Պաշտոնանկության պահա՞նջ, թե՞ «լակմուսի» թուղթ… Ընդդիմադիր դաշտի կայացման նոր փորձերը… Հայաստանը կոլապսի մեջ չի՞ հայտնվի… Նոր տարի նաիրիտցիներն էլ կանեն…

Եռյակում իրավիճակը մերթ ընդ մերթ դուրս է գալիս հսկողությունից, չնայած հավաստիացումներին, որ պառակտվելու միտում չկա, այնուամենայնիվ գործողություններն այլ բան են հուշում։ Ոչ իշխանականների նախկին եռամիասնության փոխարեն, այժմ առանձին-առանձին, երբեմն էլ անհասկանալի քայլեր են կատարվում, ինչը հավաստում է, որ եռյակը լուրջ խնդիրներ ունի ներսում: ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը իր «ճանապարհային քարտեզն» է ներկայացրել եւ կազմակերպության գրասենյակները շարժման գրասենյակների է վերածում ԲՀԿ-ն: «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալիս հռչակագրով եւ առաջարկում շարժման վերաբերյալ որոշումներն արձանագրել փաստաթղթում: ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին դուր չի գալիս, որ ԲՀԿ-ն միանձնյա որոշումներով առաջնորդում է եռյակը եւ էլի նման բաներ:

Այս ընդդիմությունը կարծես արժանանալու է իր նախորդի ճակատագրին, բայց ավելի ծանր հետեւանքներով: Եթե քառյակը գոնե եռյակի վերածվեց, ապա եռյակը դժվար թե երկյակով փոխարինվի, քանի որ նման հեռանկարով ընդդիմությունն այլեւս չի կարող միասնական կոչվել ու առաջատար դիրքեր ունենալ:

Սա հասկանում են ինչպես խորհրդարանական ընդդիմադիրները, այնպես էլ արտախորհրդարանական, որոնք սկսել են հանդիպումներ իրականացնել ընդդիմադիր ուժերից որեւէ մեկի հետ: Իսկ որոշ պատգամավորներ էլ նոր քայլերի են գնում՝ խորտակվող եռյակից հետո ընդդիմադիր դաշտը վերցնելու ցանկությամբ: Այսպես, հայտնվեցին պատգամավորներ, ովքեր ողջունելի համարեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ-ում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու մտադրությունը՝ «ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ շրջանառության մեջ դնելը»: Նախկինում այս պահանջով հանդես էր եկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով եւս ողջունել է իր գործընկերոջ քայլը: Նա հիշեցրել է, որ «ԱԺ-ի ամբողջական իշխանափոխության մասին հայտարարած ուժերին» եւս նամակ է հասցեագրել 8 կետից կազմված, ինչը նաեւ հանրային պահանջն էր, բայց ընդդիմությունը շատ կոպիտ պատասխաններ տվեց այդ ուղերձին:

ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթացը կյանքի կոչելու համար անհրաժեշտ պայման է քաղաքական ուժերի միասնական որոշումը եւ գործելակերպը« կարծում են ընդդիմադիր պատգամավորներից ոմանք, ինչն օրակարգային կդարձնի այդ խնդիրը:

Սակայն ինչպես ընդդիմադիր եռյակի, այնպես էլ մյուս ընդդիմադիր ուժերի միասնականացման փորձերը անհաջող ընթացք են ունենում, իսկ առանց համապատասխան պատգամավորական թվաքանակ ապահովելու՝ պաշտոնանկության մասին խոսելը կմնա որպես հերթական խոստում սեփական ընտրազանգվածին:

ԱԺ ոչ իշխանական ուժերը դժվար թե միանան այդ նախաձեռնությանը, թեեւ ոմանց կարծիքով սա հոյակապ հնարավորություն է ցույց տալու, թե որ ուժը իրականում ինչ նպատակներ ունի դաշտում: Երեւի նախաձեռնության հեղինակը եւ միանալու կոչ անող պատգամավորները ենթադրել են« որ այն ուժերը, որոնք ցույցեր են անում« հայտարարում, թե հրաժարականի պահանջ են դնելու, վաղ թե ուշ պետք է միանան այս նախաձեռնությանը:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ եռյակը ձգձգեց գործընթացը եւ պաշտոնանկության նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանն է հանդես գալիս, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան հայտնեց, որ ոմանք այս քայլը՝ իբրեւ լակմուսային թուղթ են համարում ընդդիմադիր դաշտի համար՝ եթե չմիանան դրան« ապա պարզ կլինի« թե ով ով է դաշտում: Բայց ինքը համաձայն չէ. «Ես էլ կարող եմ ասել, որ մինչեւ 2013թ. նախագահական ընտրությունների քվեարկության օրը ով չէր պաշտպանում Րաֆֆի Հովհաննիսյանին, ուրեմն իրենք լրիվ իշխանական են… «լակմուսի շատ թղթեր կան« դրա համար չեմ կարծում, որ «լակմուսային թուղթ» արտահայտությամբ պետք է ընդդիմադիրը ընդդիմադիրի հետ խոսի: Ամեն դեպքում այն, որ Ժառանգություն»-ը Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջում է՝ մենք կուսակցության հայտարարությամբ ենք ընդունել, ուստիեւ այդ լակմուսային թուղթը հաստատ «Ժառանգության»-ը չի վերաբերվում»: Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության հիմքում ընդդիմադիր բեւեռը զբաղեցնելն ու հիմնավորվելն է՝ 2017-2018թթ-ի ընտրություններից առաջ: Ի տարբերություն իշխանական դաշտի, ընդդիմադիր դաշտն անսահման է եւ ցանկացած ոք, որ ցանկանում է այդ դաշտում տեղ ունենա, որեւէ խնդիր այդ իմաստով չունի, կարող է հանգիստ այդ դաշտում միանգամից իր տեղը զբաղեցնել: Եռյակի մյուս անդամները դեռ չեն արտահայտվել պաշտոնապես:

Իսկ ամբողջ խնդիրն այն է, թե հասարակությունը ինչպես դրան կարձագանքի եւ ինչպիսի աջակցություն կունենա տվյալ ընդդիմադիր ուժը հենց հանրության շրջանում: Խնդիրը միայն դա է, թե չէ դաշտն անսահման է. ոչ միայն խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերն էլ ասելիք ունեն:

Արման Դավթյան

Ընդդիմադիր դաշտի կայացման նոր փորձերը

ԲՀԿ-ն շարունակում է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները եւ փորձում ձեւավորել սեփական ընդդիմադիր բեւեռը: Օրեր առաջ խոսք եղավ, որ հանդիպել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Հանդիպումը ոչ պաշտոնական է եղել եւ շատ մանրամասներ չեն հրապարկվել, իսկ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններ տալ հանդիպման մասին:

ՕԵԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հաստատեց, որ այդ հանդիպումը ոչ պաշտոնական է եղել, բայց մեկնաբանություններ չեն կարող տալ: Ընդգծեց, որ «Բաղդասարյանն ու Ծառուկյանը հակառակորդներ չեն եղել, իսկ հանդիպման ժամանակ էլ ուղղակի խոսել են հետաքրքրություններ ներկայացնող հարցերից»:

Չի քննարկվել ՕԵԿ-ի՝ եռյակին միանալու մասին նոր քննարկումների հնարավորությունը:

ՕԵԿ-ից հայտարարում են, որ իրենք ունեն իրենց քաղաքական օրակարգն ու մոտեցումները, իսկ եռյակում հավաքական ուժեր են, որոնք տեւական ժամանակ է միասին են աշխատում:

Եռյակի մյուս անդամների մեկնաբանությունները եւս ոչ պաշտոնական են: Բայց ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը թույլ չեն տա ՕԵԿ-ին եռյակը քառյակի վերածելու:

Դեռ քառյակի ժամանակ մերժված ՕԵԿ-ը փորձում է դուրս գալ միայնակ կարգավիճակից եւ, հասկանալով, որ ԲՀԿ-ն է եռյակի շարժիչ ուժը, նախաձեռնել է այս հանդիպումը: Սակայն նոր հեռանկար դեռ չի երեւում:

Հայաստանը կոլապսի մեջ չի՞ հայտնվի

«Իրավիճակը տիպիկ է Հայաստանի համար: Մենք պարբերաբար ունենում ենք նման իրավիճակներ« երբ այդպես կտրուկ սկսում է դրամը կամ դոլարն արժեւորվել»,- այս կարծիքին է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ոչինչ, մեր տնտեսվարողները ճարպիկ են, շատ արագ իրավիճակից ելք կգտնեն ու… կթանկացնեն ամեն բան: Գործատուների միության նախագահը չի ժխտում. «Ներմուծողներն արագ կողմնորոշվում են եւ օգտագործում են այս իրավիճակները հօգուտ իրենց: Նրանք պատճառաբանում են, որ ավելի թանկ են բերում, եւ գները պետք է բարձրացնեն: Կա գնաճի որոշակի միտում, որը մանավանդ տարվա վերջին հետաքրքիր է դրսեւորվում: Այս բոլորը կարող է գումարվել իրար՝ դոլարով պայմանավորված, զուտ հոգեբանական գնաճ, նոր տարվա գնաճ եւ այլն»:

ԵՏՄ-ին եւ Հայաստանին վերաբերող հարցերին (ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների համատեքստում) ի պատասխան տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ասաց, որ ինքը լավատես է, եւ Հայաստանը տնտեսական կոլապսի մեջ չի հայտնվի. «Իրավիճակից դուրս գալու շատ ելքեր կան: Չեմ կարծում, որ ՌԴ-ում տիրող իրավիճակն անպայման իր անդադարձը պետք է ունենա Հայաստանի վրա: Ճիշտ հակառակը, Հայաստանը պետք է կարողանա օգտվել Ռուսաստանում ռուբլու արժեզրկման իրավիճակից: Կարծում եմ, որ ԵՏՄ-ն միայն Ռուսաստան չէ, մեզ համար շատ օրինակելի է Ղազախստանի առաջընթացը վերջին տարիներին»:

Նոր տարի նաիրիտցիներն էլ կանեն

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եղել է «Նաիրիտ»-ում եւ վստահեցրել, որ մոտ օրերս գործարանի աշխատակիցները կստանան 1 ամսվա աշխատավարձ« իսկ դեկտեմբերին՝ եւս 1 ամսվա:

«Գիտակցում ենք, որ ՀՀ սահմանադրությամբ պարտավոր ենք պաշտպանել Ձեր իրավունքները: Եվ կառավարությունը եւ նախարարությունը պատրաստ են հետեւողական լինել: Լինել Ձեր կողքին եւ համապատասխան աջակցություն ցույց տալ ձեր խնդիրների լուծման գործում, բայց կառավարության կողմից արված յուրաքանչյուր քայլ պետք է լինի իրավական տեսանկյունից հիմնավորված»,- «Նաիրիտ»-ի աշխատակիցներին ասել է նախարարը:

Նախարարը միաժամանակ հավելել է, որ չվճարված աշխատավարձերին վերաբերող մնացած խնդիրներով պետք է զբաղվի գործարանի տնօրենների խորհուրդը:

Նախարար Զախարյանը տեղեկացրել է նաեւ, որ գործարանի աշխատակիցների կրճատման խնդիրը նույնպես տնօրենների խորհրդի իրավասությունների շրջանակներում է:

Պարզվում է, որ, նախարարի խոսքերով, այս ընթացքում գործարանի 178 աշխատակից ստացել է բավական բարձր աշխատավարձ՝ 400 հազարից մինչեւ 2 մլն 600 հազար դրամ, ինչը բոլորովին արդարացված չէ ստեղծված իրավիճակում:

Թե գործարանի խնդիրը երբ վերջնական լուծում կստանա, դեռ մշուշոտ է:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 39 (344), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։