Ահաբեկչությունը՝ փրկարար օղա՞կ – Բաքուն հովանավորելով ահաբեկչությունը Մերձավոր Արեւելքում՝ փորձում է ստեղծել իր ահաբեկչական կառույցը… Կարծում է այդպես կհասնի հայկական ոգու թուլացմանը…

«Լուսանցք»-ը վաղուց է ահազանգում, որ պաշտոնական Բաքուն անգամ երկրի բնական պաշարների հաշվին չկարողանալով հզորացնել տնտեսությունն ու բանակը, տուրք է տվել ահաբեկչական կազմակերպություններ ձեւավորելուն:

Նման մի ներքին քաղաքականություն էլ վարվում է այսօր Ադրբեջանում, ձերբակալված են բազմաթիվ լրագրողներ, իրավապաշպաններ ու այլախոհներ: Այսինքն՝ ներքին ահաբեկչությունը պարարտ հող է ստեղծում արտաքին ահաբեկչական գործողությունների համար:

Հայտնի է, որ ադրբեջանական հարյուրավոր իսլամականներ են կռվում Սիրիայի դեմ՝ այդ արաբական երկիրը մասնատելու եւ բռնազավթելու համար: Սա հիմնական նպատակն է, սակայն դա չբարձրաձայնելով, խոսում են իսլամական եղբայրության մասին, ցայսօր աջակցելով ԻԼԻՊ-ի ծայրահեղ իսլամականներին Սիրիայի եւ Իրաքի դեմ պայքարում (պատրաստ են նաեւ Լիբանանի ու Իրանի դեմ հանդես գալ, վստահաբար՝ նաեւ Հայաստանի): Հետ չի մնում նաեւ Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան, որի հազարավոր քաղաքացիներ նույնպես իսլամական դրոշի ներքո պայքարում են հարեւան երկրների դեմ: Իսկ Ստամբուլը վերածվել է ահաբեկիչների հավաքատեղիի, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից, արդեն երկար ժամանակ է, ահաբեկիչներ են գալիս՝ պատրաստվում ու մեկնում Սիրիա ու Իրաք (գուցեեւ՝ այլ երկրներ):

Անկարան ու Բաքուն սկզբում հերքում էին այս տեղեկությունը, սակայն երբ հարյուրներով զոհեր տվեցին թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչները, որոնց նկարները պտտվում էին համացանցում, ստիպված էին լռել այլեւս:

Հայաստանի, նաեւ աշխարհի հայությունը պետք է լրջորեն անհանգստանա նման իրավիճակից, քանի որ թուրք-ադրբեջանական դաշինքը (նաեւ համաթուրքական՝ «1 ազգ՝ 6 պետություն»՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) հայտարարել է ինչպես նորօսմանական (Օսմանյան կայսրության վերաստեղծում) ու նորթուրանական («Մեծ Թուրա­ն»-ի ստեղծում՝ Բալկաններից Կովկասով ու Միջին Ասիայով մինչեւ Ռուսաստանի Հեռավոր Արեւելք ու Չինաստանի Ույղուրստան), այլեւ նորադրբեջանական («Մեծ Ադրբեջա­ն»-ի՝ Հայաստանի ու Իրանի տարածքների հաշվին ստեղծում) ծրագրերի մասին:

Ադրբեջանի երազանքների առումով արդեն համաթուրքական դաշինքը իր համաժողովներից մեկում որոշում է կայացրել, որ ոչ միայն Արցախը պետք է պատկանի Ադրբեջանին, այլեւ՝ Զանգեզուրը՝ Սյունիքը, որը ներկայիս Հայաստանի Հանրապետության կազմում է: Իսկ դա այդպես է, որովհետեւ մեծն Նժդեհը 1918թ.-ին կարողացավ իր ցեղակրոն ուսմունքի հոգե-ոգեղեն զորությամբ եւ հայ զինվորի գերագույն ճիգերի գնով Սյունաց աշխարհի այդ հատվածը պահպանել Հայաստանի 1-ին Հանրապետության կազմում: Այդպես էլ փոխանցվեց Խորհրդային Հայաստանին, քանզի որ Լեռնահայաստանը կռվելով թուրքական, ադրբեջանական ու բոլշեւիկյան բանակների դեմ՝ պաշտպանեց այդ քայլն անելու իրավունքը…

Իմիջիայլոց, վերոնշյալ համաթուրքական համաժողովը (Արցախը եւ Զանգեզուրը ադրբեջանական համարող) կայացել է մեկ այլ՝ դեռեւս բռնազավթված հայկական տարածքում՝ Նախիջեւանում:

(Ադրբեջանի օգտին քվեարկել են ՀԱՊԿ-ի մեր «մարտական ընկե­ր»-երկրները՝ Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ղրղզստանը, իհարկե նաեւ՝ ԱՊՀ-ից ու ՎՈւԱՄ-ից հրաժարված Ուզբեկստանը եւս):

Նախիջեւանը վերջերս դարձել էր հավաքատեղի նաեւ եղբայրական հետեւյալ եռյակի՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների համար, որտեղ որոշվել է միասնական ճակատով պաշտպանվել, եթե երկրներից որեւէ մեկի վրա հարձակում լինի…

Իհարկե ադրբեջանական ու վրացական բանակներն այն ուժը չեն, որոնցից պետք է վախենալ (մշտառկա զգուշությունը բավարար է), բայց թուրքական բանակը քանակով ու զինվածությամբ վտանգավոր է: Չնայած այստեղ էլ մի հետաքրքիր տրամաբանություն կա, վերլուծաբանները գրում են, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը հայկականն է, քանի որ մարտական փորձով գերազանցում է նաեւ թուրքականին: Թուրքիայի բանակը վերջին մի քանի տասնյակ տարիներին անգամ չի կարողացել քրդական զինյալներին հաղթել, բացի այդ՝ լուրջ պատերազմելու փորձ չունի էլի տասնյակ տարիներ շարունակ:

Միջազգային վերլուծաբանները նաեւ նշել են, որ զորավարժությունները ՆԱՏՕ-ի կազմում երբեք այն փորձառությունը չեն կարող տալ, ինչը իրապես ունի հայկական զինուժը Արցախի պատերազմից հետո: Հայկական բանակը նաեւ հաղթանակած բանակ է ու ցայսօր մարտունակ, ինչը երբեմն ցուցադրվում է նաեւ հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ:

Այս ամենը փաստարկված իրողություն է, սակայն միշտ պետք է հիշել, որ խաղաղության համար պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի: Նաեւ պիտի միշտ ապավինենք մեր բազկին, հետո նաեւ՝ շահագրգիռ կողմերի:

Եվ այս ամենը գիտեն Բաքվում, ինչը ստիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հաճախակի հանդես գալ ռազմագոչ հայտարարությամբ ու «հզոր եւ այլեւս անպարտելի ադրբեջանական բանակ­ի» գովքով:

Բայց իրականում պաշտոնական Բաքուն մտադրված է ահաբեկչությամբ հասնել հայկական ոգու թուլացմանը, ինչը, ըստ ադրբեջանական կողմի, կազդի նաեւ հայկական բանակի մարտական ոգու վրա՝ մոռանալով, որ այս դեպքում՝ հայկական վրիժառու բազուկը ավելի ծանր հարվածներ կհասցնի: Վկա՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ-ASALA), Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար նահատակված վրիժառու մարտիկները եւ ստեղծված տարբեր վրիժառուական կառույցները, որոնցից ցայսօր սարսափում է Ադրբեջանի մեծ եղբայրը՝ Թուրքիան…

Ինչեւէ, Բաքուն անցել է ահաբեկչությունը զարգացնելու գործընթացին եւ Ադրբեջանում արմատականներին ֆինանսավորող «Ջիհադի հիմնադրա­մ» է գործում:

Վերջին օրերին ադրբեջանական ու միջազգային մամուլում նորից լուրեր են շրջանառվում, թե Ադրբեջանում «Իսլամական պետությու­ն» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական օգնություն է ցուցաբերվում: Հիշեցնենք, որ ահաբեկիչներին աջակցող ադրբեջանցիները տարածել էին, թե Սիրիայի մասնատումից հետո իրենք «նոր Ադրբեջան են հիմնելու Մերձավոր Արեւելքու­մ»… Սա որքան ծիծաղելի է, այնքան էլ վտանգավոր, քանի որ եթե ոչ «նոր Ադրբեջա­ն», ապա «նոր Թուրքի­ա» քանիցս փորձեց ստեղծել Անկարան: Եվ «նոր Թուրքի­ա» ասելով՝ պիտի հասկանալ թուրքական ներկայիս տարածքների ընդարձակում դեպի Մերձավոր Արեւելքի կենտրոնական (հատկապես նավթի ու գազի պաշարներով հարուստ) մասը:

Ադրբեջանական Publika.az կայքն էլ իր հերթին հայտնում է, որ Ադրբեջանի հյուսիսային շրջաններում իսլամի արմատական թեւի՝ խարիջի ներկայացուցիչներն «Իսլամական Պետության­ը» օգնելու նպատակով «Ջիհադի հիմնադրա­մ»-ին ամեն ամիս գումար են փոխանցում: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Բաքվի ոոստիկանությունը հետեւում է մի քանի մեծ օբյեկտների, որոնք կասկածվում են ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում: Կայքն իր աղբյուրներից ստացած այս տեղեկատվության իսկությունն ամրապնդում է նաեւ այն բանով, թե «Կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետական հանձնաժողովի ղեկավար Մուբարիզ Գուրբանլըն ավելի վաղ հայտարարել էր, որ «եթե հայտնաբերեն ադրբեջանցի երիտասարդներին Սիրիա մեկնելու եւ ԻՊ-ին կամ տարբեր ահաբեկչական կառույցներին միանալու համար հավաքվող ֆինանսական աղբյուրներ, իրենք անմիջապես կչեզոքացնեն»: Հասկանալի է, որ Գուրբանլըն նման բան չէր ասի, եթե տեղյակ չլիներ արդեն գոյություն ունեցող ֆինանսական աղբյուրներից: Նա նշել է նաեւ, որ ինքը եղել է նման օբյեկտներում, եւ իրենք տեղեկություններ ունեն՝ արմատականներն իրենց միջոցներով կենտրոններ են ստեղծում ու նոր անդամներ ներգրավում: Արմատական խավարիջիների կողմից գումարներ հավաքագրվելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ կրոնաբան, փորձագետ Այդըն Ալիզադեն, ով նշել է, որ արմատականների հավաքված ընդհանուր տարեկան գումարը կազմում է շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար: Նրա խոսքերով՝ դա հավաքագրվում է եւ՛ արտասահմանից արվող փոխանցումների ու բիզնես կառույցների նվիրատվությունների, եւ՛ արմատական խմբավորումների անդամների միջոցների հաշվին:

Publika.az-ը նշել է, որ այդ 5 մլն դոլարի մասին գրել է նաեւ ուկրաինական Umma.us կայքը՝ մեջբերելով նույն ուրբանլըի խոսքերն այն մասին, թե արմատական խմբավորումները նյութական միջոցներ են ստանում հիմնականում մեծ առեւտրային կենտրոններից, սուպերմարկետներից ու այլ օբյեկտներից:

Բաքվում եւ այլ բնակավայրերում սկսել են զգուշանալ այն ահաբեկչական խմբավորումներից, որոնք չեն ենթարկվում իշխանություններին, զլմ-ները նշել են, որ Սումգայիթում ոստիկանությունն առանց բացատրության տանջանքների է ենթարկել որոշ հավատացյալների: Իհարկե, այստեղ թացն ու չորը խառնվում են եւ իզուր չէ, որ միջազգային կազմակերպություններն արձանագրել են, որ Ադրբեջանը արդեն կրոնական անհանդուրժողականության բարձր մակարդակով երկրների շարքում է («Կրոնական ազատություն 2014»):

Վերջերս անհայտ անձինք այրել են Բաքվի Գարաչուխուր ավանի մզկիթը՝ հասցնելով 6-7 հազար մանաթի նյութական վնաս: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Հագըն.ա­զ» տեղեկատվական պորտալը« որի հետ խոսել է մզկիթի հոգեւոր համայնքի առաջնորդ՝ ախունդ Միրմահմուդ Ֆաթաեւը: Նրա խոսքերով՝ 2 հոգի հարձակվել են պահակի վրա եւ ծեծել նրան, ապա ներխուժել են մզկիթ ու այրել այն ներսից: «Այրվել են բոլոր գորգերը« կոտրված են պատուհանների բոլոր ապակիները: Իսկ թե ով է արել այդ ամենը« ես չգիտեմ: Հանցագործները հրդեհելուց հետո հեռացել են, պահակն էլ տեղացիների հետ սկսել է մարել հրդեհ­ը»,- հաղորդել է ախունդը: Ոստիկանությունը հետաքննում է հրդեհի փաստը: Դեռեւս 2013-ի դեկտեմբերին Սումգայիթում ծայրահեղական ուղղությունների՝ սալաֆիականների ու խավարիջների միջեւ փոխհրաձգությունից հետո ոստիկանությունը շրջափակել էր մի քանի մզկիթ, այդ թվում՝ Գարաչուխուրը« իսկ արդեն 2014-ի հունիսին աղմուկ էր բարձրացել, թե Բաքվի քաղաքապետի որդին պարբերաբար այցելում է Գարաչուխուրի մզկիթ« որը «սալաֆիականների հավաքատեղի է»:

Հավելենք նաեւ, որ վերջին շրջանում Ադրբեջանում սրվել են հետապնդումներն ու ճնշումները կրոնական ակտիվիստների ու այն համայնքների նկատմամբ, որոնց կասկածում են վահաբականների հետ առնչություններ ունենալու հարցում: Վահաբականությունը (վահաբիզմ) իսլամի մի ճյուղն է, որը սկիզբ է առել Սաուդյան Արաբիայում եւ ծայրահեղ ուղղվածությամբ է գործում: Նշենք, որ արաբ վահաբականները ժամանակին մեծ պայքար ծավալեցին Չեչնիայում եւ անգամ հայտարարել էին «Ծովից ծով Կովկասի» գաղափարը կյանքի կոչելու մասին: Այդ տարիներին արյունալի պատերազմ էր ընթանում Ռուսաստանի իշխանությունների եւ Չեչնիայի վահաբականների միջեւ: «Ծոցից ծով Կովկաս»-ը պիտի լիներ անկախ իսլամական պետություն, որում պպետք է ներգրավվեին (Կասպից ծովից սկսած) Դաղստանը, Չեչնիան, Ինգուշիան, Հյուսիսային Օսիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչաեւո-Չերքեզիան եւ Աբխազիան  (մինչեւ Սեւ ծով): Անգամ Ադըղեյն ու Կալմիկիան էին հետո միացվելու՝ ըստ ծրագրի: Ռուսաստանի Դաշնության կովկասյան բոլոր հանրապետությունները եւ Աբխազիան (որը դեռ Վրաստանի կազմում էր) իսլամական են, բացառությամբ Հյուսիսային Օսիայի, որը քրիստոնեական է (օս-ալանները նաեւ արիական ծագում ունեն) եւ Կալմիկիայի, որն էլ բուդդայական հավատի հետեւորդների երկրամաս է:

Դառնալով ադրբեջանական իրադարձություններին, նշենք, որ տեսակետներ են հնչել անգամ այն մասին, թե Իլհամ Ալիեւի կառավարությունը կարող է թիրախ դառնալ սալաֆիականների համար, որոնք հարել են Սիրիայում իսլամիստական խմբավորումներին ու վերադարձել Ադրբեջան՝ արդեն ունենալով մարտական փորձ: Սակայն, ցայսօր Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն խոչընդոտում ծայրահեղականների՝ Սիրիա մեկնելուն, ինչը հավաստում է, որ ծայրահեղ իսլամականների շրջանում համակիրներ ունի նաեւ իշխանությունը:

Իսկ ԻԼԻՊ-ի հրամանատարությունը զանգվածային պատերազմական հանցագործություններ է իրականացնում, որոնց, փաստորեն մասնակցում են եւ՛ թուրք, եւ՛ ադրբեջանցի իսլամականները:

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ հանձնաժողովի հետաքննիչները նոր զեկույց են հրապարակել, որում նշել են, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» հրամանատարները պատասխանատվություն են կրում Սիրիայի հյուսիսում «զանգվածային պատերազմական հանցանքներ իրականացնելու համար»: ՄԱԿ փորձագետների նոր զեկույցը հիմնված է ավելի քան 300 տղամարդու, կնոջ եւ երեխայի հետ անցկացրած հարցազրույցների վրա, ովքեր փախուստի են դիմել Սիրիայի հյուսիսից կամ դեռ ապրում են ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում, ինչպես նաև զինյալների կողմից տարածած տեսանյութերի ու նկարների վրա: Զեկույցում նշվում է, որ իսլամիստներն իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում սարսափ են տարածում՝ քաղաքացիների գլխատելով, քարերով պատժելով կամ նրանց վրա կրակելով: «Առեւանգված մարտիկների եւ քաղաքացիների զանգվածային սպանություններին հետեւում էին ռազմական բռնությունները: ԻԼԻՊ-ի անդամները միջազգային իրավունքի արտասովոր խախտումներ ու զանգվածային սպանություններ են իրականացրել, որը պատերազմական հանցագործություն է: ԻԼԻՊ-ի հրամանատարությունը գործել է կամայականորեն՝ իրականացնելով այդ հանցագործությունները»,- ասվում է զեկույցում:

Ահա այսպիսի նոր արնախում «դասընթացների» են մասնակցել ադրբեջանական եւ թուրքական իսլամականները, ինչը նրանց արյան մեջ է գենետիկորեն, եւ կարեւոր է, որ հայկական համապատասխան կառույցները կարողանան ճիշտ գնահատել իրավիճակը, առիթի դեպքում չխոչընդոտելով ինչպես համահայկական բանակի, այնպես էլ հայ վրիժառուական նոր շարժման առաջընթացին:

Ոչինչ չի կարելի բացառել:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 40 (345), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։