Գոնե Իրանը չուրանար.- Լավաշը հայկական ճանաչելուն միայն թյուրքերը չեն դեմ եղել…Թեհրանը բողոքներ է ներկայացնում Ադրբեջանի դեմ՝ իր մշակութային արժեքները գողանալու համար, իսկ ինքը…

Նոյեմբեի 26-ին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:

Դեռ 2013թ. ներկայացված հայտը անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը՝ ստանալով փորձագիտական դրական եզրակացություն։

Այսպիսով« ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվեց հայկական եւս մեկ՝ 4-րդ մշակութային արժեքով (լավ է, սակայն զարմանալի է, որ միայն 4-րդ): Հայտը պատրաստվել է ՀՀ ԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի« մշակույթի նախարարության եւ Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից։

Լավ է, որ մշակույթի նախարարությունն այս անգամ չուշացավ եւ լավաշն էլ, հարիսայի եւ այլ ուտեստների պես, թուրքական  կամ ադրբեջանական ու վրացական չդարձավ…

Ինչեւէ, լավաշը հայկական ճանաչվեց ու… հիասթափվեց Ադրբեջանը: Սրանց մամուլն այդ օրը գրում էր՝ «Տապալում. լավաշը հայկական ճանաչվեց», «Մենք տանուլ ենք տալիս մեր մշակույթ­ը», «Դեռ երեկ մեզ խաբում էին» եւ այլն: Վերջին լուրի մասով ասեմ, որ Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը հանդիսավոր կերպով զեկուցել էր« որ ՅՈւՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում հաջողվեց կանխել լավաշի «հայկականացումը»:

Թուրքական ու ադրբեջանական էլեկտրոնային մամուլն այդ օրերին քննարկում էր կազմակերպում, լավաշի թուրքական ծագումն ապացուցող «գիտնականներ» էր գտնում ու զարմանում էր, որ լավաշը թուրք-ադբեջանական ժառանգություն չի ճանաչվել:

Չեմ պատրաստվում թուրքին գողության մեջ մեղադրել, թե գողանում են մեր մշակույթը, պատմությունը եւ ամեն ինչը: Զարմանալն ու զայրանալն էլ տեղին չէ. նրանք մեր բնատուր հայրենիքի մի հատվածին են տեր կանգնել, նրանք մեր տունն են զավթել: Իսկ ինչ է՝ տունը զավթողը պիտի տան հիմքը, պատերը, կահ-կարասին չգործածե՞ր: Այդ մե՛նք պիտի թույլ չտանք ու կամաց-կամաց նրանց ձեռքից խլենք մեր կահ-կարասին, հետո՝ պատերը, հիմքը… ու տեր կանգնենք մեր երկրին: Երբ չենք կանգնում, մե՛նք ենք հայտնվում ծիծաղելի վիճակում, որովհետեւ զավթիչին հյուրընկալության էթիկա դասավանդելը անիմաստ է:

Գանք ցավալի մեկ այլ փաստի: Պարզվում է՝ միայն Թուրքիան ու Ադրբեջանը չեն դեմ եղել, այլեւ՝ Մոնղոլիան, Ղազախստանը եւ, որ ցավալի է, Իրանը: Դե, առաջին չորսը նույն …ինչքն են տարբեր տարաներում: Բայց որ Իրանն էլ դա կանի, ինձ համար զարմանալի է, բայց, ցավոք, արդեն հասկանալի է դառնում իրանական տեսանկյունից. խնդիր ունեին լավաշն իրենցը դարձնելու, բայց սա արդեն մեկ այլ՝ ավելի ուշագրավ թեմա է, որին գուցե անդրադառնամ առաջիկայում… Ընդամենը մի բան կարող եմ հուշել՝ պատմություն-ազգագրություն-կենցաղ շրջանակից. լավաշ թխելը սրբազան ծես է եղել, երբ միավորվել են համայնքի, ընտանիքի անդամները, լավաշ թխելը աշխատատար գործընթաց է եղել, հարս-աղջիկներն են խառնվել, օգնել մեծ մարեին, ալյուրը օրերով երկանքով են աղացել, փառաբանել ցորեն ցանողին, հնձողին, կալսողին… Կրկնում եմ՝ մի ամբողջ գործընթաց, որին գյուղն է մասնակից եղել: Կարծում եմ՝ հասկանալի է՝ ինչ եմ ուզում ասել եւ ինչպես ասացի, գուցե առաջիկայում շատ փակագծեր բացեմ… Աշխարհում շատ ազգերն են լավաշ գործածում, բայց այնպես, ինչպես այն իր հայրենիքում է, ի բնե, ավանդական՝ իր արարման ընթացքով, մերն է, հայկական է ու մերն է նրա իրավունքը:

Իրանը սա շատ լավ գիտի, բայց արի ու տես, որ Լավաշի հայկական պատկանելությունը վիճարկող առաջին մտահոգությունը հայտնել է հենց Իրանը: Հետո պաշտոնական 2 բողոք-նամակներ էին ստացվել Ադրբեջանից ու Թուրքիայից: Հետո էլ՝ Արցախի դեմ հանդես եկած ղազախները, հետո՝ մոնղոլները, ղրղզները… չէ, ղրղզները չկային… բայց կհայտնվեն այլ թյուրքական եղբայրների՝ ուզբեկների ու թուրքմենների հետ: Երբ թուրք-թաթարական արյունակցական կապից խոսում ենք, երբեմն մոռանում ենք, որ մոնղոլ-թաթարական խառնարյունության երկար ժամանակներ են եղել ու զարմանալի չէ, որ մոնղոլը թուրք-թաթարի նման է պահում իրեն՝ հատկապես հայի դեմ:

Ինչեւէ, նկատենք, որ  ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրված է արդեն 4 մշակութային արժեքով՝ դուդուկը, խաչքարերի արվեստը եւ «Սասունցի Դավի­թ» էպոսը: Նրանց ավելացավ լավաշը: Թուրքիայի ու Ադրբեջանի բողոքներն այնքան զավեշտի են վերածվում, որ նրանք անգամ բողոքել էին «Սասունցի Դավի­թ» էպոսի դեմ՝ թե իրենցն է ու իրենցը…

Մի հավելում էլ անենք. լավաշը նաեւ այն մշակութային արժեքն է, որ ցայսօր պահպանվում է շատ գյուղերում, կիրառական է, չմոռացված, եւ ՅՈւՆԵՍԿՕ-ն դրանում համոզվել է, երբ հայկական պատվիրակությունը հայտի ընդունումից հետո  դահլիճում բաժանել է հայկական ավանդական լավաշը:

Իրանի համար նորից կրկնեմ՝ հայկակա՛ն ավանդակա՛ն լավաշը՝ թխված հայկակա՛ն թոնրում: Ու ընդհանրապես, եթե պատմության կեղծարարները չլինեին, հայկական բառն այդքան չէի ասի, կասեի՝ թոնիր, լավաշ, մածուն ու… վերջ, իսկ հիմա ստիպված անընդհատ շեշտում եմ պատկանելությունը՝ հայկական: Հա՛յ-կա՛-կա՛ն:

Աստղինե Քարամյան

* * *

Իրանը պարբերաբար բողոքներ է ներկայացնում Ադրբեջանի դեմ՝ իր մշակութային արժեքները գողանալու առումով: Վերջերս իրանցի պաշտոնյաները հայտարարել էին, որ ճոկանի հայրենիքը Իրանն է եւ այն ՅՈւՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի անվամբ գրանցելը խարդախություն է: ԻԻՀ մշակույթի նախարար հորդորել էր Ադրբեջանին, որ պիտի սթափ մտածել ու ճշմարիտ գործել: «Կարճամիտները, որոնք  ջանում են վերացնել Իրանի մշակույթը, չեն հասնելու իրենց նպատակի­ն»,- ասել էր նախարարը:

Այժմ զարմանալի է, որ լավաշի՝ հայկական լինելու առումով Իրանն է ընդվզել եւ «ադրբեջանական կարճամի­տ» քաղաքականություն է իրականացնում: Իմիջիայլոց, ճոկանի հայրենիքը լինելու հարցը ՅՈւՆԵՍԿՕ-ում իրանալեզու տաջիկները եւս բարձրացրել են՝ նշելով, որ այն պետք է որպես մշակութային արժեք՝ նաեւ Տաջիկստանի ու Հայաստանի անունով գրանցել, քանի որ դեռ ապացուցել է պետք՝ առաջինը որ երկիրը կլինի:

Ինչեւէ, իրանա-ադրբեջանական հակամարտությունը վերսկսում է՝ այս անգամ «Կասպիական ձիո­ւ» պատկանելիության շուրջ: «Ադրբեջանում նման ձի գոյություն չունի, այն կատարելապես իրանական ձի է»,- հայտարարել է Իրանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Մասուդ Խալիլին: Ադրբեջանական որոշ կայքեր տեղեկատվություն են հրապարակել առ այն, թե փոքր տեսակի ձին, որը հայտնի է «Կասպիական ձ­ի» անվամբ, իրականում կասպիական չէ, այլ ունի կովկասյան արմատներ: Իրանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահը, հերքելով ադրբեջանական կողմի վերոնշյալ պնդումները, նշել է. «Ադրբեջանում նման տեսակի ձի գոյություն չունի. ուստի «Կասպիական ձիուկ­ը» համաշխարհային մակարդակով չի գրանցվել Ադրբեջանի անվամբ, քանզի իրանական ձի ­է»:

Այդ ձիու տեսակի պաշտպանության նպատակով ստեղծված կազմակերպություններ են գործում աշխարհի 15 երկրներում, որոնց համակարգող կազմակերպությունը գտնվում է Մեծ Բրիտանիայում: «Ձիատեսակի պաշտպանության հարցով Անգլիայում գործող կազմակերպությանը անդամակցում է նաեւ Իրանը. Իսկ կազմակերպության համաշխարհային ժողովը եկող տարի անցկացվելու է Իրանում:

Այսպես Իրանի ու Ադրբեջանի միջեւ հասունանում է ինչպես նոր տարածքային վեճերի թեմա, այնպես էլ մշակութային ու պատմական հարցերի:

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի յանջավիին որպես ադրբեջանական ներկայացնելուց՝ սեփականացնում է նաեւ իրանական երաժշտական գործիքները, վերոնշյալ ճոկան մարզախաղը եւ այլն, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների ու արվեստագետների դժգոհությունը:

Մենք պետք է նախանձախնդիր լինենք մեր արժեքների պահպանմամբ եւ փաստերով հարվածենք բոլորին՝ առանց տարբերություն դնելու:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 40 (345), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։