Հանդուրժելը նույնպես պարտություն է – Պաշտոնական Երեւանը պետք է հասնի Ադրբեջանի դեմ պատժամիջոցների – հետո իր բանակցային տեղը սեղանի շուրջ պիտի զիջի պաշտոնական Ստեփանակերտին…

Հայկական կողմի արձագանքերը ադրբեջանական հերթական սադրանքին, ըստ ամենայնի խուճապ է առաջացրել Ադրբեջանում, քանի որ հատկապես ադրբեջանական սահմանամերձ գյուղերի բնակիչներն ու դիրքապահները լավ գիտեն, թե ինչ է նշանակում՝ երբ հայը բացահայտ հայտարարում է վրեժ լուծելու մասին: Ըստ ամենայնի, այս խուճապը կանխելու համար Ադրբեջանի նախագահ եւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը մասնակցելով Շամքիրի ռազմական միավորման ռազմական ավանի տարածքում կառուցված շտաբի շենքի բացմանը, նորից ճոռոմաբանել է հզոր ադրբեջանական բանակի մասին:

Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զեկուցել է գերագույն գլխավոր հրամանատարին կատարված աշխատանքների եւ ծրագրերի մասին, ով էլ ծանոթացել է նորակառույց շտաբի շենքին, անգամ նրա ղեկավարությամբ օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել: Պաշտպանության նախարարը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանում եւ Ադրբեջանի ու Հայաստանի ԶՈւ-երի շփման գծում առկա իրավիճակի մասին: Եվ այստեղ նորից իր խեղկատակությամբ աչքի է ընկել Իլհամ Ալիեւը, նա քննադատել է հայկական զինված ուժերի վերջին սադրանքը՝ կապված շփման գծի խախտման հետ եւ բարձր է գնահատել Ադրբեջանի ԶՈւ գործողությունները՝ ուղղված այդ սադրանքի կանխմանը: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ադրբեջանական մարտունակ բանակը այսուհետ էլ արժանի պատասխան կտա հակառակորդի սադրիչ գործողություններին:

Այսքան համարձակ նախագահը, առանձնանալով հասկացել է, որ ավելի է սրել իրավիճակը իր բարբաջանքներով ու նամակ է գրել ռուսաց թագավորին՝ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օգտագործել իր հեղինակությունը հայերին զսպելու համար:

Սա արդեն սառը ցնցուղ էր ադրբեջանցիների համար, քանի որ «հզոր ադրբեջանական բանակի» գլխավոր հրամանատարը վախից նամակ էր գրել… Ադրբեջանական մամուլում առանց այդ էլ քեֆ-ուրախություն չկար, զգայացունց հոդվածներ չէին հրապարակվել… հակառակը՝ անհանգիստ սպասում էին հայերի արձագանքին… Այդ պատասխանը արդեն զարհուրելի էր նրանց համար, եւ ահա, «խրոխտ» Ալիեւը խորհրդականի միջոցով հայերի «բարեկամ» Պուտինին նամակ է գրել՝ խնդրելով օգտագործել իր հեղինակությունը, կրկնվենք, հայերին զսպելու համար…

Հետաքրքիրն այն է, որ թուրքական զլմ-ները եւս վախեցած են, գիտեն, որ հայերն այլեւս անպատասխան չեն թողնում ադրբեջանական սադրանքները: Ու չնայած ներկայացրել են, թե ոչնչացվել է Հայաստանի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռ, բայց նյութերի այնպիսի վերնագրեր էին ընտրվում, որ հնչում էր այսպես. «Ադրբեջանը Հայաստանի ուղղաթիռ է խոցել, բայց շատ թանկ է վճարելու…»:

«Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- այդ օրերին Բաքվում  Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա նշել է, որ այն իրադրությունը, որն այսօր առկա է Ղարաբաղում, իրենց դուր չի գալիս. «Մեր ցանկությունն է, որպեսզի այդ տարածաշրջանում արդարություն լինի, խաղաղություն, կայունություն եւ բարեկամություն հաստատվի»: Ադրբեջանի եւ Իրանի նախագահների ասուլիսը կայացավ հայկական Մի-24 ուղղաթիռի կործանումից բառացիորեն մի քանի ժամ անց: Եվ 1994թ.-ից ի վեր շփման գծում տեղի ունեցած աննախադեպ այս միջադեպից հետո հնչեցրած իր առաջին իսկ ելույթում Իլհամ Ալիեւը կրկին պնդում էր, որ պաշտոնական Բաքուն կանի ամեն ինչ Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները հետ բերելու համար՝ այդ թվում Իրանի օգնությամբ:

Սակայն իրանական կողմը հստակ հասկացրել է, որ Արցախի հարցը չի կարող ուժային լուծում ստանալ: Զարմանալի է, բայց Իրանի նախագահը չի էլ ակնարկել, որ իրանական տարածքների վրա աչք տնկած Ադրբեջանը ի՞նչ ենթադրություններով է առաջնորդվել, որ ակնկալում է Արցախը «հետ ստանալ նաեւ Իրանի օգնությամբ»:

Ինչպես սպասելի էր, Վրաստանից մի կարգին արձագանք չեղավ, ինչը «ադրբեջանցիների եղբայր» եւ «հայերի բարեկամ» վրացիների դեպքում նորմալ է: Ինչը մի այլ կարգի խեղկատակություն է:

Երկար ժամանակ խոսք չէր լինում ԱՊՀ-ի դեմ ստեղծված ՎՈւԱՄ-ից: «Այս դաշինքի երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա, Ուզբեկստանը վաղուց դուրս է եկել) տուժում են իրենց տարածքների մի մասի օկուպացիայից, դրա համար էլ անհրաժեշտ է հակամարտության կարգավորման խաղաղ միջոցներ»,- ասել է ՎՈւԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին՝ մեկնաբանելով Ադրբեջանի եւ Հայաստանի զորքերի շփման գծում վերջին իրադարձությունները. «Դա ցավոք կարելի է ասել, ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտությունն է, նման իրավիճակ ստեղծվում է հակամարտությունների ողջ պարագծով: Քանի դեռ չի լուծվել արմատական խնդիրը, քանի դեռ տարածքների մի մասը օկուպացվելու է եւ այնտեղ ապօրինի գտնվելու են մյուս պետությունների զորքերը, նման հակամարտությունները տեղի են ունենալու եւ շատ դժվար է լինելու խուսափել դրանցից»: Ընդգծվել է նաեւ, որ ՎՈւԱՄ-ի տարածությունում համակամարտությունների միջեւ շատ նմանություններ կան, սակայն յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատմությունն ու կարգավորման իր ձեւաչափը: Ահա հենց սա էլ կարելի է համարել Վրաստանի տեսակետը:

«Անկարան հետաքրքրված է Հարավային Կովկասում հակամարտության դադարեցմամբ եւ կշարունակի ատիվ քաղաքականություն անցկացնել Հարավային Կովկասում հակամարտության (ղարաբաղյան հակամարտության) դադարեցման համար»,- Ֆիլիպիններ այցի ընթացքում շտապել է հայտարարել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքով, Թուրքիայի համար առաջնահերթություն է տարածաշրջանում ու հարեւան երկրներում կայունությունը: Սա շատ նման է «0 խնդիր հարեւանների հետ» սինաբանությանը, ինչը եւս զարմանալի չէ:

«Մինչ հրադադարի խախտման նոր եղանակի կիրառման մասին որոշում կայացնելը, Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը զլացել է հաշվարկել, թե արդյոք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի՞ գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման արդյունքում ստեղծված նոր իրողությանը: «Ուղեկից վնաս ասելով նկատի ունեմ ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները, եւ իհարկե՝ բանակցային գործընթացի խափանման եւ հրադադարի ամրապնդման ուղված ջանքերի չեղարկման վտանգը: Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները եւ առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար»:

Այո, ճիշտ կլիներ, որ համապատասխան պատժի իրականացման հետ դադարեցվեր բանակցային գործընթացը, մինչեւ միջազգային կոչված հանրությունն ու կազմակերպությունները պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ: Այս երկիրը վստահելի գործընկեր չէ ոչ մեկի համար, քանզի այդ երկրի նախագահը ստախոս է ու երդմնազանց: Ու արդեն քանիցս: Իսկ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից հետո պաշտոնական Երեւանը պարզապես իր բանակցային տեղը սեղանի շուրջ պիտի զիջի պաշտոնական Ստեփանակերտին: Այլապես կրկնվելու է հին ու նույն կոտրած տաշտակի պատմությունը: Կամ էլ՝ պետք է ի վերջո դիտարկել հայկական երկու հանրապետությունների վերամիավորման հարցը եւ, միաժամանակ, հայկական կողմի՝ բանակցային սեղանի շուրջ նորովի վերադառնալը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 38 (343), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։