Վրեժ, որ արդարացված է լինելու – Միջազգային ծաղրածուները չեն կարողանու՞մ ստիպել Բաքվին…Ափսոս, որ ՀՀ նախագահը գրոհով վերցնելու հրաման չի տվել… Կլինեն անսպասելի եւ անհամաչափ հետեւանքներ… Ծնկաչոք հրադադար են մուրալու…

Անզեն ուղղաթիռ խոցելը Ադրբեջանի կողմից 20 տարվա ընթացքում հրադադարի ամենադաժան խախտումն էր. հայտարարում են գրեթե բոլոր հայկական ու միջազգային լրատվամիջոցները: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը դատապարտող հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ադրբեջանական իշխանությունն է պատասխանատու այս ամենի համար, եւ որ «այս սադրանքը զրոյացնում է Ադրբեջանի պարտավորությունները: Ընդամենը մի քանի օր հետո խախտելով Ֆրանսիային տված խոստումը՝ ադրբեջանական իշխանությունը ցույց տվեց, որ չի կարող վստահելի գործընկեր լինել տարածաշրջանում: Բոլորն էլ համոզմունք են հայտնում, որ Ադրբեջանը զուր ջանքեր է գործադրում սպառնալ ԼՂ-ի բնակչությանը, ինչպես նաեւ ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների նրանց իրավունքին՝ խոցելով անզեն ուղղաթիռներ կամ սպանելով խաղաղ քաղաքացիներին: Այս կարծիքին են նաեւ միջազգային կամակերպությունների եւ Եվրախորհրդարանի անդամները, որոնք եւս հայտնել են իրենց մտահոգությունը»:

Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ԼՂ հակամարտության երկու կողմերին հորդորել է զերծ մնալ հետագա գործողություններից, ինչը ծիծաղելիորեն կրկնում է միջազգային քաղաքական ու քաղաքացիական կազմակերպությունների երկակի ու երկերեսանի հայտարարությունները: Հանկարծ ՆԱՏՕ-ին մտահոգել է, որ Հայաստանը խիստ տրամադրվել է պատասխան հարված հասցնելու եւ այս արեւմտյան պարոնները «մտահոգված լինելով վերջին զեկույցներով Ադրբեջանի զինված ուժերի՝ հայկական ուղղաթիռի խոցման մասին, կարծում եմ, որ անկախ միջադեպի հանգամանքներից, երկու կողմերն էլ պետք է հանգստություն պահպանեն եւ շարունակեն խնդրի դիվանագիտական լուծման տարբերակների փնտրտուքը»: Եթե այդքան շատ եք ուզում հայկական կողմի պատասխանը կանխել, Արցախի իշխանություններին հանձնեք հայկական ուղղաթիռը ոչնչացնելու հրաման տվողին եւ դա կատարողին, ում հերոսացրել են Ադրբեջանում, եւ հայկական կողմը գուցեեւ չմտածի պատժիչ հարվածի մասին: Թե չէ եվրա-լո-լո-ները արդեն թուրք-քրդական լո-լո-ներ են հիշեցնում… Ինչպե՞ս է լինում, որ օրեր շարունակ միջազգային դիտորդները կամ Կարմիր խաչ կոչվածը չեն կարողանում համոզել Ադրբեջանի իշխանություններին, որ հետաքննեն դեպքը եւ հայ զինվորների դին հանձնեն հարազատներին: Սա եվրախեղկատակության ամենացայտուն դրսեւորումներից է: Իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կրկնապատկման ջանքեր, ինչպեսեւ լարվածության նվազեցման մասին երգերը այլեւս հետաքրքիր չեն մեզ համար:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ուղղաթիռին մոտենալու խնդիրը քննարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ափսոս, որ նախագահը այն գրոհով վերցնելու հրաման չի տվել:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւս անզոր եղավ ուղղաթիռի անկման վայրում շուտափույթ մոնիտորինգի անցկացման անհրաժեշտությունը ստանալու, օդաչուների ճակատագրի հստակեցման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացման հարցում: Ավելի վաղ այդ հարցով ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովն էր դիմել Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը, որն էլ իր հերթին դիմել էր պաշտոնական Բաքվին:

Հուսադրող է, որ պատասխան հարվածի մասին խոսել են բոլոր պետական ու քաղաքական ղեկավարները, «Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ գործողություններ»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ պաշտոնապես հավաստել պատասխան հարվածը տալու մասին, նույնն են ասել նաեւ մեր երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը հավելել է, որ «ադրբեջանցիների լկտի պահվածքին համարժեք կամ մի քիչ էլ անհամաչափ պատասխան անկասկած տրվելու է»: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը եւ ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ավելի հստակ են արտահայտվել, որ «աննախադեպ լարման հետեւանքները ադրբեջանական կողմի համար կլինեն անսպասելի եւ շատ ցավոտ»։ «Ծնկաչոք հրադադար եք մուրալու. անվերջ ու անսպառ չէ մեր համբերությունը»,- հայ երկրապահների, բոլոր ազատամարտիկների անունից ասել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Արցախյան պատերազմի վետերանները պատրաստակամ են անհրաժեշտ պահին, զենքը ձեռքին, կանգնել սահմանային առաջնագծում՝ երաշխավորելու համար Հայաստանի եւ հայկական Արցախ պետության բնակիչների անդորրը: ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը նույնպես կտրուկ է խոսել այս հարցով՝ ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Անդրեյ Պոպովի, Ջեյմս Ուորլիկի, Պիեռ Անդրիոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի Անջեյ Կասպրչիկի զեկույցների: Շատ լավ է, որ արձագանք եղավ նաեւ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, թե՝ «արտաքին վտանգի դեպքում միասնական ենք» եւ պատրաստ սատարելու մեր զինված ուժերին:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 38 (343), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։