Երկինքը փակելու պատասխանը – Բաքուն սադրանքի գնալով ավելի շատ ապտակեց միջազգային հանրությանը… Նորից թուրք պատմաբանը, քրդերի շահը եւ Հայաստանը…

Արցախում ադրբեջանական կողմը ուղղաթիռ է խփել: Նոյեմբերի 12-ին՝ ժ. 13:45-ի սահմաններում« ԼՂՀ եւ ԱՀ սահմանային գծի արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնական թռիչքի ժամանակ խոցվել է ԼՂՀ ՌՕՈՒ-ի Մի–24 ուղղաթիռը« զոհվել են երեք օդաչուները: Ուղղաթիռի հրամանատարն է եղել Սերգեյ Սահակյանը:

Դեպքի հետ կապված միջազգային արձագանքնե՞րը: Ինչպես միշտ՝ նույնը: Չէ, մասամբ սխալվեցի: Մոսկվայի արձագանքը՝ ինչպես միշտ՝ նույնը, նույն դավով: Այն է՝ կոչ երկու կողմերին հավասարապես:

Մոսկվան կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին խուսափել քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության մեծացմանը: Այս մասին «Տասս» գործակալության փոխանցմամբ« հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: «Մենք խիստ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպով« որը հանգեցրել է մարդկային զոհերի: Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Հիշեցնում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությանը իրենց պատասխանատվության մասին՝ կատարելու հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում ստանձնած պարտավորությունները« որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյու Յորքում եւ Փարիզու­մ»«- նշել է նա:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի նպատակադրված ջանքեր գործադրել՝ աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Տեսնե՛ս ուր է Զորի Բալայանը, մի խնդրագիր գրեր՝ աղաչելով ռուսաց ցարին մի փիս բան ասել թյուրք ոչխարի հասցեին…

Լավ է, որ գոնե ռուս փորձագետը ազնիվ եղավ՝ գնահատելով իրավիճակը, երբ ադրբեջանական խաժամուժը սպառնացել էր փակել օդային տարածքը:

«Ադրբեջանի սպառնալիքներին՝ փակել ԼՂՀ օդային տարածքը թռիչքների համար«  հոյակապ պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը« ով ուղղաթիռով այսօր ժամանեց Ստեփանակերտ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ« Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշեւը: Վերջինս նշեց, որ դա լավագույն պատասխանն էր այդ հայտարարությանը:

Մեզ մնում է հիշեցնել, որ երկու օր առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ Արցախի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարում: Եվ հաջորդ օրը ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ուղղաթիռով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ռազմական ուղղաթիռը խոցելու միջադեպի կապակցությամբ, հայտնում է Radio Free Europe-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին նշել է, որ ուղղաթիռի հետ կապված միջադեպը հերթական անգամ «հիշեցնում է տարածաշրջանում լարվածությունը մեղմելու եւ հրադադարի ռեժիմին հետեւելու անհրաժեշտության մասին»:

Պսակին նաեւ հայտարարել է, որ հիմնախնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

ԵՄ-ն իր հերթին կոչ էր արել հետաքննել ԼՂ-ում ուղղաթիռի հետ կապված միջադեպը:

Ֆրանսիական պատգամավորներից հայտարարել էին, որ Ադրբեջանը այդ քայլով ավելի շատ ապտակեց Ֆրանսիային, քանի որ խախտվեց Փարիզում ձեռքբերված ադրբեջանական խոստումը:

Ի՞նչ պատասխան կտա հայկական կողմը: Հուսամ՝ ոչ բարոյական: Հիշենք, մեր համարժեք պատասխանն է աշխարհը միայն հարգում: Վերջերս շատ բան դա ապացուցեց: Համարժեք պատասխանը տանք ու նոր միայն բարոյական կողմը թողնենք անբարոյական աշխարհին:

Վահագն Նանյան

Երեւանում մեդալ են տվել թուրք գիտնականի, ով Հայաստանը համարել է «տանձի կո­թ»…

Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը լուրջ վերապահումներ ունի քրդական պատմության թուրք մասնագետ Իսմայիլ Բեշիքչիին շնորհված Պետական համալսարանի ոսկե մեդալի կապակցությամբ, ով հայկական տարածքները որոշակիորեն նաեւ քրդական է համարել:

Հայ ազատամարտիկը զարմանում է՝ «ինչպե՞ս պատմաբանը չգիտի, որ ցեղասպանության հետեւանքով հայերը պատմական Հայաստան են կորցրել, որն այսօր զբաղեցրել է քուրդ բնակչությունը: Ինքը ասում է՝ այո, քրդերից մի հատված եւս մասնակցել է հայկական ցեղասպանությանը եւ Հայաստան երկրի բռնազավթմանը, բայց այժմ այդ տարածքը զբաղեցնում են քուրդերը, դա արդեն Քուրդիստան է եւ պիտի այդտեղ ազատ, անկախ եւ պետական միավոր ստեղծվի»։

Սարգիս Հացպանյանը թուրքերեն գիտի, նրա սեղանին Բեշիքչիի թուրքերեն գրված գրքերն են, նրանցում հայերի հասցեին բազմաթիվ տհաճ բաներ կան գրած, ավելին, քրդական թեմաներով ուրիշ պատմաբանների համար Բեշիքչին հեղինակություն է. «Ինչքան գիրք որ լույս տեսել է, այս ամբողջ Բեշիքչիին հղում են անում, Բեշիքչին ասել է, Բեշիքչին գրել է, Բեշիքչիի հետազոտությունների առումով եւ այլն.. Բեշիքչին դարձել է այն պատմաբանը, որի վրա փորձում են այլ արձան կանգնեցնել»։

Այս պատմաբանը նենգափոխում է հայ ժողովրդի պատմությունը,- համոզված է հայ ազատամարտիկը, ով թուրք պատմաբանի քրդերի շահերը պաշտպանելը հերոսություն է համարում, դրա համար թուրքական բանտեր է նստել նա, բայց թող գիտությանը վերաբերվի գիտնականի նման. «Ինքս եմ բանտերում եղել, խոշտանգվել եմ, հենց Թուրքիայի մասին է խոսքը։ Դա ինձ իբրեւ ի՞նչ, իրավու՞նք է վերապահում ասելու, որ Հայաստանը Հայաստան չէ, այլ տանձի կոթ է, որ չի օգնել կամ չի սաստել Թուրքիայի՞ն: Իսկ ինչպե՞ս աներ»:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 37 (342), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։