Նժդեհի արձանն անգամ պայքարի մեջ է – Հայորդու անվան հրապարակում դեռ կոնունիստն է արձանացած… Եռագույն դրոշակի կարիք այդ սրբապիղծն ունի – պաշտպանե՛նք Վահագն Աստծո արձանը… Գառնին ո՛չ միայն հավատի ու պատմա-մշակութային կենտրոն…

Նժդեհի արձանն անգամ պայքարի մեջ է

Տարիներ շարունակ Հայ Արիական Միաբանությունը պետական պատկան մարմիններին է դիմել, որպեսզի ազգային գործիչ Գարեգին Նժդեհի անվան հրապարակից հեռացվի ապազգային գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանը: Նշվել է, որ այսպես անգամ մեծն հայի անունը չի ազատագրվում մասոնա-բոլշեւիկյան լծից (դեռ մի բոլշեւիկի՝ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու փորձ էլ արեցին):

Այս հարցը բարձրացվել է դեռ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք, բայց… Հետո հայ արիները դիմեցին հաջորդ վարչապետին ու նախագահին, նորից ապարդյուն, անգամ առաջարկեցին այդ հրապարակը կոչել բոլշեւիկների հրապարակ՝ թողնելով ոմանց այդքան սիրելի բոլշեւիկի արձանը, որ Նժդեհի անունը վերջապես ազատվի համայնավարական ներկայությունից… Նորից ոչ մի պատասխան:

Վերջերս հայտնի դարձավ, որ պետականորեն որոշել են Երեւանում ունենալ Նժդեհի արձանը, սակայն ոչ թե Նժդեհի հրապարակում, այլ մայրաքաղաքի կենտրոնական մասում (թող այստեղ էլ լինի, բայց մեկ այլ արձան էլ Նժդեհի հրապարակում տեղադրվի):

Այն որ վերջապես Հայաստանի մայրաքաղաքը կունենա նվիրյալ հայորդու արձանը՝ հրաշալի է, բայց որ անհասկանալի «ճարտարապետական լուծումը» կմնա Նժդեհի հրապարակում՝ զարմանալի է: Ամեն հյուրի առանձին բացատրում ենք, որ Նժդեհի հրապարակի արձանը այլ մարդու է, բայց չենք կարողանում բացատրել, թե ինչու՞, այդ ո՛ր մի գեղագիտական կամ գաղափարա-քաղաքական հաճույքի համար: Վերջապես ո՞վ է այս «նորարարության» հեղինակը, ում դեռ պիտի մտցնել «Գինեսի ռեկորդներ»-ի գիրքը:

Հայաստանի ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը եւս հայտնեց, որ ճիշտ չի համարում, որ Գարեգին Նժդեհի հրապարակում կանգնեցված է Սուրեն Սպանդարյանի արձանը, իսկ նույն Նժդեհի արձանը նախատեսվում է 2016թ. կանգնեցնել Պատկերասրահի հետեւի մասում՝ «Հանրապետություն» փողոցի կից այգում: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական գեղարվեստական խորհուրդը ավելի շատ ուշադրություն է դարձնում բուն քանդակին, քան նրա տեղին: «Մենք գնացել ենք, նայել ենք գիպսե տարբերակը, որոշակի շտկումներ ենք ասել՝ Գագիկ Ստեփանյանը անի, բայց մեր քանդակագործներից որեւէ մեկը խնդիր չի տեսել այս հարցում: Ես էլ առանձնապես խնդիր չեմ տեսնում: Երեւի այս հարցը պայմանավորված է նրանով, որ Հանրապետություն փողոցի մոտ է լինելու, իսկ Նժդեհը Հանրապետական կուսակցության գաղափարախոսության հիմքն է»,- բացատրել է նկարիչը:

Միաժամանակ, Լեւոն Թոքմաջյանը նկատել է, որ այսօր եթե Գարեգին Նժդեհի հրապարակում որեւէ մեկին հարցնես, թե ում արձանն է կանգնեցված, ապա բոլորը կասեն՝ Նժդեհի: «Այդ հրապարակը Սովետական Միության ժամանակ կոչվում էր Սուրեն Սպանդարյանի անվան, սակայն անկախության տարիների սկզբին այն վերանվանվեց Նժդեհի անունով, իսկ արձանը չտեղափոխվեց։ Իհարկե, այստեղ խնդիր կա, բայց մենք իսկապես ուշադրություն չենք դարձրել նաեւ այն պատճառով, որ մենք այս հարցում ոչինչ անել չենք կարող, այդպես է որոշվել»,- ասել է նա: Վաստակավոր նկարիչը թեեւ նշել է, որ ինքը՝ բուն քանդակը լավ գործ է, բայց նկատել է, որ նախնական տեսքից տարբերվում է, քանի որ նախատեսվում էր Նժդեհի ձեռքին սուր քանդակել, բայց որոշվել է այն հանել եւ հիմա քանդակագործը փորձում է այդ ձեռքերին լուծում տալ:

«Մի տեսակ հիմա դատարկ են ձեռքերը, եւ քանդակագործը մեկը ծալել է, մյուսը առաջ ուղղել, մի տեսակ դերասանական է ստացվել, ես նրան հորդորեցի մի քիչ փոխել ու դինամիկա մտցնել: Իհարկե, ամեն քանդակագործ իր պատկերացումն ունի, եւ ես Նժդեհին պատկերացնում էի սարից իջնելուց, շարժի մեջ, չէ՞ որ նա Զանգեզուրը պահեց, հողի համար կռվող կերպար է նա, ոչ միայն փիլիսոփա»,- իր տեսակետն է հայտնել նկարիչը:

Իսկ թե ով է որոշել, որ պետք է թուրը հանվի, եթե քանդակը հենց այդ տեսքով է մրցույթը շահել, շատերը պարզապես պատասխանում են՝ հնարավոր է «վերեւներից»:

Ախր, հենց այդ «վերեւներից» էլ փախավ Նժդեհը եւ փրկեց Սյունիքը թրքացումից:

Վահագն Նանյան

Եռագույն դրոշակի կարիք այդ սրբապիղծն ունի

Համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ կրկին հեթանոսական հուշարձանի պղծման հետքեր կային, նախ ներկ էին քսել, հետո դրոշակ տեղադրել արձանի վրա:

Գառնի եւ Զվարթնոց տաճարների աղմուկ հանած սրբապիղծ միջոցառումների համապատկերին այս մեկը այնքան էլ «աղմկարար» չէ, բայց միեւնույնն է, զազրելի է: Ոսկան Սարգսյան ֆ/բ օգտատերը սոցցանցի էջերում նոյեմբեր 16-ին տարածել էր մի տեղեկատվություն, որ վերնագրված էր «Ոստիկանությունը կբացահայտի՞ չարագործներին»: Նա նախկինում տեղեկացրել էր, որ Իջեւան քաղաքում պղծվել է Վահագն Վիշապաքաղի արձանը: Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ ոստիկանությունը հուշարձանի վնասները վերականգնելու համար ներդրումներ կատարելու իրավասություն չունի: Նոյեմբերի 16-ին կրկին պղծվել է Վահագնի արձանը, հեթանոսական աստծո գլխին հայկական եռագույն դրոշ է տեղադրվել…

Եթե ոմանց թվում է անպատիժ պղծել եւ հերոսություն են արել, ապա դեռ զգալու են Հայ Աստվածների ազդեցիկ ուժը, քանզի մեր Աստվածներն արդեն Հայաստանում են…

Գառնին ո՛չ միայն հավատի ու պատմա-մշակութային կենտրոն

Վերագործարկումից հետո Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը կդառնա միջազգային նշանակության սեյսմիկ կենտրոն, որից ստացվող ամբողջ տեղեկատվությունը կփոխանցվի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն:

Դիտարանում կգործեն սեյսմավերլուծական եւ կենսաբանական լաբորատորիաներ, ճգնաժամային կառավարման տարածքային կենտրոն, գրադարան, հանդիպումների սրահներ, սեմինարների դահլիճ եւն: Նախարարության պատասխանատուները հերթական աշխատանքային այցով եղել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում, որի վերագործարկումը նախարարության առաջնահերթ խնդիրներից է, եւ դրա հետ կապված աշխատանքները մշտական ուշադրության կենտրոնում են:

Պատասխանատու պաշտոնյաները շրջել են նաեւ դիտարանի նոր վերանորոգված եռահարկ շինության բոլոր սենյակներով, ծանոթացել արված գործին՝ տալով համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ։

Վերանորոգման ժամանակ ուշադրություն է դարձվել արտակարգ իրավիճակների համակարգում աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմաններ ստեղծելու խնդրին։

Այց է եղել նաեւ դիտարանի թունել, որտեղ տեղադրված է 375 մետր երկարությամբ բացառիկ դեֆորմոգրաֆը: Լուրջ աշխատանքներ են իրականացվել նաեւ թունելի վերանորոգման եւ դեֆորմոգրաֆի վերագործարկման ուղղությամբ։

Եթե պետությունը ընդառաջի հայ արիների առաջարկին, եւ Գառնո տաճարը դառնա գործող արիադավան-հեթանոսական տաճար, ապա Գառնին, նաեւ որպես բնակավայր, կդառնա համաշխարհային նշանակության՝ ինչպես գիտական, այնպես էլ հին հավատամքի հետաքրքիր վայր:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 38 (343), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։