Արեւմուտքը չի՞ հրաժարվում թուրք-ադրբեջանական ձախողված ծրագրերից – Ընդդեմ ռուսական ուղղության՝ դեռ ապրեցվում են Բաքվի երազանքները… Նավթա-գազային քաղաքականության «տնազները»…

Նախորդ թողարկումներում «Լուսանցք»-ն անդրադարձել էր նավթի գնի անկմանը եւ դրա հետեւանքներին, որը դրսեւորվում է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով: Ավելի ստույգ՝ նավթա-գազային գործոնը դարձել է ռազմա-քաղաքական գործիք: Ինչպես գրել էր «Լուսանցք»-ը, ԱՄՆ-ն դեկտեմբերին դարձավ աշխարհի նավթարդյունահանող առաջատար երկիրը՝ անցնելով անգամ Սաուդյան Արաբիայից: Եվ նավթի գնանկումը լուրջ հարված հասցրեց առավելապես Ռուսաստանին, որի դրամական միավոր ռուբլին մեծ անկում ապրեց դոլարի ու եվրոյի համեմատ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադառնալով Արեւմուտքի այս նախաձեռնությանը՝ հայտարարեց, որ սա այնպիսի հարված է, որը չի կարող միակողմանի լինել ու շուտով դա նախաձեռնողները եւս կզգան դրա վնասները: Նա վստահ է, որ այսպես երկար չի կարող մնալ: Մոսկվան նավթարդյունահանող երկրների հետ բանակցությունների մեջ է եւ փորձում է կարգավորել խնդիրը, Սաուդյան Արաբիայի ղեկավարները հայտարարել են, որ նավթի գնի արհեստական տատանումները անթույլատրելի են:

«Լուսանցք»-ը իր «Նավթա-գազային քաղաքականության ընտրանքներ­ը» եւ «Հայկական շահեր՝ նավթա-գազային հեռանկարում» նախորդ հոդվածներում (թիվ 38 եւ 39) ներկայացրել է համաշխարհային ծավալումների ընթացքը այս ոլորտներում, ինչպես նաեւ հայկական շահերը, որոնք առնչվում են հատկապես թուրք-ադրբեջանական նավթա-գազային միջազգային ծրագրերին: Այդ ծրագրերը փորձում են տնտեսապես մեկուսացնել Հայաստանին տարածաշրջանում, ինչն իր անդրադարձն է ունենում նաեւ քաղաքական հարցերի վրա, այդ թվում՝ Արցախի խնդրի:

Շարունակելով այս թեման, կանդրադառնանք ադրբեջանական հերթական խարդավանքներին, իբր Ադրբեջանին ասում են «Նոր Քուվեյ­թ», քանի որ 1991-ին դեռ խոսվում էր այն մասին, որ Կասպիցծովյան շրջանը 200-230 մլրդ տակառ պաշար ունի, որը կարեւոր երկիր է դարձնում Ադրբեջանին՝ նավթի պաշարների առումով: Իսկ Ադրբեջանի «իմիջի» համար այդ գործոնը խաղացնելով՝ Ադրբեջանը փորձեցին ներկայացել որպես «Նոր Քուվեյ­թ»: Իհարկե այդ ծրագրերը հօդս ցնդեցին, քանի որ հայտարարված պաշարները իրականությանը չէին համապատասխանում եւ այս հարցերին մենք եւս անդրադարձել ենք, թե ինչպես չաշխատեց NABUCCO-ն եւ ինչու չի աշխատում TANAP-ը: Ադրբեջանն ակնկալում էր ունենալ 100 մլրդ տակառ նավթի պաշար, սակայն այժմ այդ նավթի պաշարները ընդամենը 5 մլրդ տակառ են կազմում: Պաշտոնապես ակնկալվում էր, որ 2013թ. Ադրբեջանում կարդյունահանվի 70 մլն տոննա նավթ, սակայն ընդամենը 43 մլն է արդյունահանվել:

Գրեթե 30 մլն տոննա տարբերություն կա ակնկալիքների եւ իրականության մեջ, եւ այսպես կլինի թուրք-ադրբեջանական բոլոր նավթա-գազային ծրագրերում, քանի դեռ այդ ծրագրերին չեն միացել Ղազախստանն ու Թուրքմենստանը կամ Իրանը: Իսկ այդ երկրների միանալու ցանկությունը կառավարվում է Մոսկվայից, քանի որ Կասպիցծովյան ավազանի երկրները դեռ զգում են Ռուսաստանի ռազմա-քաղաքական աջակցության կարիքը: Կամ՝ ստիպված են զգալու այդ կարիքը:

Բաքուն իր նավթային պաշարների հաշվին նաեւ քաղաքական խնդիրներ է փորձում լուծել, ինչը երբեմն հաջողվում է կազմակերպել եվրոպական ծախու գործիչների կողմից՝ նավթադոլարային եւ խավիարային հռչակված ադրբեջանական քաղաքականության միջոցով: Իսկ այնուամենայնիվ, նավթի արժեքից որքա՞նն է մտնում Ադրբեջանի պետական բյուջե, ինչը իրապես շատ կարեւոր հարց է: Զուտ շահույթից 66,8%-ն է մտնում, ոչ թե արտահանված գումարից: Այսինքն, եթե 100 տակառ արտահանում են ու 100 դոլարով վաճառում, ոչ թե դրա, այլ զուտ շահույթի նշյալ տոկոսն է մտնում՝ ծախսերը հանած: Իսկ ծախսերը բավականաչափ մեծ են, 1 տակառի հաշվով՝ 25 դոլար, քանի որ Կասպիցի շրջանը արդյունահանման համար շատ բարդ է: Պետք է ավելացնել նաեւ այն, որ բարել նավթի յուրաքանչյուր 100 կմ-ի տեղափոխման ծախսը կազմում է 6,3 դոլար: Բաքու-Նովոռոսիյսկի դեպքում այդ ծախսը կկազմեր ընդամենը 2 դոլար: Նշվում է, որ օպտիմալ տարբերակ կարող էր լինել նաեւ Իրանի տարածքով Պարսից ծոց դուրս գալը, ինչին բնականաբար առաջին հերթին դեմ է ԱՄՆ-ն:

Եվ փաստացի, ադրբեջանցիներն իրենց նավթը դեպի օտար շուկաներ ուղղելու համար ընտրել են ամենաթանկ ճանապարհը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, քանի որ ռուսական եւ իրանական ուղղությունները ձեռնտու չեն Արեւմուտքին՝ քաղաքական առումով:

Հայտնի է, որ նավթ եւ գազ արդյունահանող երկիրը ստեղծում է հիմնադրամներ, որպեսզի արտահանած գումարների մի մասը դնի այնտեղ ապագա սերունդների համար եւ Ադրբեջանի պարագայում դա «Սոֆազ» հիմնադրամն է (State Oil Fund of Azerbaijan): Մինչեւ հիմա 90 մլրդ դոլար է դրվել այդ հիմնադրամում, իսկ մնացել է միայն 30 մլրդ դոլար, այն դեպքում, երբ դեռ ապագա սերունդները չեն եկել… Բաքուն, որպեսզի իր բյուջեի բացը փակի, անցնող տարիներին 60 մլրդ դոլար ստիպված արդեն վերցրել է այդ հիմնադրամից: Այսինքն՝ պարզ է, որ սա եւս ձախողված տնտեսական քաղաքականություն է:

Հիշեցնենք, որ 1996-ին ստորագրվեց Շահ Դենիզի գազի հանքավայրի պայմանագիրը, 1999-ին գտնվեցին առաջին պաշարները, որոնք շատ են՝ 1200 մլրդ խմ: Եվ 7 տարի հետո սկսվեց արտադրվել 1-ին փուլի գազը՝ 9 մլրդ խմ տարեկան, որի 6 մլրդ-ը գնում է Թուրքիա: 2013թ. դեկտեմբերին ստորագրվեց 2-րդ փուլի պայմանագիրը, որի որոշումներից մեկն այն է, որ 16 մլրդ խմ պետք է արտադրվի, 6 մլրդ պետք է մնա Թուրքիային, 10 մլրդ պետք է գնա Եվրոպա:

Ադրբեջանական գազը Եվրոպայի համար առավելապես ներկայացվում է որպես փրկության հույս եւ այլընտրանք ռուսական գազին:

Բայց իրականությունն այլ է՝ խոսքը 10 մլրդ խմ-ի մասին է, այն դեպքում երբ Եվրոպայի գազի պահանջարկը կազմում է 500 մլրդ խմ:

Ակնկալվում էր, որ «Շահ Դենիզ 2»-ի գազը Եվրոպա կհասնի 2014-ին: Այժմ այդ ժամկետը լավագույն դեպքում 2019-ն է: Բայց, որպես նախագիծ՝ NABUCCO-ն մեռավ, իսկ ենթադրվում էր, թե Եվրոպայի կենտրոնում՝ Ավստրիայում, այն պետք է մրցակցեր ռուսական գազի հետ: Այժմ ադրբեջանական գազը գնում է Եվրոպայի հարավ՝ մինչեւ Իտալիա, որտեղ մրցակցության մեջ է լինելու լիբիական ու ալժիրական գազի հետ: Այսինքն՝ Ադրբեջանի գազի արտահանումը դեպի Եվրոպա ոչ միայն զուտ ծավալային առումով մեծ չէ, այլեւ բոլորովին այլ շուկա է ուղղվում, որտեղ չի մրցակցելու ռուսականի հետ եւ ռազմա-քաղաքական հակահայ շահեր չի լուծելու: Վերջին տվյալներով՝ 50,6 մլրդ դոլար պետք է ծախսվի, որպեսզի «Շահ Դենի­զ»-ի 2-րդ փուլի գազը հասնի Իտալիա: Մեծ գումար է պահանջվում, աշխարհի ամենածախսատար ծրագրերից մեկն է, եթե ոչ՝ ամենածախսատարը: Արաբական երկրներում 15-20 հազ. դոլար ծախսը բավարար է օրական 1 տակառին համարժեք նավթ կամ գազ արդյունահանելու հնարավորություն ստեղծելու համար: «Շահ Դենի­զ»-ի դեպքում՝ տակառի հաշվով կպահանջվի 140 հազ. դոլար: Ի՞նչ կմնա այդ գումարից Ադրբեջանի բյուջեին, եթե  ավելացնենք նաեւ այն, որ այդ գազը Եվրոպայում պետք է վաճառվի ոչ թե նավթի գների հետ փոխկապված, այլ ազատ շուկայի գներով, որոնք նավթի գնից ավելի ցածր են:

Ինչ մնում է ադրբեջանական նավթին, ապա նշենք, որ արդյունահանման ակնկալված ցուցանիշները չապահովվեցին, քանի որ 1993-ին իշխանության եկած Հեյդար Ալիեւը Կասպիցի նավթահորերը շահագործող կոնսորցիումը ղեկավարող անգլիական British Petroleum-ից պահանջեց հնարավորին չափ շուտ նավթ արդյունահանել, որովհետեւ փողի մեծ կարիք ուներ իր քաղաքական նպատակների համար: Դա մասնագետները կոչում են նավթի վաղ արդյունահանում՝ early oil:

Առհասարակ, նավթի արդյունահանման արդյունավետ տարբերակն այն է, երբ հորատանցքեր են փորվում ամբողջ հանքավայրի տարածքով, եւ արդյունահանումը սկսվում է զգուշությամբ: Իսկ երբ ընդամենը 1-2 հորատանցք է փորվում նավթ արդյունահանելու համար, նավթավայրում ընկնում է ճնշումը ու հետագայում հնարավոր չի լինում արդյունահանել տվյալ նավթավայրի ամբողջ նավթը:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 40 (345), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։