Ռուսաստանն ու Թուրքիան չե՞ն զարգացնի… Իսկ ռուս-թուրքական շահերը մշտառկա ու համահու՞նչ են… Հարավային գազատա՞ր, թե՞… հարավային սադրա՞նք… Իրանը կգնա՞ Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա…

Ռուսաստանն ու Թուրքիան չեն զարգացնելու էներգետիկայի ոլորտում համագործակցությունը. Ռուսաստանը պարզապես բյուջեից միջոցներ կծախսի լրացուցիչ խողովակների անցկացման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի տնտեսագետ Կոնստանտին Սոնինը՝ մեկնաբանելով «Հարավային հոս­ք»-ի շինարարությանը մասնակցելուց Մոսկվայի հրաժարվելու մասին որոշումը:

Իրականում, նրա խոսքով, գոյություն ունեն փոքրաթիվ մարդիկ« ովքեր խոշոր շինարարության շահառուներն են: «Հարավային հոս­ք»-ի շինարարության համար« ըստ տնտեսագետի« 5 մլրդ դոլար է ծախսվել:

«Դա ռուսական շինարարական ընկերությունների համար հաջողություն էր, հիմա, կարծես, հերթական անիմաստ շինարարությունն է, բայց նրանց համար դա հսկայական շահույթ է: Դրանում որեւէ այլ իմաստ չկա»,- ընդգծեց Կոնստանտին Սոնինը:

Անդրադառնալով հարցին, արդյո՞ք Ռուսաստանն ու Թուրքիան զարգացնելու են այդ ոլորտում համագործակցությունը« տնտեսագետը հավաստեց. «Նրանք չեն զարգացնելու համագործակցությունը: Պարզապես Ռուսաստանը բյուջեից գումար է ծախսելու՝ նոր խողովակներ անցկացնելու համա­ր»:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեկտեմբերի 1-ի բանակցությունների արդյունքներով Ռուսաստանը հրաժարվեց «Հարավային հոս­ք»-ի շինարարությանը մասնակցությունից:

Վլադիմիր Պուտինն իր որոշումը բացատրեց եվրոպական գործընկերների կողմից հարուցվող խոչընդոտներով՝ հաշվի առնելով, որ մինչեւ հիմա չեն ստացել Բուլղարիայի թույլտվությունը: «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքով, ընկերությունը սեւծովյան գազատարը Բուլղարիայից կուղղի դեպի Թուրքիա:

Այսինքն՝ Ռուսաստանը Հարավային Եվրոպային գազ կմատակարարի Թուրքիայի միջոցով:

Նարե Մշեցյան

*- Անկախ տարբեր փորձագետների կարծիքներից՝ Ռուսաստանն ու Թուրքիան մշտապես են միմյանց հետ աշխատելու, քանզի նրանց փոխադարձ շահերը մշտառկա են: Համենայնդեպս հիմա՝ աշխարհի ներկայիս քաղաքա-տնտեսական քարտեզի պարագայում: Տարանցիկ գազ մատակարարելն էլ փոխգործակցության ձեւ է:

Հարավային սադրա՞նք

«Լուսանցք»-ը միշտ է նշել, որ Մոսկվայի համար «Հարավային հոս­ք»-ը՝ Եվրոպայի վրա ազդեցության լծակ էր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան շարունակելու է առաջ մղել «Հարավային հոս­ք» նախագիծը՝ անկախ առկա դժվարություններից ու այդպես էլ եղավ: Դժվարությունն այն էր, որ Արեւմուտքը ջանք չէր խնայում NABUCCO-ն ու TANAP-ը կառուցելու համար, ինչը տապալվեց հենց «Հարավային հոս­ք»-ի խաղերով:

Պուտինը նշել էր նաեւ, որ իրենք եվրոպական գործընկերների հետ Բալթիկ ծովի հատակով կառուցել են «Հյուսիսային հոս­ք» նախագիծը եւ պատրաստվում են կյանքի կոչել Սեւ ծովի հատակով անցնող «Հարավային հոս­ք» նախագիծը:

Մոսկվան, իհարկե, դեմ չէր լինի, եթե հաջողեր նախագիծը,  տարանցման հետ կապված խնդիրներ չէր ունենա այլեւս: Կառուցումից հետո Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի կարիքը՝ Եվրոպա գազ արտահանելու համար չէր զգացվի:

Բայց ռուսական կողմը հասկանում էր, որ եթե ոչ Բուլղարիան, ապա Ռումինիան կամ մեկ այլ եվրոպական երկիր կկանգնեցնի նախագիծը՝ Բրյուսելի հրահանգով, ինչը արդեն չի մտահոգում Մոսկվային:

Սպասելի էր, իսկ նախագիծն իր քաղաքական գործն արեց:

Մոսկվան հիմա քայլեր է ձեռնարկում ԵՄ-ից բացի այլ շուկաներ գտնելու համար եւ առայժմ որոշակի հաջողում է Արեւելքի հետ հարաբերություններում:  Հատկապես՝ Չինաստանի:

Այժմ էլ Թուրքիայի հետ են նոր նախագծեր մշակվում: Սա էլ մի նոր փորձ է՝ Անկարային Արեւմուտքից հեռացնելուն ուղղված:

Անի Մարության

* * *

Հայտնի է, որ Իրանն իր գազով հազիվ ներքին պահանջարկն է բավարարում, պետությունը տարեկան 100 մլրդ դոլարի չափով գազը եւ լայն սպառման այլ ապրանքներ սուբսիդավորում է, ինչը հանգեցրել է գազի սպառման ծավալների աննախադեպ աճի: Արդյունքում Իրանը ներքին պահանջարկը բավարարելու համար անգամ Թուրքմենստանից է ներմուծում գազ:

Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում Անկարան ավելի շահեկան դիրքում է եւ ավելի նպաստավոր առաջարկներ է ստանում ոչ միայն Ադրբեջանից: Օրերս Մոսկվան հայտարարեց «Հարավային հոս­ք»-ի կառուցման դադարեցման մասին՝ մեղադրելով Եվրոպային, իսկ Անկարայի հետ նոր ծրագրի նախագիծ ստորագրվեց: Թուրքիան բազմազանեցրել է իր էներգետիկ աղբյուրները եւ դարձել տարածաշրջանի ամենակարեւոր տարանցիկ հանգույցը՝ ի տարբերություն Ուկրաինայի, ինչպես նշել էր «Լուսանցք»-ը նախորդ թողարկումներում: Թուրքիայի ադրբեջանական քաղաքականությունը եւս հետզհետե կարող է շեղվել ներկայից եւ չի բացառվում, որ այդ դեպքում դա ինչ-ինչ հետեւանքներ կունենա նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Իրան-Հայաստան-Վրաստան՝ Սեւ ծովով դեպի Եվրոպա հնարավոր հանգույցը վախեցնում է Անկարային, քանզի կարող է կորցնել իր բոլոր առաջատար դիրքերը միջազգային ծրագրերում:

Իսկ Եվրոպան առաջիկա կանխատեսելի հեռանկարում ռուսական գազին այլընտանք չունի: Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի պատժամիջոցները եւս հետզհետե կլինեն խորհրդանշական, հատկապես, որ գերմանական ընկերությունները ներգրավված են գազի տարանցման ռուսական նախագծերում ու համատեղ լուրջ շահեր կան: Ղրիմի կորստին էլ Եվրոպան կհամակերպվի, Ուկրաինայի հարցով մեծ է նաեւ հավանականությունը, որ Ռուսաստանն ու Եվրոպան կհանգեն ինչ-որ հայտարարի, քանզի ակնհայտ է, որ եվրոպացի որեւէ զինվոր երբեք չի մեռնի հանուն Ուկրաինայի:

Անկարան գիտակցում է նաեւ սա, ինչը Իրան-Հայաստան-Վրաստան ուղուն ավելացնում է ռուսական ուղու անարգել վերագործարկումը, որը կփոխի ռազմա-քաղաքական իրավիճակը տարածաշրջանում: Այստեղ է, որ Անկարան կարող է դավաճանել Բաքվի շահերին՝ մեղմելով քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

Կա նաեւ թերթաքարային գազի արդյունահանման խնդիրը: Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Եվրոպան չի կարող արագ զարգացնել այլընտրանքային՝ թերթաքարային գազի արդյունահանումը մի քանի պատճառով: Նախ՝ ԱՄՆ-ում շատ զարգացած են գազի ենթակառուցվածքները, կան հազարավոր ընկերություններ (ի տարբերություն Եվրոպայի), որոնք թերթաքարային գազ գտնելու դեպքում կարող են արագ անցնել դրա արդյունահանմանը: Այն շուկա հասցնելու համար եւս խնդիրներ չկան, քանի որ ներքին ցանցը շատ զարգացած է՝ ի տարբերություն Եվրոպայի: Մյուս հանգամանքն այն է, որ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որտեղ օրենքի համաձայն որեւէ տարածքում գտնված բնական հարստությունից այդ տարածքի տերը բաժին ունի, իսկ այլ երկրների ընդերքում եղածը համարվում է պետության հարստությունը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 40 (345), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։