Քաղաքական չեզոքության տնտեսական շահը – Այլապես կկորցնենք ոչ միայն մեր ինքնիշխանությունը… Ռուսաստանի եւ աշխարհի խաղային տարբերությունը…

Մեր երկրի Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Որոշման հրապարակումից հետո նիստերի դահլիճում գտնվող մի շարք ընդդիմադիր գործիչներ սկսեցին բացականչել՝ «Կեցցե՛ Սովետական Միությունը»։ Բայց եւ այնպես ՍԴ որոշումը այլեւս պարտադիր է եւ ուժի մեջ մտավ հրապարակման պահից եւ ուժի մեջ մտավ նաեւ 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

Այն մասնագետներին, որ ընդդիմադիր չեն, բայց մտահոգված են, հուզում է այն տեսակետը, որ «ՀՀ քաղաքացին ԵՏՄ պայմանագրի ուժով պատանդ է դառնալու իր հայրենիքում, որի վրա տարածվելու են ՌԴ նկատմամբ իրականացվող միջազգային պատժամիջոցները»: Իսկ ընդդիմադիր մասնագետները սրան ավելացնում են նաեւ այն մտահոգությունը, որ «ճնշումները կշարունակվեն այնքան, քանի դեռ ռուսական կողմի կայսերապաշտական հավակնությունները չեն զսպվել, իսկ դրա հետեւանքները մեզ մոտ հանգեցնելու են արտագաղթի նոր ալիքի՝ երկիրը հայաթափելու հեռանկարով»:

«Եվրոպական ընտրություն» քաղաքացիական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ իշխանությունների եւ ազդեցիկ կուսակցությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ եւ հայտարարում է, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը հայտնվել է ինքնիշխանությունը կորցնելու եւ «թավշյա անեքսիայի» ենթարկվելու վտանգի տակ: Նախաձեռնությունը դատապարտում է ՍԴ ընդունած հապճեպ որոշումը եւ կոչ անում ՀՀ քաղաքացիներին ԱԺ-ից պահանջել չվավերացնել երկրի պետականությանը սպառնացող փաստաթուղթը։

Նոյեմբերի 14-ին, ընդամենը 15 րոպե տեւած ՍԴ նիստում, ԵՏՄ-ի ծավալուն փաստաթուղթի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը, անվստահություն սերմանեց դատական այդ ատյանի նկատմամբ, քանի որ այդպես էլ հրապարակայնորեն չբացատրվեց ու չներկայացվեց փաստաթուղթը: Իսկ առանց պատշաճ հրապարակային քննարկումների՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի ստորագրումն ու ՍԴ կողմից այդ փաստաթղթի վավերացումը իսկապես կարող է հղի լինել մի շարք վտանգներով, որովհետեւ Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառող Մոսկվան (նաեւ ԵՏՄ եռյակի մյուս անդամները՝ Աստանան եւ Մինսկը նույնպես) շարունակում է իր անվստահելի քաղաքականությունը դաշնակից երկրների, դիցուկ՝ Հայաստանի հետ: Մոսկվայի սիրաշահումները Բաքվին ու Անկարային՝ չեն կարող չմտահոգել հայությանը:

Իսկ Ղազախստանի նախագահն անգամ հայտարարեց, որ համաթուրքական դաշինքը (Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան-Թուրքմենստան-Ուզբեկստան-Ղրղզստան) ամենակարեւոր միավորումն է իր երկրի համար՝ ցայսօր կազմած բոլոր միավորումներից: Այսինքն ԱՊՀ ՀԱՊԿ անդամ երկիրը, որ հանդես է գալիս որպես Հայաստանի ռազմական դաշնակից, ոչ միայն չի կատարելու իր պարտավորությունները հայ-ադրբեջանական նոր հակամարտության ժամանակ, այլեւ՝ աջակցելու է Ադրբեջանին, որ ո՛չ ԱՊՀ, ո՛չ ՀԱՊԿ, ո՛չ ԵՏՄ, ո՛չ էլ ՄՄ անդամ է (բայց ղազախների համար ամենակարեւոր՝ համաթուրքական դաշինքի անդամ է):

Մտահոգիչ է նաեւ, որ հատկապես սահմանափակված լինելով ԵՏՄ պայմանագրով նախատեսված պարտավորություններով եւ փաստացի հայտնվելով Ռուսաստանի լիակատար ազդեցության ներքո, Հայաստանը կարող է կորցնել ինքնիշխանության բաղադրիչները ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմա-քաղաքական հարթակներում։

Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության ստեղծումը, որ իրականացավ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ձուլումից, արդեն իսկ հավաստում է, որ Հայաստանը գնում է լուրջ ինտեգրման: Իսկ թե այդ գործընթացը ինչքանով կկրճատի մեր պետության ինքնիշխանությունը, շուտով ավելի պարզ կդառնա: Ընդդիմադիր գործիչների պնդմամբ՝ ինքնիշխանության կորուստը իրատեսական է դաձել այն փաստով, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից հնչող պաշտոնական «հորդորները»՝ մեր երկրի քաղաքացիների՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված տարրական իրավունքներից (խոսքի, խղճի, մտքի ազատությունից) զրկելու միտումը արդեն անթաքույց կա: Այդ իրավունքները սահմանափակելու մասին որպես ակնհայտ սպառնալիք՝ արդեն իսկ իրականացան նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքի ցույցը ոստիկանական ուժերի ներգրավմամբ ճնշելու միջոցով. համոզված են այս գործիչները:

Բայց կա նաեւ որոշակի լուսավոր մի իրականություն, որ ԵՄ-ն հասկանում է՝ ինչ քաղաքական բարդ իրավիճակում է հայտնվել պաշտոնական Երեւանը եւ փորձում է չսրել իրավիճակը: Բրյուսելից անգամ հայտարարել են, թե պատրաստ են զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Վերջերս Բրյուսելում հայկական կողմի հետ քննարկվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու պատճառները եւ հնարավոր հետեւանքները, ինչպեսեւ դրանից բխող իրավիճակում ԵՄ-ՀՀ համագործակցության հեռանկարները:

Այս մթնոլորտում Հայաստանը հնարավորություն ունի երկու կողմերում խաղալու եւ մեկ բեւեռում հայտնվելուց խույս տալու առումով, ինչը պետք է պահպանել եւ օգտագործել հայկական շահերի համար: Առավել եւս՝ մեր երկրի ինքնիշխանությունը, հատկապես արտաքին անկախությունը պահպանելու համար:

Արտակ Հայոցյան

Ռուսաստանի եւ աշխարհի խաղային տարբերությունը

Առիթով ասել էի, որ Հայաստանի գլխին աշխարհն ու Ռոսաստանը նույն խաղն են խաղում: Բայց աշխարհն իր իսկ համար մի լավ հատկանիշ ունի՝ նուրբ է խաղում: Ռուսաստանը գռեհիկ է բոլոր առումներով: Ընթերցողին համոզելու փոխարեն ընդամենը որոշ փաստեր մեջբերեմ:

Գործադիրի վերջին նիստում ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման հետ կապված երկու հարց քննարկվեց՝ երկարաձգման աշխատանքների ֆինանսավորմանը եւ երկարաձգման հարցում համագործակցությանն առնչվող:

Մեկ այլ որոշմամբ կառավարության նիստում հավանություն տրվեց ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի մինեւ 2014թ. սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրին:

Ըստ այս փաստաթղթերի, Ռուսաստանն ու Ասիական զարգացման բանկը մեզ վարկ են տալիս: Առաջինի մասով համաձայնագրի համաձայն, ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչեւ 270 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար: Հայկական կողմը վարկը կգործածի ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչեւ 90 տոկոսի ֆինանսավորման համար: Կանխավճարային վճարումները կկազմեն յուրաքանչյուր պայմանագրի արժեքի 10 տոկոսից ոչ պակասը եւ կիրականացվեն ռուսական կողմից ռուսական ռուբլիով՝ հօգուտ ռուսաստանյան լիազորված կազմակերպությունների՝ հայկական կողմին մինչեւ 30 մլն ԱՄՆ դոլարի չափով անհատույց ֆինանսական օգնության տրամադրման շրջանակներում:

Վարկը կօգտագործի 2014-2018թթ.: Վարկի օգտագործման ժամկետը լրանալիս հայկական կողմը 30 օրացուցային օրում ռուսական կողմի օգտին կոմիսիոն վճարում կանի չօգտագործված գումարի 1 տոկոսի չափով: Նշված վճարումը կկատարվի ԱՄՆ դոլարով կամ ռուսական ռուբլիով:

Ինչ վերաբերում է վարկի մարմանը, ապա հայկական կողմը վարկի փաստացի օգտագործված գումարը կմարի 10 տարվա ընթացքում՝ հավասարաչափ կիսամյակային վճարումներով, յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին: Ընդ որում՝ վարկի մարման գծով առաջին վճարումը կկատարվի 2019թ. հունվարի 15-ին: Վարկը հաշվարկված է տարեկան 3% տոկոսադրույքով:

Գանք ԱԶԲ-ի տրամադրած վարկին՝ 37 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ՝ 25 տարի մարման ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետ, տոկոսադրույքը‘տարեկան 2%: Նկատվե՞ց տարբերությունը: Ծրագիրն իրականացվելու է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից: Նախատեսվում է ընդլայնել վերահսկման եւ տվյալների ձեռքբերման SCADA եւ էներգիայի կառավարման համակարգերը, ինչպես նաեւ վերակառուցել 220 կՎ «Ագարակ-2» եւ «Շինուհայր» ենթակայանները: Ակնկալվում է ծրագիրն ավարտել 2019 թ. դեկտեմբերի 31-ին:

Նախորդ տարիների ընթացքում Համաշխարհային բանկի աջակցությամբ «Շինուհայր» 220 կՎ ենթակայանը մասնակիորեն վերակառուցվել է: Ենթակայանում փոխարինվել են առաջնային լարման 220 կՎ լարման սարքվածքները, սակայն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի սարքվածքները հնացած են եւ չեն բավարարում հուսալի ու անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջները: Իսկ «Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական 230 կՎ լարման ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 38 (343), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։