Բանակը կանգուն է՝ երկիրը կայուն է – Կատարվեց հատուկ գործողություն… Չդադարող հայտարարությունները հավաստում են, որ վրեժի պատասխան հարվածը ադրբեջանցիներին դեռ տրվելու է…

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուսումնա-մարզական թռիչք կատարող Արցախի ՊԲ ուղղաթիռի խոցումը դատապարտող ՀՀ ԱԳՆ հայտարարությունը շրջանառվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ:

Մասնավորապես ասված է. «Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից: Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ եւ հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում՝ խափանելու համար բանակցային գործընթացը« Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»։

Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլեւ գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը: Իսկ իրավիճակը կարող է սրվել նաեւ հայկական զինուժի պատասխան հարվածից, որից այդքան վախենում են միջազգային միջնորդ ուժերը: Սակայն համառորեն մնում են իրենց դիրքորոշմանը եւ յուրաքանչյուր ադրբեջանական սադրանքից հետո միապաղաղ կոչեր են հղում երկու կողմերին:

Բաքուն հասկանում է, որ հայկական հատուկջոկատայինների գործողությունից հետո, ադրբեջանական բանակի չգոյ վարկը ընդհանրապես կորավ, ինչն անհանգստացրել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ՝ թուրքերին: Հիշեցնենք՝ հայ հատուկջոկատայինները 4 հոգով կարողացան վնասազերծել ծուղակ պատրաստած ադրբեջանցի զինվորներին 5-7 հոգի եւ բերեցին իրենց հետ 3 հայ օդաչուներից մեկի դին, երկուսի՝ այրված մարմնինների մասունքները, ինչպեսեւ ուղղաթիռի որոշ կարեւոր մասեր: Մեր կողմից կորուստներ չեն եղել:

Սա մի հրաշալի ռազմական գործողություն էր, որը ոչ միայն թույլ տվեց զոհված հայ զինվորներին բերել հայրենիք, պատվով թաղել «Եռաբլուր»-ում, այլեւ՝ հակառակորդին եւ նրա հովանավոր ուժերին հասկացրեց, որ հայկական բանակը ցանկացած պահի կարող է իրականացնել ցանկացած մարտական գործողություն:

Ադրբեջանի նախագահը, ով հայկական կողմի ռազմաշունչ արձագանքներից արդեն վախեցել եւ դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ հանդարտեցնի հայերին, այս գործողությունից հետո ոչ միայն ասելիք չունի իր ժողովրդին, այլեւ աշխարհին: Այն ռազմական հսկայական ծախսերը, որ կատարում է Ադրբեջանը, որեւէ կերպ չեն անդրադառնում բանակի մարտունակությանն ու պատրաստվածությանը: Իսկ զանգվածային ոչնչացման զենքեր գնելով, ադրբեջանական կողմը հստակ գիտակցում է, որ նույն բանն անում են նաեւ հայերը, ինչը եւս նպաստում է ադրբեջանական զինուժի հոգեբանության անկմանը:

Փորձելով ուղղաթիռի հետ ձախողված սադրանքը զրոյացնել հակաքարոզչությամբ՝ Ադրբեջանի լրատվամիջոցները տարածել են մի լուր, իբր հայկական կողմից տանկը կրակել է իրենց զինծառայողների ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հիմարություն է որակել ադրբեջանական կայքերում տարածված սուտ տեղեկատվությունը: «Սա Ադրբեջանի կողմից տարածվող հերթական ապատեղեկատվությունն է: Ելնելով այն հանգամանքից, որ ոչ մի հայկական կայքում նման բան չկա եւ չի կարող լինել, քանի որ սուտ է. ադրբեջանցիները մի կայքում, որը հնարավորություն է տալիս ցանկացած մարդու նյութ տեղադրել իր «մամուլի խոսնակ» բաժնում ռուսերեն լեզվով, նյութ են հրապարակել, թե, իբր, Հայաստանում տանկը կրակ է բացել զինծառայողների ուղղությամբ: Նման բան չկա»,- նշել է ՊՆ խոսնակը:

ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանն էլ ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետներին եւ ռազմական ներկայացուցիչներին եւ ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակներն անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաեւ հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:

Բարձրաստիճան զինվորականը ափսոսանք է հայտնել միջազգային հանրության միջնորդական գործունեության նկատմամբ Ադրբեջանի հարուցած խոչընդոտների կապակցությամբ, որոնք թույլ չտվեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն դուրս գալ խոցված ուղղաթիռի շուրջ ձեւավորած փակուղուց: Նույն բովանդակությամբ տեղեկատվություն Դավիթ Տոնոյանը փոխանցել է նաեւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարին:

Մեր զինվորական ղեկավարների չդադարող հայտարարությունները հավաստում են, որ պատասխան հարվածը դեռ տրվելու է եւ հատուկջոկատայինների գործողությունը զուտ մարտական առաջադրանք էր, որ պատվով կատարվեց: ՊՆ Սեյրան Օհանյանը հայ օդաչուների թաղման արարողության ժամանակ նշեց, որ հակառակորդը թիկունքից հարվածելով հայկական բանակին, միշտ դիմահար ուժեղ հարված է ստանալու եւ «օրեր առաջ Եռաբլուրում ՀՀ 1-ին հանրապետության պաշտպան Սեպուհի աճյունասափորը հուղարկավորելուց հետո պարզ էր, որ մենք հաստատակամ ենք հետ վերադարձնելու բոլոր նրանց, ովքեր կընկնեն Հայաստանի անկախության համար»: Խոսքը առաջին հերթին արցախա-ադրբեջանական զորքերի միջդիրքային տարածությունում զոհված մեր օդաչուներին էր վերաբերում, ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին եւ լեյտենանտ Ազատ Սահակյանին, որոնց հուղարկավորության արարողության ընթացքում էլ ասաց պաշտպանության նախարարը:

Նա նշեց, որ 2014թ.-ը դժվարին տարի եղավ Հայաստանի եւ հայկական բանակի համար. «Բաքուն Մարտակերտում անփառունակ ջախջախման մատնեց իր հատուկ ջոկատայիններին, ապա Քարվաճառ ուղարկեց 16 տարեկան պատանուն հոշոտող մարդասպաններին, ովքեր Ստեփանակերտի դատարանում մեկը մյուսին մեղադրելով փորձում են սեփական մորթին փրկել, հիմա էլ խոցելով անզեն եւ ուսումնական վարժանք իրականացնող ուղղաթիռը, թույլ չէր տալիս օդաչուների աճյունները տեղափոխել հայրենիք: Բայց «մինչեւ դիվագետները փորձեցին ճանապարհ հարթել աճյունները հետ բերելու համար, զինվորները գործեցին՝ լսելով գերագույն հրամանատարի պատգամը»,- նշեց նախարարը:

«Այս պահին ընթանում է ծառայողական քննություն, որի արդյունքով կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Ծառայողական քննության արդյունքներից հետո ամեն ինչ պարզ կդառնա»,- այդ օրն ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը: Նա նշեց նաեւ, որ Ադրբեջանը իրավասու չէ եւ չի կարող սահմանափակել Արցախի Հանրապետության օդային տարածքը. «Արցախում միշտ էլ իրականացվել են թռիքներ եւ թռիչքները շարունակվելու են: Բոլոր միջադեպերը ազդում են բանակի վրա, սակայն դա չի նշանակում, որ բանակը հոգեբանորեն անկում է ապրելու»: Նրա խոսքով, բանակը ստեղծված է պատերազմելու համար եւ ուղղաթիռի հետ կապված միջադեպը պատերազմի մի դրվագն է: ԼՂՀ ՊԲ հրամանատար խոսքով՝ «բանակը միշտ էլ բերված է այնպիսի պատրաստվածության« որ ցանկացած պահի պատրաստ է համարժեք պատասխան տալ հակառակորդի ոտնձգություններին»:

«The New York Times»-ը գրել է, որ այլեւս լարվածության խորացում կա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չավարտված պատերազմում՝ անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ օդուժի ուղղաթիռի խոցմանը: Պարբերականը հիշեցրել է ամռանը հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին, գրել, թե դրանց արդյունքում զոհվել է ավելի քան 20 զինվոր: Հոդվածագիրը մատնանշել է, որ այդ իրադարձությունները նոր թափ են հաղորդել Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային միջնորդական ջանքերին, ինչի արդյունքում տեղի են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներ, բայց դրանք որեւէ առաջընթաց չեն գրանցել:

Արցախում կյանքը առաջվա հունով է, հայկական երկրորդ հանրապետությունը շարունակում է իր տնտեսության զարգացումը, եւ օրերս էլ ԼՂՀ պատգամավորները կոչ են հղել հայությանը՝ մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնին: Այն նվիրված է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի կառուցման եզրափակիչ փուլին: Արցախը Հայաստանին կապող 2-րդ ժամանակակից ճանապարհի շահագործման համար կատարվել է մեծածավալ աշխատանք: Խնդիր է դրված 2015-ին ավարտել մայրուղու ասֆալտապատումը: Հասկանալի է, թե ինչ նշանակություն ունի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը թե՛ անվտանգության, թե՛ Արցախի հյուսիսային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման համար: Ինչպես նշել են արցախցի պատգամավորները, այդ ծրագիրն ունի նաեւ քաղաքական եւ հոգեբանական նշանակություն: Իրականացնելով այն, հայ ժողովուրդը վերահաստատում է Արցախի հարցում իր արդարացի դիրքորոշումը« տեր կանգնում ազատագրված հայրենիքի հզորացման գործին: Հեռուստամարաթոնին մասնակցելու համար այս օրերին ԱՄՆ-ում է Արցախի պատվիրակությունը՝ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Այդպիսով՝ հերթական անգամ խորհրդանշվում է Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնությունը եւ հայերի կամքը՝ իրենց հայրենիքը տեսնել ազատ, առանց ադրբեջանական բռնազավթման ու թելադրանքի:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 39 (344), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։