Մե՛ր հողում մե՛նք ենք միակ խաղաղարար ուժը – Հայկական կողմը կարողացավ Արցախում զերծ մնալ ՆԱՏՕ-ական կամ ՀԱՊԿ-ական զինուժի ներկայությունից, ինչը պետք է պահպանել…

Պաշտոնական Ստեփանակերտը անընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում: Սա հստակ տեսակետ է, որն արտահայտել են Արցախի ղեկավարները: Պաշտոնական Երեւանը եւս չի ողջունում այդ մոտեցումը:

«Լուսանցք»-ը բազմիցս նշել է, օրերս ՀՀ ՊՆ պատասխանատուները նույնպես ասացին, որ Արցախի հակամարտությունը միակն է իր տեսակի մեջ, որ չի պահանջում այսպես կոչված խաղաղարար ուժերի միջամտություն:

Ավելին՝ հենց այդ ուժերը կապակայունացնեն տարածաշրջանն իրենց ներկայությամբ: Ռուսական խաղաղապահների դեպքում Արեւմուտքը կլարի իրավիճակը, արեւմտյան խաղաղապահների դեպքում՝ Ռուսաստանը: Այս դեպքում՝ նաեւ Իրանը, որի դեմ քայլեր նախաձեռնելու համար Իսրայելն ու Արեւմուտքը հաճախ են դիմում Ադրբեջանին: Իսկ Արցախը կդառնա անգամ ռազմաբազա, ինչը թույլ կտա հսկել ինչպես Հայաստանին ու Ադրբեջանին, այնպես էլ՝ Իրանին: Միաժամանակ նաեւ Կովկասը կվերահսկվի, իսկ տեղակայված զինուժը մոտ կլինի Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի ծավալումներին:

Բայց Արցախը շատ հավասարակշիռ եւ համարժեք պատասխաններով զսպում է ադրբեջանական կողմին, առանց ավելորդ լարումների ու բեւեռացման քաղաքականության: Ինչքան էլ աշխարհաքաղաքական բեւեռների պատասխանատուները փորձում են Բաքվի սադրանքներով հասնել իրենց նպատակներին:

Պաշտոնական Ստեփանակերտը նաեւ ոգեւորված չէ Հայաստանի ու ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումների ընթացքից, չնայած ողջունել է հարցի կարգավորման խաղաղ ընթացքը եւ կողմ է, որ հակամարտությունը լուծվի սեղանի շուրջ, ոչ թե պատերազմի ժամանակ: Բայց հետզհետե հասունանում է այն տեսակետը, որ բանակցային սեղանի շուրջ պիտի նստեն Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները, կամ էլ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցություններին պետք է միանա Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Այսինքն՝ պետք է վերականգնվեն եռակողմ հանդիպումները, որոնք կային հակամարտության կարգավորման սկզբից՝ Հայաստան, Արցախ ու Ադրբեջան կողմերով:

Բայց Ադրբեջանի պահվածքն այնպիսին է, որ նա խախտում է ամեն ինչ, նույնիսկ իր հաստատած պայմանավորվածությունները, սեփական պետության Սահմանադրությունը, իսկ այդ երկրի նախագահի խոսքն արժեք չունի, եւ մինչեւ բանակցային ձեւի մասին խոսելը, անհրաժեշտ է բանակցությունների սառեցման գործընթացի մասին հայտարարել: Հենց այդ ընթացքում էլ կերեւակվի՝ ջերմանու՞մ են բանակցությունները, թե՞ մնում են սառած: Եթե ջերմանում են, ապա միայն եռակողմ ձեւաչափով:

Սա պետք է լինի հայկական կողմի պահանջը, քանի որ համաձայնության հանգելու դեպքում անգամ իր վճռական խոսքը պիտի ասի Արցախի հայությունը:

Այս իրավիճակում է, որ համաշխարհային բեւեռները փորձում են զորքեր տեղակայել տարածաշրջանում: Կողմերը լավ հասկանում են, որ Արցախի հիմնախնդիրը ազդեցիկ գործոն է տարածաշրջանում: Այս մասին խոսել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով հայտնել է. որ Արցախում անվտանգության նկատառումներով ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման կարիքը դեռ չկա. «Երկրագնդի վրա հակամարտությունների բոլոր գոտիներում Արցախը միակն է, որտեղ առանց որեւէ երրորդ ուժի, մարտական ոգու ու պատրաստվածության մեր առավելության շնորհիվ հնարավորինս կարողանում ենք պահպանել հրադադարի հարաբերական վիճակ­ը»: Նախարարի խոսքով՝ ճիշտ է, հակառակորդի կողմից մշտապես խախտվում է հրադադարի ռեժիմը, սակայն. «Մենք մեր առջեւ դրված խնդիրը ինքնուրույն կարող ենք լուծել ու խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիր այսօր չկ­ա»:

Նա անդրադարձել է նաեւ ՀՀ սահմանամերձ բնակչության անվտանգությանը՝ նշելով, որ այստեղ էլ հայկական կողմը կարողանում է իր ջանքերով կարգավորել սահմանների պաշտպանության գորը:

«Գյուղացիների եւ մեր ուժերի մասնակցությամբ ստեղծվում են համապատասխան խմբեր, ովքեր վերահսկում են գյուղատնտեսական աշխատանքները»,- ավելացրել է նախարարը՝ հայտնելով,- որ անգամ դեռ պատերազմի բովով անցած կամավորականների, ազատամարտիկների կարիքը չի զգացվում:

Այս իրավիճակում հայկական կողմը կարողացավ զերծ մնալ ՆԱՏՕ-ական կամ ՀԱՊԿ-ական զինուժի ներկայությունից, ինչը պետք է պահպանել: Դրա համար կրկին ծագում է Արցախի անկախության ճանաչման հարցը: Իսկ մեր տեսակետով՝ Արցախի՝ Հայաստանին վերամիավորվելու վերջնական որոշումը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 40 (345), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։