Չափը չանցնենք հուշարձաններն օգտագործելիս – Կամ՝ աչքակապությունը՝ գործելաոճ (1-ին մաս)… «Զվարթնոց» եւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանների տարածքներում եղած խրախճանքները եւ պատճառած վնասները…

Այս հոդվածը շատ փոքր հատվածով տպագրվել է «Իրատես դե ֆակտո»-ում: Հաշվի առնելով թեմայի կարեւորությունը՝ հեղինակը «Լուսանցք»-ին խնդրեց այն ամբողջությամբ հրապարակել, որպեսզի ասելիքն էլ ամբողջական լինի: Իսկ սա մի թեմա է, որ մեր թերթի ուշադրության կենտրոնում է մշտապես: Ցավո՛ք մշտապես, քանզի մեր հուշարձանները հիմնականում անմխիթար վիճակում են եւ դրանց պահպանությունն էլ շատ վատ է արվում:

Ստորեւ ներկայացվող հոդվածի հեղինակը բավականին քաղաքավարի է գտնվել՝ վերնագրում մեջբերում անելով եւ դրանով իսկ շատ նուրբ մոտեցում ցույց տալով, որովհետեւ մենք մեր հուշարձաններն իրականում չենք օգտագործում, այլ՝ շահագործում ենք...

Ինչեւէ, հարգում ենք հեղինակային իրավունքը եւ հոդվածը տպագրում գրեթե առանց կրճատումների:

* * *

Վերնագրիս առաջին մասի միտքը («Չափը չանցնենք հուշարձաններն օգտագործելիս») տակավին վերջերս արտահայտել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ս/թ. հունիսին «Զվարթնոց» եւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանների  տարածքներում տեղի ունեցած միջոցառումների վերաբերյալ հուլիսի 4-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում: Անշուշտ, երիցս ճիշտ է նախարարը, քանզի ամեն ինչում, առավել եւս պատմամշակութային արժեքների հարցում, չափի զգացումը, չափավոր լինելը ոչ միայն կարեւոր է, այլեւ խիստ անհրաժեշտ ու բարոյական չափանիշ:

Սակայն, ինչպես հաճախ կատարվում է կյանքում, չափի զգացումը եւ չափավոր լինելը, ցավոք, ոչ միայն ոտնահարվում են, այլեւ անիմաստ փորձեր են արվում աչքակապությամբ դրանք օրինականացնելու պատրանքներ ստեղծել: Այսպես, «Զվարթնոց» թանգարանում ս/թ. հունիսի 7-ին տեղի ունեցած հարսանյաց արարողության, ապա հունիսի 14-ին  «Տրոյկա Դիալոգ» ընկերության, ինչպեսեւ հունիսի 18-ին «Գառնի» թանգարանում ՀՀ կենտրոնական բանկի վարձակալական հիմունքներով անմիջապես հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում, այսպես որակավորված «փակ» կամ «կորպորատիվ» միջոցառումները իրավամբ հունից հանեցին մտավորականությանն ու հասարակայնության լայն շրջանակներին: Ինչու՞, ի՞նչ է եղել… Արդյո՞ք այն ուղորդված է, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, կամ էլ փորձ է արվում հանիրավի վարկաբեկել այդ  բնագավառի պատասխանատուներին: Իմ խորին համոզմամբ՝ ո՛չ եւ ամենեւին: Ամենեւին, քանզի դրա հիմնական աղբյուրները հենց այդ բնագավառի պատասխանատուների իրարամերժ ու հակասական արտահայտություններն են: Քանզի Զվարթնոցն այդ երկու միջոցառումների ժամանակ ասեք թե ենթարկվել էր ինչ-որ քոչվորական ցեղախմբերի վրանային ճամբարի: Եվ տպավորությունն այնպիսին է, որ հենց Զվարթնոց տաճարի համալիրն ընտրած ազգությամբ հայ մարդիկ, ովքեր իրենց ունեւոր, սակայն հոգով ու ազգային մշակույթի աղքատիկ իմացություններով ու այդ արժեքների դերն ու նշանակությունը, փաստորեն, ոտնահարող ու չգիտակցող իրենց «կորպորատիվ միջոցառումներին» ոչ թե զվարթնոցային պատմամշակութային շուք էին հաղորդում, այլ՝ միմիայն նզովք: Եվ այդ մասին թե՛ տպագիր եւ թե՛ էլեկտրոնային լրատվամիջոցները հրապարակեցին բազմաթիվ հոդվածներ, հեռուստաընկերությունները կազմակերպեցին մի շարք քննարկումներ: Եվ ի՞նչ տեղին ու անտեղի լուտանքներ ու մեղադրանքներ, վիրավորանքներ ու հազար ու մի բան ասես, որ չհասցեագրվեցին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ մշակույթի նախարարության հասցեներին: Վերջիններիս կողմից հնչեցին նաեւ արդարացումներ, որ հուշարձանների այդպիսի վարձակալական գործառույթը թույլ է տալիս «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքը: Անշուշտ, օրենքը թույլատրում է: Սակայն այդ օրենքի 38-րդ հոդվածի պահանջներն էլ, ըստ օրենսդիրի, հետեւյալն է, որը ստիպված եմ գրեթե ամբողջությամբ հղել. «Հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային եւ ճանաչողական նպատակներով, ինչպես նաեւ իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ:

Հուշարձանների օգտագործումը տնտեսական եւ այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական եւ գեղարվեստական արժեքը:

Հուշարձանի տիրապետումը եւ օգտագործումը պետք է կատարվի դրա պատմամշակութային արժեքի բացառիկության եւ հնարավոր կորուստների անդարձելիության գիտակցմամբ:

Բացառապես գիտական, կրթական, մշակութային եւ ճանաչողական նպատակներով են օգտագործվում… այն եկեղեցիները, վանական համալիրները եւ այլ կառույցները, որոնք ենթակա չեն ամբողջական վերականգնման եւ օգտագործման իրենց սկզբնական գործառնական նշանակությամբ…

Հուշարձանների օգտագործման նպատակը, բնույթը, դրանց փոփոխումները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Հուշարձանի օգտագործողները, եթե իրենց կանխամտածված կամ ոչ կանխամտածված գործողություններով վնասել են հուշարձանի պահպանությանը, կորցնում են օգտագործման իրավունքը»:

Նույն օրենքի «Հուշարձանները օգտագործման տրամադրելու» վերաբերյալ 39-րդ հոդվածով էլ «հուշարձանները օգտագործման են տրամադրվում դրանց սեփականատերերը կամ օգտագործողը կողմերի միջեւ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա« որը նախապես համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ»: 

Մեկ այլ՝ ՀՀ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով «Պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադիրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ»:

ՊՈԱԿ-ի կանոնադրության 15-րդ կետով էլ «կազմակերպությունն իրավունք ունի օրենքին« հիմնադրի որոշումներին եւ (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետելու« տնօրինելու եւ օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը»:

Օրենքներից մեջբերված վերոնշյալ պահանջները, ինչպես տեսնում ենք, հստակորեն նախանշում են թե՛ հուշարձանների օգտագործման եւ թե՛ վարձակալության տալու խնդիրները, ինչպեսեւ՝ պատժամիջոցները: Այստեղ հստակորեն ուզում եմ փաստել, որ հուշարձանները ժամանակների ընթացքում հաճախակիորեն ենթարկվում են նաեւ օգտագործման ու նորովի մեկնաբանությունների, որն ընդունելի երեւույթ է: Աշխարհի շատ երկրների եկեղեցիներում կազմակերպվում են հոգեւոր երգի ու երաժշտության համերգներ, աշխարհիկ կառույցներում (բերդեր, իշխանական պալատներ, ժողովրդական տներ, քարավանատներ եւ այլն) գործում են պանդոկներ, սրճարաններ, գրավաճառ, հուշանվերային եւ այլեւայլ տաղավարներ: Ավելի հստակորեն ասած՝ եթե որեւէ հոգեւոր ու աշխարհիկ կառույց շարունակաբար չի օգտագործվում, ապա այն ենթարկվում է դանդաղորեն մահվան ու արժեքազրկման: Այնպես որ, հուշարձանները շնչում ու վերաշնչավորվում են, երբ դրանք օգտագործվում ու իմաստավորման առարկա են դառնում: Միով բանիվ, ուխտավոր չունեցող եկեղեցու ճանապարհը միշտ էլ տատասկապատ է լինում, իսկ շենքը խարխլվում է եւ ժամանակների ընթացքում ավերվում: Հարցն այստեղ հուշարձանների եւ գործող օրենքների պահանջներն հասկանալու, կիրառելու եւ մեկնաբանությունների մեջ է, որը, ցավոք սրտի շրջանցվում եւ անհարկի շահարկումների առարկա է դարձվում: Քանզի, ինչպես հայտնի է, Զվարթնոցի տաճարը իր ամբողջությամբ չվերականգնվող հուշարձան է եւ, բնականաբար էլ, ոչ էլ իր նախնական նշանակությամբ է օգտագործվում: Այն, ինչպես հուշարձանների պահպանության մայր օրենքն է հստակորեն պահանջում, կարող է «բացառապես գիտական, կրթական, մշակութային եւ ճանաչողական նպատակներով օգտագործվել»: Այնպես որ, Զվարթնոցում ՊՈԱԿ-ի կողմից թույլատրված եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցված վերոնշյալ միջոցառումները, որոնք չեն տեղավորվում նույնիսկ տարրական տրամաբանության շրջանակում, ոչ մի կապ չունեն օրենքի պահանջների հետ եւ դրանք օրենքով թույլատրված լինելու, հուշարձանը «գովազդելու համար քարոզչական եւ հանրահռչակման միջոցառումներ են» («Չորորդ իշխանություն« 19.06.2014) ՊՈԱԿ-ի մեկնաբանությունները, մեղմ ասած, օրենքի պահանջները յուրովի հասկանալու եւ մեկնաբանելու, ինչ որ շահերի սպասարկու լինելու դրսեւորումներ են: Անիմաստ արդարացումներ ու պաշտպանության կռվաններ են նաեւ ՊՈԱԿ-ի այն պնդումները, թե վարձակալությունից առաջացած 700 հազարով նորոգվել են Զվարթնոց թանգարանի սանհանգույցները կամ՝ մեկ այլ աշխատանք է կատարվել:

Այստեղ նշենք, որ ինչպես Զվարթնոցի, այնպես էլ առնի թանգարանի ամեն տարի թանգարանային մուտքի տոմսերի վաճառքներից գոյանում են բավականաչափ գումարներ, որոնց չնչին մասն է միայն ներդրվում այդ հուշարձանների պահպանության խնդիրների լուծման կամ էլ աշխատակիցների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման համար: Օրինակ, Զվարթնոց թանգարանը վերջին 8-10 տարիներում ունենում է 4-8 միլիոնի հասնող, իսկ առնին՝ 60-90 միլիոնի հասնող գումարներ: Ընդ որում, առնին առ այսօր էլ չունի ոչ թանգարանային եւ ոչ էլ 10-15 աշխատակիցների համար աշխատանքային շենքեր: Այնպես որ՝ ամեն տարի ՊՈԱԿ-ին ամենաշատ գումար բերող առնիի աշխատակիցները տարիներ շարունակ կծկվում-ծվարում են համալիրի այս կամ այն պատի ու ծառերի տակ: Այսպիսի դեպքերի համար է, որ ժողովրդական այն խոսքն ասվել, թե «շատ աշխատողին շալե շապիկ»:

Ս/թ. հունիսին Զվարթնոցում եւ առնիում տեղի ունեցած վերոնշյալ միջոցառումների լույսի ներքո լրատվամիջոցներն անդրադարձեր կատարեցին նաեւ Զվարթնոցում 2011թ. մայիսի 25-ին երեկոյան ժամը 19-ից, Երեւանի HSBC բանկի 15-ամյակին նվիրված, այսպես ասած միջոցառմանը: Կայքերում տեղադրվեցին նաեւ այդ միջոցառման համար հուշարձանում տեղադրված մետաղական կարկասների փաստագրական լուսանկարներ: Մինչ այդ նշենք, որ 2012թ. հոկտեմբերի սկզբներին «Blwgnevs» համացանցային կայքում տեղադրվել էր Արա Ասլանյանի հեղինակած մի տեսանյութը, ուր մատնանշումներ էր արվում բանկի միջոցառման տեխնիկական ձեւավորումը իրականացրած «Շարմ Հոլդինգի» կողմից անմիջապես հուշարձանի պատերի մեջ մետաղական կոնստրուկցիաների ամրացումների համար խփված, ապա ապամոնտաժումից հետո կտրված ու պատերի մեջ թողնված մետաղական ձողերը: ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջն անմիջապես արձագանքելով այդ տեսանույթին՝ 2012թ. հոկտեմբերի 11-ին պաշտոնապես տեղեկացնում է, որ վերոնշյալ «կայքում խեղաթյուրված է ներկայացվել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում նախորդ տարի կազմակերպված մի միջոցառման փաստը: Թե ինչու՞ է «սրտացավ» հեղինակը մեկ տարի ուշացումով մտահոգություն արտահայտել, թողնում ենք նրա «խղճին»… Տեղեկացնում ենք ձեզ, որ տաճարի ներսում մետաղական ամրակներ այդ օրը չեն ամրացվել: Դրանք եղել են շարժական մետաղական կարկասներ, որոնք դրսի հատվածում ամրացվել են ասֆալտին: Վստահեցնում ենք, որ հուշարձանին վնաս չի հասցվել ու ճարտարապետական բեկորները չեն խաթարվել: Մշակութային միջոցառման համար կազմակերպիչների կողմից պատրաստված նավը հարմարացվել է հենց այդ ամրակների վրա» (տե՛ս htt://hushardzan.am 2115):

Այնուհետեւ ՊՈԱԿ-ը մի քանի օր հետո՝ 2012թ. հոկտեմբերի 18-ին իր կայքէջում տեղադրած «Պարզաբանում «Զվարթնոցի» շուրջ բարձրացված աղմուկի առիթով» հաղորդման մեջ վերստին պաշտոնապես արձանագրել է. «2011թ. Հայաստանում HSBC բանկի գործունեության 15-ամյակի հանդիսության ժամանակ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղադրված մետաղական կոնստրուկցիաների եւ հուշարձանի շարվածքում իբրեւ թե մեխված մետաղական խողովակների մասին համացանցում հրապարակված տեղեկատվության իսկությունը ճշտելու համար «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ« որի կազմում մասնավորապես ընդգրկվել են տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալը« ճարտարապետ, «Զվարթնոց» մասնաճյուղի վարիչը եւն: Աշխատանքային խումբը հոկտեմբերի 15-ին եղել է հնավայրի տարածքում, ուսումնասիրել խնդրո առարկա հատվածները։ Արձանագրվել է« որ տաճարի աստիճանաձեւ հիմքի երկրորդ շարի՝ թերի վիճակում պահպանված հին քարերից մեկի կենտրոնում առկա է երկաթե խողովակի մնացորդ« որը ձեռք տալուն պես անմիջապես անջատվել է քարից։ Վերջինս ամրացվել է քարի կենտրոնում (վերականգնող ճարտարապետներ՝ Լ. Սադոյան եւ Թ. Գեւորգյան) 1990-ական թթ. հուշարձանի տարածքում կատարված վերականգնման աշխատանքների ժամանակ՝ անջատված բեկորները հիմնաքարին ամրացնելու նկատառումով։ «Զվարթնոցի»՝ հարավային մուտքի երկու կողմերում պատերի պահպանված հատվածների նույն 1990-ական թթ. իրականացված վերականգնման ու ամրակայման աշխատանքների ժամանակ շարի շաղախի մեջ ուղղահայաց դիրքով տեղադրվել են մետաղական խողովակներ եւ մետաղական ամրաններ« որպեսզի հուշարձանի վերականգնման աշխատանքները շարունակելիս դրանց միջոցով հնարավոր լինի ամրացնել նոր շարվելիք հատվածների մետաղական հիմքը։

Աշխատանքային խմբի եզրակացությամբ՝ վերը շարադրվածը որեւէ կապ չունի նախորդ տարի HSBC բանկի գործունեության 15-ամյակի հանդիսության ժամանակ «Զվարթնոց» տաճարի տարածքում հավաքված մետաղական կոնստրուկցիաների հետ» [տե՛ս htt://hushardzan.am  2123]։

ՊՈԱԿ-ի վերոնշյալ հերքող  տեղեկատվություններին, որոնք ակնհայտ եւ պաշտոնական աչքակապություններ են, ցավոք, ծանոթացել եմ միայն վերջերս Զվարթնոցի ս/թ. հունիսի միջոցառումների շուրջ լրատվամիջոցներում ծավալված քննարկումների շրջանակում: Զարմանալն ու զայրույթ արտահայտելն այս պարագայում պարզապես քիչ է, որովհետեւ այն, ինչպես նշեցի, ակնհայտորեն  իրականության խեղաթյուրում է «պաշտոնական սուտ» մեղքի ու պատասխանատվության պարտակում, որը դուրս է նորմալ տրամաբանության շրջանակներից: Քանզի հիշյալ աշխատանքային խումբը, ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ, մեղմ ասած, անպատասխանատվության դրսեւորմամբ շրջանցել է համացանցում Ա. Ասլանյանի տեղադրած տեսանյութի մատնացույց անող բուն նյութի հարցում-պահանջները եւ կազմել է մի եզրակացություն, որի մեջ ոչ ճշմարտություն եւ ոչ էլ միտք կա: Ավելին, այն նաեւ հիմք է ծառայում, օրինակ, ՊՈԱԿ-ի ս/թ. օգոստոսի 23-ի թիվ 1-852 գրությամբ քաղ. Ա. Հարությունյանի գրավոր հարցմանն ի պատասխան, որը եւս տեղադրված է համացանցում: Այդ պատասխան նամակում այդ խնդրի վերաբերյալ պաշտոնապես մեկ անգամ եւս փաստվում է, որ «ՊՈԱԿ-ը 11.10. 2012թ. իր պաշտոնական կայքէջում պարզաբանում է տեղադրել htt://hushardzan.am/2115/, ինչին, ի դեպ, հղում եք արել նաեւ Դուք: ՊՈԱԿ-ի կայքէջում (կից լուսանկարներով) ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրության արդյունքների մասին՝ htt://hushardzan.am/2123: Խնդրի առնչությամբ ՊՈԱԿ-ը պարզաբանումներով  հանդես է եկել նաեւ տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցներով»:

Ավելորդ համարելով մեկնաբանել այս դիրքորոշումը՝ միայն ընդգծեմ, որ չափի ու պատասխանատվության զգացումն էլ լավ բան է եւ սեփական անհեթեթությունները չափանիշներ դարձնելով չպետք է փաթաթել այլոց պարանոցներին:

Ընդգծենք միայն այն, որ 2011թ. մայիսի 25-ին «Զվարթնոց»-ում HSBC բանկի 15-ամյակին նվիրված միջոցառման տեխնիկական  կապալառու «Շարմ Հոլդինգ»-ի հետ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլ. Պողոսյանի կնքած վարձակալական  պայմանագիրը կնքվել է մայիսի 19-ին եւ ըստ պայմանագրի  ու կապալառուի պաշտոնական նամակի, միջոցառում էլ պետք է տեղի ունենար «Զվարթնոցի» թանգարանային սրահում« ուր կարող է տեղավորվել ոչ ավել քան 40-50 մարդ: Սա միջոցառման, այսպես ասած, պաշտոնական-փաստաթղթային մասն է: Իրականում միջոցառումը կազմակերպվել էր ոչ ավել ոչ պակաս հենց տաճարում, որն ոչ միայն անթույլատրելի էր, այլ պարզապես սուրբ տաճարի «էլիտար» պղծում էր. մետաղական կարկասների ամրությունների ապահովման համար տարբեր տրամաչափերի ձողերը« առանց պահպանական միջոցների օգտագործման, անմիջապես խփված էին տաճարի պատերի մեջ եւ դրանց էին եռակցվել մետաղական զանազան կարկասները: Մի քանի երգերի ու պարերի կատարման համար բեմը հավաքվել էր անմիջապես տաճարի ավագ խորանում, որի աստիճանաձեւ մետաղական կարկասը« դարձյալ առանց որեւէ պահպանական միջոցների, կախվել-ամրացվել էր տաճարի ավագ խորանի արեւելյան պատին: Իսկ համադամ ու բազմազան ուտեստներով ու խմիչքների կերուխումի ճոխ սեղաններն էլ տեղադրվել էին անմիջապես տաճարի հարավ-արեւմտյան հարթամասում: Ավելի քան 300 անձանց թվում էր նաեւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ այլ պաշտոնական անձինք: Այսպիսով, տաճարը թե՛ ֆիզիկապես եւ թե՛ բարոյապես ենթարկվել էր անարգանքի ու նսեմացման:

Ասել է թե՝ այսպիսի դեպքերի համար հուշարձանների պահպանության վերոնշյալ օրենքի օրենսդրական պահանջները պարզապես ձեւախեղվել են այն աստիճանի, որ դրանցից մնացել են միմիայն դրանց անուն անվանումների հիշատակումները: Ստորեւ եւ հաջորդիվ առանց լրացուցիչ մեկնաբանությունների, կներկայացնենք համացանցի կայքերում տեղադրված վերոնշյալ միջոցառման մետաղական կարկասների ապամոնտաժման փաստավավերագրական լուսանկարները (որոնք մինչ այդ էլ քաջածանոթ էին ՊՈԱԿ-ին), որը ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի հետ կնքված պայմանագրի ու կազմակերպության պաշտոնական կայքէջի, «տեղի է ունեցել Զվարթնոցի թանգարանային սրահում»:

Կամ էլ, ըստ ՊՈԱԿ-ի 2012թ. հոկտեմբերի 15-ի վերոնշյալ աշխատանքային խմբի եզրակացության՝ դրանք միգուցե եւս «կատարվել են 1990-ական թվականներին վերականգնող ճարտարապետներ Լ. Սադոյանի եւ Թ. Գեւորգյանի կողմից (ովքեր 15-20 տարի է ինչ հանգուցյալներ են,- Ա. Այվազյան) տաճարում կատարած ամրակայման ու վերականգնման աշխատանքների ժամանակ»:

Շարունակելի (նկարները դիտել «Լուսանցք»-ի այս թողարկման PDF տարբերակում – (3-րդ եւ 6-րդ էջեր) – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/36-341.pdf)

Արգամ Այվազյան

Հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

«Լուսանցք» թիվ 36 (341), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։