Հայկական խոհանոց – Դդումը՝ կաթով, մեղրով… Պատանի հայ երաժիշտները Մոսկվայում… Աշխարհի մարզական հեւքից – Օլիմպիական խաղերը՝ հեթանոսական ծես… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Դդումը՝ կաթով, մեղրով

Բաղադրությունը – Դդում – 1 կգ, յուղ-  2 ճաշի գդալ, կաթ – 1 բաժակ, ալյուր – 0.5 բաժակ, մեղր – 3 ճաշի գդալ, աղ -1 պտղունց, ընկույզ – 100 գ, չամիչ – 100 գ:

Պատրաստման եղանակը – Դդումը մաքրել, կտրտել, խաշել: Ալյուրը բովել, ավելացնել յուղը, կաթով բացել, որպեսզի դառնա խյուս: Խաշած դդումը լցնել խյուսի մեջ, ավելացնել ընկույզը, չամիչը եւ երեսին լցնել մեղր:

«Բրոնզե Շչելկունչիկ»-ը՝ 14-ամյա Դանիել Մելքոնյանին

Մոսկվայում դեկտեմբերի 2-9-ը կայացավ Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը, որի մասնակցեցին 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտներ՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղասախստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թայլանդից: Այս տարվա հոբելյանական մրցույթին Հայաստանից մասնակցել են Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակահար Պոլինա Շարաֆյանը (դասատու՝ պրոֆեսոր Ալ. Կոսեմյան) եւ շեփորահար Դանիել Մելքոնյանը (դասատու՝ դոցենտ Գ. Սարգսյան):

14-ամյա հայ շեփորոհար Դանիել Մելքոնյանն արժանացել է «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի, իսկ 12-ամյա Պոլինա Շարաֆյանը՝ դիպլոմի: Դանիելը հանդես է եկել Ա. Գեդիկեի, Ս. Ռախմանինովի, Է. Բարայի, Յ. Գումմելի ստեղծագործություններով: Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթն անցկացվել է 3 անվանակարգերում՝ դաշնամուր, փողային եւ հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ:

Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները գնահատվել են անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրիի կողմից:

Ամենամյա այս մրցույթը հիմնադրվել է դեռեւս 2000թ.՝ ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի կողմից: Տեսակի մեջ եզակի այս երաժշտական մրցույթը մինչ օրս մնում է Ռուսաստանի Դաշնության մանկական հեռուստատեսային միակ մրցույթը՝ դասական երաժշտության բնագավառում:

Տարիների ընթացքում մրցույթն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի մեկուկես տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրիա, Բուլղարիա, Բելառուս, Հունգարիա, Վրաստան, Ղազախստան, ԱՄՆ, Կանադա, Կորեա, Ֆրանսիա, Լատվիա, Շվեդիա, Ճապոնիա եւ այլն: Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության եւ դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները:

«Շչելկունչիկ» մրցույթին Հայաստանի պատվիրակները մշտապես ցուցաբերել են ակտիվ մասնակցություն՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր. 2006թ. Էմմանուել Ճգնավորրյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2006», 2009թ. Դիանա Խաչատրյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2011թ. Եվգենիա Աբրահամյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2012թ. Դիանա Ադամյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2012»:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Օլիմպիական խաղերը՝ հեթանոսական ծես

Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը փաստացի համարվում է մ.թ.ա. 776թ., երբ խաղերն սկսել են համարակալել եւ գրանցել հաղթողների անունները: 281թ. կայացած օլիմպիական խաղերում, ըմբշամարտ մարզաձեւում, հաղթանակ է տոնել Հայոց Տրդատ Արշակունի արքայազնը:

Նա 287թ. հռչակվել է Մեծ Հայքի արքա: Վարազդատ Արշակունին 394թ. տեղի ունեցած Հին աշխարհի վերջին օլիմպիական խաղերում, կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է:

Հնագույն ժամանակների օլիմպիական խաղերը, որպես հեթանոսական ծես, 394թ. դադարեցվել են Հռոմի կայսր Թեոդորոս Ա-ի հրովարտակով:

Օլիմպիական խաղերի երկրորդ ծնունդը տեղի է ունեցել 1896թ.:

Խստացրեց պետական միջոցների վերահսկողությունը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ֆեդերացիաների տարեվերջյան առաջին լսումների ժամանակ հայտարարել է, որ պետական միջոցների հատկացումներն այսուհետ լինելու են խիստ հսկողության տակ: Նա նշել է, որ ֆեդերացիաների ներկայացրած 2015թ. նախահաշիվները պետք է լինեն ամբողջությամբ հիմնավորված:

Նախարարը միաժամանակ տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների ղեկավարներից պահանջել է ներկայացնել 2015թ. Բաքվում տեղի ունենալիք Եվրոպական 1-ին խաղերի, ինչպես նաեւ Ռիո-2016 օլիմպիական խաղերին տվյալ մարզաձեւը ներկայացնող ամենահավանական թեկնածու մարզիկների ցուցակը, նրանց լավագույնս նախապատրաստելու ծրագրերը:

Մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցել է ՀՀԿ 12-րդ ավանդական խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարի փակման արարողությանը:

Մրցաշարին մասնակցել են ՀՀԿ տարածքային կազմակերպության թիմերը: Թիմային եւ անհատական հաշվարկով կայացած մրցաշարի հաղթողներին եւ մրցանակային տեղ գրաված թիմերին Սերժ Սարգսյանը հանձնել է գավաթ, պատվոգրեր ու հուշամեդալներ:

Շախմատային մրցաշար 7 տարի անց

ՀՀ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը Հայաստանի Շախմատի ակադեմիայի հետ համատեղ դեկտեմբերի 13-23-ը կազմակերպել է շախմատի մրցաշար ծրագրավորման կազմակերպությունների միջեւ: Թեեւ 1-ին մրցաշարից անցել է 7 տարի, կազմակերպությունը կարեւորելով շախմատի դերը եւ գնահատելով հայ ծրագրավորողների ճկուն միտքը, նախաձեռնել է կրկին կազմակերպել նման մրցաշար:

Մրցաշարին մասնակցում են 10-ից ավելի ծրագրավորման ընկերություններ: Ընդհանուր առմամբ տեղի է ունենալու 3 խաղ, որոնցից 2-ը (դեկտեմբերի 13-ին եւ 20-ին) կկայանան Հայաստանի Շախմատի ակադեմիայում, իսկ եզրափակիչ խաղը` «Սիներջի Բիզնես» կենտրոնում (դեկտեմբերի 23-ին), որտեղ եւ տեղի կունենա մրցանակների հանձնման արարողությունը:

Կազմակերպիչները մասնակիցների համար նախատեսել են եւս մեկ անակնկալ. մրցանակաբաշխության ժամանակ մրցաշարի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել հայ անվանի գրոսմայստերի հետ, ով նրանց հետ նաեւ միաժամանակյա սեանս կանցկացնի:

Լեւոն Արոնյանը եւս մասնակցեց

Չինաստանում ավարտվեց Համաշխարհային մտավոր խաղերի շախմատային մրցաշարը, որին մասնակցում էր նաեւ հայ գրոյսմաստեր Լեւոն Արոնյանը։ Մրցումների վերջին օրը կայացան «բասկյան համակարգով» մրցաշարի եզրափակիչ 4-րդ եւ 5-րդ փուլերը, երբ խաղն ընթանում է միաժամանակ 2 խաղատախտակների վրա։ Մրցաշարի արդյունքներով մեր առաջատար շախմատիստը վաստակեց 5 միավոր եւ զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ Հաղթող դարձավ Յան Նեպոմնյաշին, ով 7.5 միավոր էր վաստակել։

Բլից մրցաշարում, 16 շախմատիստների պայքարում Լևոն Արոնյանը վաստակած 17,5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ով վաստակեց 19,5 միավոր:

Հայ շախմատիստները՝ Եվրոպայի առաջնություններում

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ավարտված Եվրոպայի կայծակնային խաղի առաջնությունում Սերգեյ Գրիգորյանցը 22 հնարավորից վաստակեց 15, Լիլիթ Մկրտչյանը` 13,5, Տիգրան Ս. Պետրոսյանը` 13 միավոր:

19 միավորով չեմպիոն դարձավ Դավիդ Նավարան (Չեխիա):

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, դեկտեմբերի 20-21-ին Վրոցլավում կանցկացվի Եվրոպայի արագ շախմատի առաջնությունը:

Հայ գրոսմայստերները՝ Ալ Էյնում

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լևոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը հաղթանակներ են տոնել ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում սկսված օփենի անդրանիկ տուրում:

Հովհաննես Գաբուզյանը հավասարվեց Վովկին

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվող օփենում 7 փուլից հետո վաստակել է 5,5 միավոր եւ գրոսմայստեր Յուրի Վովկի (Ուկրաինա) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայ շախմատիստները՝ Պավլոդարում

Ղազախստանի Պավլոդար քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը, ով իր վարկանիշով 1-ին էր 100 մասնակցիների մեջ, չկարողացավ մտնել առաջին եռյակ: Մեր գրոսմայստերը 10 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ բաժանեց 7-10-րդ տեղերը: Նա 1,5 միավորով ետ մնաց մրցաշարի հաղթող ռուսաստանցի Սերգեյ Վոլկովից, չնայած իր վարկանիշով 1-ին էր 100 մասնակցիների մեջ: Մեր մյուս մասնակից Վահե Բաղդասարյանը 6 միավորով մրցաշարն ավարտեց 20-րդ հորիզոնականում:

Մարզիչները քննություն են հանձնում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի դասընթացը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մասնակիցների թվում են Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ Երեւանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, Հայաստանի մինչեւ 16 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը, Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Դանիելյանը, մարզիչներ Ռազմիկ Գրիգորյանը, Արա Նիգոյանը, Տիգրան Պետրոսյանցը, Արթուր Մինասյանը, Արթուր Ոսկանյանը, Արմեն Տոնոյանը, Ներսես Մանուկյանը, Վարուժան Սուքիասյանը, Վահե Գեւորգյանը, Արտակ Օսեյանը, Ստեփան Բաղդասարյանը, Արկադի Չիլինգարյանը, Սարգիս Աղաջանյանը եւ Մանուկ Սարգսյանը:

Բոլոր մասնակիցները հանձնել են տեսական քննությունները, որոնց գնահատականները հայտնի կդառնան մի քանի օրից: Առջեւում գործնական պարապմունքներն են եւ մասնագիտական թեզի պաշտպանությունը, որից հետո պարզ կդառնա, թե մարզիչներից ովքեր կստանան Ա արտոնագիր, որը թույլ է տալիս աշխատել որպես գլխավոր մարզիչ Բարձրագույն խմբի թիմերում: Դասընթացները եւ քննություններն անցկացնում են ՀՖՖ հրահանգիչներ Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Բարսեղյանը, Սուրեն Չախալյանը եւ Մամիկոն Ղարիբջանյանը:

Լավագույն ֆուտբոլիստը կընտրվի 72 խաղացողներից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում մրցույթների քվեարկության սկիզբը: 2014թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում է 72 խաղացող, իսկ տարվա մարզչի կոչման համար կպայքարի 15 մասնագետ, այդ թվում նրանք, որոնք արդեն պաշտոնանկ են արվել: Քվեարկությունը կտեւի մինչեւ դեկտեմբերի 17-ը ներառյալ:

«Մխիթարյանին ընդմիջումն անհրաժեշտ էր»…

Գերմանական Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին լուրը: «Վնասվածքները միշտ էլ վատ բան են, սակայն Մխիթարյանի վնասվածքի մեջ ես նաեւ դրականն եմ տեսնում: Վերջին ժամանակներս Հենրիխը շատ է հոգնել, առաջին հերթին՝ հոգեբանորեն: Մեզ բոլորիս համար այս մրցաշրջանը շատ ծանր է, իսկ Մխիթարյանի խաղը վերջին ամիսներին կոշտ քննադատության է ենթարկվում: Կարելի է ասել՝ նրան բոլորից շատ է հասնում: Նման իրավիճակում Մխիթարյանին ընդմիջումն անհրաժեշտ էր: Այն մեր ֆուտբոլիստին հնարավորություն կտա «վերալիցքավորել մարտկոցները»:

Գերմանիայի առաջնությունում մեկամսյա ընդմիջումը պետք է որ օգտակար լինի «Բորուսիային»: Վնասվածք ունեցող ֆուտբոլիստները շարք կվերադառնան, մենք կհանգստանանք ու կմոռանանք անցյալի անհաջողությունները: Մրցաշրջանը դեռ կարելի է փրկել: Չեմ կարող խոստանալ, որ դա կհաջողվի մեզ, սակայն մենք կփորձենք առաջ ընթանալ ամեն օր»,- Կլոպի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն Էստոնիայում

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 11-14-ը ուսումնամարզական հավաք այցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այժմ մեր ընտրանին Էստոնիայում է, որտեղ անցկացրեց 3 ընկերական հանդիպում, որից 2-ը՝ Էստոնիայի հավքաականի հետ, առաջին խաղում հաղթել ենք՝ 3:1 հաշվով, երկրորդ խաղում եւս հաղթեցին մեր ֆուտբոլիստները: Այնուհետեւ ուժերը չափեցին էստոնական «Արարատ-ՏՏՈւ» ակումբի հետ եւ կրկին հաղթանակ՝ 4:2 հաշվով:

Սա ֆուտզալի Հայաստանի հավաքականի վերջին նախապատրաստությունն է հունվարի 13-18-ը Շվեդիայում կայանալիք ֆուտզալի Եվրոպայի 2016թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներից առաջ: Մեր ազգային թիմի մրցակիցները կլինեն Իսրայելի, Շվեդիայի եւ Շոտլանդիայի հավաքականները:

Հայ ըմբիշը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ) հավասարը չունեցավ Ռուսաստանում կայացած Սերգեյ Տարասկինի միջազգային հուշամրցաշարում: Պարտության մատնելով մրցակիցներին՝ կանգնեց պատվո պատվանդանի 1-ին տեղում: 25-ամյա մարզիկը 5 գոտեմարտ անցկացրեց եւ բոլորն էլ ժամկետից շուտ գրանցեց իր օգտին:

Հայտնի են ձյուդոյի Հայաստանի նոր չեմպիոնները

Երեւանի Խուլ-համրերի միավորման մարզադահլիճում կայացավ 2014թ. ձյուդոյի Հայաստանի մեծահասակների առաջնությանը, մասնակցեց 97 տղամարդ եւ 11 կին ձյուդոյիստ:

Կանանց մրցաշարում առաջին տեղերը զբաղեցրին եւ ոսկե մեդալի արժանացան Սոսե Բալասանյանը (52 կգ քաշային կարգ) եւ Նելլի Ավետիսյանը (+52 կգ):

Ձյուդոյիստների պայքարում ըստ քաշային կարգերի հաղթող ճանաչվեցին Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ), Արսեն Ղազարյանը (66 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ) եւ Ազատ Աբրահամյանը (+90 կգ):

Առաջնության արդյունքներով կձեւավորվեն Հայաստանի ձյուդոյի տղամարդկանց եւ կանանց հավաքականները, որոնք 2015թ. կպայքարեն 2016թ. օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 41 (346), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 41 (346), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։