Արեւմուտքը հասկանում եւ աջակցում է Հայաստանին – Ռուսական ձգտումների համար ոչ ցանկալի իրավիճակ… Ռուսաստանի եւ աշխարհի խաղային տարբերություն…

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Բեռլինից իր հորդորն է ուղղել Արեւմուտքին՝ հրաժարվելու պատժամիջոցներից եւ լսելու այն, ինչ ասել է Վլադիմիր Պուտինը: Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ միմյանց մեղադրելուց անցնել համագործակցության եզրեր գտնելուն, կամաց-կամաց պետք է դադարեցնել պատժամիջոցները, որոնք վնասակար են երկու կողմերին եւ առաջին հերթին պատժամիջոցներից ազատել քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք եւս միանան լուծումների որոնմանը:

Ավստրալիական Բրիսբենում աշխարհի խոշոր տնտեսությունների ղեկավարները մասնայցեցին հերթական «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին: Իհարկե, սա առիթ էր նաեւ Արեւմուտքի երկրների եւ Ռուսաստանի նախագահների թեկուզեւ կարճ հանդիպման համար: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը անգամ ոտքի վրա անցկացրեցին իրենց «հանդիպումը» եւ մի քանի րոպեների ընթացքում միմյանց փոխանցեցին այն հարցերն ու պատասխանները, հատկապես ուկրաինական ճգնաժամի հարցով, որոնք կարող են օգտակար լինել միջազգային սրված իրավիճակը կայունացնելու համար:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն էլ կարեւորեցին Իրաքում եւ Սիրիայում  քաղաքացիական պատերազմի եւ ծայրահեղականության առկա վտանգները:

Հիմնական մասնակիցների հետ Բրիսբեն էին եկել նաեւ հակագլոբալիստները՝ արդեն ավանդական դարձած բողոքի ցույցերին մասնակցելու համար: «Համաշխարհային առաջնորդները կարող են փրկել շատ կյանքեր՝ վերաբաշխելով հարկերը, պայքարելով օֆշորի դեմ, որտեղ հարուստները թաքցնում են իրենց գերշահույթները,- ասում է «Օքսֆեմ» կազմակերպության ներկայացուցիչը,– անհրաժեշտ է զբաղվել աճող անհավասարության խնդրով: Մենք ձեզ հետ միասին այսօր հետեւում ենք, թե ինչպես մոլորակի ամբողջ հարստությունն ընկնում է գերհարուստների ձեռքը»: Իսկ Սիդնեյի հայտնի Բոնդի Բիչ ծովափում ցույց էին կազմակերպել ակտիվիստ-բնապահպանները, որի նպատակն էր ցույց տալ իշխանության վերաբերմունքը համաշխարհային գլոբալ տաքացման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերում:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է «Մեծ քսանյակ»-ի երկրների ղեկավարներին, քանի որ հաջորդ հանդիպումը կանցնի թուրքական կողմի նախագահությամբ եւ վստահաբար քննարկվել են Արցախյան հակամարտությունն ու վերջին իրադարձություն ները սահմանային գոտիներում, ինչպեսեւ՝ հայ-թուրքական արձանագրությունների սառեցված հարցը:

Այս ամենը ենթադրել է տալիս, որ «Մեծ քսանյակ»-ի որոշումները կարող են նոր ազդեցություն ունենալ համաշխարհային առկա իրավիճակի վրա:

Եվ այս առումով շատ կարեւոր է, որ ԵՄ-ն պատրաստ է զարգացնել ՀՀ-ի հետ համագործակցությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպական Միության խորհրդի Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի՝ COEST-ի (Համագործակցություն Արեւելյան Եվրոպայի երկրների հետ) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպական խորհրդի քարտուղարության, ԵՄ արտաքին գործերի ծառայության, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները եւ ԵՄ երկու տասնյակից ավել անդամ պետությունների դիվանագետները:

Հայկական կողմից անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին, հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության եւ 2015թ. Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հետ կապված հարցերին:

COEST-ի պատվիրակության համակարգող Պետերի Վուորիմյակին իր հերթին ընդգծել է, որ ԵՄ-ը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը՝ նկատելով, որ պատվիրակության անդամների տպավորիչ քանակը լավագույնս վկայում է Հայաստանի հանդեպ ԵՄ կողմից տածած հետաքրքրության մասին:

Նշենք, որ COEST-ը ԵՄ խորհրդի աշխատանքներին աջակցող մասնագիտացված աշխատանքային խմբերից մեկն է, որի գործունեության կենտրոնում են Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների Եվրոպական Միության հետ հարաբերությունների բոլոր ուղղությունները: Խմբի գործունեությունը ներառում է նաեւ ԵՄ հետ բազմակողմ համագործակցության մի շարք շրջանակներ, ինչպիսիք են, օրինակ, Արեւելյան գործընկերությունը եւ նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքանության ձեւաչափը: Սա COEST-ի ներկայացուցիչների երկրորդ այցն էր Հայաստան: Առաջին փաստահավաք այցը Հայաստան տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ՝ 2004թ:

Իսկ Բրյուսելում, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը, Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հանդիպել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: «ԵՄ-ն եւ ՀՀ-ն հաստատակամ են շարունակել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների ուղղությամբ: Մենք աջակցում ենք Հայաստանի արդիականացմանն ուղղված ջանքերին եւ կշարունակենք քաջալերել անհրաժեշտ բարեփոխումները»,- ասել է հանձնակատար Հանը:

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող Միասնական աջակցության շրջանակային փաստաթղթի մեկնարկի մասին: Փաստաթղթով հստակեցվում են 2014-2017թթ. ընթացքում ԵՄ-ՀՀ համագործակցության ռազմավարական նպատակներն ու առաջնահերթ ուղղությունները: Բարեփոխումները կիրականացվեն 3 առաջնահերթ ոլորտներում՝ մասնավոր հատվածում, հանրային կառավարման եւ արդարադատության ոլորտներում: Հավելյալ աջակցություն կտրամադրվի պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության արդիականացմանը:

Հանձնակատարը հայտարարել է նաեւ, որ Միասնական աջակցության շրջանակային փաստաթղթի ներքո ԵՄ օժանդակության առաջին ծրագրով 2014թ. ընթացում Հայաստանը կստանա 19 միլիոն եվրո՝ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու համար: Օժանդակությունը տրամադրվում է Արեւելյան գործընկերության շրջանակներում: Փոքր ու միջին գործարարներին տրվող աջակցությունը երկարաժամկետ կտրվածքով կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, մասնավոր հատվածի զարգացմանը, կավելացնի Հայաստանի տնտեսական մրցունակությունը: Մարդու իրավունքների ոլորտում իրականացվող նոր ծրագիրն էլ կօգնի բարելավել օրենսդրությունը՝ ազատ ընտրությունների, կտտանքների կանխարգելման, խտրականության դեմ պայքարի, գենդերային հավասարության եւ երեխաների պաշտպանության ոլորտներում:

ԵՄ հանձնակատարն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ստորագրեցին նաեւ «Գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ոլորտային աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը, որով հավելյալ 25 միլիոն եվրո կտրամադրվի ոլորտը զարգացնելու համար:

ԵՄ-ն չի թաքցնում, որ չնայած Մաքսային միության պայմանագրին միանալու Հայաստանի որոշմանը, Հայաստանի հետ կստորագրվի նաեւ ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Իհարկե սա անհանգստացնում է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Թուրքիային ու Ադրբեջանին:Վերջին երկուսին իհարկե այլ առումով: Դրա համար էլ այս երկուսը փորձում են գոնե ԵԽԽՎ-ում խնդիրներ առաջացնել Հայաստանի համար: Վերջերս ԵԽԽՎ-ի քաղաքական կոմիտեն քննարկեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստման հարցը եւ այդ խնդրով զեկուցող նշանակեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով հայտնի է ԵԽԽՎ-ում որպես ադրբեջանական խայտառակությունների պարտակող: Բրիտանացի այս պահպանողական պատգամավորը ԵԽԽՎ-ում ադրբեջանական իշխանությունների կարկառուն պաշտպաններից է վաղուց, հիշեցնենք, որ  2013թ. տեղի ունեցած ադրբեջանական նախագահական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն էր եւ այս խմբի դիտորդները «ադրբեջանական խանի վերընտրությունը» գնահատեցին «ազատ, անկախ եւ թափանցիկ», ի տարբերություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, որն այն որակել էր, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական:

Հայտնի խավիարակերների կամ նավթադոլարների եվրագերիների՝ Բաքու այցելությունները, իհարկե, չեն կարող խոչընդոտել հայկական կողմի հաջողությունները, եթե դրանք շարունակվեն նույն ոճով, արտաքին փոխլրացնող համադրելի քաղաքականությամբ եւ երկբեւեռ աշխարհի հետ համահունչ ու հայանպաստ քայլերով:

Նարե Մշեցյան

Ռուսաստանի եւ աշխարհի խաղային տարբերությունը

Առիթով ասել էի, որ Հայաստանի գլխին աշխարհն ու Ռոսաստանը նույն խաղն են խաղում: Բայց աշխարհն իր իսկ համար մի լավ հատկանիշ ունի՝ նուրբ է խաղում: Ռուսաստանը գռեհիկ է բոլոր առումներով: Ընթերցողին համոզելու փոխարեն ընդամենը որոշ փաստեր մեջբերեմ:

Գործադիրի վերջին նիստում ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման հետ կապված երկու հարց քննարկվեց՝ երկարաձգման աշխատանքների ֆինանսավորմանը եւ երկարաձգման հարցում համագործակցությանն առնչվող:

Մեկ այլ որոշմամբ կառավարության նիստում հավանություն տրվեց ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի մինեւ 2014թ. սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրին:

Ըստ այս փաստաթղթերի, Ռուսաստանն ու Ասիական զարգացման բանկը մեզ վարկ են տալիս: Առաջինի մասով համաձայնագրի համաձայն, ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչեւ 270 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար: Հայկական կողմը վարկը կգործածի ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչեւ 90%-ի ֆինանսավորման համար: Կանխավճարային վճարումները կկազմեն յուրաքանչյուր պայմանագրի արժեքի 10%-ից ոչ պակասը եւ կիրականացվեն ռուսական կողմից ռուսական ռուբլիով՝ հօգուտ ռուսաստանյան լիազորված կազմակերպությունների՝ հայկական կողմին մինչեւ 30 մլն ԱՄՆ դոլարի չափով անհատույց ֆինանսական օգնության տրամադրման շրջանակներում:

Վարկը կօգտագործի 2014-2018թթ.: Վարկի օգտագործման ժամկետը լրանալիս հայկական կողմը 30 օրացուցային օրում ռուսական կողմի օգտին կոմիսիոն վճարում կանի չօգտագործված գումարի 1%-ի չափով: Նշված վճարումը կկատարվի ԱՄՆ դոլարով կամ ռուսական ռուբլիով:

Ինչ վերաբերում է վարկի մարմանը, ապա հայկական կողմը վարկի փաստացի օգտագործված գումարը կմարի 10 տարվա ընթացքում՝ հավասարաչափ կիսամյակային վճարումներով, յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին: Ընդ որում՝ վարկի մարման գծով առաջին վճարումը կկատարվի 2019թ. հունվարի 15-ին: Վարկը հաշվարկված է տարեկան 3% տոկոսադրույքով:

Գանք ԱԶԲ-ի տրամադրած վարկին՝ 37 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ՝ 25 տարի մարման ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետ, տոկոսադրույքը տարեկան 2%: Նկատվե՞ց տարբերությունը: Ծրագիրն իրականացվելու է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից: Նախատեսվում է ընդլայնել վերահսկման եւ տվյալների ձեռքբերման SCADA եւ էներգիայի կառավարման համակարգերը, ինչպես նաեւ վերակառուցել 220 կՎ «Ագարակ-2» եւ «Շինուհայր» ենթակայանները: Ակնկալվում է ծրագիրն ավարտել 2019 թ. դեկտեմբերի 31-ին:

Նախորդ տարիների ընթացքում Համաշխարհային բանկի աջակցությամբ «Շինուհայր» 220 կՎ ենթակայանը մասնակիորեն վերակառուցվել է: Ենթակայանում փոխարինվել են առաջնային լարման 220 կՎ լարման սարքվածքները, սակայն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի սարքվածքները հնացած են եւ չեն բավարարում հուսալի ու անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջները: Իսկ «Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական 230 կՎ լարման ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 38 (343), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։