերածին, որոնք վերջ դնելով հին աշխարին՝ Բաղդադի Խալիֆին, արարում են Սասնո տունը:

Սանասարը կնության է առնում Քառսուն Ճյուղ Դեղձուն Ծամին:

Ծնվում է Մեծ Մհերը՝ արդարության եւ հավասարության ջատագով մի դից, որը մեկ սխալ է գործում, ծնվում է Փոքր Մելիքը՝ հակառակ բեւեռից, հետո Աստծո կամքով ծնվում է Դավիթը:

Այս պատումով ճշտվում է եւ պահպանում հավասարակշռությունը՝ դրական ու բացասական դաշտերը: Դավիթը իր հերթին կատարում է եւս մեկ սխալ, երբ սպանում է եղբորը՝ Մելիքին, թողնում է մեկ ժառանգ Փոքր Մհերին, եւ իհարկե Խլաթի թագավորությունում մեկ աղջիկ, ով էլ սպանում է Դավթին:

Ամբողջ պատմությունները ընթերցելիս զգում ես ամբողջ մարդկության զարգացման դիցաբանությունը, երբեմն փաստերի ես առնչվում, որ ուղղակի շփոթեցնում կամ զարմացնում է ընթերցողին:

Մի ուրիշ Մոկացու պատմածից.

«Խաբար որդուց տանք:

– Պղնձե քաղքի թագավորի աղջկանից տանք:

Պղնձե քաղքի թագավորի աղջիկ

Մեկ կուժ լիքը ջուր եր լցրե,

Խանձուր բերան դրե.

Մե կուժ ել դարդակ եր բերան դրե,

Թղթի մեջ կիրիր եր.

– Բաղդասար տղա,

Յես Պղնձե քաղքի թագավորի աղջիկն եմ.

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Երազով զքի տըսիր իմ, արի, ընձի առ

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Ես թուղթ կը կիրիմ քե խամ­ա»:

Նույն սյուժեն մի Մոկացին սկսում է հետեւյալ կերպ.

Ասին.- Ի՞նչ անինք, ի՞նչ չանինք:

Պետք ա մինք պսակվինք:

Վորտեղաց աղջիկ բիրինք:

Քոսա վարդըպետ ասաց.

– Ձե արժան ա, վորտեղ յոթ ճող քոր կա:

Մեկ այլ օրինակ Մոկացի Սախոյից.

Սանասարը ձեն վուր ընկավ  տնեն,

Խոսք-խաբար խասավ Կըրխսաչլուն

Իլավ, մեկ գիր գրից, ետու քամուն եսաց.

– Քամը, նա թողթ կը տանըս

Կը տաս իմ տեգր Բաղդասարն:

Պղնձե քաղաքի անունը հիշատակվում է քիչ պատմողների մոտ, այս աշխարհագրական անունը երկրագնդի վրա գոյություն չունի:

Այսպիս քաղաք չի հիշատակվում պղնձե դարաշրջանում: Այս կարճ տեւած դարաշրջանը ընկնում է քարի եւ բրոնզի դարաշրջանների արանքում, որը տեւել է 1000 տարի, իսկ Սանասարը ճամփորդել է տիեզերքում՝ «հանտերում»:

Համահավաք «Սասնա Ծռե­ր» էպոսում ամեն ինչ հարթ է ընթանում, ոչ մի խնդիր չկա, ընթերցում ես մի շնչով, բայց անմիջապես զգում ես Ստալինյան դարաշրջանի շունչը, եւ հնչում է հրաման.- «Էս գործը շուտ փակե՛­ք»:

Եվ Մանուկ Աբեղյանը տիտանական աշխատանք է կատարել իր գրչակից համախոհների՝ Արամ Ղանալանյանի եւ Հովսեփ Օրբելու հետ, բայց ցավոք նրանց մեջ էր Գեւորգ Աբովը:

Այն, որ ամբողջ մարդկության պատմությունը վերանայելու խնդիր կա, արդեն պարզ է: Այստեղ է, որ վերաբացահայտվելու է հայի իրական պատմությունն ու առաքելությունը: Մենք՝ հայ արիներս հայտարարել ենք, որ մի նոր տիեզերափուլ է սկսվել՝ Տիեզերական Գարուն, որի «հալոցքներից» ավարտվում է Տիեզերական Ձմռան պարբերաշրջանը, ինչը կասեցնել ոչ ոք ու ոչ մի բան չի կարող…

Իսկ ե՞րբ եւ որտե՞ղ կկայացվի այդ վերանայման խնդիրը, արդեն ժամանակի եւ հետուողական դիտարկման հարց է:

Եվգենիկայի եւ Դարվինիզմի հիմքերի վրա դրված աղավաղված պատմություններն իրենց տեղը զիջելու են արարչածին իրականությանը:

Ամեն բան կվերադառնա ի շրջանս յուր, ճշմարիտ պատմությունն ու հավատը պետք է վերադառնան տիեզերագիտական ու տիեզերաբանական հենքերին, որպեսզի հեշտ ու ճիշտ լինի մարդկությանը նյութապաշտությունից վերադարձնել նրա հոգեւոր՝ արարչական եւ տիեզերահաս ոլորտը: Առանց որի՝ հայի առաքելությունը բեկված է:

Աշոտ Հեթանոս, Քրմի թեկնածու, Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախումբ

«Լուսանցք» թիվ 35 (340), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։