Նավթա-գազային քաղաքականության ընտրանքներ – Այդպիսի ծրագրեր կան եւ՛ հօգուտ Արեւմուտքի եւ՛ հօգուտ Ռուսաստանի, մնում է միայն համադրելի իրավիճակներ առաջանան… Տնտեսական նոր ճգնաժամի շեմին…

Նավթի գնի անկումը ոչ միայն նոր տնտեսական, այլեւ նոր քաղաքական իրավիճակ կարող է ստեղծել աշխարհում: Այս թեմայով շատ համաժողովներ ու կլոր սեղաններ են լինում տարբեր երկրներում: Քննարկվում են նավթի եւ գազի գործոնը տարածաշրջանում, անդրադարձեր են լինում հատկապես Ադրբեջանի եւ Թուրքիայի ձգտումներին:

Այս երկու՝ մեզ թշնամի պետությունների ձգտումները առնչվում են Կասպիցծովյան տարածաշրջանի պաշարներին, ինչը հուզում է նաեւ մեզ՝ հայերիս, քանզի թուրք-ադրբեջանական նավթա-գազային ծրագրերը անմիջական ազդեցություն են թողնում նաեւ Հայաստանի ու հայության վրա, հատկապես Արցախի հիմնախնդրի հարցում:

Կասպից ծովի ընդհանուր նավթային պաշարները կազմում են 47 մլրդ տակառ, Ղազախստանինը՝ 40 մլրդ տակառ, Ադրբեջանինը՝ 5 մլրդ տակառ, Թուրքմենստանինը՝ 1 մլրդ տակառ: Կասպիցի նավթի նշանակությունը համաշխարհային շուկայում մեծ չէ: Պաշարները կազմում են համաշխարհայինի ընդամենը 3%-ը:

Ինչ վերաբերում է Կասպից ծովի գազի պաշարներին, ապա դրանք համաշխարհային գազային պաշարների 6%-ն են կազմում: Գազի արդյունահանմամբ առաջատարը Թուրքմենստանն է՝ 75 մլրդ խմ, որի հիմնական շուկաներից է Չինաստանը: Եվրոպան թուրքմենական գազի շուկա չէ: Ղազախստանում արդյունահանումը կազմում է 65 մլրդ խմ, իսկ Ադրբեջանում՝ 17 մլրդ խմ: Գազի պաշարներով եւս այս հաջորդականությունը պահպանվում է. Թուրքմենստան՝ 8200 մլրդ խմ, Ղազախստան՝ 1900 մլրդ խմ, Ադրբեջան՝ 1500 մլրդ խմ:

Խորհրդային Միության փլուզումից հետո Կասպիցի պաշարների վերաբերյալ հսկայական թվեր էին ներկայացնում եւ պնդում էին, թե այս շրջանը լինելու է Պարսից ծոցին համազոր շրջան: «Լուսանցք»-ը իր հրապարակումներում քանիցս հերքել է այդ սինաբանությունը եւ փաստացի ներկայացրել այդ ծրագրերի քաղաքական առանցքը:

Նավթի պաշարների մասին, օրինակ, ամերիկյան աղբյուրներն ասում էին, որ Կասպիցի շրջանում կա 200-233 մլրդ տակառ նավթի պաշար: Իրականությունը, սակայն, այն է, որ կա ընդամենը 47 մլրդ տակառ նավթի պաշար: Նման հայտարարություններ անելու պատճառը քաղաքական էր, ինչպես վերը նշվեց, որպեսզի կարեւորություն տրվի այս շրջանին, եւ քաղաքական ծրագրերը շրջանի վերաբերյալ իրագործվեն:

Ադրբեջանում անկախությունից ի վեր անգամ 1 տակառ նավթ չի հայտնաբերվել. նշել են մասնագետները: Այն, ինչ հայտնաբերվել է, գազ էր, իսկ ինչ արտադրվում է նավթի պարագայում, արդեն Խորհրդային ժամանակներից մնացած պաշարներ էին:

«Կասպից ծովի ածխաջրածինների արտահանումը բավական դժվար է: Նախ՝ ելք չկա դեպի ազատ ծով, եւ դա հսկայական խնդիր է: Հետո՝ ենթակառուցվածքային խնդիրներ կան: Հսկայական սարքավորումներ են պետք, ինչը կարելի է բերել նավերի միջոցով: Բայց այս պարագայում, որպեսզի Կասպից ծով մտնեն այդ նավերը, պիտի Վոլգայի եւ Դոնի ջրանցք հասնեն»,- նշվել է ՍիվիլՆեթի կազմակերպած քննարկումներում: Այդ ջրանցքները սահմանափակ են չափով եւ ձմեռը փակվում են: Հետեւաբար, շատ դժվար է սարքավորումներ բերել Կասպից ծովի շրջան: Դրա առաջին հետեւանքն այն է, որ արդյունահանումը շատ ավելի թանկ է, քան աշխարհի այլ վայրերում: Կասպից ծովի հետ կապված հաջորդ խնդիրն այն է, որ վերին՝ Ռուսաստանի ու Ղազախստանի հատվածում խորությունը շատ փոքր է՝ 8-10 մ: Այս տարածքում սարքավորուներ տեղադրելը շատ բարդ է: Խորությունից բացի՝ խնդիր է, որ ձմռանը ծովի այս մասը սառչում է: Հարավում՝ Իրանի հատվածում, խորությունը հասնում է 300-400 մ-ի:

Կասպիցի իրավական կարգավիճակի անորոշությունը նույնպես խնդիր է: Առայսօր որոշված չէ՝ այն լի՞ճ է, թե՞ ծով: Վերջին քննարկումները, որ կազմակերպել էր Մոսկվան, նոր որոշման չհանգեցրեց: Միջազգային ծովային իրավունքի դրույթները չեն կիրառվում Կասպիցի պարագայում: Մերձափնյա երկրներից ոմանց համար լիճ է, ոմանց համար՝ ծով: Այդ վեճը շարունակվում է եւ այդ վեճի չհանգուցալուծումը քաղաքական պատճառներ ունի: Որոշ երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը, չեն շահի կարգավիճակի հստակեցումից, որովհետեւ այդ պարագայում ուղիներ կբացվեն, որ Կասպիցի պաշարները տեղափոխվեն Եվրոպա: Եվ Իրանի վերջին առաջարկը՝ Կասպիցը հավասար բաժանել Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջեւ, նույնպես մերժեցին Մոսկվայից: Ակնհայտ է, որ Կասպիցի շուրջ տարբեր երկրներ տարբեր քաղաքականություն են վարում, ինչը ձեռնտու է մեզ, քանի որ դա թույլ չի տալիս Ղազախստանին եւ Թուրքմենստանին միանալ Ադրբեջանի եւ Թուրքիայի ծրագրերին, ինչը հնարավորություն կտար նավթով ու գազով բավարարել Եվրոպայի պահանջները, ինչն էլ կարգելափակեր Հայաստանի եւ տնտեսական եւ քաղաքական նկրտումները: Անգամ Իրանը կմիանար թուրքական նախագծերին, ինչի մասին վերջերս հայտարարություն եղավ:

ԱՄՆ-ի քաղաքականությունը այս շրջանում կարելի է բնութագրել՝ ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի, քանի որ միայն Կասպիցի վերոնշյալ երկրների համախմբման դեպքում է հնարավոր այլընտրանք դառնալ ռուսական գազին, առանց որի Եվրոպան պարզապես չի կարող ապրել: Այսինքն՝ գազը կամ նավթը, որ այստեղից պետք է դուրս գա, չպետք է անցնի ո՛չ Ռուսաստանով, ո՛չ Իրանով, ինչն էլ Ադրբեջանին ու Թուրքիային հավելյալ առավելություն է տալիս Արեւմուտքի հետ խաղալու գործում: Ադրբեջանի կարծիքն էլ շատ հստակ է, եթե ոչ Ռուսաստանով, ոչ էլ Իրանով, ապա նաեւ Հայաստանով չպետք է անցնի:

Բայց Ռուսաստանի քաղաքականությունը դեռ թելադրող է եւ ասում է «Կասպիցին ո՛չ վերջնական եւ ամբողջական կարգավիճակ», ինչը դժվարացնում է Արեւմուտքի, ուրեմնեւ՝ թուրքական նպատակների իրականացումը:

Թուրքիան էլ փորձում է Արեւմուտքի միջոցով հաջողել, քանի որ այդ քաղաքականությամբ Կասպիցի նավթը եւ գազը իր տարածքով են անցկացնելու: Ուստիեւ՝ ամեն ջանք գործադրում է, որ Կասպիցծովյան այս փակ իրավիճակն անցնի եւ առավելագույնս օգտագործում է իր տարածքում կառուցված նավթատարերն ու գազատարերը դեպի Արեւմուտք:

Ադրբեջանցիներն էլ սկզբում կառուցեցին փոքր նավթամուղ դեպի վրացական Սուփսա, հետո համաձայնություն ձեռք բերվեց կառուցելու «Բաքու-Ջեյհան» նավթատարը՝ Վրաստանով մինչեւ Թուրքիայի միջերկրածովյան ափ: Եվս մեկ գազատար կառուցվեց՝ ներքին պահանջների համար, ոչ թե դուրս գնացող: Թուրքիան սկսեց գազ ստանալ նաեւ Իրանից՝ կամաց-կամաց դառնալով գազի ու նավթի տարանցման կարեւոր առանցք:

Այս առումով հասկանալի է, որ Հայաստանը, կամա թե ակամա, պաշտպանելու է ռուսական կամ իրանական կողմերի ծրագրերը: Արեւմուտքը այլ ելք չի թողնում՝ միանշանակ սատարելով թուրք-ադրբեջանական ծրագրերին:

Ուստի՝ պաշտոնական Երեւանը պետք է արագ արձագանքի Իրանի այն առաջարկներին, որը թույլ կտա Հայաստանը ներգրավել տարածաշրջանային ենթակառուցվածքներում, այն հանգույցներում, որտեղից դեպի Եվրոպա ճանապարհներ են գնում: Իրանական կողմը կարծես թե կողմ է, որ Հայաստանով անցնեն ոչ միայն գազատար կամ նավթատար խողովակաշարը, այլեւ տրանսպորտային եւ երկաթուղային տարածաշրջանային ուղիները: Այս հարցը Վրաստանի հետ կարգավորելու դեպքում՝ նոր այլընտրանք է առաջանում, այս անգամ թուրք-ադրբեջանական ծրագրերի դեմ:

Իսկ Վրաստանով եւ Սեւ ծովով Եվրոպա արտահանումը Արեւմուտքին նույնպես ձեռք կտա, ինչը կարող է նաեւ ռուսական ընդդիմություն չառաջացնել:

Բայց Մոսկվան էլ իր ծրագրերը ունի եւ կարող է բանակցել Արեւմուտքի հետ: Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել է, որ պաշտոնական Սուխումը դեմ չէ աբխազական երկաթուղու վերագործարկմանը, ինչը պետք է հետաքրքրի թե՛ Աբխազիային, թե՛ Ռուսաստանին, եւ թե՛ Հայաստանին: Թե որքանով է Վրաստանը պատրաստ այս ծրագրի իրագործմանը, դեռ հարցականներ կան, քանի որ Արեւմուտքն է դեմ: Բայց նման բանակցությունների մասին են խոսել նաեւ Հայաստանի կապի ու տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանն ու վրացական խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիան վերջերս: Սուխումը կարծում է, որ եթե հնարավոր է պահպանել Լարսի ավտոճանապարհային անցակետը դեպի Ռուսաստան, ապա կարելի է նման մեկ այլ անցակետ էլ ունենալ երկաթուղու հարցում: Խնդիրն այստեղ էլ է քաղաքական լուծում պահանջում:

Ինչեւէ, Հայաստանը պետք է շարունակի աջակցել այն առաջարկներին եւ ծրագրերին, որտեղ ներգավված է մեր երկիրը: Իսկ ինչպես նկատելի է, այդպիսի ծրագրեր կան եւ՛ հօգուտ Արեւմուտքի եւ՛ հօգուտ Ռուսաստանի, մնում է միայն համադրելի իրավիճակներ առաջանան:

Աստղինե Քարամյան

Տնտեսական նոր ճգնաժամի շեմին

Համաշխարհային տնտեսությանը նոր ֆինանսական ճգնաժամ է սպառնում: Ավստրալական Բրիսբեն քաղաքում կայացած G20-ի գագաթնաժողովն ամփոփող հոդվածում նման նախազգուշացմամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: «Աշխարհը ծնկի իջեցրած ֆինանսական սնանկացումից 6 տարի անց, համաշխարհային տնտեսության կառավարման վահանակի վրա կրկին կարմիր կայծեր են թարթում»,- նշել է բրիտանական կառավարության ղեկավարը:

Ըստ նրա, Բրիսբենում քսանյակի գագաթնաժողովի ընթացքում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, խնդիրները հստակորեն տեսանելի էին: Եվրագոտին հավասարակշռում է անկման, բարձր գործազրկության, գների նվազեցման իրական ռիսկի հնարավոր երրորդ ալիքի եզրին: Ճգնաժամից դուրս գալու 1-ին փուլերին համաշխարհային աճի լոկոմոտիվ հանդիսացող զարգացող շուկաները դանդաղեցնում են շարժընթացը: Համաշխարհային տնտեսության այլ սպառնալիքների թվում առանձնացվել է համաշխարհային առեւտրի հետագա ազատականցման բանակցությունների լճացումը, Էբոլա վիրուսի տարածումը եւ Մերձավոր Արեւելքում առկա հակամարտությունը:

«Լուսանցք» թիվ 38 (343), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։