Երբ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց «Հարավային հոսք» գազատարի նախագծի դադարեցման մասին, ադրբեջանական մամուլը նմանատիպ վերտառություններով հոդվածներ էր տպագորւմ.
«Անպիտան «Հարավային հոսքը» ադրբեջանական գազի մրցակից այլեւս չի լինի», «Ադրբեջանական գազի մրցակիցը փոխում է ցուցանակը», «Խողովակ, որ Ռուսաստանից բացի ոչ ոքի պետք չէր» եւն: Ադրբեջանական կայքերից մեկում փորձագետների խոսքերի մի ամբողջ ծաղկաքաղ է տպագրվել անգամ այն մասին, թե հիմա ինչ հրաշքներ է գործելու այլեւս անմրցակից թյուրքական երկնագույն վառելիքը:
Որ «Հարավային հոսք»-ն անպիտան ծրագիր չէ, դա Ադրբեջանը լավ գիտի, բայց որ, այս նախագիծը Ռուսաստանը ստեղծեց «Նաբուկո»-ի դեմն առնելու եւ Եվրոպային իրենից էներգետիկ կախվածության մեջ պահելու համար, դա էլ փաստ է, եւ ի դեպ, Ռուսաստանը դա արեց հենց Ադրբեջանի համաձայնությամբ: Հիմա Ադրբեջանն իբր ուրախանում է ռուսական գազային նախագծի տապալումով, երբ Պուտինն Աթաթուրքի դամբարանից էր դուրս եկել մեկ օր առաջ: Այնպես որ, ռուսն ու թուրքը մշտապես այն վիճակում են, ինչ ասված է ենթավերնագրում:
Մոտ 900 կմ երկարությամբ այն գազամուղը, որ Նովոռոսիյսկից Սեւ ծովի հատակով պիտի ձգվեր դեպի Բուլղարիայի Վառնա նավահանգիստ ու երկնագույն վառելիք տար Եվրոպային, կես ճամփին մնաց: Երբ այս նախագիծը ծնվեց, որ ստացավ «Հարավային հոսք» անվանումը, որպես նախաձեռնողներ հանդես եկան Ռուսաստանը եւ Իտալիան։ ազամուղով« որի ծովային հատվածի թողունակությունը կազմում է տարեկան 63 մլրդ խմ, արդեն 2015թ. պետք է արտահանվեր Եվրոպային ռուսաստանյան գազի մատակարարումների ընդհանուր ծավալի մոտ 35 տոկոսը։ Երբ այս նախագիծը ծնվեց, աշխարհի մամուլն ու փորձագետները երկար ժամանակ քննարկեցին դրա՝ «Նաբուկո»-ին մրցակից լինելու հանգամանքը (ժամանակին իմ բոլոր դիտարկումներն ու կանխատեսումները՝ տպագրված «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, իրականություն դարձան): «Նաբուկո»-ի «մարելուց» հետո «Հարավային հոսք»-ի առջեւ լույս բացվեց: Բայց եղավ անսպասելին եւ… հիմա արդեն բուռն քննարկումներն այլ տիրույթում են՝ Ռուսաստանը հրաժարվեց «Հարավային հոսք»-ի շինարարությունից:
Թուրքիա կատարած այցի շրջանակներում այդ մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում խոսքով՝ նախագծի իրականացմանը խոչընդոտում է Բուլղարիայի կողմից շինարարության թույլտվության բացակայությունը: Ռուսական մամուլը փոխանցելով Պուտինի խոսքերը՝ գրում է, որ Բուլղարիան զրկված է որպես անկախ պետություն գործելու հնարավորությունից: «Եվ եթե ԵՄ-ն չի ցանկանում իրականություն դարձնել այդ խողովակաշարը, ապա դա չի իրագործվի: Ռուսաստանը չի կարող միլիոնավոր դոլարներ ներդնել «Հարավային հոսքի» վրա ու հետո մնալ Բուլղարիայի սահմանին կանգնած: Եվրահանձնաժողովի դիրքորոշումն ապակառուցողական է»:
Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը հաստատել է. ««Հարավային հոսք» նախագիծը դադարեցվել է: Այն այլեւս արդիական չէ: Թեման փակված է»:
Ի դեպ, Վլադիմիր Պուտինը կարծես Բուլղարիային հուշում է, որ նեղացած չէ եւ հասկանում է այդ երկրի դիրքորոշումը, ուստի Բուլղարիային առաջարկում է փոխհատուցում պահանջել ԵՄ-ից. «Թող նրանք Եվրահանձնաժողովից գումար ուզեն՝ չստացած եկամտի փոխարեն« քանի որ Բուլղարիայի բյուջե ուղղակի եկամուտը գազի տարանցումից կկազմեր առնվազն տարեկան 400 մլն եվրո»:
Չեմ կարծում, թե գազատարի շինարարության համար թույլտվություն չտալը Բուլղարիայի սրտով էր, նա դա արեց Բրյուսելի հրահանգով եւ պարզ ու հստակ ասում է այդ մասին. «Նորություն չի լինի, քանի դեռ Բրյուսելը չի վերանայի իր որոշումը»: Խնդիրն այն էր միայն, որ Բուլղարիան շտապեց կատարել Բրյուսելի որոշումը: Չաներ էլ, դա կաներ մեկ այլ երկիր: Իսկ Պուտինը դա լավ գիտեր, դրա համար էլ շտապեց ինքը հայտարարելու, որ դադարեցնում է գազատարի շինարարությունը:
Ուստի՝ հետեւել միջազգային մամուլին եւ նրան կապկելով ասել, թե Պուտինի հայտարարությունը սենսացիա էր, մեղմ ասած, իրավիճակները չվերլուծելու անհեռատեսության հետեւանք է:
Բուլղարիայի այս դիրքորոշումը եւ, ըստ այդմ, Պուտինի արձագանքը նորություն չէր, ավելին՝ սպասելի էր: Ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցները հիշեցնում են, որ դեռ այս տարվա հունիսին Մոսկվան «էներգետիկ շանտաժ» է համարել այն, որ Սերբիան որոշել է Բուլղարիայի հետքերով գնալ: Բանն այն էր, որ Սերբիան հայտարարել էր, թե ստիպված է դադարեցնել «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը այդ հարցում Բուլղարիայի դիրքորոշման պատճառով« որը հայտարարել է, որ սառեցնում է նախագիծն իր տարածքում: Սերբիայի փոխվարչապետը բառացիորեն ասել էր, որ «քանի դեռ չեն ավարտվել բանակցությունները Բուլղարիայի եւ Բրյուսելի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ, նախագիծը կանգնեցվելու է նաեւ իրենց երկրում»: Սերբիայի փոխվարչապետը հիշեցրել էր Բուլղարիայի վարչապետի հայտարարությունը «Հարավային հոսք» նախագծի սառեցման հետ կապված. վերջինս դա արել էր ամերիկյան սենատորների հետ հանդիպումից հետո՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է Եվրահանձնաժողովի որոշ առարկություններով: Եվ սրանից հետո էլ ՌԴ Պետդուման այդ որոշումն անվանել էր «էներգետիկ շանտաժ»՝ ընդդեմ Ռուսաստանի, մի շանտաժ, որ երկսայրի սուր է լինելու, եւ երբեք հայտնի չէ, որ որ կողմն է լինելու առավել տուժողը: ՌԴ բնական պաշարների եւ բնօգտագործման հանձնաժողովի փոխնախագահ Վալերի Յազեվը անտրամաբանակն էր այդ ժամանակ համարել Եվրահանձնաժողովի այդ գործելաոճը: «Եվրոպան այսպե՞ս է էներգետիկ անվտանգություն ուզում,- հայտնել էր նա,- նա կտրում է իր գազատարների ճյուղերը՝ նվազեցնելով նույն անվտանգությունը»:
Ենթադրվում էր, որ «Հարավային հոսք» նախագիծը կգործադրվեր 2015թ. վերջին՝ գազ մատակարարելով Եվրոպային՝ շրջանցելով Ուկրաինան: Եվ ահա այս շրջանակում էլ սկսվեցին Ռուսաստան-Եվրոպա անհամաձայնությունները:
Երբ Անկարայում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ տված մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարեց, թե ստիպված է կասեցնել Սեւ ծովի հատակով ռուսական գազը Եվրոպա արտահանող «Հարավային հոսք» նախագծի իրականացումը, միաժամանակ հստակեցրեց, որ «եթե Եվրոպան չի ցանկանում իրականացնել այս նախագիծը, այն չի իրականացվի, իսկ Ռուսաստանն իր էներգապաշարներն աշխարհի այլ տարածքներ կուղղի»:
Ի միջի այլոց, Բուլղարիայի վարչապետի հետ հանդիպմանը ներկա ամերիկյան սենատոր-հանրապետական Ջոն Մաքքեյնը հայտնել էր, թե «Հարավային հոսք»-ում ռուսական մասնակցությունը պետք է նվազագույնի հասցվի:
Հավելենք, որ այս օրերին BBC-ի ռուսական ծառայությունը հիշեցրել է 2009թ. հուլիսյան մի դեպք, երբ Բուլղարիայի ընտրություններում հաղթած, «Գերբ» կուսակցության նախագահ Բոյկո Բորիսովը, ով մեկ անգամ չէ, որ քննադատել էր Կրեմլի քաղաքականությունը, Բուլղարիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարին նամակ էր գրել՝ կոչ անելով չանտեսել՝ «Բուլղարիայի շահերը, մանավանդ երբ միջազգային ճգնաժամ է» ու դադարեցնել «Հարավային հոսք»-ի հետ կապված բանակցությունները, որովհետեւ իրենք «մտահոգիչ ազդակներ» են ստանում բուլղարական պետական ընկերության գործունեության հետ կապված:
Ամեն դեպքում (ինչպես այս ամենի մասին արդեն խոսել եմ «Հայաստանի Հանրապետություն»-ում) ռուսաստանյան եւ եվրոպական փորձագետները, ովքեր, ի տարբերություն ադրբեջանականի, մասնագիտական կողմը չեն մոռանում, հակված են մտածելու, որ «Հարավային հոսք» նախագիծը վերջնականապես դադարեցված չէ, այլ՝ սառեցված է ժամանակավորապես, քանի որ Եվրոպայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները չեն կարող երկար լարված մնալ, որովհետեւ Եվրոպայի գազի պահանջարկն անընդհատ ավելանում է: Այս օրերին Ֆրանսիայի մամուլն էլ հիշեցրել է ռուսական «Գազպրոմ»-ի եւ «Electricite de Franc»-ի պայմանավորվածությունները «Հարավային հոսք» նախագծի շուրջ, երբ Պուտինը դեռ վարչապետն էր ՌԴ-ի, եւ երկու կողմերն էլ այս նախագիծը բավականին կենսունակ էին համարել եւ համարում են դեռ:
Թե ինչ կձեռնարկեն եվրոպական եւ ռուսական կողմերը որոշ ժամանակ անց, կանխատեսել չի կարելի: Բայց մի բան հստակ է, սա այն ոլորտն է, որտեղ քաղաքականությունը շեշտադրումներ անում է, բայց վերջակետն ի վերջո տնտեսաքաղաքականությունն է դնում:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 40 (345), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում