Քայլն արված է – 12 կետերը կքննարկվեն… Ընդդիմադիրները մրցակցում են որոշիչ ելույթներ ու դերակատարում ունենալու համար… Ֆինանսապես կռտելուց հետո ֆինանսապես կկրթեն…

ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ նշել է, որ Հանրապետության նախագահը, Հայաստանի իշխանությունները, ՀՀԿ-ն ականջալուր են ցանկացած առաջարկի, այդ թվում եւ քննադատության: Նա շեշտել է, որ իշխանությունները, ի դեմս ՀՀ նախագահի, չեն գնում իրավիճակը սրելու ճանապարհով եւ որ իշխանության նպատակն է երկխոսության միջոցով քննարկել ու լուծել երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները:

Ընդդիմությանն ուղղված նախագահի խոսքը վերլուծաբանները եւս կարեւոր են համարում, ամենակարեւորը համարելով այն, որ հանրապետության նախագահը նշեց, թե մեր խնդիրն է օգտագործել բոլորիս ուժերը, որպեսզի հնարավոր լինի հասնել երկրի զարգացմանը:

Այսինքն՝ կա մի իրավիճակ, որտեղ քաղաքական իշխանությունը առաջնորդվում է պետական շահով եւ կոչ է անում քաղաքական ուժերին նույնպես վարվել այդպես: Ընդդիմությունն, իհարկե, դրական է արտահայտվել այս քայլին եւ  պատրաստակամությանը, սակայն ինչ ծավալումներ կլինեն քննարկումների ժամանակ, դեռ պարզ չէ:

Թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը հայտարարում են, թե գիտակցում են, որ եթե ուզում են հաջողել, ապա կարող են գնալ փոխզիջումների: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ «ոչ թե կամուրջներ այրելու ճանապարհով գնանք, այլ եթե 12 կետերի մեջ թեկուզ կա մեկ կետ, որը կարելի է իրականացնել, փորձենք կառուցենք ճանապարհային քարտեզ եւ առաջ շարժվենք, որովհետեւ ինչպես նախկինում, այսօր էլ ՀՀԿ կարծիքը մեկն է եղել՝ մենք բոլորս մեկ նավի անդամներ ենք եւ ցնցումներով, մեղադրանքներով մեր ժողովրդի խնդիրները չեն լուծվ­ի»:

Հիմա ՀՀԿ-ն սպասում է, թե ինչ կարձագանքեն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը:

Կարեն Բալյան

* * *

Ընդդիմության եռյակի ղեկավարները հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հայտարարեցին, որ ամսի 24-ի հանրահավաքը որոշիչ է լինելու Հայաստանում ներքաղաքական պայքարի վերջնական նպատակի եւ տակտիկական քայլերի առումով: Հանրահավաքի մասնակիցների համար որոշիչ էր համարվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, մինչդեռ իրականում որոշիչ ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, շատերի կարծիքով, հատուկ՝ Մոսկվայի համար:

Նա Մոսկվային հասկացրեց, որ ընդդիմադիր եռյակը Եվրասիական միության հարցում եւ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում ավելի շահագրգռված է, քան իշխանությունը. «Իմ կարծիքով, չափազանցված են եւ իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում նաեւ Եվրասիական միությանն անդամագրվելու հետեւանքով Հայաստանի ինքնիշխանության (սուվերենության) կորստի մասին խոսակցությունները։ Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ գործադրելու ունակությու­ն»։

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ցանկացած միջազգային կազմակերպության անդամագրվելով եւ այդ կազմակերպության անդամների հետ փոխադարձ պարտավորություններ ստանձնելով, պետությունները սեփական կամքով մասնակիորեն կորցնում են իրենց ինքնիշխանությունը, որովհետեւ զրկվում են այդ պարտավորությունների շրջանակում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից…. Եվրասիական միությունում Հայաստանն այնքան ինքնիշխան է լինելու, որքան Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը:

Ֆինանսապես կռտելուց հետո ֆինանսապես կկրթեն

Երեկ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը եւ դրա 2014-2019թթ. գործողությունների ծրագիրը:

Տկլոր ջաններիս կատու շալակելն էր պակասել: Կամ՝ այդքա՞ն արդիական էր այդ հարցը:

Ըստ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, վերջին տարիների ֆինանսական ճգնաժամը ապացուցել է, թե ինչքան կարեւոր է այն հանգամանքը, որ անհատներն ու ընտանիքներն ունենան անհրաժեշտ տեղեկատվություն, գիտելիքներ եւ հմտություններ՝ ֆինանսապես ճիշտ որոշումներ կայացնելու համար: Չէ՞ որ, ի վերջո, անհատների եւ ընտանիքների ֆինանսական դժվարությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ տեղային եւ համընդհանուր շուկաների վրա: Ճգնաժամը ցույց է տվել նաեւ, որ անձանց եւ ընտանիքների ֆինանսական բարեկեցությունը ֆինանսական կայունության ապահովման կարեւորագույն գործոններից է եւ ֆինանսական գրագիտության ցածր մակարդակը կարող է խոչընդոտել կյանքի կենսամակարդակի բարձրացմանը եւ բարեկեցության ավելացմանը:

Այս գործոններով պայմանավորված՝ բազմաթիվ երկրներում, միջազգային կառույցների կողմից ընդգծվել է ֆինանսական կրթման կարեւորությունը (բա էստեղից սկսեիք էլի, մինչեւ խորհուրդ չեն տալիս, չենք անում):

2012թ. ՀԲ կողմից արվել է ՀՀ տնային տնտեսությունների ֆինանսական ունակությունների հետազոտություն, որի արդյունքները ցույց են տվել, որ ֆինանսական ծառայությունների հայ սպառողները  չեն օգտվում շուկայի բազմազան հնարավորություններից,  տեղեկացվածության պակաս կա: Հետազոտությունը մի շարք խնդիրներ է վեր հանել: Օրինակ՝ բյուջեի պլանավորման ունակությունների գերագնահատումը:  Հարցվածների 89%-ը պլանավորում է իր ծախսերը« 76%-ը ծախսերը պլանավորում է միշտ, 91%-ը իրեն համարում է կարգապահ: Սակայն երբ խոսքը գնում է փողերի կառավարման մասին, հարցվածների միայն 37%-ն է իր ծախսերը կատարում համաձայն պլանավորածի: Բյուջեի պլանավորման ամենամեծ խնդիրներն առկա են հիմնականում ոչ կայուն կամ սեզոնային եկամուտներ ունեցող տնտեսություններում (դե արի ու պլանավորի): Հարցվածների 84%-ը իր բյուջեն պլանավորում է մինչեւ 6 ամիս ժամկետով, մինչդեռ, օրինակ« գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ է պլանավորում առնվազն 1 տարով՝ մի քանի ամիսների ընթացքում ստացվող եկամուտը բաշխելով ողջ տարվա կտրվածքով« երեխաների կրթությունն ապահովելու համար անհրաժեշտ է պլանավորել տարիներ առաջ, իսկ բարեկեցիկ ծերություն ապահովելու համար անհրաժեշտ է 20-30 տարվա պլանավորում (անհրաժեշտ է, անհրաժեշտ է, զզվացրի՛ք էլի, մարդը հացի փող չունի, ի՛նչ տարիների պլանավորում): Խնդիր է նաեւ պարտքի անարդյունավետ կառավարումը (կուշտն ինչ գիտի՝ սովն ինչ է):

Խնդիր է նաեւ ֆինանսական հնարավորությունների եւ ֆինանսական շուկայում առաջարկվող ծառայությունների հնարավորությունների ոչ լիարժեք օգտագործումը: Առաջնահերթ ծախսերը հոգալու համար հարցվողների միայն 7%-ն է մտածում բանկից վարկ վերցնելու մասին: (Վերջ, փաստորեն, այս 7%-ից բացի բոլորիս կրթելու են):

Շարունակությունը կհետեւի:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 37 (342), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։