Հայաստանը եւ Վրաստանը՝ դեպի Եվրոպա առաքող երկրներ – Հայաստանը պահպանում է իր կարեւորությունը Վրաստանի եւ Իրանի համար… Համագործակցություն ԵՏՄ-ԵՄ համապատկերում…

Հայաստանում նոր երկաթուղու խնդրին «Լուսանցք»-ն անդրադարձել է, նշել ենք, որ մեր կառավարությունը 2014թ. օգոստոսի 7-ին հավանություն էր տվել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծին: ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կոնցեսիոների կողմից միջազգային չափորոշիչների համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալները գործադիրի ղեկավար Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել:

Կոնցեսիոները արդեն ձեռնամուխ է եղել նախագծի պատվիրմանը, որին կհաջորդի շինարարության մեկնարկը: Տրանսպորտի եւ կապի նախարարությունն էլ կառավարություն է ներկայացրել գործնական առաջարկությունները, երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը եւ երկաթուղու կառուցման ծրագրի կառավարման սկզբունքների ու մեխանիզմների վերաբերյալ փաթեթը:

Դեռ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք է քննարկվել «Հայաստանի հարավային երկաթուղու» նախագիծը՝ «Ռասիա ՖԶԷ» (Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնադրված) ներդրումային ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկիի գլխավորած պատվիրակության հետ: Կարեւորելով նախագիծը, տրվել էր վերջինիս տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը: Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 305 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից եւ 60 թունելներից, կունենա 27 կայարան: Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ շինարարությունը կտեւի մինչեւ 6 տարի: Ըստ ներկայացված ծրագրի՝ շինաշխատանքները կարող են մեկնարկել 2016թ. եւ ավարտվել 2022թ.-ին: Մշակվել է աշխատանքների իրականացման «ճանապարհային քարտեզ», որպեսզի նախագիծը դառնա իրականություն, իսկ երկաթգծի նախագիծը մշակվել է Չինաստանի հաղորդակցության եւ շինարարության միջազգային ընկերության կողմից, որն այս բնագավառում ունի երկարատեւ փորձ ու մեծ ճանաչում: «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը աշխատանքներ է իրականացնում ներդրումների ներգրավման ուղղությամբ: Չինական բանկերը եւս հետաքրքություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ ու պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել ծրագրի 60%-ը, մնացյալ 40%-ի համար «Ռոսիա ՖԶԷ»-ն նախատեսում է ներգրավել այլ միջոցներ:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա երկրի հարավում ունենալ նոր ճանապարհ, որը կմիացնի հարավային ու հյուսիսային շրջանները: Այն նաեւ ունի ռազմավարական եւ տնտեսական առաջնային նշանակություն որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրում ապահովող ճանապարհ:

Հարավային երկաթուղին միացնելու է Գեղարքունիքի մարզի Գագարին կայարանը Սյունիքի մարզի Ագարակ բնակավայրին եւ նոր ելք է ապահովելու դեպի Իրան:

Վարկային միջոցների դիմաց մեր կառավարությունը պետական երաշխիքներ չի ստանձնելու, իսկ հավատարմագրային կառավարման հանձնելու հարցը կորոշվի հետագայում:

Այս նախագծի իրականացումը առավել կկարեւորվի, եթե բանակցությունները աբխազական երկաթուղու վերագործարկմանն ուղղված հաջողությամբ պսակվեն: Իսկ այդպիսի բանակցություններ ընթանում են ինչպես երկկողմ՝ Ռուսաստան-Վրաստան, այնպես էլ՝ Հայաստան-Վրաստան ձեւաչափով: Սա կարեւոր է Հայաստանի համար նաեւ ԵՏՄ-ԵՄ համագործակցության համապատկերում, քանի որ մեր երկիրը կարող է միջանկյան օղակ ԵՏՄ եւ ԵՄ անդամ երկրների ապրանքաշրջանառության հարցում: Հատկապես, որ ԵՄ-ն տրամադրված է Հայաստանի հետ կնքել Ասոցացման համաձայնագիրը, չնայած Երեւանն արդեն ստորագրել է Մաքսային պայմանագիրը:

Վրաստանը եւս ցանկանում է ինտեգրվել եվրոպական շուկային ու միաժամանակ պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Երեւանն ու Թբիլիսին այստեղ կարող են լինել դաշնակիցներ՝ միասին իրականացնելով ԵՏՄ-ՄՄ համագործակցությունը,  բայց կարող են լինել նաեւ մրցակիցներ, եթե Վրաստանը փորձի միայնակ լինել այդ կապող օղակը: Սակայն դա բարդ կլինի իրականացնել, քանի որ Մաքսայիւն միության՝ եվրոպական ներմուծումների դեմ խստացումը, ազդելու է նաեւ վրացական կողմի վրա եւ դա կարելի է մեղմել միայն Հայաստանի միջոցով:

«Ռուսաստանի հետ երկխոսությանն այլընտրանք չկա.- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին,- Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Եվրամիություն մտնելու մեր ձգտումը չի հակասում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեր ձգտմանը»: Նրա խոսքով՝ Վրաստանը բացառիկ նախադեպ կստեղծի ամբողջ աշխարհում, որ կկարողանա ինտեգրվել եվրոպական շուկային եւ միաժամանակ խաղաղ, հավասարակշռված ու բարեկամական հարաբերություններ ունենա բոլոր երկրների հետ: Ահա այսպիսի մի նախադեպ էլ Հայաստանը պետք է ստեղծի, ինչպես նշվեց վերեւում: Վրաստանի վարչապետը կարծիք է հայտնել, որ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը կգործի 2 տարուց: «Գռուզիա Օնլայն»-ի հաղորդմամբ, պատասխանելով հարցին, թե արդյոք դա չի բերի արտագաղթի տեմպերի ավելացմանը, վարչապետը նշել է, որ չի պատկերացնում, թե ինչու երիտասարդ տաղանդավոր մարդը պետք է մեկնի արտերկիր, եթե նա հեռանկար ունի իրեն սպառելու հայրենիքում. «Եթե մենք ստեղծենք այստեղ լավ պայմաններ, որոնց պարագայում մարդիկ կարող են իրենց սպառել, մենք նման խնդրի առաջ չենք կանգնի: Իհարկե, ինչ-որ մասը հաստատ կմեկնի երկրից, բայց դա կլինի անկախ նրանից՝ կա՞ վիզային ռեժիմ, թե՞ չկա»:

Դեռ հունիսին Թբիլիսին ԵՄ հետ ստորագրել է Ասոցացման եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը: Եվ այդ ժամանակ Մոսկվան հայտարարել էր, որ այդ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական շուկայի վրա բացասական հետեւանքների դեպքում կկիրառի պաշտպանական միջոցառումներ:

Իսկ հուլիսի վերջին Մոսկվան կասեցրեց ազատ առեւտրի մասին Վրաստանի հետ համաձայնագիրը: Համաձայնագրի կասեցումը կապված է այն հանգամանքի հետ, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրի դրույթների մեծ մասն ուժի մեջ էր մտնելու սեպտեմբերի 1-ից: Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը ենթադրում էր մաքսային տուրքերի, հարկերի վերացում, որոնք համաչափ ազդեցություն ունեին ապրանքների ներմուծման ու արտահանման վրա: Այդ կանոնները տարածվում են պայմանավորվող երկրների տարածքում արտադրված արտադրանքի վրա, այն ստորագրվել է համակողմանի առեւտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով:

Այս ընթացքում Մոսկվան նաեւ հարցումներ անցկացրեց եւ պարզվեց, որ ռուսաստանցիների կեսից ավելին (52% եւ 51%) կարծում են, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան պիտի լինեն անկախ երկրներ: 1 տարի առաջ Ռուսաստանի կազմում Աբխազիայի ընդգրկմանը դրական էին վերաբերվում ռուսաստանցիների 30%-ը, այժմ այդ ցուցանիշը կազմում է շուրջ 25%: Գրեթե նույն միտումը նկատվում է նաեւ Հարավային Օսիայի դեպքում: Եթե նախկինում Հարավային Օսիայի՝ ՌԴ-ին միանալուն կողմ էին հարցվածների 29%-ը՝ ապա ներկայումս միայն 24%-ը:

«Ռուսաստանի կասեցման որոշումը համաձայնագրի կասեցման վերաբերյալ որոշակի դժվարություններ կստեղծի վրացական առեւտրային համակարգում, սակայն Թբիլիսիի համար անսպասելի չէր իրադարձությունների նման զարգացումը եւ վրացական կողմն այստեղ ողբերգություն չի տեսնում»,- հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Իր հերթին խորհրդարանում մեծամասնության անդամ Լեւան Բերձենիշվիլին հայտարարել է, թե «հանուն ազատ առեւտրի Վրաստանը չի կարող ներել Ռուսաստանին օկուպացիան…»: Ըստ նրա. «Այս քայլը կանխատեսելի էր եւ կառավարությունը վստահ էր, որ այսպես է լինելու, քանի որ Մոսկվան նույն քայլն արեց նաեւ Մոլդովայի դեպքում: Սակայն, մեր ընտրությունը հարաբերություններն են Եվրոպայի հետ՝ 500-միլիոնանոց շուկայի օգտին: Հասկանալի է, որ դրան կհաջորդեն որոշակի դժվարություններ, համապատասխան տնտեսական գործընթացներ, որոնք չեն անդրադառնա վրաց-եվրոպական հարաբերությունների վրա եւ ընդհանրապես չեն անդրադառնա Վրաստանի տնտեսության վրա»: Ըստ խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Սաղանելիձեի՝ «Մոսկվայի հետ ազատ առեւտրի համաձայնության կասեցմումից վրացական տնտեսությունը չի տուժի: Այսօր եվրոպական շուկաներն ավելի մատչելի են դարձել վրաց ձեռնարկատերերի համար: Եթե վրացական արտադրանքն այլ գներով մուտք գործի ռուսական շուկա, ապա, անշուշտ, որոշ առումով մեր ապրանքների մրցունակությունը կտուժի, թեեւ ամբողջությամբ այդ շուկան չի փակվի: Սակայն գլխավորն այստեղ այն է, որ վրացական ապրանքների արտահանումը մեծ չէ, եւ դա չի կարող մեծ վնաս հասցնել Վրաստանի տնտեսությանը»:

Իրականում վրացական տնտեսվարողները տուժվում են, քանի որ տասնամյակներ շարունակ կապված են Ռուսաստանի տնտեսական համակարգի հետ եւ այդ երկիրն է իրենց ապրանքների սպառման ամենամեծ շուկան, ինչն էլ ստիպել է վրացական կառավարությանը ելքեր փնտրել Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Եվ Հայաստան-Վրաստան կապը կարող է նպաստել վրացական ցանկության իրականացմանը: Այստեղ է, որ Երեւանը պետք է առաջ քաշի նաեւ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային ծրագրերի առաջարկները: Վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին եւ կողմերը հավաստել են, որ շահագրգռված են  փոխգործակցության ընդլայնմամբ ու հետագա խորացմամբ:

Հայաստանը պահպանում է իր կարեւորությունը Վրաստանի եւ Իրանի համար: Ենթադրվում է, որ հայկական կողմի միջոցով վրաց-իրանական տնտեսական կայուն փոխգործակցության երաշխիքները կյանքի կկոչվեն նաեւ՝ Հայաստանի միջոցով Մաքսային միության երկրների շուկա դուրս գալու անհամեմատ լայն հնարավորությունների ի հայտ գալով:

 Հայաստանը եւ Վրաստանը կարող են որոշակիորեն պահպանել հավասարակշռությունը ԵՄ եւ ՄՄ հետ փոխհարաբերություններում, ինչպեսեւ վերածվել իրանական էներգակիրներն ու ապրանքները եվրոպական տարբեր երկրներ առաքող պետությունների:

Վրաստանը Հայաստանի հետ վիզային ռեժիմ չունի եւ չի էլ ունենալու, հավաստում են պետական ու քաղաքական շատ գործիչներ: ԵՄ անդամ դառնալու ճանապարհին Վրաստանը մի շարք փոփոխություններ է իրականացրել իր քաղաքականության մեջ, այդ թվում՝ նաեւ վիզային գոտու հետ կապված:

Ընդհանրապես, Վրաստանն այդ առումով շատ ազատական է եւ ավելի քան 100 երկրների հետ ունի առանց վիզայի ռեժիմ: Սեպտեմբերից գործում է նոր օրենք, որը փոփոխություններ է նախատեսել վիզային ռեժիմում, բայց դա Հայաստանին չի վերաբերում, քանի որ օրենքի նախագծում հստակ գրված է, որ վիզային ռեժիմը չի տարածվելու ԱՊՀ երկրների վրա:

Սա կարեւոր է այլ առումով էլ, քանի որ ջավախահայությունը  լրջորեն մտահոգված էր Հայաստանի հետ այցագրային (վիզային) ռեժիմ սահմանելու մասին Վրաստանում ընդունված նոր օրենքի առնչությամբ, սակայն այդ խնդիրը արդեն կարգավորվեց: Վերջերս ընդունված օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները, ովքեր ապրում են Վրաստանում, յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում իրավունք ունեն մնալու այնտեղ ընդամենը 90 օր: Արդյունքում՝ տարվա ընթացքում այդ քաղաքացիների Վրաստանում 2 փուլերով գտնվելու ընդհանուր ժամկետը կազմում է 6 ամիս (3+3):

Բայց Վրաստանի պատկան մարմինների այն հավաստիացումները, թե նրանք կարող են համապատասխան վիզաների միջոցով տեղում ստանալ կացության վկայական եւ այդպիսով երկարացնել Վրաստանում ապրելու ժամկետը, ջավախահայության մոտ հույսեր չի ներշնչում, քանի որ, ըստ նրանց, վերջին շրջանում մեծ թիվ են կազմում կացության վկայական ստանալու դիմումների մերժման դեպքերը:

Ջավախահայությունը Հայաստանում երկքաղաքացիության հիմքերով ՀՀ անձնագրեր է սկսել ստանալ սկսած 2000-ական թթ. 2-րդ կեսից, իսկ մինչ այդ, երբ ՀՀ-ում դեռեւս լիարժեք չէր գործում երկքաղաքացիության ինստիտուտը, ջավախահայության մի մեծ հատված ՌԴ մեկնելու նպատակով ժամանակին հրաժարվել է վրացական քաղաքացիությունից՝ այդպիսով ստացել ՀՀ անձնագիր: Այդպիսի քաղաքացիները, ովքեր Վրաստանում ընդունված նոր օրենքի բերումով խնդրի առաջ են կանգնում, այսօր մեծ քանակ են կազմում Ջավախքում, իսկ շատերին արդեն մերժել են կացության վկայականներ տալու հարցում: Երկու երկրների ղեկավարները փորձում են կարգավորել նաեւ այս խնդիրները:

Անի Մարության եւ Աստղինե Քարամյան

Երկիրը չպետք է կառավարվի ետնաբեմից

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, անդրադառնալով պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկության ու իշխող կոալիցիայում ստեղծված ճգնաժամին՝ հայտարարել էր, թե պետությունը չպետք է կառավարվի ետնաբեմից: Այս մասին նա խոսել էր դեռ Վիեննայում, որտեղ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարների հետ: Նշվել է, թե «վերջին ժամանակներում ուշադիր հետեւել է կոալիցիայում ստեղծված ճգնաժամին, սակայն լռություն է պահպանել, քանի որ կարծել է, թե կոալիցիայի սուբյեկտներն իրենց ռեսուրսներով պետք է ի վիճակի լինեին հաղթահարելու իրավիճակը»: Նախագահը նշել էր, որ հայրենիք վերադառնալուն պես կընդգրկվի իրավիճակի կարգավորման գործընթացում. «Քանի որ քաղաքական դիմակայությունը վտանգներ է հարուցում պետության ինստիտուտների արդյունավետ գործունեության համար, սպառնում երկրի եվրաատլանտյան ինետգրմանը»:

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին պաշտոնանկ էր արել ՊՆ Իրակլի Ալասանիային՝ կապված դատախազության կողմից պաշտպանության գերատեսչության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ձեռնարկված հետաքննության հետ: Պաշտոնանկությանը հաջորդել են վերջինիս կուսակիցներ, եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին եւ ԱԳ նախարար Մայա Փանջիկիձե հրաժարականները:

«Լուսանցք» թիվ 39 (344), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։