Նավթադոլարային անզորության նոր էջը – Եվրոպայում որպես կաշառք կիրառվող նավթադոլարային ու խավիարային քաղաքականությունը Ադրբեջանում հակառակ ազդեցություն է գործում…

Ադրբեջանի նավթա-գազային քաղաքականության հնարավորությունները վաղուց են ուռճացված, եւ այս մասին «Լուսանցք»-ը պարբերաբար գրել է: Միջազգային խոշոր ընկերությունները այս տարիների ընթացքում մեկը մյուսի հետեւից լքեցին Ադրբեջանը՝ հասկանալով, որ Բաքուն չունի այնքան պաշարներ, որ կարողանա մրցակցել Ռուսաստանի կամ Իրանի հետ: Միայն Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ համատեղ ծրագրերով կարող է Ադրբեջանը նավթա-գազային այնպիսի քաղաքականություն վարել, որը դառնա այլընտրանք Ռուսաստանի նկատմամբ:

Բայց Կասպիցծովյան ավազանում Մոսկվան դեռ կարողանում է զսպել թյուրքական երկրների համատեղ հանդես գալու ձգտումները, անգամ Իրանը, որ պատրաստ էր թյուրքական TANAP-ի հետ համագործակցել՝ հրաժարվեց առայժմ: Իհարկե այստեղ նաեւ Արեւմուտքի դանդաղկոտությունը կար՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ծավալումների հետ:

Այսօր այս խնդրի շուրջ մի նոր աղմուկ կա, բայց բոլորովին այլ իմաստով: Ադրբեջանի նավթային հիմնադրամը կարող է նախատեսված ծախսերից ավելի քիչ դրամական մուտքեր ունենալ, ինչի մասին ասվում է ադրբեջանական Haqqin.az պորտալի հոդվածում: «Նման հիվանդության ախտանիշներն արդեն ի հայտ են գալիս. 2014թ. 8 ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամ դրամական մուտքերը կազմել են 10,1 մլրդ ԱՄՆ դոլարից քիչ ավել, իսկ հիմնադրամի ընթացիկ ծախսերն 2014-ի տվյալներով ծրագրված են 13,5 մլրդ դոլարի սահմաններում: Հիմնադրամը կկարողանա՞ լուծել այս խնդիրը եւ ի՞նչ կլինի մյուս տարի: Արդյունքում մեր պաշտոնյաների այդքան անհեռատես քաղաքականությունը սպառնում է Ադրբեջանի նավթային հիմնադրամն առհասարակ ձեռնունայն թողնե­լ»,- նշված է հոդվածում:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի բյուջե ընդհանուր 91,13 մլրդ մանաթ (մոտ 92 մլրդ 95 մլն եվրո) մուտքից մնացել է ընդամենը 29,26 մլրդ մանաթ (29 մլրդ 84 մլն եվրո) եւ պարզ մի հարց է ծագում՝ որտեղ են մնացյալ 60% մուտքերը: «Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են 59,26 մլրդ մանաթ (մոտ 60 մլրդ 44 մլն եվրո), իսկ արտաբյուջետային ծախսերը՝ 2,61 մլրդ մանաթ (2 մլրդ 66 մլն եվրո): Բայց որտե՞ղ են ծախսել այդքանը, այստեղ էլ պատասխանը պարզ է. 2013թ. սկզբից մինչեւ 2014թ. հոկտեմբերի 1-ը հիմնադրամից պետբյուջե միասնական տրանսֆերտը կազմել է 53 մլրդ 834,7 մլն մանաթ (մոտ 54 մլրդ 911 մլն եվրո): Այսինքն՝ հիմնադրամ մուտքերի մոտ 2/3-րդը վատնվել է բյուջեի ճեղքվածքները կարկատելու համար, ինչն, ըստ հոդվածագրի, բացարձակապես չի խոսում մեր ֆիսկալային օրգանների արդյունավետ աշխատանքի մասին, գրեթե 5,4 մլրդ դոլար էլ ծախսվել է հարկադիր վերաբնակիչների սոցիալական խնդիրները լուծելու, ինչպեսեւ մի շարք լայնամասշտաբ նախագծերի ֆինանսավորման համար»: Ինչպես նշված է, անգամ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը խոստովանել է, որ ներկայումս նավթային հիմնադրամում ծախսերի ամենախոշոր բաժինը պետբյուջեին ուղղված տրանսֆերտներն են: Այդ նյութական միջոցներն ուղղվում են տարբեր նախագծերի իրականացմանը, սակայն նախարարը խոստացել է, որ աստիճանաբար նման նախագծերի թիվը կնվազի: «Դժվար թե այդ խոստումն առաջիկայում կատարվի. առաջիկա 3-4 տարիներին հիմնադրամի ծախսերը մնալու են նույն բարձր աստիճանի վրա, որպեսզի ապահովեն պետբյուջե փոխանցումների կեսը՝ ֆինանսավորելով SOCAR-ին «Շահդենիզ-2» ու Հարավային գազային նախագծի իրականացման, ինչպես եւ նոր լողացող հորատման սարքավորման կառուցման համար: Իրավիճակը վատթարանում է նրանով, որ համաշխարհային շուկայում նավթի գինը կտրուկ ընկնում է, նվազում են PSA պայմանագրերի շրջանակներում արտահանումների ծավալներ­ը»,- նկատել է Haqqin.az -ը:

Ստացվում է 190 մլրդ դոլարի ներդրումն Ադրբեջանի տնտեսությունում որակական փոփոխությունների չբերեց, ինչը առավել կխորացնի Բաքվի նավթա-գազային խնդիրները, անգամ խոսում են, թե նավթի գնի անկման հետեւանքով սոցիալական ծախսերի կրճատումը կարող է Ադրբեջանում հանգեցնել ժողովրդական հուզումների:

Բաքվում անցկացված Էներգետիկայի կարգավորման տարածաշրջանային միության 13-րդ տարեկան համաժողովին իր ելույթում Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության փոխնախարար Նիյազի Սաֆարովը հայտնել է, որ անկախության տարիների ընթացքում երկրի տնտեսության մեջ 190 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի ներդրում է կատարվել: «Ազադլիգ» թերթը հաղորդում է, որ այս առիթով հարց է ուղղել տնտեսագետ-փորձագետ Նաթիգ Ջաֆարլիին, քանի որ 190 մլրդ դոլար ներդրումը փոքր թիվ չէ, արդյո՞ք այն երեւում է Ադրբեջանի ենթակառուցվածքներում, այլ խոսքերով՝ երկիրը նման է «190 միլիարդանոց հայրենիք­ի», թե ոչ: Փորձագետն ասել է, որ այդ ներդրումների մեծ մասն ուղղվել է նավթագազային հատվածին, նաեւ փոփոխություններ եղել են միայն այն առումով, որ որոշ հնացած ենթակառուցվածքներ վերանորոգվել են: Բայց շեշտել է. «Դպրոցների շինարարության եւ վերանորոգման դիմաց բարձրագույն հաստատություններ ընդունելության անցողիկ միավորները բավականաչափ իջեցվել են: Քանակական փոփոխությունները որակականի չեն բերել: Նույնն է նաեւ առողջապահության բնագավառում: Մեր քաղաքացիներն ախտորոշման եւ բուժվելու համար դեռեւս շարունակում են հարեւան երկրներ մեկնե­լ»:

Այդչափ մեծ ներդրումը որակական փոփոխությունների եւ զարգացման չհանգեցրեց, ուստի ադրբեջանական «առաջավոր զարգացմա­ն» հերթական ծրագիրը եւս ձախողվեց, միջազգային գործընկերներին մեկ անգամ եւս համոզելով ադրբեջանական կառավարման համակարգի ոչ արդյունավետ ու կոռումպացված լինելու առումով:

Ադրբեջանում նախագահական ընտրություններից 1 տարի անց, երբ վերընտրվեց Իլհամ Ալիեւը, Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ ընդդիմադիր խմբավորումը Բաքվում ցույց է անցկացրել՝ ի նշան բողոքի իշխանությունների՝ երկրում ակտիվիստների աննախադեպ կոշտ հետապնդումների դեմ, ովքեր պարբերաբար հաշվետվություն են պահանջում երկրի պետբյուջեի ֆինանսները մսխումը կանխելու նպատակով:

Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակահատվածում երկրի իշխանությունները կտրուկ ուժեղացրել են բռնաճնշումներն ակտիվիստների նկատմամբ՝ ձերբակալելով նրանցից առնվազն 9-ին քաղաքական նկրտումներից ելնելով: Ձերբակալությունների ալիքը հանգեցրել է ոչ միայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների (օրինակ՝ Human Rights Watch), այլեւ Եվրոպական խորհրդարանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քննադատությանը: Միաժամանակ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը կոչ է արել Միացյալ Նահանգների իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ: Ընդդիմության ցույցից մի քանի օր անց նախագահ Ալիեւը համաներում է ստորագրել, սակայն հենց նույն օրը նա փոփոխություններ է մտցրել հ/կ-ների գործունեությանը վերաբերող օրենքի այն կետում, որը վերաբերում է արտասահմանյան դոնոր կազմակերպություններից գրանտային գումարներ ստանալուն: «Բռնաճնշումների նման պատկերը, որն ուղեկցվում է հազվադեպ զիջումներով, հարում է Իլհամ Ալիեւին այդ պաշտոնում նախորդող հոր՝ Հեյդար Ալիեւի կառավարման փուլի­ն»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ այդ նյութերի, Ադրբեջանը բախվում է մեկ այլ՝ առավել լուրջ սպառնալիքի, խոսքը նավթի գնի անկման մասին է: Այսպես, 2014-ի հոկտեմբերի 22-ի դրությամբ նավթի գինը կազմում է 86,58 ԱՄՆ դոլար: 2013-ին Ադրբեջանում արտահանման ընդհանուր ծավալների 84,44%-ը բաժին էր ընկնում հում նավթին: Եթե նավթի գներն անկում ապրեն՝ նվազելով մեկ բալերն 80 դոլարից, ապա Ադրբեջանի պետբյուջեում կարձանագրվի ծախսերի նվազում: Դա էլ, իր հերթին, կարող է առաջ բերել սոցիալական կարիքներին բաժին ընկնող ծախսերի նոր անկմանը: Այդ գործընթացն էլ ունակ է 2015-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում հանկարծակի կամ դրսի օժանդակությամբ արթնացնել նոր ժողովրդական հուզումներ, ինչպես դա գրանցվել էր 2012-ի մարտին Ղուբայում եւ 2013-ի հունվարին լեզգիաբնակ Իսմայիլիի շրջանում:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 37 (342), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։