Թիվ 1 հայապահպանը՝ հայկական բանակ – ՀԱՊԿ-ն կքննարկի խոցված ուղղաթիռի հարցը… Միջազգային դիտարկումներ՝ արցախա-ադրբեջանական, նաեւ հայ-թուրքական սահմանային հատվածներում…

Մեր երկիրը հնարավորինս օգտագործում է իր հնարավորությունները՝ միջազգայնորեն ընձեռված իրավասության շրջանակներում վերահսկելի դարձնելու մեր թշնամիների հետ սահմանային հատվածները: Դա նկատելի է եղել միշտ եւ այսօր էլ այդպես է:

Սակայն, այդ նույն՝ միջազգայնորեն հնարավորություն տվողները, այնքան էլ միջազգային (այս դեպքում՝ չեզոք) չեն դրսեւորում իրենց, հաճախ միակողմանի որոշումներ են ընդունում կամ որոշակի վերաբերմունք ցուցաբերում, ինչը վստահություն չի ներշնչում ո՛չ Արեւմուտքի, ո՛չ էլ Ռուսաստանի նկատմամբ:

Սա բազմիցս փաստարկված ու մեկնաբանված տեսակետ է, ինչն այլեւս իրականուջթյուն է, որի հետ պետք է հաշվի նստել: Իսկ դա նշանակում է՝ հայկական ինքնապաշտպանության ու անվտանգության յուրաքանչյուր հիմնարար որոշում պետք է հենվի Հայաստանի ու Արցախի, որոշակիորեն նաեւ՝ Սփյուռքի հայության վրա: Արդեն որպես 2-րդ, 3-րդ եւ այլ տարբերակներ կարող են հաշվի առնվել ռազմավարական ու բարեկամ կոչված երկրների հետ համատեղ գործողությունները:

Տարեվերջին նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներկազմակերպական քննարկումներն են ընթանում, սակայն կառույցի գլխավոր քարտուղարի ժամանումը Հայաստան միայն հերթական տարեկան հաշվետվության համար չէր, քանի որ նախապես հայտարարվել էր, որ ՀԱՊԿ-ն քննարկելու է ադրբեջանական զինուժի կողմից օրերս Արցախում խոցված ուղղաթիռի հետ կապված միջադեպը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այդ հանդիպմանը քննարկվել են նաեւ դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եւ կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգերին վերաբերող հարցեր, նաեւ անդրադարձել են խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, ինչպեսեւ կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Այս համատեքստում էլ զրուցակիցներն անդրադարձել են ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի՝ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպին եւ դրա հետեւանքով առաջացած իրավիճակին, որը, Նիկոլայ Բորդյուժայի հավաստմամբ, քննարկման թեմա կդառնա նաեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:

Արդյո՞ք ՀԱՊԿ ղեկավարն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակին՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում «ռազմատենչ» ու «խրոխտ» ադրբեջանցին դիմել էր, որպեսզի «ռուսաց թագավոր­ը» իր ազդեցությամբ «զսպի» հայերի վրեժխնդրության ալիքը… հայտնի չէ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, արցախա-ադրբեջանական շփման գծի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտմամբ խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող էր դեռ ողջ լինել առաջին պահերին, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տվել մոտենալ բեկորներին: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս 2 անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ովքեր, ի վերջո, իրենց հանգրվանը գտան Եռաբլուրում: Մինչ այդ, նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, Արցախի զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու եւ դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Դեպքի վայրից տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ գործողության արդյունքում, որը Երեւանում ու Ստեփանակերտում փայլուն անվանեցին, ԼՂՀ ՊԲ-ն կորուստներ չի կրել:

Նոյեմբերի վերջերին ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի 1-ին տեղակալի գլխավորությամբ մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը: ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում քննարկվել են ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքակական անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր:

Իսկ ՀՀ ԶՈւ տեսչական խումբը նույն ժամանակահատվածում տեսչություն է անցկացրել Թուրքիայի տարածքում: Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի տեսչական խումբը «Հայտարարված վայր­ի» տեսչություն է իրականացրել Թուրքիայի տարածքում: Տեսչության ընթացքում ճշգրտվել են ՀՀ հետ սահմանակից զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, ստուգվել են պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի ու սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը եւ դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, դիտարկվել են զորամասերի սահմանագոտիները եւ ընդհանուր տարածքները:

Հիշեցնենք, որ հայկական ուղղաթիռի խոցումից օրեր անց ԵԱՀԿ ՄԽ տեսչական խումբն էլ ստուգումներ է անցկացրել արցախա-ադրբեջանական սահմանային հատվածներում, սակայն Բաքվի արգելանքը թույլ չի տվել դիտարկումներ անցկացնել նաեւ նշյալ ուղղաթիռի անկման վայրում:

Սակայն, այսօրինակ մշտադիտարկումները պարզապես հերթական մի գործողություն են, որ ոչ մի հետեւանք չեն ունենում: Անգամ ադրբեջանական վերջին սադրանքը, որ վերջապես (բազում սադրանքներից հետո) միջազգային քննադատական արձագանքի արժանացավ, նորից անպատիժ թողեց մեղավորին՝ ադրբեջանական կողմին: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կրկին ոչինչ չասող եւ երկու կողմերին խաղաղության կոչող անիմաստ կոչ էր:

Եվ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը իր նավթադոլարային կաշառող քաղաքականությամբ շարունակելու է ԵՄ պատասխանատուներին «գրավել» իր կողմը, ոմանց անգամ՝ «զավթել», ապա եվրոպական ուղղության հետ հույսեր կապելը, թե 2015-ին կշտկվի իրավիճակը՝ անիմաստ է:

Կարծում ենք՝ Հայաստանը եւ Արցախը պետք է այն «սադրանքների լեզու­ն» ընտրեն, ինչն անում է Ադրբեջանը, քանի որ Եվրոպան անհանգստանում է այն ժամանակ, երբ տարածաշրջանային լարվածությունը խփում է իր գրպանին… Երբ նավթա-գազային խողովակների գործունեությունը վտանգվում է, երբ ճանապարհները փակվելու առջեւ են կանգնում ու իրենց ուտելիք-խմելիքի տեղ հասնելը կասկածի տակ է առնվում ու նման բաներ:

Սա է եվրոպական բարոյականության ու մարդասիրության բարձրաձողը, մինչդեռ այդ արժեքների պահպանման համար հոխորտում են աշխարհի վրա ու ԱՄՆ-ի հետ դաշնակցած ռմբահարում «անբարո» եւ «անմարդկային» երկրներին…

Այս առումով՝ Ադրբեջանից ավելի «ընտրյալի» վիճակում է Թուրքիան: Հայաստանի տարածքները վաղուց զավթած, Կիպրոսի մի մասը գրաված, Հունաստանի ու Բուլղարիայի, Լիբանանի, Սիրիայի, Իրաքի ու Իրանի տարածքների վրա աչք տնկած թուրքը՝ այս քոչվոր մարդատեսակը, միջազգային ամենատարբեր աջակցությամբ կարողացավ իր պետությունը սարքել հարեւան երկրների տարածքների վրա եւ այսօր դեռ արժանանում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներողամիտ վերաբերմունքին:

Դե, իհարկե, Թուրքիան «խաղաղարար» ՆԱՏՕ-ի գլխավոր զորակայանն է մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ խաչվում են միջազգային կարեւոր ուղիները ու սա էլ թելադրում է Արեւմուտքի բարոյական ու մարդկային արժեքների տեսլականը: Եվ իհարկե, այս դեպքում այդ արժեքները պիտի անբորայականացման, աղանդավորականացման, ապականման ու ապազգայնացման տանեն աշխարհի ժողովուրդներին, քանի որ միայն այդպիսի միջավայրում կարող է ծիլ տալ արեւմտյան անբնական արժեհամակարգը:

Նույնն է նաեւ մյուս բեւեռում՝ Ռուսաստանի առումով: Մոսկվայի համար ցայսօր թուրք-ադրբեջանական ուղղության հետ առաջնայնությունը չի զիջում իր տեղը հայ-ռուսականին, վերջինս նաեւ հաճախակի ստորադասվում է: Իհարկե մեղքը մերն է, բայց դասեր չենք առնում:

Հիմա ՆԱՏՕ-ն «մերը» չէ, չնայած ունենք գործընկերային լավ հարաբերություններ, բայց մյուսը՝ ՀԱՊԿ-ն «մերն» է, չէ՞:

ՀԱՊԿ-ն ԱՊՀ-ինն է, որը նախաձեռնել է ԵՏՄ-ն ու ՄՄ-ն, որոնք նույնպես ժամանակից շուտ պատռեցին իրենց թուրքա-ադրբեջանասիրությունը, բայց նորից դասեր չենք առնում…

Հաճախ է հնչում՝ իսկ ինչո՞ւ ՀԱՊԿ-ն պիտի պատասխանի արցախա-ադրբեջանական սահմանային հատվածների սադրանքներին, չէ՞ որ ՀԱՊԿ-ն պարտավորությամբ կապված է Հայաստանի՝ եւ ո՛չ Արցախի հետ: Այսինքն՝ այն, ինչ կատարվում է Արցախում, ՀԱՊԿ-ին չի վերաբերում: Դա հստակ էր նաեւ Եվրասիամիության ստեղծման ժամանակ: Այսպես՝ Եվրամիություն, թե Եվրասիամիություն, որեւէ փոփոխություն, որ կբերի հայանպաստության, չկա՛:

Բայց Հայաստանի ու Արցախի մեջ տարբերություն դնողները մոռանում են, որ ադրբեջանական սադրանքները նաեւ Հայաստանի սահմանային հատվածներում են լինում, որ անգամ բարձր ու երկար պատեր են կառուցվում հայկական սահմանամերձ գյուղերում՝ բնակչությանը պաշտպանելու համար: ՀԱՊԿ-ն սա չի տեսնու՞մ…

Եթե վաղը Ադրբեջանը հարձակվի եւ պատերազմը վերսկսվի, ո՞վ կլինի մեղավոր: Մեզ համար՝ Արեւմուտքն ու Ռուսաստանը, իսկ այդ երկուսի համար՝ հայկական ու ադրբեջանական կողմերը՝ հավասարապես: Հետաքրքիր է, եթե հենց այսպես էլ լինի ու հայկական զինուժը նոր հայկական տարածքներ ազատագրի, որ ցայսօր բռնակցված են Ադրբեջանին, միջազգային հայտարարությունները նորից երկկողմանի կլինե՞ն, թե՞ Հայաստանի նկատմամբ արդեն պատժամիջոցներ կկիրառվեն:

Հետաքրքիր է նաեւ, որ պատերազմի վերսկսմամբ մտահոգ (գոնե այսօր) Արեւմուտքն ու Ռուսաստանը նաեւ մեկ-մեկ ահազանգում են, թե «պատերազմը մոտենում է»: Սա էլ հավաստում է այն մտայնությունը, որ եթե այս ուժերից որեւէ մեկին պետք լինի խառնել տարածաշրջանը, ապա պատերազմը կմոտենա ու… կսկսվի…

Ուստի՝ կրկին պետք է հիշել, որ Հայաստանի ու հայության գլխավոր խնդիրը հայկական բանակի հզորացումն է, ինչպես Հայ Արիական Միաբանությունն է առաջարկել՝ ազգ-բանակի ստեղծումը, որում բացահայտ կզինվորագրվեն նաեւ սփյուռքահայերը, եւ համահայկական բանակը կունենա հատուկ առաքելություն ու գործողության մեջ մտնելու օրակարգ:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 40 (345), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։