Եռյակը պատասխանեց՝ նախապայմանով – Իսկ ԸՕ-ն, ըստ իշխանության, սովորաբար փոխվում է ընտրություններից 1 տարի առաջ… 12 կետերը՝ քաղաքական համաձայնեցման բերելու առաջարկ…

Եռյակը պատասխանեց՝ նախապայմանով

Ոչ իշխանական եռյակի հերթական, բայց շատ սպասված նիստից հետո, ըստ էության հայտնի դարձավ, որ եռյակը պատրաստ է երկխոսության նստել իշխանության հետ, բայց նախապայմանով: Սա այն էր, ինչ արդեն սպասվում էր եռյակում առկա մարտավարական տարրաձայնությունների եւ նախագահ Սերժ Սարգսյանի երկխոսության առաջարկի համապատկերում: Նախագահը հորդորել է կառավարությանը կրկին վերադառնալ ոչիշխանական ուժերի առաջ քաշած 12 կետերին, կետ առ կետ վերանայել դրանց շուրջ մոտեցումները եւ ուսումնասիրել լուծումների հնարավորությունը ու ճանապարհային քարտեզ գծել ու ընդդիմադիրների հետ համատեղ համադրելի լուծումներ գտնել։

Փաստորեն, եռյակի պատասխանը դրական էր, պայմանն այսպիսին էր, որ եռյակի հետ աշխատելու համար իշխանություններն առաջիկայում պետք է նախաձեռնեն ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ժամանակ կկատարվի ներկայացրած 12 պահանջների 10-րդ կետը, այն է՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Եթե համագործակցությունը լոկ խոսքեր չեն, ապա եռյակը ակնկալում է, որ կարելի է գնալ իրական երկխոսության: Ընդամենը 1,5 ժամում հնարավոր է փոփոխել ԸՕ-ի 2 հոդվածները՝ անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, եւ քվեարկության մասնակիցների ցուցակի հրապարակում կլինի:

Իսկ թե ինչպես են վերաբերում ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությանը, թե առաջիկա շաբաթվա ընթացքում կառավարությունը պատրաստվում է քննարկել եռյակի ներկայացրած 12 պահանջների 1-ին կետը՝ կապված կենսաթոշակային պարտադիր վճարի հետ, դա ընդդիմադիրներին չի հուզում. քանի դեռ 10-րդ կետի պահանջը չի բավարարվել, իրենք որեւէ երկխոսության կամ բանակցության պատրաստ չեն:

Սպասվում էր, որ իշխանությունների հետ նախապայմանների լեզվով խոսող եռյակը պետք է փոխեր իր մարտավարությունը եւ արդյունքի հասնելու համար մեծացներ ճնշումները՝ շարունակելով հանրահավաքների շարքը։ Բայց պարզվում է, որ այս հարցում էլ եռյակը պետք է առաջնորդվեր ԲՀԿ-ի դիրքորոշմամբ, սակայն հանրահավաքի անցկացման հետ կապված որեւէ հստակ որոշում չի կայացվել: Այսինքն՝ երկարաձգվում է ակտիվ պայքարի վերադառնալու ժամկետը, ինչի մասին օրերս անհամաձայնություն էր հայտնել ՀԱԿ-ը՝ հայտարարությամբ։ ԲՀԿ-ի շտաբեր ձեւավորելու գաղափարը, որպես միասնական պայքարի շտաբեր, ՀԱԿ-ի հայտարարության համաձայն՝ լավ բան է, բայց չի աշխատի, եթե հետզհետե նվազի հանրահավաքային աշխուժությունը, ավելին՝ վերցրած դադարը իշխանությանը հնարավորություն կտա վերադասավորվել եւ պառակտել եռյակը:

Խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով եռյակի ներկայացրած նախապայմաններին, լրագրողներին պատասխանեց, որ իշխանությունը հակված է ԸՕ-ն փոխել, բայց ոչ հիմա, սովորաբար ԸՕ-ն փոխվում է ընտրություններից 1 տարի առաջ։ Ուրեմն՝ Սերժ Սարգսյանի երկխոսության առաջարկը կարելի է տապալվա՞ծ համարել, որովհետեւ եռյակը չի պատրաստվում երկխոսության նստել: Այս դիտարկմանն էլ ԱԺ նախագահն արձագանքեց իր ոճով. «Չի նստում, թող կանգնած մնա»:

Հիմա սպասենք՝ բանակցությունները կանգնա՞ծ, թե նստած կընթանան:

Անի Մարության

* * *

Շատերն են հարցնում, թե ինչու Սերժ Սարգսյանը հանկարծ հիշեց 12 կետերի մասին եւ կառավարությանը հանձնարարեց եւս մեկ անգամ անդրադառնալ դրանց: Նախագահը իր թիմակիցներին հորդորեց ընդդիմության առաջարկներին թշնամանքով չվերաբերվել, քանի որ առանց համաձայնեցումների, սահմանադրական փոփոխություններ չեն լինի: Այսինքն՝ հասկացրեց, որ առանց բազմակողմանի աջակցության այդ փոփոխությունները անիմաստ են դառնում:

Ոմանք, իհարկե հայտարարում են, թե այս կոչը քաղաքական համաձայնեցման բերելու առաջարկ է եւ կապ չունի ոչ հանրահավաքների, ոչ ընդդիմադիր ուժերի համատեղ գործունեության, ոչ էլ արտաքին ճնշումների հետ:

Բայց պետք է ենթադրել, որ առկա է եւ իշխանության բարի կամքը եւ նշյալ բոլոր պատճառները: Առանց ներքին ու արտաքին կայունության, որեւէ իշխանություն չի կարող բարեփոխումներ իրականացնել: Հատկապես, երբ արտաքին ոլորտում թշնամին ակնհայտ սադրանքների է գնում, ներքին համերաշխության իշխանական կոչերը տրամաբանական են: Տրամաբանական են նաեւ ընդդիմության համաձայնության գալու քայլերը, ինչքան էլ դրանք նախապայմաններով լինեն:

Կան նաեւ ուժեր, որ հայտարարում են, թե առանց արմատական փոփոխությունների, առանց ամբողջական իշխանափոխության, «առանց ժողովրդի աջակցությունը վայելող իշխանությունների, Հայաստանը լավագույն դեպքում կվերածվի ասիական թույլ զարգացած, խեղճ ու կրակ, թշվառ ժողովուրդ ունեցող երկրի»: Իհարկե այստեղ կա ճշմարտության հատիկ, բայց եթե ասողներն այն ուժերը չեն, որ պիտի ժողովրդի անունից ու եվրոպական կամ ասիական զարգացումներից խոսեն: Այդ ուժերն արդեն ապացուցել են, որ իրենք ոչնչով լավը չեն ներկաներից:

Մնում է հուսալ, որ այս պայմաններում վերոնշյալ իշխանական եւ ընդդիմադիր փոխտրամաբանական քայլերը կհաջորդեն իրար:

«Լուսանցք» թիվ 38 (343), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։