Վրիժառու ապտակ ո՛չ միայն Ադրբեջանին – Բաքվում վախենում են Մինգեչաուրյան ջրամբարի «հարցից»… Իսրայելա-ադրբեջանական ռազմական գործակցություն, որ միայն Իրանի դեմ չէ…

Միջազգային կազմակերպությունները Կարմիր խաչի գլխավորությամբ «անզոր» եղան ադրբեջանական հոխորտանքների դեմ: ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու եվրոպական երկրները խեղկատակի տպավորություն թողեցին՝ քանզի չկարողացան «համոզել» Բաքվին, որ ադրբեջանական սադրանքի զոհ դարձած հայ օդաչուների դիերը հանձնվեն հարազատներին:

Այս «անզորներից» էլ դեռ պահանջում էինք պատժել Ադրբեջանին՝ բոլոր միջազգային պայմանավորվածությունները խախտելու համար:

Հայ օդաչուների տարհանման գործողությունն իրականացրեց մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց հայորդիների խումբը։ «Գործողության ընթացքում օգտագործվել է 3 տեսակի օդային սարք, որից մեկն առաջին անգամ է գործածվել մեր գործողությունների ժամանակ»,- հայտնել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ զինված ուժերի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողությանը:

Նա նշել է, որ շատ լավ մշակված գործողություն են իրականացրել հատուկջոկատայինները. «Մեծ ծավալի աշխատանք է տարվել: Տեղյակ եմ, որ նախ իրականացվել է տարածքի հիանալի հետազոտություն, բացահայտվել են թշնամու դիրքերը, ծուղակները, մարդկանց քանակը, զինվածության աստիճանը: Ականազերծել են տարածքներ, որ կարողանան մոտենալ ուղղաթիռին: Գործողությունը նախապատրաստվել է, նոյեմբերի 20-ից սկսած շարունակաբար իրականացրել են ու փայլուն արդյունք ստացել: Առաջնագծում կանգնած տղաներն ապահովել են 4 հատուկջոկատայինների գործողությունների հաջողությունը»: Պարզ է, որ ավելի մանրամասն տեղեկատվությանը տիրապետում է միայն պաշտպանության նախարարությունը: Իսկ քաղաքագետի խոսքով, բուն գործողության ընթացքում հակառակորդի կողմից եղել է 5-7զոհ, հատկապես այն ծուղակի անձնակազմը, որ պետք է դիմավորեր հատուկջոկատայիններին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից հայկական ուղղաթիռը խոցվել էր նոյեմբերի 12-ին: Ինչպես միշտ՝ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրները եւ շահագրգիռ այլ երկրների ղեկավարները, միջազգային կառույցների պատասխանատուները հանդես եկան արդեն զզվանք առաջացնող երկակի չափորոշիչներով լցոնված հայտարարություններով: Նորից մեղավորին ու կորոււստ ունեցողին միեւնույն նժարի վրա դնելով՝ կոչ արեցին պահպանել զինադադարը…

Մի քանի օր անց ԼՂՀ զինված ուժերը դիմեցին խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու եւ դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Այդ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Եվ Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական ու զինվորական հրաժեշտի արարողությունը փառքով կատարվեց, ու հայ զինվորականները հողին հանձնվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Վստահ ենք, սա դեռ ամենաբարձր մակարդակներով հայտարարված վրեժի գործողությունը չէր, այլ հերոսկան քայլ էր՝ զոհված հայ տղաների դիերը տուն բերելու եւ հայոց հողին հանձնելու համար: Եվ հայկական բանակը ապացուցեց, որ հզոր է ու մարտունակ, միշտ պատրաստ՝ կատարելու ցանկացած ռազմական գործողություն:

Վրեժի մի տարբերակը «Նոյան ջրհեղեղի» հիշեցումն է, որից ցայսօր վախենում են Ադրբեջանում, Մինգեչաուրի ջրամբարում հայկական կողմի գործողությունները կարող են ապահովել այդ հիշեցումը…

Այս վախի մասին դեռ օգոստոսի 7-ին ասել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի այն հայտարարությունից հետո, թե Ադրբեջանի ԱԻՆ-ի ստորաբաժանումները սահմանամերձ գոտում ցանկանում են զինվորական ծառայություն կենտրոնացնել:

Այս դեպքում միայն մեկ բան կմնա՝ ջրի հետեւից ուղիղ Բաքու գնալը:

Հայկ Թորգոմյան

Ռազմական գործակցություն, որ միայն Իրանի դեմ չէ

Իսրայելը կրկին փորձում է Ադրբեջանի տարածքը գործածել իր ռազմա-քաղաքական նպատակների համար: «Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներից կազմված պատվիրակությունը մեկնել է Իսրայել»,- հաղորդել է իրանական ՖԱՐՍ-ը՝ հղում անելով Իսրայելի 2-րդ հեռուստաալիքին: Նշվում է, որ Ադրբեջանի ազգային գվարդիայի ղեկավարը, հատուկ նշանակության զորքերի հրամանատարներն ու ՊՆ զինվորականները որոշում են կայացրել առաջիկայում Իսրայելում կազմակերպվելիք զենքի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով պաշտոնական պատվիրակություն ուղարկել Թել Ավիվ:

Առաջին անգամն է, որ Ադրբեջանից նման բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում Իսրայել:

Անդրադառնալով Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ հաստատված ռազմական համագործակցությանը, ՖԱՐՍ-ը մասնավորապես նշում է. «Իրանը բազմիցս է Ադրբեջանի պաշտոնյաներին մեղադրել այն բանում, որ նրանք թույլատրում են իսրայելցի լրտեսներին՝ Ադրբեջանի տարածքից հակաիրանական հետախուզական գործունեություն իրականացնել: Բացի այդ՝ օգոստոսին Իրանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքից իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք է հատել Իրանի օդային սահմանը եւ ԻԻՀ ռազմաօդային ուժերի կողմից խոցվել»:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւս հանդես եկավ հայտարարությամբ, երբ վերջերս այցելել էր Ադրբեջան: Բաքվում պաշտոնական Թեհրանը հորդորեց չմիջամտել իր երկրի ներքին գործերին:

«Լուսանցք» թիվ 39 (344), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։