Հայկական շահեր՝ նավթա-գազային հեռանկարում – Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության ոլորտում թուրքական եւ ուկրաինական տարանցիկ ճանապարհները եւ Հայաստանի կողմնորոշումը…

Նախորդ թողարկումում «Լուսանցք»-ն անդրադարձել էր նավթի գնի անկմանը, որը ոչ միայն նոր տնտեսական, այլեւ նոր քաղաքական իրավիճակ կարող է ստեղծել աշխարհում, հատկապես ներկայացնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի ձգտումները:

Այս համապատկերին հետաքրքիր է նաեւ է Ուկրաինայի ու Թուրքիայի համեմատությունը, որպես տարանցիկ երկրներ: Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության ոլորտում սրանք երկու կարեւոր ճանապարհներ են: Շուրջ 2 տասնամյակ Ուկրաինան գրավել է ռուսական գազի տարանցման մենաշնորհային դիրքը, իսկ Թուրքիան այդ ժամանակահատվածում դարձել է տարածաշրջանի գլխավոր տարանցիկ երկիրը:

Ուկրաինայի դեպքն աշխարհում յուրօրինակ է: Երբ այս երկիրը 1991թ. անկախացավ, Եվրոպա մատակարարվող ռուսական գազի 100%-ի տարանցումը կատարվում էր իր տարածքով: Ուկրաինան անփոխարինելի կարգավիճակում էր ինչպես ֆինանսա-տնտեսական իմաստով, այնպես էլ՝ քաղաքական, քանի որ ծանրակշիռ դիրք ուներ եվրոպացիների ու ռուսների հետ բանակցություններում: 1991-ին Ուկրաինայում վաճառվող գազի 80%-ը եւ նավթի 65%-ը ռուսական էր: Գազի 80%-ը, որովհետեւ մնացած 20%-ը՝ 20 մլրդ խմ, արտադրվում էր Ուկրաինայում, որ ցայսօր դեռ այդպես է: Թուրքիան այդ ընթացքում միայն մեկ տարանցիկ խողովակ ուներ, որը գալիս էր Իրաքից՝ դեպի Ջեյհան: Բայց իրավիճակը հաջորդ 20 տարիների ընթացքում շատ փոխվեց, եւ 2014թ. բոլորովին այլ պատկեր է եւ տնտեսական եւ քաղաքական առումներով:

Ուկրաինայի տարածքով այժմ անցնում է Եվրոպա արտահանվող ռուսական գազի միայն 24%-ը՝ տարեկան 1 մլրդ դոլար տարանցման եկամտով, այն դեպքում, երբ 2013թ. տարանցման համար Ուկրաինան ստացել էր 3 մլրդ դոլար: Տարանցիկ նշանակությունը կորցնելով՝ այս երկիրը շարունակեց կախված մնալ ռուսական գազից ու նավթից, քանի որ սեփական արտադրության ծավալները չավելացան եւ մնացին նույն մակարդակի վրա: Ավելին՝ քաղաքացիական պատերազմը ավելի վատթարացրեց վիճակը եւ դեռ սպառնում է ավելի վտանալ: Այժմ Ուկրաինան է մտածում Եվրոպայից ռուսական գազ ներկրելու մասին, քանզի ռուսական տարանցիկ գազի ծավալները նվազում են, ու մի օր կարող են դադարել: 10 տարի առաջ Ուկրաինան ռուսական գազի տարանցման մենաշնորհ ուներ, իսկ այժմ սկսելու է ռուսական գազ ներմուծել երրորդ երկրների միջոցով:

Իսկ Թուրքիան կարողացավ համալրել իր տարանցիկ խողովակաշարերի թիվը, որոնք գալիս են Իրաքից, Ադրբեջանից եւ Իրանից: Անգամ Իսրայելից եկող գազատարի կառուցման շուրջ են եղել քննարկումներ: Բացի այդ, Թուրքիան ընդլայնել է գազի ներկրման աղբյուրները՝ Ալժիր, Նիգերիա, եւ էներգետիկ անվտանգության առումով կամա թե ակամա դարձել է գրեթե անկախ երկիր՝ կարող է ներկրել ըստ ցանկության: Ավելին՝ գազի ու նավթի տարանցման հարցում Թուրքիայից այժմ կախված են Ադրբեջանն ու Իրաքը, ինչպես նաեւ Եվրոպան:

Եթե Կիեւի դիրքը արդեն սասանված է, ապա Անկարան փորձում է մեծացնել իր դիրքային առավելությունը, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաեւ մեզ՝ հայերիս: Նախորդ թողարկումում հենց դրան էլ անդրադարձել էինք մասնավորապես: Հայաստանը քաղաքական առումով արդեն շահագրգռել է Իրանին, մնում է դա շարունակել Վրաստանի եւ Եվրոպայի ուղղություններով: Ինչ-որ տեղ՝ նաեւ Ռուսաստանի ուղղությամբ:

Անկարան, դեռ 1991-1994թթ. «Փրկիր Բոսֆորը» քաղաքականության ներքո, սկսեց քարոզել իր տարածքով տարանցիկ խողովակաշարերի կառուցման անհրաժեշտությունը՝ ցանկանալով քչացնել Բոսֆորով անցնող հեղուկանավերի թիվը եւ մեծացնել իր տարանցիկ նշանակությունը: Այժմ Թուրքիայի տարանցման ցանցը բավական խիտ է՝ 10-20 տարի առաջվա համեմատ եւ այս երկիրը դարձել է Եվրոպա նավթի ու գազի տարանցման կարեւոր առանցք: Ապագա տարանցիկ խողովակաշարերից ամենակարեւորը TANAP-ն է. որի կառուցման համար Անկարան ամեն բան անում է: Անդրանատոլիական խողովակաշարն է սա, որ ընտրվել է տապալված Nabucco-ի փոխարեն: Եվրոպացիները փորձեցին համոզել Ադրբեջանին, որ իր գազը Nabucco-ով տարանցի Եվրոպա, սակայն ի վերջո TANAP-ը ընտրվեց, որպեսզի ադրբեջանական «Շահ Դենիզ-2» հանքավայրից տեղի գազն արտահանվի Եվրոպա:

Կասպից ծովի տարածաշրջանում այսօր դժվար է իրականացնել թուրքական ծրագրերը, քանի որ Մոսկվան իր ռազմա-քաղաքական կարողություններով է խոչընդոտում, ինչը շահեկան է նաեւ Հայաստանի համար: Ցայսօր Արեւմուտքը չի կարողանում կյանքի կոչել Nabucco-ն, ինչը սպառնում է նաեւ TANAP-ին, քանի որ Ռուսաստանը կտրականապես դեմ է իր կարեւոր լծակը՝ գազամատակարարումը Եվրոպայի նկատմամբ կորցնելու հեռանկարին: Եթե այս կտրուկ գործելաոճը չլիներ, Ղազախստանն ու Թուրքմենստանը կմիանային նախագծին, ինչը ադրբեջանական պաշարների հետ կբավականացներ Եվրոպային: Իրանը եւս կմիանար նախագծին (նաեւ քաղաքական մեկուսացումից դուրս գալու համար), ինչն արդեն թույլ կտար անգամ առանց միջինասիական երկրների բավարարել եվրոպական պահանջները:

Այսօր Թուրքիան մեկ այլ առավելություն էլ ունի, որ խողովակաշարերը ժամանակակից պահանջներով են կառուցվում, իսկ մինչեւ 1991թ. Ուկրաինան անկախ հանրապետություն չէր եւ ներքին գազատար ցանցը խորհրդային ներքին ցանցի մասն էր, ուստի չկային անհրաժեշտ հաշվիչ սարքավորումներ: ԽՍՀՄ փլուզումից հետո ներքին ցանցը դարձավ արտաքին ցանց: Հիշեցնենք, որ դեռ 1960-ականներին, ցանցի կառուցման ժամանակ որոշվեց, որ բոլոր գազամուղերը պիտի մտնեն Չեխոսլովակիա ու այնտեղից անցնեն Արեւմտյան Եվրոպա: ԽՍՀՄ-ի գազը մեկ երկրով էր անցնում, քանի որ Մոսկվայում որոշել էին, որ մեկ երկիր վերահսկելն ավելի հեշտ է: Հետաքրքիր է, որ խնդիրներ առաջացան ոչ թե Չեխոսլովակիայի բաժանման ժամանակ, այլ Ուկրաինայի անկախացումից հետո: Չեխիան ու Սլովակիան այս տարիներին անկախացած միակ երկրներն են, որ չպատերազմեցին, սահմանագրված տարածքներով բաժանվեցին՝ առանց քաղաքական եւ տնտեսական խնդիրներ առաջացնելու: Իսկ Ուկրաինան ներքաղաքական բախումներից ու հեղաշրջումից բացի, կորցրեց Ղրիմը, Հարավ-Արեւելյան Ուկրաինան էլ կորցնելու վտանգի առաջ է կանգնած, ինչը նշանակում է՝ նույնն է թե Ռուսաստանի հետ պատերազմելու վտանգի: Եվրոպացիները եւ ռուսները՝ որպես գազի հաճախորդներ, Ուկրաինային առաջարկեցին հաշվիչներ դնել գազի ելքին եւ մուտքին, որպեսզի ցանցը տարբերվի այդ երկրի ներքին ցանցից, որ ուկրաինացիները կարողանան գազի տարանցման դիմաց գումարներ գանձել՝ առանց գազ վերցնելու իրավունքի: Ուկրաինացիները մերժեցին այդ առաջարկը, եւ դրա հետեւանքով բավականին խնդիրներ առաջացան հաջորդ տարիներին:

Իսկ 2019-ին՝ 5 տարի հետո Ուկրաինայով գազի տարացնումը կարող է դադարեցվել, ինչպես արդեն խոսվում է այդ մասին: Եվրոպան այլեւս Ուկրաինայի՝ որպես տարանցիկ երկրի անհրաժեշտությունը չի ունենա, ինչը կարող է անգամ կործանարար լինել Ուկրաինայի համար: Քանզի այս դեպքում ուկրաինական Հարավ-Արեւելյան եւ Արեւմտյան՝ ազգայնամոլ-բենդերականների մասերը հաստատ չեն մնա որպես միասնական պետություն:

Մինչ քաղաքական հնարավոր ծավալումները, նշենք, որ Ուկրաինան ունի գազի 145 մլրդ խմ տարեկան տարանցման հզորություն, որը կարող է պարզապես չօգտագործվել: Իսկ Թուրքիան 5 տարի հետո կունենա 2,5 մլն տակառ նավթ/օր հզորությամբ խողովակներ եւ գազի 32 մլրդ խմ/գազ տարանցման հզորություն:

Այս բոլորը կանխատեսումներ են, եթե Արեւմուտքը կարողանա պատժամիջոցներով ստիպել Ռուսաստանին գնալու զիջումների: Բայց դեպքերը կարող են այլ ձեւով ծավալվել, եթե Մոսկվան կարողանա դիմադրել Վաշինգտոնի ու Բրյուսելի ճնշումներին, եւ մասնատված Ուկրաինայի զգալի մասն էլ մնա ռուսական ազդեցության տակ: Սա նույնպես շատ հնարավոր տարբերակ է:

Ռուսաստանը շարունակում է նաեւ իր «Հյուսիսային հոսք» եւ «Հարավային հոսք» ծրագրերի իրագործումը, ինչը կարող է հաջողելու դեպքում տապալել թուրքական բոլոր գազային ծրագրերը, քանի որ այս դեպքում Մոսկվան չի կորցնի իր ազդեցությունը Կասպիցծովյան ավազանում եւ կկասեցնի թուրքական TANAP-ին, ինչպես դա եղավ Nabucco-ի դեպքում: Այստեղ է, որ Հայաստանը պետք է աջակցի ռուսական ծրագրերին՝ ընդդեմ թուրքականի:

* * *

Ինչ-որ ժամանակ ԱՄՆ-ն կարող է փորձել մեղմել Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից՝ մատակարարելով հեղուկացված գազ, սակայն այդ դեպքում Ռուսաստանը կարող է իջեցնել գազի գները եւ ավելի մեծ հնարավորություն ունի դեմպինգի:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 39 (344), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։