Ավելի ձեռնտու ելք՝ դեպի Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ – Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը մեկ ընդհանուր գծով՝ Վրաստանով՝ դեպի Եվրոպա…

Բնական պաշարներ ունեցող երկրները, հատկապես արտահանողները կարողանում են եւ իրենց տնտեսությունը զարգացնել եւ քաղաքական խնդիրներ առաջ քաշել միջազգային ասպարեզում: Այդ պաշարներից է նաեւ նավթը, որը վաղուց է համարվում «սեւ ոսկ­ի»: Նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր էլ մեծ առավելություն ունեն եւ կարողանում են դառնալ տարածաշրջանային խաղացողներ:: Բացառություն չի կազմում նաեւ մեր հարեւան Իրանը, ուստի մեզ եւս հետաքրքրում է, թե ի՞նչ է կատարվում Իրանի նավթի ոլորտում, եւ կարո՞ղ է արդյոք Հայաստանն ինչ-որ դերակատարություն ունենալ այդտեղ:

Իրանի ոչ միայն նավթային, այլեւ տնտեսական բոլոր ձեռնարկումները ուղղակիորեն կախված են Իրան-«Վեցյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա) միջուկային բանակցությունների ընթացքից: Այսպես է, քանի որ Իրանի նկատմամբ կիրառվող պատճամիջոցները կարող են վերսկսել, եթե Թեհրանը իր միջուկային ծրագիրը փորձի գաղտնիացնել:

Բայց եթե ամեն ինչ հարթ ընթանա եւ բանակցություններում դրական հանգուցալուծում արձանագրվի, ապա մինչեւ 2015թ. սկիզբն Իրանի նավթի ազգային ընկերությունը 19 մլրդ դոլարի ներդրումներ կկատարի երկրի նավթարդյունաբերական ծրագրերում: 2012-ի հունվարից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով, Իրանն օրական սկսել է արդյունահանել 3,4 մլն բարել անմշակ նավթ, նախկին՝ 4 մլն բարելի փոխարեն: Ըստ փորձագետների, եթե պատժամիջոցներ այլեւս չկիրառվեն, ապա մինչեւ 2018-ն Իրանում արդյունահանվող անմշակ նավթի ծավալն օրական կհասնի՝ 5,7 մլն բարելի: Իրանական նավթի հիմնական գնորդները ասիական մեծ շուկաներն են, թեեւ վերջերս մեծանում են գնումները նաեւ Թուրքիայից: Հունվարին, օրինակ՝ Թուրքիան օրական Իրանից գնել է 105 հազար 824 բարել նավթ, իսկ փետրվարին արդեն՝ 117 հազար 857 բարել:

Ակնկալվում է, որ Իրանի միջուկային օբյեկտների հետ կապված պատժամիջոցների վերացման արդյունքում՝ Իրանից արտահանվող նավթի ծավալները կտրուկ կավելանան, ինչը կհանգեցնի նավթի գնի զգալի նվազման: Չնայած աշխարհի խոշոր նավթընկերությունները ցանկություն ունեն ներդրումներ կատարել Իրանի նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում, բայց Իրանի նկատմամբ սահմանված շրջափակումները եւ պատժամիջոցները պատճառ են դարձել, որ հատկապես 2005-2009-ի ընթացքում եվրոպական նավթընկերությունները աստիճանաբար լքեն Իրանը: Ավելի վաղ, ամերիկյան ընկերությունները՝ «Շեւրոն»-ը, «Հալիբերթո»-ն, «Կոնոկո-Ֆիլիպ­ս»-ը, մասնակցել են իրանական նավթարդյունաբերության ոլորտի մի քանի  նախագծերի իրականացմանը: Վերջին ամիսներին հակաիրանական շրջափակումների վերացման հետ կապվող հույսերը միջազգային նավթընկերություններին թելադրել են աշխատանքներ վերսկսելու Իրանի նավթի ու գազի նախագծերին մասնակցելու ուղղությամբ:

Իրանի նավթի նախարարությունը ազգային շահերի ապահովման եւ արտասահմանյան ներդրողներին ներգրավելու համար ցանկանում է փոփոխություններ կատարել նավթային պայմանագրերում, ինչը կնպաստի, որպեսզի Իրանի ու արտասահմանյան նավթընկերությունների համագործակցությունն առավել արդյունավետ ու եկամտաբեր դառնա: Նավթային նոր պայմանագրերի կարեւորագույն յուրահատկություններն են լինելու‘շղթայական արդյունահանումների կատարելագործումը, զարգացումը, շահագործումը, ավելի մեծ քանակով ներքին ու արտասահմանյան ներդրողների ներգրավումը, անգամ‘ վերջիններիս միջեւ հնարավոր մրցակցության ստեղծումը:

Հայաստանը նավթի կամ գազի պաշարներ չունի, չնայած դեռ փնտրում են, եւ մեծամասամբ նավթ է ներկրվում Ռուսաստանից։ Խորհրդային ժամանակներում վառելիքը փոխադրվում էր Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթգծով: Աբխազիա-Վրաստան սահմանի փակվելուց ի վեր վառելանյութը Սեւ ծովով տեղափոխվում է Վրաստան, որտեղից էլ՝ երկաթուղային վագոններով Հայաստան։ Հայկական եւ իրանական իշխանությունները տարիներ շարունակ բանակցում էին Իրանից Հայաստան նավթատար (գոյություն ունեցող Իրան-Հայաստան գազատարից զատ) կառուցելու վերաբերյալ, որը Իրանի նավթը կմղի դեպի Հայաստան: Մինչ օրս կառուցման համար հստակ ժամկետներ չեն սահմանվել։ Սակայն վերջերս իրամական կողմից տարբեր առաջարկներ են հնչել: Իրանը հում նավթ արտահանող եւ վերամշակված նավթ ու բենզին ներկրող պետություն է եւ այդ երկրի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի երկրի ներսում ինքը կարողանա ապահովել վերամշակված նավթի ու բենզինի պահանջարկը: Սակայն, դա չի կատարվում նավթավերամշակման գործարաններում նոր տեխնոլոգիաների բացակայությամբ պայմանավորված:

Այստեղ Իրանի համար բավական ձեռնտու է Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցումը: Իր հերթին, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը մեկ ընդհանուր գծով կմիավորի Իրանի երկաթուղին Հայաստանի երկաթուղու հետ, ինչը (եթե Մեղրին էլ միանա մեկ գծով Հայաստանի ընդհանուր երկաթուղային ցանցին՝ շրջանցելով Նախիջեւանը) հնարավորություն կտա իսլամական հանրապետությանն ավելի ապահով ու ձեռնտու ելք ապահովել դեպի Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ:

Իրանական կողմի միջոցներն օգտագործելով՝ Հայաստանը կարող է հետզհետե դառնալ տարանցիկ երկիր եւ քաղաքական գործոն տարածաշրջանում:

Անի Մարության

Հ.Գ. - «Իրանի 5% հարստացված ուրանի պաշարներն ավելացել են՝ հասնելով 8 տոննայի»,- իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նշված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի հրապարակած զեկույցում: ԱԷՄ-ի գլխավոր քարտուղարի հրապարակած զեկույցում նշվում է, որ «սա տեղի է ունեցել վերջին 3 ամսվա ընթացքում, զեկույցի մեկ այլ բաժնում էլ նշվում է, որ Իրանը 20% հարստացված ուրանի պաշարները վերածել է օքսիդ­ի»: ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, անդրադառնալով Ամանոյի զեկույցին, նշել է, որ այն կրկին հաստատում է, որ Իրանի՝ միջուկային ծրագրի շրջանակներում ընթացող աշխատանքներն իրականացվում են վերահսկողության ներքո եւ այդ հարցում որեւե շեղում չի արձանագրվել:

Դեռ 1958թ., Իրանը անդամակցելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, ստորագրել է Իրան-ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագիրը, որի համաձայն՝ պարբերաբար տեսչական ստուգումներ են իրականացվում Իրանի միջուկային հաստատություններում: 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Բացի այդ, ԻԻՀ հոգեւոր առաջնորդի արձակած ֆեթվան մերժում է զանգվածային ոչնչացման, այդ թվում միջուկային զենքի կիրառումը: Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնեւում Իրանի եւ «5+1 խմբի» միջեւ համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել եւս 4 ամսով, մինչեւ 2014թ. նոյեմբերի 24-ը: Այդ ընթացքում կողմերի միջեւ մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, սակայն, այդպես էական հարցերի շուրջ առկա են լուրջ տարաձայնություններ:

Իրանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի եւ Ջոն Քերիի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում:

«Լուսանցք» թիվ 37 (342), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։