Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Ոչխարասնկով տոլմա
Բաղադրությունը – Ոչխարասունկ (շամպինիոն) – 1 կգ, կաղամբ – 1 կգ, գլուխ սոխ – 5 հատ, կարտոֆիլ – 5 հատ, համեմ – 1 կապ, սամիթ – 1 կապ, կանաչ սոխ – 1 կապ, զեյթունի բուսայուղ – 100 գ, կարագ – 50 գ, բլղուր – 100 գ, սպիտակ պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը – Սունկը աղաջրով լվանալ, կտրտել, ավելացնել մանր կտրտած կանաչիները, լվացած բլղուրը, բուսայուղը եւ համեմել պղպեղով եւ աղով: Կարտոֆիլը մաքրել, մեջը փորել եւ կիսախաշել: Խաշել կաղամբի տերեւները եւ այդ ջրի մեջ գցել գլուխ սոխերը՝ հանելով կլոր-կլոր շերտերը:
Փորած կարտոֆիլի, սոխի շերտերի մեջ լցնել սնկով միջուկը: Մնացած միջուկը փաթաթել կաղամբի տերեւների մեջ:
Սրանք շարել թավայի մեջ, վրան լցնել 1 սուրճի գավաթ ջուր եւ կարագը: Այնուհետեւ թավան ծածկել ջեռոցի տարաների համար նախատեսված չվառվող ծածկով եւ դնել ջեռոցը: Եփել 30 րոպե 2000-ի տակ:
«Մանկական Եվրատեսիլ»-ում 3-րդն ենք
«Մանկական Եվրատեսիլ-2014» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 11-ամյա Բեթթին զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Նա ներկայացրեց «Արեւի մարդիկ» երգը եւ հավաքեց 146 միավոր: 1-ին տեղը զբաղեցրեց Իտալիսյի ներկայացուցիչը, 2-րդ տեղը՝ Բուլղարիայի, ով 1 միավորով էր առաջ Հայաստանից:
Հայաստանին 12-ական միավոր տվեց Բելառուսը, Բուլղարիան, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Մալթան,10 միավոր՝ Նիդեռլանդները, 8-ական միավոր՝ Շվեդիան, Սլովենիան, 7 միավոր՝ Սան Մարինոն, 6-ական միավոր՝ Խորվաթիան, Սերբիան, Կիպրոսը, 2-ական միավոր՝ Մոնտենեգրոն, Իտալիան: Հայաստանը 12 միավոր տվեց Վրաստանի ներկայացուցչին, 10 միավոր՝ Ռուսաստանի ներկայացուցչին, 8 միավոր՝ Իտալիայի ներկայացուցչին: Եվրոպական հեռարձակողների կողմից բոլոր մասնակիցները ստացան 12 միավոր: Մանկական ժյուրին Հայաստանին տվեց 7 միավոր:
Հայ գիտնականը ռեկորդ է սահմանել
Հայ գիտնական Արմեն Ավագյանի կենսագրությունը ներառվելու է Մարքիուսի «Ով ով է 2015» տարեգրքում:
Գիտնականը ռեկորդ է սահմանել. նրա կենսագրությունը արդեն 6-րդ տարին անընդմեջ ընդգրկվում է Մարքիուսի «Ով ով է» տարեգրքում (27-32 հրատարակություններ) եւ արդեն 3-րդ անգամ՝ Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ» գրքում (7-9 հրատարակություններ):
XVIII դարից գործող Մարքիուսի «Ով ով է» հեղինակավոր հրատարակությունը, որը մեկտեղում է ավելի քան 55 հազ. առաջնորդ տղամարդկանց եւ կանանց կյանքի մանրամասներն ու հաջողությունները, հայ գիտնականի հեղինակած «Գլոբալ կայուն զարգացման տեսություն՝ հիմնված արդյունաբերական եւ կենսաբանական ցիկլերում միկրոջրիմուռների կիրառման վրա: Նոր կենսաբանական համակարգի նախագծում եւ կառուցում» տեսությունը համարում է ակնառու ձեռքբերում: Այն հրատարակվել է աշխարհի ամենախոշոր՝ «Ամազոն» հրատարակչությունում:
Նույն տեսության համար է 2011-ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտը Արմեն Ավագյանին ներառել 50 հանճարների ցուցակի մեջ ու շնորհել Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակը: Նրա կենսագրությունն ընդգրկված է նաեւ «Միջազգային կենսագրությունների բառարան» (Մեծ Բրիտանիա, Քեմբրիջ, 2014) գրքերում: Արմեն Ավագյանը ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման եւ ներդրումների ենթահանձնաժողովի նախագահն է, ԵՄ միջազգային համագործակցության մի շարք ծրագրերի փորձագետ, ԱՊՀ երկրների քիմիայի եւ նավթաքիմիայի խորհրդի փորձագետ, Ամերիկյան քիմիական ընկերության անդամ:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Հայաստանի ներկայացուցիչները կմեկնեն Բաքու
Նոյեմբերի 21-22-ին Բաքվում տեղի կունենա Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված հարցերից կարեւորագույնը, անշուշտ, եկող տարի այնտեղ կայանալիք Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերն են: Նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ վարչության պետ Վաղինակ Գալստյանը:
Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները կայցելեն օլիմպիական մրցումների համար նախատեսված մարզաբազաներ, կուսումնասիրեն նախապատրաստական աշխատանքների ընթացքը եւ այլն: Այս մասին հայտնել է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Չարդարացած սպասելիքներ ծանրամարտում
Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկում դուրս մնաց անգամ լավագույն տասնյակից՝ այս առաջնությունում չվաստակելով ոչ մի մեդալ: Ընդհանուր հաշվարկում տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց 16-րդ տեղը՝ մասնակից 62 երկրների շարքում: 1-ին հորիզոնականում Հյուսիսային Կորեան է: Նա ունի 6 ոսկե եւ 4 բրոնզե մեդալներ: Կանանց պայքարում Հայաստանի հավաքականը 31-րդ էր 51 երկրների մեջ:
Այս առաջնությանը Հայաստանը ներկայացել էր 14 մարզիկներով: Նրանք զբաղեցրեցին հետեւյալ հորիզոնականները՝ Սմբատ Մարգարյան (56 կգ) 18-րդ, Վանիկ Ավետիսյան (69 կգ) 5-րդ, Սիմոն Մարտիրոսյան (75 կգ) 7-րդ, Արա Խաչատրյան (77 կգ) 16-րդ, Հակոբ Մկրտչյան (77 կգ) 21-րդ, Աղասի Աղասյան (85 կգ) 15-րդ, Հայկ Հակոբյան (105+) 14-րդ, Ռուբեն Ալեքսանյան (105+) 0: Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիները գրավեցին հետեւյալ հորիզոնականները՝ Աննա Գովելյան (53 կգ) 22-րդ, Էլեն Գրիգորյան (48 կգ) 26-րդ, Իզաբելա Յայլյան (63 կգ) 19-րդ, Քրիստինե Պետրոսյան (63 կգ) 33-րդ, Մելինե Դալուզյան (69 կգ) 11-րդ, Հռիփսիմե Խուրշուդյան (75+) 15-րդ:
Տիգրան Լ. Պետրոսյանը՝ քաղաքապետի գավաթակիր
«Քաղաքապետի գավաթ-2014» արագ շախմատի մրցաշարում, որը կայացավ Երեւանի շախմատի տանը, հաղթեց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Փորձառու շախմատիստը քառորդ եզրափակիչ փուլում 1,5:0,5 հաշվով հաղթեց Արտաշես Մինասյանին, կիսաեզրափակիչում ջախջախեց Արման Փաշիկյանին 2:0 եւ մտավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը դարձավ երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը:
Տիգրան Լ. Պետրոսյանը 2 խաղերում էլ վստահ հաղթանակ տարավ եւ տիրեց գլխավոր մրցանակին:
Աշխարհի չեմպիոնն առաջ է անցնում
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը հերթական հաղթանակը տարավ թագի համար Սոչիում ընթացող մրցամարտում: 6-րդ խաղի սկիզբը հանգիստ էր անցնում, սակայն միջնախաղում աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը չափից դուրս զգուշավոր խաղաց, որից անմիջապես օգտվեց նորվեգացի գրոսմայստերը: Վերջինս չնայած փիղը փոխանակեց զինվորի հետ, սակայն դիրքային այնպիսի մեծ առավելություն ստացավ, որ մի քանի քայլից հետո մրցակցին ստիպեց հանձնվել: Այդպիսով, Մագնուս Կառլսենը 2-րդ հաղթանակը տարավ մրցամարտում եւ կրկին առաջ անցավ հաշվի մեջ՝ 3,5:2,5:
Հ.Գ.- ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը պաշտպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հնդիկ Վիշվանաթան Անանդի դեմ շախմատային թագի մրցամարտի 11-րդ խաղում նորվեգացի գրոսմայստերը 45-րդ քայլում առավելության հասավ սպիտակներով: Սոչիում անցկացված մրցամարտի հաշիվը դարձավ 6.5:4.5՝ հօգուտ Կարլսենի եւ վերջին մրցախաղն անցկացնելու անհրաժեշտություն այլևս չկա: Նորվեգացին պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նախորդ տարի խլել էր հենց Անանդից: Չեմպիոնական մրցամարտի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: Կարլսենը կստանա այդ գումարի 60 տոկոսը, իսկ Անանդը` 40
Պարտվեցին անհյուրընկալ Պորտուգալիային
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 4-րդ փուլում հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Պորտուգալիայի ազգային թիմին: Երկու թիմերն էլ ցույց տվեցին անկազմակերպ, հախուռն ֆուտբոլ՝ թույլ տալով բազում սխալներ: Սակայն մեր ֆուտբոլիստները չկարողացան օգտվել մրցակցի սխալներից, իսկ ահա պորտուգալացիները, այնուամենայնիվ, մեկ անգամ դա արեցին. կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը մի պահ հապաղեց եւ Ռոնալդուն մոտ տարածությունից գրավեց դարպասը:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը կրեց երկրորդ պարտությունը Եվրո-2016-ի ընտրական փուլում եւ 1 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Պորտուգալիայի հավաքականն այս հաղթանակից հետո բարձրացավ 2-րդ հորիզոնական, քանի որ առաջին տեղում գտնվող Դանիայի ընտրանին հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց Սերբիայի հավաքականին եւ պահպանեց առաջատարի դիրքը:
Հայաստանի մարզչական կազմը դժգոհել է պորտուգալացիների հյուրընկալության պայմաններից, քանի որ Հայաստանի հավաքականին շատ վատ մարզադաշտ է տրամադրվել մարզումների համար, իսկ հարցին, թե ինչու՞ չեն լավ մարզադաշտ տրամադրում, հնչել է պատասխան՝ թե լավը Պորտուգալիայի հավաքականին են տրամադրել…
Առաջատարն առաջին պարտությունը կրեց
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Ուլիս»-ը, որ առաջին պարտությունը կրեց առաջնությունում: 2-րդ հորիզոնականում գտնվող «Փյունիկ»-ը 10 միավորով ետ է մնում առաջատարից, սակայն Սարգիս Հովսեփյանի սաները 1 խաղ պակաս են անցկացրել: Եռյակը եզրափակում է «Շիրակ»-ը՝ 18 միավորով, եւ նույնպես 1 խաղ պակաս են անցկացրել «Ուլիս»-ից:
Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ-ԲԳ Մ
1. Ուլիս 13 11 1 1 31-10 34
2. Փյունիկ 12 6 3 2 22-11 24
3. Շիրակ 12 5 3 4 15-12 18
4. Միկա 13 4 4 5 16-15 16
5. Ալաշկերտ 13 4 3 6 14-19 15
6. Գանձասար 12 4 3 5 19-24 15
7. Բանանց 12 3 3 6 16-20 12
8. Արարատ 13 2 0 11 16-38 6
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 38 (343), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



