Էս փշալարն իմն է, եւ սահմանն էլ իմն է – ռուս-թուրքական հանդիպում Հայաստանում՝ առանց հայի մասնակցվությա՞ն… Սահմանամերձ գյուղերը՝ սահմանապահ դիրքեր – Առաջին պաշտպանիչ պատը՝ Բերքաբերում…

Էս փշալարն իմն է, եւ սահմանն էլ իմն է

Համացանցում տեղեկություն տարածվեց, թե անցած շաբաթ հայ-թուրքական սահմանագոտում տեղի է ունեցել թուրք եւ ռուս սահմանապահների հերթական հանդիպումը, որն աշխատանքային բնույթ է կրել: Հիշեցնենք, որ նման հանդիպումների մասին երբեմն լուրեր են պտտվում: (Հիշեցնենք նաեւ, որ ռուս սահմանապահների հսկելու ժամանակ էր, որ ամիսներ առաջ ինչ-որ թուրքեր էին անցել հայկական սահմանը եւ մտել մեր երկրի տարածք…):

Այնուհետեւ ՍիվիլՆեթ-ը հայտնեց, որ այս մասին տեղեկացվել է ՀՀ-ում ՌԴ-ի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել սահմանին, այնուհետ շարունակվել է Գյումրիում, որտեղ քննարկվել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր: Թուրքական լրատվամիջոցներում տեղադրված լուսանկարներից պարզ չէ՝ հայկական կողմը ներկա՞ է եղել հանդիպանը, թե՞ ոչ: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից նաեւ հաղորդել են, որ պարբերական բնույթ կրող այդ հանդիպումները տեղի են ունենում հայկական կողմի հետ

նախկինում ստորագրված պայմանագրերի հիման վրա: «Հայկական կողմը տեղեկացված է այդ հանդիպումների մասին: Այս անգամ քննարկվել են Ախուրյան գետի ջրի մակարդակի ծրագրային չափման հարցերը: Նմանատիպ հանդիպումների ընթացքում սովորաբար քննարկվում են սահմանային արգելող նշանների ներկման եւ տեխնիկական այլ հարցեր»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունից: ՍիվիլՆեթ-ը ռուս եւ թուրք սահմանապահների հանդիպմանը հայկական կողմի մասնակցության վերաբերյալ հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին, ով խորհուրդ է տվել այդ հարցով դիմել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարությանը:

ԱԱԾ-ում հրաժարվել են պատասխանել ռուս եւ թուրք սահմանապահների հանդիպմանը հայկական կողմի մասնակցության վերաբերյալ հարցին՝ ընդգծելով, որ հայ-թուրքական սահմանին առնչվող բոլոր հարցերին իրավասու է պատասխանել միայն ռուսական կողմը: «Եթե Ռուսաստանի սահմանապահ ծառայությունում նշում են՝ հայկական կողմը մասնակցել է, ուրեմն մասնակցել է, եթե ոչ՝ ապա՝ ոչ»,- ասել են ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարությունում: Բա որ մի օր էլ ռուսն ասի՝ Հայաստան իմ «գուբեռնյան է», ուրեմն ասել է ու այդպե՞ս է…

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է այս թեմային, երկրի սահմանները հսկելու խնդրին: Մեր պատմության դառը փորձը ցույց է տալիս, որ ռուսն ու թուրքը հաճախ են իրար ձեռք բռնել՝ զոհաբերելով հայի շահերն ու նպատակները, եւ սա մեկ անգամ չէ, որ կրկնվել է: Այսպես էր նաեւ 1 դար առաջ, երբ հայը մեծագույն ողբերգություն ապրեց՝ ցեղասպանվեց ու կորցրեց հայրենիքի մեծ մասը… Երբ Անտանտի կողմից ոչնչացված Թուրքիան նորից վերհառնեց՝ նաեւ 1916-ի ռուս-թուրքական պայմանագրով… երբ 1918-ին ոչնչից ստեղծվեց Ադրբեջան, եւ հայկական տարածքները այստեղ էլ զոհաբերվեցին… Այսօր էլ այդպես է՝ ԱՊՀ անդամ Ռուսաստանն ու մյուսները դաշնակից հայերի շահերը հաճախ զոհաբերում են թյուրքականին…

Արման Դավթյան

Սահմանամերձ գյուղերը՝ սահմանապահ դիրքեր – Առաջին պաշտպանիչ պատը՝ Բերքաբերում

Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը ի վերջո հանգեցին միասնական տրամաբանության, որ սահմանամերձ գյուղերը իրապես երկրի սահմաններն են, իսկ բնակիչները՝ սահմանապահներ: Հաստատվել է  «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորում է կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Նախատեսված է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ մշտական բնակություն ունեցող անձանց որոշակի վարձավճարներ, տուրքեր եւ հարկեր կփոխհատուցվեն ՀՀ պետբյուջեի միջոցներից, աջակցություն կստանան սադրանքների պատճառով օթեւանից զրկված եւ վիրավորված քաղաքացիները՝ պետպատվերի շրջանակներում եւ այլն: Օրենքն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2018թ. հունվարի 1-ը:

Թշնամին սադրանքների ու խախտումների համար պարբերաբար թիրախ է ընտրում հենց սահմանամերձ գյուղերը՝ հատկապես դիպուկահարների միջոցով վնասելով մեր բնակիչներին, խանգարելով գյուղատնտեսական եւ այլ աշխատանքները կատարելիս: Կրակահերթեր են լինում նաեւ դպրոցների ու մանկապարտեզների ուղղությամբ, ինչը անընդհատ խաթարում է իրենց հոգսերով ապրող գյուղացիների կյանքն ու կենցաղը:

Տարբեր առաջարկների հետ եղավ նաեւ որոշակի բարձրությամբ պատ շարելու առաջարկը, որպեսզի հակառակորդը չկարողանա նկատել ու թիրախներ ընտրել սահմանամերձ գյուղերի տարածքներում: Սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակելի հատվածի հիմնական մասը հակառակորդի ուղիղ նշանառության տակ է: Օգոստոսյան հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ, ի թիվս սահմանամերձ այլ բնակավայրերի, Տավուշի Բերքաբերը նույնպես ենթարկվում էր անընդհատ հրետակոծության, թշնամու հիմնական թիրախը գյուղի դպրոցն էր: Երեխաների կյանքը վտանգված է հատկապես դասամիջոցի կամ դասերից ազատ ժամանակ, երբ նրանք խաղում են դպրոցի հարակից տարածքում:

Հաշվի առնելով հրետակոծության սպառնալիքի մշտական առկայությունը՝ երկաթբետոնե բարձր պատի կառուցումը, որպես պաշտպանության ամենահուսալի միջոց, այլընտրանք չունի: Շինարարական աշխատանքները, սակայն, ենթադրում էին որոշակի ծախսեր, որոնք, ներկա պայմաններում, հավելյալ բեռ էին առաջացնում գյուղի բյուջեի վրա:

Եվ ահա, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները, ծանոթանալով խնդրին, հաշվի առնելով դրա կարեւորությունն ու հրատապությունը, ինչպես նաեւ գյուղի սահմանափակ ֆինանսական հնարավորությունները, որոշեցին օգնության ձեռք մեկնել գյուղին: Սեփական միջոցներից գումար հատկացնելով՝ նրանք ձեռնամուխ եղան պաշտպանիչ պատի կառուցման գործին: Հարկ է նշել, որ աշխատանքներ իրականացնող շինկազմակերպությունը՝ «Շինտեխսերվիս» ՍՊԸ-ն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ պատասխանատվության ծրագրերից օրինակ վերցնելով, համաձայնել է մետաղյա շրջանակների եռակցման աշխատանքներն իրականացնել անվճար:

«Լուսանցք»-ը հրապարակելով այս հայրենանվեր գործի մասնակիցների անունները (թեեւ արդի չափանիշներով սա գովազդ է), ցանկանում է դրանց թիվը հաջորդ հրապարակմանը տեսնել ավելացած անուններով ու գործերով:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 38 (343), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։