«Ազգային ես»-ը՝ «հայկական մենք»-ի արժեք ու նաեւ առավելագույն պարտավորություն եւ չափանիշ… ՏԻԵԶԵՐՔ-ը մի մարմին է՝ ԱՐԱՐՉԻ ՄԱՐՄԻՆ-ը, որն ունի հստակ ձեւ ու գործառույթներ…- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Որեւէ գործ նախաձեռնելն արդեն իսկ գործ է, իսկ գործն ընթացք է, այն սկսելն էլ՝ գործողություն, որը պետք է ապահովագրել ընթացիկ, հեռանկարային ու լրացուցիչ ծրագրերով: Կապ չունի՝ գործն անձնական է, թե ընդհանրական, հաջողելու պայմանները նույնն են: Առավել եւս, եթե նախաձեռնվածն ազգային գործ է, պետք է ապահովագրել բոլոր վայրիվերումներից: Այս դեպքում՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Հայ արիական կենսադրույթները նաեւ այս խնդրին են անդրադարձել՝ ասելով՝ հավատա՜ եւ գործիր՝ մշտապես ունենալով քո լրացուցիչ տարբերակը: Ինչպես նշվեց, հատկապես ազգային գործերում պետք է առավելագույնս զգոն լինել, քանի որ այդ դեպքում «ազգային ես»-ը «հայկական մենք»-ի արժեք ունի եւ պատասխանատվության առավելագույն չափանիշ:

Այստեղ հայ արիական կենսադրույթներն ասում են՝ պայքարը կյանք է եւ այն ներդաշնակորեն պետք է ներառի ինչպես ուժ ու վճռականություն, այնպես էլ՝ սեր ու քնքշանք: Չի կարելի ազգային գործը բռնությամբ իրականացնել, քանզի դա վերացնում է ազգայինի ու ապազգայինի սահմանները եւ հաճախ նույնականացնում է դրանք: Այսպես նույնական են երեւում ոչ միայն ազգայինն ու միջազգայինը, այլեւ՝ ազգայնականությունն ու ազգայնամոլությունը (նացիոնալիզմ եւ շովինիզմ): Երբ ուժը գործում է առանց սիրո դրսեւորման, այն ձեռք է բերում բիրտ որակներ, ինչպես ներկա աշխարհակարգի դեպքում է: Իսկ ազգին պետք է վերաբերվել ինչպես գերագույն ծնողին, ում զավակն ես, ում պաշտպանելու համար պետք է ուժ ու վճռականություն դրսեւորես: Ազգի դեպքում նաեւ մյուս ծայրը կա՝ ապագա սերունդների իմաստով, այս դեպքում ազգին պիտի վերաբերվես ինչպես զավակներիդ, որոնց նկատմամբ սեր ու քնքշանք է պետք: Սա է հայ արիական կենսադրույթների բնակարգային տրամաբանությունը: Այսինքն՝ հիշի՛ր, որ կարողանաս ապրել եւ ապրիր այնպես, որ քեզ հիշեն:

Վերոհիշյալ բոլոր տեսակի գործերը պետք է սկսել մաքուր տեղից, հասկանալով որ այս աշխարհում գրեթե չի մնացել մաքուր տեղ… Բայց գործի նախնական մտահաղացումը եւ առաջին քայլերը պետք է սկսել մաքուր, նոր բացած էջից: Կյանքը գործունեության ասպարեզ է եւ այն տրված է սահմանափակ ժամանակով (հետո կգա հոգու երկնային կյանքը): Ընտրի՛ր ինչ որ բան եւ այն անվանի՛ր սկիզբ, այնուհետեւ գիտակցի՛ր հետագա յուրաքանչյուր գործողությունդ: Եղի՛ր բնական.- բնական է այն, ինչը մաքուր եւ արարչական է.- ասում են հայ արիականները,- ճանաչի՛ր ազգիդ պատմությունը, հավատն ու մշակույթը, պաշտպանի՛ր նրա լեզուն ու բարոյական օրենքները, եղի՛ր հպարտ՝ հայ լինելուդ համար:

Շարունակելով մեր կենսական դրույթների մեկնությունը՝ նշեմ, որ կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի եւ մահվան միջեւ, ինչ որ այդ պահին անում ես, հնարավոր է՝ քո վերջին արարքն է: Միշտ ոգեղեն պահի՛ր հպարտությունդ եւ համեստությունդ՝ այն ամբարտավանության ու մեծամտության չվերածելու համար: Ոգուդ զարգացումը ներդաշնակի՛ր Ցեղիդ հավիտենության ապահովման հետ եւ կհասնես Բացարձակին ու Հավերժին, կմերձենաս Արարչին. դա՜ է մեր Ցեղի Առաքելությունը:

Հաճախ հայ մարդը սկսում է մի ազգային գործ, որը կարճ ժամանակ անց վերածվում է ոչ հայկական գործընթացի: Բայց մարդը իրապես տրամադրված էր ազգային գործ անելու: Ուրեմն ի՞նչ է լինում, որ հակառակն է ստացվում: Մարդը հայ է, հայի ծնողներ ունի եւ հայուհու հետ ընտանիք է կազմել, ունի հայ երեխաներ, ապրում է Հայաստանում եւ հայանպաստ գործ է սկսել…

Բայց հայ արիական կենսադրույթն ասում է՝ հայի գենը դեռեւս հայ չէ, հայը՝ գենից ծնված բարեպաշտության եւ լինելիության մարմնավորումն է՝ ամրապնդված հաստատակամ զորությամբ ու իմաստությամբ: Հայ լինելու համար շնչի՛ր, տե՛ս, խոսի՛ր, շոշափի՛ր, պահի՛ր, կե՛ր միայն անարատը: Բացի Հայրենիք-Բնօրրանից՝ ունեցի՛ր քո Հոգեւոր Հայրենիքը եւ մի՛ նվաստացիր՝ անգամ քո Աստծո (Աստվածների) առաջ (Աստվածները մերժում են քծնանքն ու նվաստացումը):

Նման հայը հաստատ կհասնի հաջողության հայանպաստ բոլոր գործերում, այլապես՝ ճանապարհի կեսից միջազգայնացման ուղին բռնելով, կկասեցնի նախնական նպատակի իրականացումը: Այսպես շատ հայեր, որ տարաբնույթ գործիչներ, մտավորականներ կամ գործարարներ էին (եւ՝ են), իրենց մասոնական այս կամ այն օթյակներում հայտնվելը բացատրում են «այդ կառույցը ազգին ծառայեցնելու» խաբկանքով, այդպես են բացատրում նաեւ նրանք, ովքեր դարձել էին (եւ՝ են) այս կամ այն պետության կամ միջազգային կազմակերպության ազդեցության գործակալները, դրամաշնորհներով պատվեր կատարողները, ապազգայինն ու ազգայինը նույնացողները եւ նմանները:

Մեծ հաղթանակները ձգող ուժ ունեն, նաեւ փառքի հանգամանքն է առկա, եւ ոմանք ասում են՝ կամ ամեն ինչ, կամ՝ ոչինչ: Եվ նետվում են այսօր «ամեն ինչը» տնօրինող կառույցները ու ստանում՝ «ոչինչ»-ը:

Հայ արիական կենսադրույթները խստագույնս զգուշացնում են այդ մասին: Չի՛ կարելի ազգային հարցերում նման մտածողությամբ գործել, չի՜ կարելի ազգային նպատակները եսակենտրոնությամբ կարգավորել: Այդ դեպքում «ազգային ես»-ը «հայկական մենք»-ի արժեք չի ունենում, վերածվում է «անձնական ես»-ի՝ «ազգային ես»-ի համար բոլոր ծանրագույն հետեւանքներով: Ծայրահեղ է, բայց «կամ ամեն ինչ, կամ՝ ոչինչ»-ը անհատը կարող է կիրառել «անձնական ես»-ի համար, դա իր խնդիրն է, չնայած էլի ճիշտ չէ… Բայց նման կարգախոսով ոչ ոք իրավունք չունի գործել «ազգային ես»-ի համար: Ազգի ներկան եւ ապագան ընդհանուր որոշելիք է, բայց անգամ այդ դեպքում՝ ազգային ինքնասպանության գնալը հակաբնական երեւույթ է, դեմ արարչական ու աստվածային կարգերին: Ինչպես հայրենիքը չեն ընտրում, մասերի բաժանում կամ հաստատում հանրաքվեով՝ այն ի վերուստ է տրված բնական ազգերին, այնպես էլ ազգային պատկանելությունը չեն ընտրում կամ քվեարկությամբ որոշում, դա եւս ի վերուստ է տրվում ու ծինաբանական ակունքներում է…

Ոչ մեկին տրված չէ իրավունք հայտարարելու, թե ազգը մեռած է կամ հայրենիք գոյություն չունի: Եթե կա անգամ մեկ զույգ (արական եւ իգական), որը շարունակում է իր ազգասերնդատվությունը, ապա ազգը ապրում է… եւ զույգն է (զույգերը՝ եթե կան) տերը ՀԱՅ ԱԶԳ-ի ու ՀԱՅՔ-ի:

Ուրեմն՝ ազգը ապրու՛մ է, ունի՛ ապագա եւ տե՛ր է իր անցյալին: Անցյալը, ներկան եւ ապագան մի ամբողջություն է, Հայ Ոգու դրսեւորման ու կատարելագործման հարատեւ ընթացք: Երբ դժվարին իրավիճակներ են ու՝ վճռե՛լ է պետք, ապա հայ արիական կենսադրույթներն ասում են՝ ինքդ եղի՛ր քո ընդդիմախոսն ու հակառակորդը, որպեսզի հստակեցնես միտքդ ու ներաշխարհդ: Պետք է ինքնախոսել մարդ-երրորդությամբ՝ սրտի, ուղեղի եւ հոգու ձայներով, հաստատ նրանցից մեկը կարձագանքի, եթե միահամուռ չլինի ձայնը: Բայց պիտի հիշել, որ կամենալը հարկադրանք չէ, այլապես դու կլինես քո թշնամին՝ կվտանգես մարմինդ, ծուղակը կգցես՝ հոգիդ:

Ուրեմն՝ եղի՛ր ինքնաճանաչ, որ ճանաչես Էությունդ: Եղիր Էաճանաչ, որ ճանաչես Բնությունդ: Եղի՛ր բնաճանաչ, որ ճանաչես Ցեղդ: Եղի՛ր ցեղաճանաչ, որ ճանաչես Տիեզերքը: Եղի՛ր տիեզերաճանաչ, որ ճանաչես Գերագույն Էությունը: Եվ ճանաչելով Գերագույն Էությունը՝ բացարձակ կդառնաս տարածության եւ ժամանակի մեջ… Անցյալը, ներկան եւ ապագան կդառնան քո ուղեկիցը:

Եվ այստեղ հայ արիական կենսադրույթները հուշում են՝ մի՛ մոլորվիր Աստծո երեւակայական դրսեւորումներով, այլ գիտակցի՛ր Աստվածայինի արտահայտամիջոցները.- ջրի մեջ՝ մաքրագործությունը, հողի մեջ՝ բերրիությունը, օդի մեջ՝ թթվածինը, հրի մեջ՝ ջերմությունը, եթերի մեջ՝ լույսի անսպառությունը, արարածի մեջ՝ առաքելությունը, պսակի մեջ՝ ընտանիքը, սեռայինի մեջ՝ սերն ու ուշիմ երեխաներ ունենալը, կյանքի մեջ՝ երջանկությունը, հյուրընկալության մեջ՝ օթեւանը, ցերեկվա մեջ՝ կյանքը եւ արարումը, գիշերվա մեջ՝ հանգիստն ու քունը, գաղտնիքի մեջ՝ լռությունը…

Ինչպես մոմը լույս չի տալիս առանց այրվելու, այնպես էլ մարմինն անշարժ է առանց Կենաց սկզբունքի.- այն պետք է տեսնել Հոգու Աչքերով – մարմնում եղած Կենաց Սկզբունքը ոչ մի ձեւով ենթակա չէ ոչնչացման:

Եվ պիտի հիշել նաեւ, որ յուրաքանչյուր մարդու մարմինն էլ իր տիեզերքն է.- իր մեջ ունի բազմաթիվ կյանքեր ու այլ մարմիններ: Եվ Մարդն է նրանց Արարիչը, որպես Տիեզերքի մանրակերտ, ուրեմն պետք է սիրել այդ մարմին-տիեզերքը, ինչպես Արարիչն է սիրում Իր Մարմին-Տիեզերքը եւ մարդու մարմին-տիեզերքը…

Այս բոլորը կարելի է ոչ միայն գիտակցել, այլեւ տեսնել, քանի որ նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչեւ գենետիկ հիշողության երեւակումները): Մարմինն էլ Կենաց Սկզբունքի եւ Ոգու Առաքելության իրականացմանն նախապայման է: Անգամ Տիեզերքը կարելի է տեսնել Հոգու Աչքերով – Տիեզերքը նյութ է եւ լողում է Գերիմաստության Հոգեւոր Անեզրության մեջ: Գերիմաստության հոգեւոր Անեզրությունն անսկիզբ է ու անվերջ, այն հավերժ է: Իսկ Հավերժը Գերիմաստության Առաքելությունն է: Իսկ այն ասում է՝ «Ոչինչ պատահական չէ՛ եւ անհետեւանք չի՛ ավարտվում»...

Եվ այն գործը, որը դեռ գործողության չի վերածվել, պետք է նախապես կանոնակարգել ո՛չ միայն այս աշխարհի օրենքներով: Տիեզերքն ամփոփված է մտքի մեջ, միտքը սփռված է Տեզերքով մեկ: Տիրապետի՛ր մտքիդ Մարդ Արարած: Հետեւի՛ր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին՝ այն նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին: Իսկ ազգային գործերում՝ ԱԶԳ-ի թշնամին: Եվ ազգային գործերը կվերածվեն ազգադավ կամ ապազգային գործողությունների:

Համաշխարհային քաղաքակրթությունը բնական զարգացման խնդիր ունի, այլապես հետաճը կործանարար է բոլորի համար, ՄՈԼՈՐԱԿ-ը տիեզերական օվկիանոսում լողացող երկրացի ազգերի «նավն» է եւ, սա լրջորեն գիտակցել է պետք: Այսօր չար եւ մութ ուժերը տանում են խորտակման մեր «նավը»… Ուստի բոլոր բնածին ազգերի պարտականությունն է վերցնել «նավ-մոլորակի» ղեկը (հեռանալ մարդադիր օրենքներից), եւ այն տանել ԲՆԱՊԱՇՏԱԿԱՆ ընթացքով՝ տիեզերական արարչադիր օրենքներին համաչափ, հեռու փորձարկումներից, փորձություններից ու փորձանքներից…

* * *

ՏԻԵԶԵՐՔ-ը մի մարմին է՝ ԱՐԱՐՉԻ ՄԱՐՄԻՆ-ը, որն ունի հստակ ձեւ ու գործառույթներ՝ կապված չոր եւ հստակ հաշվարկների, տիեզերական մարմինների ստեղծման եւ խոտանման, բնական ու բանական փոխազդեցությունների ձեւավորման, Աստվածների եւ արարչածին այլ էակների (այդ թվում՝ մարդկանց) հոգեւոր կապի, Բարի եւ Չարի տիեզերաաշխարհների գոյատեւման, Տիեզերական Սեւ Խոռոչներից այսդին եւ այնդին իրականության եւ այլ երեւույթների հետ:

Այն, որ Տիեզերական Մարմինները եւ Արարածները … միլիարդավոր տարիներ հստակ գոյատեւում ու կատարում են իրենց առաքելությունը (նույնիսկ՝ ըստ կարգի մահանում են), դա միայն ու միայն Ամենաստեղծիի, Ամենաբարձրյալի, Ամենահզորի, Ամենատեսի եւ Ամենա-Ամենա-ի իրավասությունների շրջանակում է: Եվ երբ մարդկությունը վերջնականապես հեռանա Տիեզերքի Արարչական Կարգից, ապա վստահաբար Արեգակը մի օր կմարի առանց փոխարինման, Լուսինն էլ կհեռանա Երկրից՝ նույնպես առանց փոխարինման…

Արեգակի մարումը գիտնականները տեսնում են ավելի քան 5 մլրդ. տարի հետո, իսկ Լուսինն արդեն բավականին հեռացել է Երկրագնդից՝ կապված Երկրի ու Լուսնի եւ տիեզերական այլ փոխհարաբերություններից ու փոխազդեցություններից, ինչը «ստիպում» է Լուսնին հետզհետե հեռանալու: Նախկինում մեր մոլորակից Լուսինն ավելի մեծ էր երեւում եւ ազդեցությունն առավել զգալի էր… Եվ այսպիսի գիտնականների հայտարարած «Աշխարհի վերջ»-ն էլ նրանց «գիտական աշխարհի վերջն է» (ինչպես կրոնավորների հայտարարվող «Աշխարհի վերջ»-երը՝ կրոնների աշխարհի)՝ մարդկային անհոգի մտքի սպառումը:

Երբ ամբողջ մարդկությունը, ավելի ճիշտ՝ բնական ազգերը, վերադառնան իրենց ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ով ապրելակերպին, ապա Երկիր մոլորակն իրապես կհայտնվի Բարի-Արարող (փոխարենն՝ այսօրվա Չարի-Ավերող) Տիեզերաշխարհի գործառույթում ու կգործի ինքնամաքրման եւ՛ ինքնապահպանման, նաեւ՛ արտաքին պահպանման արարչական գործառույթը: Եվ մի գեղեցիկ օր մարդկությունն ականատես կլինի Երկու Արեգակների (մեկի մոտեցող, մյուսի հեռացող-մարող) գոյությանը, որն իհարկե ժամանակավոր բնույթ կկրի, մինչեւ մեկի ինքնամարումը եւ մյուսի փոխարինումը: Այս երեւույթը իրականություն կդառնա նաեւ մեր հեռացող Լուսնի եւ մեկ այլ՝ մոտեցող Լուսնի պարագայում…

Իսկ եթե մարդկությունը, նրա բնական ազգերը շարունակեն գոյատեւել սին կրոնահավատքային կամ կիսատ-պռատ հոգեմտավոր աշխարհում, Չարի Տիեզերաշխարհի գործառույթում, ապա առանց որեւէ տարեթիվ նշելու, հստակ կասենք, որ (այս դեպքում Տիեզերքն է գնում ինքնակործանման, եթե բնածին արարածների կողմից մերժվում է Արարչակարգը) «Աշխարհի վերջ»-ը մոտենում է՝ Երկիր մոլորակի կործանումն ընթանում ու մոտենում է ի՛ր վերջին… Լուսավորի վերջին, քանզի Խավարի իշխանությունը կթագավորի վերջնականապես եւ մոլորակն էլ կդադարի լինել մարդկության տունը… եւ իսպառ կվերանա որպես սպառված խոտան՝ սլանալով դեպի տիեզերական Սեւ Խոռոչները… Այսինքն՝ Արարիչի Տիրույթից մեր մոլորակը կհայտնվի Խավարիչի Տիրույթում…

Եվ ուրեմն մեր կյանքը, մեր մոլորակի փրկությունը Ճշմարիտ տիեզերահավատի եւ Արարչաբնույթ գիտամտավոր ունակությունների համադրման մեջ է: Հավատը եւ գիտությունը պիտի մեկ մարմնում գործեն:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 39 (344), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։