Նախագահների մրցու՞թ, թե՞ ազդարարում – «մեսի՞ջ»՝ ՀՀ եւ ԼՂՀ ապագա նախագահների… Եռյակը վերստին քառյա՞կ դարձավ… ԱԺ-ն հայտարարեց պաշտոնյաների եւ ազատամարտիկների հանդեպ բռնությունների անթույլատրելիության մասին…

Տեղեկատվություն է տարածվել, որ ԼՂՀ վարչապետը սկսել է շրջանառել, որ հաջորդ նախագահը ինքն է լինելու: Վարչապետ Արայիկ Հարությունյանը իբր անձամբ է հետեւում այդ մտքի ծավալմանը: Ավելին՝ նա քաղաքական շրջանակներում բարձրաձայնել է ոչ միայն իր ցանկության մասին, այլ հայտարարել է, որ կփոխարինի գործող նախագահ Բակո Սահակյանին, քանի որ ինքը կարող է հաղթել բոլորին, այդ թվում՝ Արկադի Ղուկասյանին:

Վարչապետ Հարությունյանը նախկին նախագահ Ղուկասյանի անունը պատահական չի շեշտել:

Վերջինիս վերադարձի մասին վաղուց են խոսում՝ թեման մերթ ընդ մերթ կապելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ:

Խոսում են նաեւ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի իրավահաջորդի մասին: Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ՝ Զատիկի պատարագից հետո, Ջրօրհնեքին օրվա խաչի կնքահայրը Սերժ Սարգսյանն էր: Իսկ այժմ նախատեսված է, որ լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը...

Չի բացառվում, որ սա արդեն  բաց կոչ է ինչպես քաղաքական դաշտին, այնպես էլ հանրությանը: Գուցե այսպես նախագահի ցանկալի իրավահաջորդի մասին ազդարարվում է՝ կարծիքները արդեն իսկ ճշտելու համար:

Եթե սահմանադրական փոփոխություններն իրականանան եւ երկրի 1-ին դեմքը վարչապետը լինի, ապա այս ծավալումները չեն բացառվում: Եթե այդ բարեփոխումները տապալվեն, չի բացառվում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, եւ այստեղ արդեն Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը կարող է իր հայտը ներկայացնել:

Այս դեպքում նաեւ ընդդիմադիր ուժերն ավելի արագ կմասնատվեն, եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առավել խրոխտ կկանգնի Ռոբերտ Քոչարյանի, քան թե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Ըստ իրավիճակի՝ շատ ընդդիմադիրներ նույնպես կկանգնեն իշխանական թեւի ընդունած որոշման կողքին, ինչպես միշտ է եղել: ՀՀ քաղաքական վերնախավը լուրջ սերնդափոխության կարիք ունի՝ ավելի քան 25 տարվա «հնությունից»:

Արտակ Հայոցյան

Եռյակը վերստին քառյա՞կ դարձավ

ԱԺ-ում կայացավ ընդդիմադիր քառյակ կարգավիճակով առաջին նիստը: Քառյակ, որովհետեւ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» (ԺԿ) կուսակցություններին միացավ նաեւ խորհրդարանական ընդդիմադիր ՕԵԿ-ը, որ երկար ժամանակ մերժված էր եռյակի կողմից:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ տարբեր հարցեր են առաջադրել, որոնք հնարավորինս հստակեցվել են: Մինչդեռ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը նախապես ասել էր, թե հավաքվել են, որպեսզի օրակարգը քննարկեն: Նիստը տեւեց մոտ 1 ժամ, որից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ 4 խմբակցությունները համատեղ կանեն մամուլի ասուլիս եւ հայտարարություն: Այն արվեց: ԲՀԿ, ՀԱԿ, ԺԿ, եւ ՕԵԿ խմբակցությունները պահանջում են փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի հրաժարականը: Նրանք շարունակելու են բոյկոտը եւ չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նստաշրջանին: ԺԿ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը մասնավորեցրեց, որ իրենց պատրաստած համատեղ հայտարարության հիմանական պահանջն այն է, որպեսզի սպառնալից հայտարարություններ անող այդ պաշտոնյան պաշտոնակ արվի, հակառակ դեպքում՝ նա, ունենալով իր տրամադրության տակ զորք, ամեն պահի կարող է իր սպառնալիքը կյանքի կոչել:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ վերջին բռնարարքներից հետո իշխանությունները հայտարարում են, թե դա այլ ուժի կողմից է արվում եւ ուղղված է հենց իշխանության դեմ: Այդ դեպքում՝ ոչ ոք չէր խանգարում ՀՀԿ-ին չձախողել արտահերթ նիստը. «Թող գար, ներկայացներ այն հիմնավորումները, թե ինչպես էին այդ արարքներն ուղղված իշխանության դեմ: Եթե հերթական անգամ փախչում են արտահերթ նիստից, դա նշանակում է, որ ասելիք չունեն ու ընդամենը մերկապարանոց հայտարարություններ են անում: Հիմանավորումներ ունեցող, փաստեր ու ասելիք ունեցող ուժն առաջին շահագրգիռ կողմը պետք է լինի, որ հրավիրվեր արտահերթ նիստ:

Բացի Լեւոն Երանոսյանին պաշտոնանկ անելու պահանջից. 4 ուժերի հայտարարությամբ կոչ արվեց, որպեսզի ԱԺ-ն խստորեն դատապարտի բռնությունները, ինչպեսեւ իրավապահներից պահանջի արագ բացահայտել այդ դեպքերը, նաեւ ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ այսուհետ կանխելու քաղաքակիրրթ ու ժողովրդավար երկրին անհարիր նման երեւույթները: Արտահերթ նիստի դեպքում պատրաստվում են նաեւ ԱԺ հրավիրել Լեւոն Երանոսյանին, ով միգուցե կմատնանշի այն օրենքը, որի համաձայն կարող է «թուլի պես կտրել այս կամ այն անձի ականջները»:

ՀՅԴ-ն եւս ցանկանում էր բռնությունների թեմայով արտահերթ նիստ հրավիրել, բայց այլ հայտարարության տեքստով, մինչդեռ ոչ իշխանական 4 ուժերի համար ՀՅԴ առաջարկած հայտարարության տեքստն ընդունելի չէր:

Ընդդիմադիրների ուզած արտահերթը տապալվեց՝ ՀՀԿ-ն դեմ էր, բայց մեկ այլ արտահերթ կայացավ, քանի որ ԵՄ-ն եւս միջամտել էր: Եվ ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «ԱԺ-ն՝ 1. Անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ, 2. Դատապարտում է վերջին օրերին առանձին պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքն ու հրապարակային արտահայտությունները, 3. Դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն, 4. Առանձնահատուկ կարեւորում է հասարակական-քաղաքական գործընթացներում զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը, 5. Վերահաստատում է ԱԺ բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն եւ բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:

ԱԺ-ն իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները եւ բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին եւ պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ»:

Հիշեցնենք, որ այս որոշումը ԱԺ-ն ընդունեց քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների ալիքից հետո: ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց պատգամավորներ Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ) եւ Վահրամ Բաղդասարյանի (ՀՀԿ) ներկայացրած. «ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը՝ վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ»: Պատգամավորները 71 կողմ, 1 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեցին հայտարարության նախագիծը: Քվեարկությանը չմասնակցեց 14 պատգամավոր: Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել էր ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների կողմից՝ քննարկելու ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, մի շարք ազատամարտիկների ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպերը:

Հիմնական զեկույցում Արմեն Ռուստամյանը կարեւորեց միացյալ հայտարարության ընդունումը: Նրա խոսքով, այս հայտարարությունը ոչ այնքան վերաբերում է մինչեւ հիմա կատարվածին, որքան կարեւոր կանխարգելիչ նշանակություն ունի ապագայի համար: Կարեւորվեց խորհրդարանի կողմից երեւույթին քաղաքական գնահատական տալը: ՀՅԴ-ական պատգամավորի գնահատմամբ, ճիշտ կլիներ, որ հայտարարությունը ստորագրվեր բոլոր պատգամավորների կողմից, ինչն ավելի նպատակային եւ ուժեղ կդարձներ դատապարտող ու կանխարգելող այս հայտարարությունը: Ըստ նրա, այս երեւույթները միահամուռ պետք է դատապարտվեն ու վերացնեն անպատժելիության զգացումը մարդկանց մոտ, այդ անձինք պետք է իմանան, որ որեւէ հանդուժողականություն չի կարող լինել այդ արարքների նկատմամբ: Նման հարցերում շատ կարեւոր համարվեց քաղաքական բոլոր ուժերի համաձայնեցված աշխատանքը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀԿ-ն դատապարտում է նման երեւույթները: Ըստ նրա, ներկայացված է «քաղաքական տեսանկյունից կոռեկտ եւ այսօրինակ դեպքերը դատապարտող փաստաթուղթ»: Հայտարարությունը վերաբերում է բոլոր այն երեւույթներին, որոնք հակասում են քաղաքական դաշտի կայացմանը: Իսկ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր խմբակցությունների հետ՝ ունենալու համար 6 քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստաթուղթ:

Այժմ, ոստիկանությունն իսկապես համարժեք գործողություններով պիտի վերջ տա այս տհաճ իրավիճակին:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 41 (346), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։