Իշխանափոխության չհասնելու արվեստը – Ընդդիմությունը համաժողովրդական շարժումը ունի, առաջնորդներ եւ հաղթական տրամադրություն: Այսքա՞նը… Իշխանություն մտնելու արհեստը…

Մինչ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնություն է տվել համատեղ քննարկել ընդդիմության 12 կետերից կազմված փաստաթուղթը, անգամ նշել է, որ այդ կետերի «ճանապարհային քարտե­զ» պետք է ստեղծել, ընդդիմության ներսում նոր խմորումներ են առաջանում:

Չկայացած «թեժ աշնա­ն» շրջանակներում եռյակի հետագա համագործակցությունը իսկապես կախված է իրենց պահանջների պատասխանները ստանալու համառությունից: ՀՅԴ-ի՝ ընդդիմադիր դաշինքը լքելուց հետո, շատերը հասկանում են, որ սահմանադրական բարեփոխումների թեման է լինելու 12-կետանոց փաստաթղթի մեխը: ՀՅԴ-ն իր քաղաքականության շարունակությունը նկատեց հենց այդ բարեփոխումների անհրաժեշտության մեջ եւ շարունակեց բանակցությունները իշխանության հետ, ինչը հրաժարվեց անել ՕԵԿ-ը: Բայց այս կուսակցությունը դուրս մնաց ոչ միայն իշխանությունից, այլեւ՝ ընդդիմադիր դաշինքից, չնայած նույնպես դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, ավելին՝ հայտարարել են, թե հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրելու է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը:

«Ժառանգություն»-ը շարունակում է լռել, թեեւ եռյակի ներսում վերջին զարգացումների համապատկերին թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀԱԿ-ը արդեն հայտարարել են իշխանափոխության գնալու իրենց քայլերի մասին: Խոսքը հատկապես ԲՀԿ քաղխորդի կայացրած որոշման մասին է, որը շատերը որակեցին իբրեւ միանձնյա կայացրած որոշում, որը պարտադրվում է եռյակին: ՀԱԿ-ը մեղմորեն նախազգուշացրեց ԲՀԿ-ին, որ «դանդաղ շտապելը կարող է ճակատագրական սխալների բերել», ԲՀԿ-ն էլ նույն մեղմությամբ ՀԱԿ-ին հասկացրեց, որ յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն գործել, եւ եթե  ՀԱԿ-ը այդպես որոշի՝ դա ՀԱԿ-ի իրավունքն է:

Սա արդեն ձեռնոց էր նետված, ինչը դեռ ծավալումներ կստանա: Իսկ հանրահավաքի օրը ոչ ճանապարհային քարտեզի, ոչ էլ այլ հարցերի մասին խոսեցին, պարզապես պետք էր մարդկանց ցույց տալ, որ ընդդիմադիրները միասին են ու վճռական: Որ այսպես կոչված համաժողովրդական շարժումը ունի առաջնորդներ եւ հաղթական տրամադրություն: Այսքանը:

Եվ «Ժառանգության» լռությունը տարօրինակ է թվում բոլորին: Միայն ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձեց ուղղություն տալ եռյակին՝ իր առաջարկներով, ինչին շատ կտրուկ պատասխանեցին հատկապես ԲՀԿ-ից: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ առկա հակամարտության մասին վաղուց են խոսում եւ, չնայած հերքումներին, հասկանալի է, որ հակասություն կա եւ ոչ միայն այդ երկուսի միջեւ: Մինչեւ ԱՄՆ գնալ-գալը Զարուհի Փաստանջյանը ամենաակտիվ ընդդիմադիրների շարքում էր եւ՛ խորհրդարանում եւ՛ հանրահավաքներին կամ ցույցերին: Բայց շատ բան է փոխվել: Այսօր լռում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ընդհանրապես Րաֆֆի Հովհաննիսյանի մնալը եռյակի ձեւաչափում հարցականներով է պատված, որոնք ամեն անգամ ավելի են շատանում, երբ հանրահավաքում Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը միմյանց հանդեպ այլ, իսկ ընդդիմության երրորդ առաջնորդի նկատմամբ բոլորովին այլ վերաբերմունք են ցուցադրում: Ոմանք կարծում են, թե ամենահարմար պահն է, որպեսզի «Ժառանգության» ղեկավարը որոշում կայացնի՝ եռյակից հեռանալու մասով, քանի դեռ լրիվ չի պարտվել:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահղացումը շարժումը համալրել Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ով, չստացվեց, ինչը կարող էր ամրապնդել ՀԱԿ-ի դիրքերը եռյակից քառյակի վերածված ընդդիմությունում: Հատկապես, եթե «Ժառանգություն»-ն էլ հեռանար դաշինքից: Սա ԲՀԿ-ն թույլ տալ չէր կարող եւ ոչ միայն կասեցվեց, այլեւ ցայսօր Գագիկ Ծառուկյանը շարունակում է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների շարքը:

ԲՀԿ-ն հասկանում է, որ այս դաշինքի փլուզումիւց հետո նոր քաղաքական միասնություն է անհրաժեշտ ստեղծել, ինչը կարող է լինել արտախորհրդարանական ուժերի հետ: Ի վերջո ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընդդիմության առաջարկներին անդրադառնալու առաջարկը կհանգեցնի նոր սրումների: Երբ ՀՅԴ-ի հեռանալով քառյակը դարձավ եռյակ, շատերը սպասում էին, որ կհեռանա նաեւ ԲՀԿ-ն, եւ ընդդիմադիր դաշինքը կկազմաքանդվի, քանի որ ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը վաղուց են հասկացրել, որ միասին ճանապարհ չեն գնա: Բայց ՀԱԿ-ԲՀԿ երկյակը կարող է գործել, թեկուզ որոշ ժամանակ, ինչը թերեւս ամենասպասելին է:

Առաջիկայում պարզ կդառնա՝ եռյակը նույն թափո՞վ կշարունակի սկսած գործը, թե՞ ընդմիջում կվերցնի մինչեւ ձմեռային արձակուրդների վերջը: Այս հարցերով ԲՀԿ ղեկավարը մեկնել էր Ռուսաստան, չնայած ԲՀԿ-ից հերքում էին: Սա մեկ բան կարող է նշանակել, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին՝ հետագա քայլերը հստակեցնելու համար: Հիշեցնենք, թե ինչպես էր ամիսներ շարունակ ակտիվ արձագանքում հայաստանյան բոլոր իրադարձություններին ՀՀ 2-րդ նախագահը: Իսկ սա բոլորովին այլ իրավիճակ է ստեղծում, որտեղ ՀՀ 1-ին նախագահը այլեւս անելիք չի ունենա: Եվ վերջերս կրկին աշխուժացել են ընդդիմադիր եռյակի առաջնորդների եւ Արեւմուտքի ու Ռուսաստանի դիվանագետների ու պաշտոնյաների հանդիպումները:

Իսկ թե ինչ պարզեց իշխանափոխության պահանջի վերաբերյալ ստորագրահավաքի կազմակերպումը մարզերում ու մայրաքաղաքում, հայտնի չէ, թե ինչ հասկացան դրա կազմակերպիչները, իմացա՞ն արդյոք ժողովրդի իրական տրամադրությունները, նույւնպես հայտնի չէ:

Արման Դավթյան

Իշխանություն մտնելու արհեստը

Սահմանադրական փոփոխություններից առաջ նորից խոսում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին: «Քաղաքական ուժերի ղեկավարները միջնորդության կարիք չունեն, նրանք իրենց խնդիրներն իրար հետ կլուծե­ն»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է միջնորդել, որպեսզի երկրի եւ իշխող կուսակցության նախագահը եւ ԲՀԿ առաջնորդը հանդիպեն: Իսկ թե իրականում հանդիպում եղե՞լ է, թե՝ ոչ, այդպես էլ հստակեցում չեղավ:

Բայց դեռ խոսում են, թե Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը իբր հանդիպել են իրար հետ եւ քննարկել ներքաղաքական որոշ հարցեր: Իհարկե, ոչ մի վատ բան չկա, երբ հանդիպում են կուսակցական ղեկավարները երկրի նախագահի հետ, անգամ պարտադիր է եւ կարեւոր նման հանդիպումները՝ ինչպես Հայաստանի ներքին, այնպես էլ արտաքին կյանքի համար:

Բայց այստեղ այլ հարց է արծարծվում: Արդյո՞ք ԲՀԿ-ն չի պատրաստվում լքել ընդդիմադիր դաշինքը, եւ եթե հանդիպել են, ապա ինչու՞ գաղտնի: Կամ էլ սա այն խաղն է, որի մասին խոսում են շատերը, նման «հավաստի լուրերո­վ» հարվածում են եւ՛ ընդդիմադիր դաշինքին եւ՛ ապագա քաղաքական դաշինք ստեղծելու քայլերն են նախապատրաստում:

ՀՀԿ-ԲՀԿ բանակցություն չկա, բայց շփում հնարավոր է. ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Իսկ արդյո՞ք պատրաստ է զիջումների գնալ ՀՀԿ-ն. հարցին պատգամավորն ասել է՝, որ նախքան իշխանափոխության կոչերը «խորհուրդ կտանք մինչ այդ հերոսական քայլը՝ ուսումնասիրել հենց պետական վիճակագրությունը եւ ծանոթանալ հատկապես ներդրումների նվազման գրաֆիկներին, որից խոսել է Գագիկ Ծառուկյանը, նա անդրադարձել է նաեւ քաղաքական դաշտին եւ նկատել, որ հայաստանյան քաղաքական դաշտի խաղի կանոնները, հարաբերությունները՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ ե­ն»:

ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք հակադարձում են ԲՀԿ ղեկավարի ասածները եւ իրենք են հարցնում, թե ո՞վ է մեղավոր, որ ունենք կեղտոտված քաղաքական դաշտ, որը եւս բացասաբար է ազդում մեր երկրի զարգացման վրա: Եթե ինքը տեսնում է խնդիրները եւ «պատրաստ է դրանք լուծել պետության մեջ՝ երկրի համար, ժողովրդի համա­ր», ապա ոչ ոք չի խանգարում դա անել, հատկապես Գագիկ Ծառուկյանին:

Իսկ արդյո՞ք սա ցույց չի տալիս, որ ԲՀԿ-ն վճռական է տրամադրված: ՀՀԿ-ական իշխանավորներից ոմանք կարծում են, որ ժամանակը շատ բան ցույց կտա. եթե Գագիկ Ծառուկյանը մտել է քաղաքականություն, որպեսզի «մեր երկրից անհետանա արտագաղթը, հուսահատությունն ու անարդարությունը», ապա դրա համար ճանապարհային քարտեզ պետք չէր, թող լուծումներ առաջարկեր, ինքը երկար տարիներ եղել է իշխանության մեջ եւ թող ավելի պարզ խոսի……

Ոմանք էլ զարմացած են այն բանից, որ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի առանցքային հատվածներից մեկը այն է համարվել, որում նա շեշտել է, թե քաղաքականություն մտնելով չի հետապնդում որեւէ անձնական շահ, իշխանություն չի ուզում, որ փող աշխատի, հարստություն դիզի, իր բարեկամներին աշխատանքի տեղավորի:

Այս անգամ էլ ՀՀԿ-ականներն ավելի պարզ չխոսեցին, փոխարենը մենք կասենք, որ այժմ դիզելու խնդիր չունի ԲՀԿ ղեկավարը, որովհետեւ դիզել-վերջացրել է, իսկ բարեկամներին աշխատանքի տեղավորելն ուղղակի զավեշտ է, ինչն անպակաս է ԲՀԿ ղեկավարի ելույթներում:

Հարցազրույցներից մեկում էլ նա ասել է. «Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է: Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու։ Ես չեմ ուզում, որ այսօր մարդիկ, ովքեր իր ենթականերն են, վաղը ուրիշին դուր գալու համար նրա հասցեին չարախոսեն ու հետեւից խոսեն: Ես ուզում եմ՝ մեկընդմիշտ այդ ավանդույթը վերանա: Պետք է ունենալ խիզախություն՝ այդ ավանդույթը կոտրելու»։

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 37 (342), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։