Ներքին ու արտաքին ուղիների խաչմերուկ – Հայաստանը կարող է խուսափել Եվրամիություն-Եվրասիամիություն առճակատումից՝ դառնալով միջանկյալ օղակ…

Գործադիրը հաստատեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը: Երբ ՀՀԿ ԳՄ-ն քննարկեց  կառավարության ներսում կառուցվածքային փոփոխությունների խնդիրը, հասկանալի էր, որ դա տեղի կունենա շատ արագ: ՀՀԿ գործադիր մարմինը քննարկել էր նաեւ կուսակցության տարածքային կառույցների հետ կապված մի շարք խնդիրներ: Պատճառաբանությունն այն է, որ իշխող կուսակցությունը հատուկ նշանակություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմիններից մինչեւ հանրապետական ընտրություններ ժողովրդի ազատ կամքի արտահայտության իրավունքին: Այն քննարկումները, որոնք վերաբերել են քաղաքական իրավիճակին, նույնպես առնչվել են կառավարությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Ըստ ամենայնի, խորհրդարանական ընդդիմության մարզային հանրահավաքները եւ մարդկանց դժգոհությունները նաեւ ստիպեցին իշխող կուսակցությանը վերանայել ինչպես պետական, այնպես էլ կուսակցական կառույցներն ու դրանց կառուցվածքը մարզերում՝ ՏԻՄ մարմիններում:

Կառավարությունը հաստատեց արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորելու եւ միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարություն ստեղծելու նախագիծը: Ինչպես նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, երկու նախարարությունների միավորելով ստեղծելու են Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն: Նախագիծը շատ արագ ճանաչվեց անհետաձգելի, ինչից պարզ էր, որ նույն արագությամբ էլ կհասնի Ազգային ժողով՝ հաստատվելու համար:

Այս շտապողականությունը մի քիչ անհասկանալի է, քանզի փոփոխությունը քաղաքական կամ պետական մեծ նշանակություն չունի, ընդդիմադիր պահանջ չէ եւ կարծես նաեւ միջազգային պարտադրանք էլ չի եղել: Թերեւս թեթեւացնի միավորված նախարարության կադրային կազմը, հատկապես միջին օղակներում, բայց այդքանը:

Ներքին զրույցներն են որոշակի բացահայտումներ անում, եթե իրականում դրանք իրականանան: Իսկ այդ զրույցներն ասում են, որ ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, ինչպես կար նախկինում: Նախատեսվող այս Ն նախարարությունն արդեն միավորված արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորելու է ոստիկանության հետ եւ ստեղծվելու է մի «տարողունակ» նախարարություն: Իբր ոստիկանական համակարգից միայն քրեական բաժինը կմնա առանձին մարմին: Եթե սա եւս իրականանա, ապա չի բացառվում, որ այդ քրեականը կաշխատի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ արդեն գործող ՀՀ քննչական կոմիտեի հետ:

Եթե ամեն բան այսպես լինի, ապա խիստ կասկածելի է, որ այստեղ Արեւմուտքի կամ Ռուսաստանի պարտադրանքը չկա, կամ՝ երկուսինը միաժամանակ, եւ տարաբնույթ նպատակներ չեն առկա:

Մոսկվային այսօր պետք է, որ իր դաշնակից երկրներում ԵՏՄ-ին ինտեգրվելու համար պետական ու մշտապես գործող կառույցներ լինեն, ինչը եւ ենթադրվում է, որ կիրականացնի նորաստեղծ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարությունը: Սա կարող է նաեւ Արեւմուտքին բավարարել՝ հակառակ պատճառաբանությամբ՝ ԵՄ կառույցներին ՀՀ ինտեգրելու առումով:

Իսկ դեռ զրույցների մակարդակում մնացած ՆԳ նախարարության ստեղծումը հնարավոր է լինի ամերիկյան առաջարկ՝ կենտրոնական եւ տեղական (ինչպես շերիֆներին են ընտրում) ոստիկանական համակարգերի ձեւավորմանն ուղղված: Սա կարող է նպաստել նաեւ այլ ոստիկանական կառույցների ստեղծմանը, ինչպես բնապահպանական կամ բարոյակրթական խնդիրներով զբաղվող կամ կրոնի ու այլ հարցերի, ինչը տարբեր ձեւերով գործում է արեւմտյան երկրներում:

Այն փաստը, որ Հայաստանն այլեւս շարժվելու է նաեւ ԵՏՄ-Մաքսային պայմանագրի կանոններով, անվիճելի է, ինչը շուտով կհավելվի ԵՄ-Ասոցացման համաձայնագրի կանոններով: Հաջորդ տարի, ԵՏՄ-ին միանալու հետ կապված, մեր երկիրը կհայտնվի ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ իրավական, անգամ կենցաղային այլ իրավիճակներում: Մոսկվան ամեն քայլի դիմում է, որպեսզի կիրառվող օրենքներում Արեւմուտքից ներկրվող ապրանքները ավելի շատ հարկվեն, ավելի թանկ արժենան, ինչը կնպաստի Եվրասիականության հաղթարշավին: Բայց ռուբլին կարող է աղքատացնել հայաստանցիներին: Պատճառը ռուսական ռուբլու անվերահսկելի արժեզրկումն է, որ հետեւանք է Արեւմուտքի տնտեսական ճնշումների:

Նման իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեր հարյուր հազարավոր ընտանիքների, քանի որ ՀՀ բնակչության մոտ 80%ը կանոնավոր կերպով դրամական փոխանցումներ է ստանում արտերկրում բնակվող ազգականներից ու բարեկամներից։ Հետաքրքիր է, որ այդ փոխանցումների  80%-ից ավելին էլ բաժին են ընկնում Ռուսաստանին, որի արժույթը այս տարվա սկզբից ավելի քան 30%-ով արժեզրկվել է։ Պարզ հաշվարկով հասկանալի է լինում, որ գրեթե նույնքանով նվազել է այդ երկրից փոխանցումներ ստացող մեր հայրենակիցների եկամուտը։

Ճիշտ է, Մոսկվան խոստանում է արագ կարգավորել այս խնդիրները, եվրոպացիներն էլ կարծես թե ավելի մեղմ են տրամադրված պատժամիջոցների շարունակման հարցում, միայն ամերիկացիների պնդումներն են դեռ պահպանում այս իրավիճակը, սակայն ենթադրությունները կարող են եւ չիրականանալ: Մաքսային միությանը անդամագրվելու թուրքական ու ադրբեջանական խաղերը կարծես ձանձրացրել են Մոսկվային, եւ Ռուսաստանը փորձում է Արեւմուտքին հակադրել Արեւելքը:

Այսօր ավելի հաճախակի են դարձել ռուս-չինական շփումները, արդեն խոսում են Մաքսային միությանը միանալու Հնդկաստանի ցանկության մասին, Եգիպտոսն է դիմել Ռուաստանին՝ անդամության խնդրանքով, նման պաշտոնական խնդրանք էր ներկայացրել նաեւ Սիրիան, եւ այսօրինակ շարունակականությունը գուցե կարողանա շտկել իրավիճակը: Եթե Եգիպտոսն ու Սիրիան եւս անդամակցեն Մաքսային միությանը եւ Հայաստանի հետ հայտնվեն նույն ազատ առեւտրի տնտեսական գոտում, ապա դա կարող է նաեւ շահեկան լինել Թուրքիայի հետ հարաբերություններում: Եգիպտոսի ու Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված են եւ հեռանկարում դրանք չեն կարող բարելավվել: Սիրիան արդեն իսկ թշնամական հարաբերություններ ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Հիշեցնենք, որ Անկարան ցայսօր փորձում է օգտվել Մերձավոր Արեւելքի անկայուն վիճակից եւ տարածքներ զավթել Սիրիայից ու Իրաքից: 2014թ. օգոստոսի 24-ին Եգիպտոսի նախագահը մեղադրանք էր ներկայացրել Թուրքիային՝ պնդելով, որ այդ երկրի կողմից ֆինանսավորվող որոշ թերթեր թիրախ են դարձրել Եգիպտոսի տարածքային ամբողջականությունը: Ի պատասխան այս ամենին, Թուրքիայի ԱԳՆ-ն օգոստոսի 28-ին կայացած նորընտիր նախագահ Էրդողանի երդման արարարողության մասնակցելու հրավեր էր ուղարկվել շուրջ 60 երկրների, բայց հրավեր չէին ստացել միայն Սիրիան, Իսրայելը եւ Եգիպտոսը:

Եթե Եգիպտոսն ու Սիրիան իրապես դառնան Հայաստանի հիմնական եւ հզոր դաշնակիցը Մերձավոր Արեւելքում, ապա Իրանի հետ միասին այս քառյակը կարող է շատ խնդիրներ կարգավորել տարածաշրջանում, նաեւ արաբական երկրների աջակցությամբ:

Գուցե այս ամենը նկատել են նաեւ Արեւմուտքում, եւ հայտնի դարձավ, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն նոր համաձայնագիր կստորագրեն: «Հնարավոր է, որ ապագայում նոր համաձայնագիր ստորագրեն, որը կներառի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մաս­ը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ԵՄ խորհրդատվական խմբի նիստի ավարտից հետո:

Պաշտոնական Բրյուսելը արդեն Երեւանին աջակցելու նոր ծրագիր է սկսում՝ խոստանալով 140-170 միլիոն եվրո տրամադրել՝ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ու առկա կարիքների համար: Առաջիկա 3 տարիների ընթացքում Եվրամիությունը Հայաստանին անհատույց կտրամադրի այդ գումարը՝ արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար: Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայտարարվել է եռամյա ծրագրի առաջին փուլի մեկնարկը, որով Հայաստանը Եվրամիությունից 7 միլիոն եվրո կստանա՝ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու, եւ 12 միլիոն եվրո՝ մարդու իրավունքները պաշտպանելու համար:

Ըստ եվրապաշտոնյաների, փոքր ու միջին գործարարներին տրվող աջակցությունը երկարաժամկետ կտրվածքով կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, մասնավոր հատվածի զարգացմանը, կավելացնի Հայաստանի տնտեսական մրցունակությունը: Մարդու իրավունքների ոլորտում իրականացվող նոր ծրագիրն էլ կօգնի բարելավել օրենսդրությունը՝ ազատ ընտրությունների, կտտանքների կանխարգելման, խտրականության դեմ պայքարի եւ երեխաների պաշտպանության ոլորտներում: Եթե շարունակվի աջակցությունը բարեփոխումներին, ապա ընդգծվել է, որ տրամադրվելիք օժանդակության չափը նախնական է. վերջնական գումարը, որ կստանա Հայաստանը, կախված կլինի երկրի կարիքներից ու բարեփոխումներ կատարելու՝ կառավարության հանձնառությունից:

Այս համաձայնություններից բացի, փաստաթուղթ է ստորագրվել, որով Բրյուսելը հավելյալ 25 միլիոն եվրո կտրամադրի՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար:

Բրյուսելում եւ՛ հայկական կողմը եւ՛ Եվրամիությունը մեկ սեղանի շուրջ նստելով քննարկել ու հստակեցրել են, թե ինչ է ենթադրում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը եւ որոնք են ԵՄ-ՀՀ համագործակցության հետագա ոլորտները:

Սա եւս հուսադրող է, քանի որ Հայաստանը կարող է խուսափել Եվրամիություն-Եվրասիամիություն առճակատումից:

Ավելին՝ Հայաստանը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական համագործակցության ու Եվրամիության երկրների փոխգործակցության կամուրջ, հատկապես ԵՏՄ պետությունների համար՝ դեպի Եվրոպա արտահանման հարցերում:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 37 (342), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։