Համացանցը եւս դարձել է ճակատային գիծ – Հաքերային խումբը ղեկավարվել է Կրեմլից… Իսկ ադրբեջանական հաքերային խումբը պատրաստվում է նոր հարձակման… Երեւանում մեդալ են տվել թուրք գիտնականի, ով «Հայաստանը համարել է տանձի կոթ»…

Համացանցը եւս դարձել է ճակատային գիծ

Օրերս տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ ռուսաստանյան հաքերները լրտեսել են մեր երկրի բանակը: Ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ FireEye կազմակերպությունը կատարել է ուսումնասիրություն, որի համաձայն՝ APT28 հաքերային խումբը հարձակումներ է կատարել Հայաստանի պաշտպանության բանակի (ՊՆ) աշխատակիցների վրա՝ ստեղծելով ՊՆ-ի կայքի լոգին լինելու էջի կեղծ տարբերակը: FireEye կազմակերպությունը վստահ է, որ, ամենայն հավանականությամբ, հաքերային խումբը ղեկավարվել է Ռուսաստանի Դաշնությունից՝ Կրեմլից:

Մեդիափորձագետի կարծիքով՝ վերոնշյալ կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պատրաստված զեկույցից էլ կարելի է ենթադրել, որ հաքերային հարձակումները եղել են մինչեւ 2009թ., այսինքն՝ ճիշտ այն ժամանակ, երբ պետական կայքերը եւ ցանցերը սկսել են ամբողջությամբ վերահսկվել անվտանգության կողմից։ Մանրամասնելով տեղի ունեցածը՝ Սամվել Մարտիրոսյանը փաստում է հետեւյալը. «Գրանցվել է rnil.am (հղումով մի մտեք, կայքը ենթադրաբար նաեւ վիրուս է պարունակում), որը վիզուալ mil.am-ին է նման։ Սա արվել է զինվորականներին խաբելու համար։ Պարզ չէ, թե երբ է արվել, rnil.am-ը վերջին անգամ գրանցվել է այս տարվա մայիսի 15-ին։ Հիմա այստեղ տեղադրված է կեղծ Yahoo լոգին էջ։ Չի բացառվում, որ առաջ ուրիշ բան է եղել, հիմա փոխարինվել է։ Կասկածելի գրանցում է, եւ ակնհայտ է, որ կայքը օգտագործվում է ոչ նորմալ բաների համար։ րանցվողն էլ՝ ակնհայտ կեղծ տվյալներ է տրամադրել»։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում պատասխանել է նաեւ այն հարցին՝ արդյո՞ք հարձակումից որեւէ վնաս կրե՞լ ենք, թե՞ ոչ, եւ ինչո՞ւ է հարձակումը եղել հենց ռուսաստանյան հաքերների կողմից: «Մենք չենք կարող ասել, թե դրանք որտեղից են, հաքերների դեպքում իրենց իրական պատկանելությունը շատ դժվար է հասկանալ, բայց մեր էջերի ու կայքերի վրա հարձակման փորձեր մշտապես կան, սա տեղեկատվական հակապայքար է ու հակառակորդն էլ միշտ ագրեսիվ է: Մենք էլ տեղում չենք դոփում, հակապայքարը ենթադրում է ոչ միայն պաշտպանություն»,- պատասխանել է ՊՆ մամուլի խոսնակը, հավելելով, որ մենք շատ չենք տուժել, ավելին՝ իրենք ավելի են տուժել:

Ադրբեջանական հաքերային Antiarmenia խումբն էլ պատրաստվում է նոր հարձակման հայկական կայքերի վրա: Թե ինչ կայքեր կլինեն, դժվար է ասել: Հայ մասնագետներն էլ ոչ թե պատասխան կտան ադրբեջանցիներին, այլ կներդնեն իրենց գիտելիքներն ու միջոցները, որոնք հաստատ ավելի զորավոր են:

Երեւանում մեդալ են տվել թուրք գիտնականի, ով «Հայաստանը համարել է տանձի կոթ»

Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը հայտնել է, որ լուրջ վերապահումներ ունի քրդական պատմության թուրք մասնագետ Իսմայիլ Բեշիքչիին շնորհված Պետական համալսարանի ոսկե մեդալի կապակցությամբ: «Իսմայիլ Բեշիքչին ուղղակի նշել է, որ Հայաստանն այդ ժամանակ Խորհրդային Միության 15 հանրապետություններից մեկն էր, մի փոքրիկ հատված Քուրդիստանից, քրդական երկրից, որ նաեւ բռնազավթված էր»,- «Ա1+»-ին ասել է նա։ Սարգիս Հացպանյանը զարմանում է՝ ինչպե՞ս պատմաբանը չգիտի, որ ցեղասպանության հետեւանքով հայերը պատմական Հայաստան են կորցրել, որն այսօր զբաղեցրել է քուրդ բնակչությունը. «Ինքը ասում է՝ այո, քուրդերից մի հատված եւս մասնակցել է հայկական ցեղասպանությանը եւ Հայաստան երկրի բռնազավթման, բայց այժմ այդ տարածքը զբաղեցնում են քուրդերը, դա Քուրդիստան է եւ պիտի այդտեղ ազատ, անկախ եւ պետական միավոր ստեղծվի»։

Նախկին ազատամարտիկը թուրքերեն գիտի եւ նրա սեղանին Բեշիքչիի թուրքերեն գրված գրքերն են, նրանցում հայերի հասցեին բազմաթիվ տհաճ բաներ կան գրած, ավելին, քրդական թեմաներով ուրիշ պատմաբանների համար Բեշիքչին հեղինակություն է. «Ինչքան գիրք է լույս տեսել է, ահա այս ամբողջ գրքերը լույս են տեսել Բեշիքչիին ռեվերանս տալով, հղում են արել է, որ, Բեշիքչին գրել է որ, Բեշիքչիի հետազոտություններից հայտնի են… Բեշիքչին դարձել է այդ պատմաբանը, որի վրա փորձում են արձան կանգնեցնել»։

Նա նենգափոխում է հայ ժողովրդի պատմությունը, համոզված է Սարգիս Հացպանյանը, ի դեպ, թուրք լինելով քրդերի շահերը պաշտպանելը հայ ազատամարտիկը հերոսություն է համարում, Բեշիքչին դրա համար թուրքական բանտեր է նստել, բայց թող գիտությանը վերաբերվի գիտնականի նման. «Ինքս եմ բանտերում եղել, խոշտանգվել եմ, հենց Թուրքիայի մասին է խոսքը։ Դա ինձ իբրեւ ի՞նչ, իրավու՞նք է վերապահում ասելու, որ Հայաստանը Հայաստան չէ, այլ տանձի կո՞թ է…»,- ասում է նա։

Բեշիքչիի ազդեցությունն այնքան ուժեղ է Թուրքիայի քրդաբնակ քաղաքներում, որ արդեն հայերեն, քրդերեն ու թուրքերեն գրքեր են հրատարակում, օրինակ այն մասին, որ Վան քաղաքը հին քրդական բնակավայր է. «Երբ որ ասում ես Վան, մարդու մտքին ի՞նչ է գալիս առաջին հերթին, որ Վանի հայկական թագավորություն, որ Ուրարտու, որ Ռուսա թագավոր, որ Մհերի դուռը», իսկ այդ պատմաբանը քրդական է համարում նաեւ Արցախի ազատագրված տարածքները։ Սա արդեն սրբապղծություն է. «Իսմայիլ Բեշիքչին հոդված է տպագրում, որ հայերը բռնազավթել են քրդական տարածք, ազատագրված այդ ամբողջ տարածքը քրդաբնակ է եւ այդտեղից լարել են քրդերին»։

Սարգիս Հացպանյանն ուզում է, որ Բեշիքչին ներողություն խնդրի իր հոդվածների համար։ Ի վերջո, նրաի որդին հպարտանում է, որ իր հայրը հայկական տարածքներ է ազատագրել. «Մի՞թե իմ ազատագրած տարածքը ես բռնազավել եմ եղել ու խաբար չեմ, ինքս ինձ հարց եմ ուզում ուղղել՝ Հացպանյան Սարգիս՝ դու բռնազավթի՞չ ես»։ Իհարկե ոչ, եւ պետք է հետամուտ լինել, որ մեդալակիր թուրք գիտնականը անպայման ներողություն խնդրի իր խոսքերի համար:

«Լուսանցք» թիվ 36 (341), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։