Քաղաքական ու ռազմական ճակատներում – Մեր բանակը պետք է պատրաստ լինի ինչպես ինքնապաշտպանության, այնպես էլ՝ նախահարձակման…

Քաղաքական ու ռազմական ճակատներում

Վերջին 3 ամսում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ արդեն 3 հանդիպում է տեղի ունեցել, բայց նշվում է, որ վերջին՝ փարիզյան հանդիպումն ավելի արդյունավետ է եղել, քան թվում է: Այս մասին հայտարարել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում: Օլանդը նշել է, որ մինչեւ Էրդողանի հետ հանդիպումը կայացել է «մեկ այլ կարեւոր հանդիպում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ՝ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով, որն ավելի արդյունավետ էր, քան կարող է թվալ»: ԵԱՀԿ ՄԽ համանապագահները եւս այդ հանդիպումը դրական քայլ են համարել, քանի որ վերահաստատել են, որ հակամարտության կարգավորման հիմքում դրված սկզբունքներն ընդունելի են կողմերի համար, ինչը հնարավոր է դարձնում առաջընթաց ակնկալել գրեթե սառեցված բանակցություններում:

Արցախի խնդրին անդրադարձել է նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը, ով Երեւանում հանդիպել է ՀՀ նապագահ Սերժ Սարգսյանին: Քննարկել է հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգը եւ նշվել, որ երկկողմ քաղաքական շփումները վերջին շրջանում ավելացել են, ինչը դեռ կզարգանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Խոսելով Արցախի խնդրի մասին՝ կողմերը անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին՝ այդ համատեքստում քննարկելով վերջերս Ուելսում եւ Փարիզում կայացած գագաթաժողովների արդյունքները: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանի խնդիրների եւ մարտահրավերների շուրջ, խոսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին:

Հայկական կողմը բանակցություններ է վարում նաեւ Ռուսաստանի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը զուտ արցախական չէր, քանի որ ընթացավ ուկրաինական դեպքերի ծավալմանը զուգահեռ եւ առավելապես Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության խաղադաշտում էր, ինչը շարունակվեց Լոնդոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջնորդությամբ: Ուստի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ստացավ նաեւ փարիզյան գրանցում:

Բայց մինչ այդ, ԱՊՀ շրջանակներում հայկական կողմը փորձ արեց «հայկականացնել» հակամարտությունը: Այս առումով Հայաստանի նախագահի այցը Բելառուս նպատակ ուներ կարգավորել ինչպես Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու, այնպես էլ արցախյան խնդրին առնչվող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը տարածաշրջանային հիմնախնդիրներ էր քննարկել նաեւ Վատիկան ու ԱՄՆ կատարած այցերի ընթացքում:

Վաշինգտոնը եւս ավելացրել է ուշադրությունը արցախյան հարցի հանդեպ, քանի որ ուկրաինական ծավալումները որոշակի ազդեցություն են թողնում նաեւ Կովկասի սառեցված խնդիրների վրա՝ Արցախի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը նաեւ ուշադրությամբ հետեւում է Արցախում ընթացող դատավարությանը, որտեղ մեղադրվում են ԼՂՀ տարածք ներխուժած եւ սադրիչ գործողություններ ծավալած, այդ թվում՝ խաղաղ հայ բնակիչներից մի պատանու սպանած եւ մի կնոջ վիրավորած ադրբեջանական դիվերսանտները:

Այս ընթացքում բարձր է գնահատվել նաեւ այն, որ «ԼՂՀ իշխանությունները ցուցաբերել են բարի կամք եւ հավատարմություն Ժնեւյան կոնվենցիայի դրույթներին, երբ Կարմիր Խաչի ՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի երրորդ անդամի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված եւ ոչնչացված Հ.Հասանովի դին»: Ըստ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի՝ փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերին Արցախի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:

Հայ ազատամարտիկներից շատերը, ինչպեսեւ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կտրուկ դեմ են արտահայտվել դիվերսանտ ադրբեջանցիների հանդեպ ցուցաբերած բարի կամքին, նաեւ նրանց դատելուն: Դիվերսանտներին պետք է գնդակահարել ու վերջ: Անգամ ռազմագերի վերցնելն իմաստ չունի՝ ըստ ազատամարտիկների, թշնամին պիտի հասկանա, որ հայկական տարածքներում միայն մահ է գտնելու:

Արցախի խնդիրը կարծես նոր փուլ է մտնում, հայկական կողմը արդեն հաճախակի է պնդում, որ բանակցային սեղանի շուրջ պիտի նստեն նաեւ Արցախի ներկայացուցիչները, ինչպես նախկինում էր, եւ պաշտոնական Երեւանը կարծես փորձում է հայ ադրբեջանական հակամարտություն ասվածը սահմանափակել Ստեփանակերտ-Բաքու ձեւաչափով, ինչը ինքնաբերաբար միջազգայնացնում է Արցախի անկախության ճանաչման հարցը: Սա Բաքվում եւս հասկանում են ու ամեն կերպ ընդդիմանում: Բայց արդեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են որոշակի խոսում ԼՂՀ ներկայացուցիչների՝ բանակցային սեղան վերադարձնելու մասին:

ուցե հենց այս առումով էլ նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանը (ԼՂՀ) եւ Արտակ Զաքարյանը (ՀՀ): Դիմելով համատեղ նիստի մասնակիցներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարեւորել է Արցախի ու Հայաստանի հանրապետությունների օրենսդիրների միջեւ տարբեր ձեւաչափի հանդիպումները, որոնք նպաստում են հայկական 2 հանրապետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդմանը: Կողմերը, որոնց կազմում ընդգրկված էին ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանական տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, քննարկել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումներին, ՀՀ պատվիրակությունների գործունեությանն ու արդյունքներին, ինչպես նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Իսկ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արցախի խորհրդարանում անցկացրել է իր արտագնա հերթական նիստը:

«Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում խոսքից ու արված հայտարարություններից բացի գործնականում քայլեր չենք տեսնում»,- նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշել է, որ հաջողությունների հասնելու առաջին նախապայմանը վստահության ամրապնդման միջոցառումներն են. «Եթե մեր հակառակորդը գիտակցի, որ վստահություն պիտի լինի երկու երկրների միջեւ, միայն դրանից հետո կարող ենք հասնել հաջողությունների»: Նախարարի խոսքով, վստահության ամրապնդման, լարվածության մթնոլորտ չստեղծելու համար պետք է սահմանում մի քանի միջոցառումներ իրականացվեն. դրանք են՝ դիպուկահարների հետ քաշում, դիվերսիոն-հետախուզական գործողությունների բացառում, միջազգային հետաքննությունների անցակցում, որպեսզի բացահայտվեն, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը՝ համապատասխան որոշումներ ընդունելու համար:

Հայկական կողմը համաձայն է եղել վստահության ամրապնդմանը, սակայն միշտ էլ այսպես կոչված հարեւանների կողմից բացասական պատասխան է ստացվել: Ըստ նախարարի, մի քանի անգամ միակողմանի իրականացվել են այդպիսի միջոցառումներ, բայց հարցի լուծմանը հնարավոր է հասնել երկխոսությամբ, փոխադարձ հասկացության պայմաններում, իսկ յուրաքանչյուր փոփոխություն, անկասկած, պետք է ռազմական, փորձագիտական գնահատականի արժանանա: «Եթե Արցախին վտանգ սպառնա, անկասկած, յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք»,- վստահաբար նշել է Սեյրան Օհանյանը:

ՀՀ զինված ուժերը մարտական պատրաստության պլանի համաձայն, անցկացնում են բազմատեսակ միջոցառումներ, այդ թվում՝ զորավարժություններ: Տարեցտարի դրանց մասշտաբները, մասնագիտական խորությունը եւ բնույթը փոխվում են իրավիճակի համապատասխան: Այս մասին խոսել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ լայնամասշտաբ վարժանքների շրջանակներում հավաքագրվում են Արցախի ու Հայաստանի պահեստազորայինները:

Իսկ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի հերթական նիստը: Նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է այն հարցերը, որոնք վերաբերել են ՀՀ զինված ուժերի համալրման ծրագրի ընթացքին, ԶՈւ կազմազորահավաքային կառուցվածքին, համալրման խնդիրներին: Հիմնական զեկույցով հանդես է եկել ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, ով ներկայացրել է զինված ուժերի մարտունակության ապահովման հիմնական խնդիրները, այդ ուղղությամբ կատարված պլանային միջոցառումները, զինված ուժերի սպայակազմի թվաքանակին, զորակոչերի ընթացքին, ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների կրթամակարդակին եւ այլ հարցերի վերաբերող համեմատական ուսումնասիրությունների արդյունքները: Նիստի ավարտից հետո ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: ՀՀ պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ եւ ցուցումներ է տվել:

Հասկանալի է, որ հասունանում է Արցախի անկախության միջազգային ճանաչման պահը, եւ հայկական զինուժը պիտի առավել պատրաստ լինի ինքնապաշտպանությանը: Հատկապես, եթե պաշտոնական Երեւանն ինքը նախաձեռնի ճանաչման գործընթացը:

Բայց մեր բանակը պետք է պատրաստ լինի նաեւ նախահարձակման, քանի որ տարածաշրջանային զարգացումները կարող են հանգեցնել նաեւ հայկական երկու պետությունների վերամիավորման ճանաչմանը, ինչը կարող է լինել ինչպես մեր, այնպես էլ փոփոխված իրավիճակի ցանկությամբ:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 36 (341), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։