Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի 40-ամյակին ընդառաջ – Վրիժառու ճանապարհ, որը դեռ արդիական է… Ով միայն ներողությամբ կբավարարվի՝ նա կնախաձեռնի մի նոր ցեղասպանություն…

Վերջերս լույս է տեսել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի «Վավերագրություն զինյալ եւ հրատարակչական գործունեություն» գիրքը, որի հեղինակն է Սագօ Օգնայեանը (Լիբանան, Բեյրութ): Գիրքը հրատարակվել է Լիբանանի «Սփյուռք» պարբերաթերթի հրատարակչությամբ, 150 էջանոց է եւ բաղկացած է 3 հիմնական բաժիններից:

Գրքի հեղինակ Սագօ Օգնայեանը հարցազրույց է տվել, որն ուղարկվել է «Լուսանցք»-ի խմբագրություն: Հարցազրույցը հանձնվել էր նաեւ զլմ-ներին, բայց մեր դիտարկմամբ, այն արձագանք չգտավ տպագիր մամուլում, ինչից հետո որոշեցինք տպագրել հարցազրույցը՝ հաշվի առնելով ՀԱՀԳԲ-ASALA-ի հանդեպ ունեցած մեր խորը հարգանքը եւ նվիրյալ տղաների՝ նորից ի հայտ գալու կարեւորությունը: Նաեւ՝ որպեսզի ասված խոսքը հասանելի լինի մեր ընթերցողներին:

Ըստ հեղինակի, գիրքը կը բաղկանայ 3 մասերէ, որոնց ենթախորագիրներն են.-

Ա) «ՀԱՀԳԲ-ի Ռազմական Գործողութիւնները»: Մանրամասնօրէն կը տրուին այն զինուորական գործողութիւնները (ընդամէնը 256 թիրախ եւ 45 մահ), որոնց պատասխանատուութիւնները ստանձնած են ՀԱՀԳԲ-ն եւ իրեն ենթակայ փոքր խմբաւորումները:

Բ) ՀԱՀԳԲ-ի Գրահրատարակչութիւնը». Կը բովանդակէ‘

ա. տեղեկութիւններ ՀԱՀԳԲ-ի պաշտօնաթերթ «Հայաստան»-ի մասին, որուն մէջ լոյս տեսած են հայերէն, արաբերէն, անգլերէն, ֆրանսերէն, յունարէն, թրքերէն, պարսկերէն եւ ռուսերէն լեզուներով յօդուածներ:

բ. ՀԱՀԳԲ-ի հրատարակած գրքոյկներն ու գիրքերը հայերէն, արաբերէն, անգլերէն, ֆրանսերէն լեզուներով, ընդամէնը 40 հատ, տրուած են այս հրատարակութիւններուն մասին տեղեկութիւններ եւ անոնց կողքի նկարները:

գ. ՀԱՀԳԲ-ի որմազդները, բացատրութիւններ իւրաքանչիւրին բովանդակութիւնը իրենց նկարներով, ընդամէնը 52 որմազդ:

Գ) ՀԱՀԳԲ-ի նահատակները, որոնց դամբանաքարերը զետեղուած են Եռաբլուրի մէջ: Հոս կը տրուին իւրաքանչիւրին մասին կարճ տեղեկութիւններ իրենց նկարներով, ընդամէնը 39 նահատակ:

- Գիրքը նոր էջ կբացի՞ մեր նորագույն զինյալ ազատագրական պայքարի պատմության  մեջ՝ ծառայելով որպես ձեռնարկ  պատմաբանների եւ հասարակության համար:

- Գիրքին Ա եւ Բ մասերը թէեւ նախապէս լոյս տեսած են Լիբանանի մէջ հրատարակուող «Սփիւռք» պարբերաթերթի համարներուն մէջ, սակայն որպէս գիրք առաջին անգամ լոյս կը տեսնէ եւ կարգ մը փոքր յաւելումներով կը նկատուի գրեթէ ամբողջական, որմէ կրնան օգտուիլ ուսումնասիրողներն ու լայն հասարակութիւնը: Աղբիւրները հարազատ են, հիմնականապէս օգտուելով ՀԱՀԳԲ-ի արխիւներէն, նաեւ զանոնք բաղդատելով ուրիշ հայ եւ օտար աղբիւրներու հետ, ըլլան անոնք մամուլ թէ գիրքեր:

- Շուտով, 2015թ. հունվարի 20-ին լրանում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի 40-ամյակը, այս առիթով ի՞նչ կասեք, արդյո՞ք եղել են ձեռքբերումներ ու բացթողումներ Հայկական Հարցի արդարացի լուծման առումով:

– 2015 տարեթիւը ոչ միայն կը յատկանշուի ՀԱՀԳԲ-ի ծննդեան 40-ամեակով, այլ նաեւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցով: Վերջինով մենք կորսնցուցինք մեր պատմական հողերուն մեծամասնութիւնը, իսկ առաջինը ծնունդ առաւ այդ պատմական հողերու ազատագրութեան նպատակով: Շատեր կը խեղադիւրեն ՀԱՀԳԲ-ի հիմնական այս նպատակը, շփոթելով զայն ուրիշ հայկական կազմակերպութիւններու նպատակներուն հետ: ՀԱՀԳԲ-ին անունը յստակօրէն կը բացատրէ իր նպատակը, որն է ազատագրել հայկական պատմական հողերը թուրք բռնագրաւիչներէն: Անոր նպատակը բնաւ չէ եղած Եղեռնի նահատակներուն վրէժը լուծել, քանի որ այդ ժամանակահատուածը կը նկատուի 1920-ականները, ուր «Նեմեսիս» խումբը ծրագրեց եւ իրագործեց սպաննելով թուրք ոճրագործներուն մէկ մասը, այսպիսով վրէժը լուծելով հայ նահատակներուն: ՀԱՀԳԲ-ի  հիմնական նպատակը նաեւ բնաւ չէ եղած զինուորական գործողութիւններ կատարելով քարոզչական աշխատանք տանիլ: ՀԱՀԳԲ-ն Հայկական Դատ կամ Հայկական Հարց ըսելով կը հասկնայ միայն զինեալ գործողութիւններով ազատագրել հայկական հողերը, իսկ մնացեալներ՝ գրահրատարակչութիւնը, քարոզչութիւնը, եւ այլն կու գան ամբողջացնելու զայն:

Շատեր ազդուած արեւմտեան քարոզչութենէն ՀԱՀԳԲ-ն կը նկատեն ահաբեկչական կազմակերպութիւն, մինչ ան եղած է յեղափոխական միակ կազմակերպութիւնը Սփիւռքի տարածքին:

ՀԱՀԳԲ-ն ժամանակաւորապէս սառեցուց իր գործողութիւնները Հայաստանի Հանրապետութեան անկախացումէն եւ Արցախի ազատագրութենէն յետոյ: Այս վերջինին մէջ նկատելով իր նպատակներէն մէկ փոքր մասի՝ հայկական հողերու արեւելեան կողմի ամբողջական ազատագրումը: Իսկ հողերու արեւմտեան մասի ազատագրումը տակաւին կը մնայ հիմնական նպատակակէտը այս կազմակերպութեան: Ուստի ան չի լուծարուիր մինչեւ որ չհասնի իր հիմնական նպատակին, որն է ազատագրել Թուրքիոյ բռնակցուած հայկական հողերը:

- 2015թ. ապրիլի 24-ին էլ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Ձեր խոսքը՝ ուղղված հայությանը:

– Հայ ազգի մէկուկէս միլիոնի եղեռական բնաջնջումին եւ հողերու կորուստն ու հայ մնաորդացի ցիրուցան տարածուիլը տարբեր երկիրներու մէջ կը նկատուին մեր պատմութեան մէջ եզակի իրողութիւն մը, որ չէ պատահած նախապէս: Սփիւռքը վերջաւորութեան ուծացումի պիտի երթայ եւ տկարանայ: Հայը միայն կը յաւերժանայ իր հողին վրայ: Ուստի, ամէն մարզի մէջ (տնտեսապէս, ռազմականօրէն, բազմածնութեամբ, արտագաղթի դէմ պայքարելով) զօրացնենք այժմու Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները, որպէսզի յետագային զայն խարիսխ ծառայելով ազատագրենք մնացած հողերը:

- Հետագայում կընդլայնվի՞ ձեր փաստա-վավերագրական աշխատությունը՝ նվիրված հայ վրիժառուական կազմակերպության 40 տարվա գործունեությանը:

– Բնական է որ 40 տարուայ գործունէութիւնը չի կրնար ամփոփուիլ մէկ կամ քանի մը գիրքերու մէջ: Մանաւանդ իր ծնունդէն մինչեւ 1986թ. ՀԱՀԳԲ-ը հսկայ պատմութիւն թողած է, որ պէտք է պրպտենք եւ բոլորին ներկայացնենք: ՀԱՀԳԲ-ի 39 նահատակները, որոնք հերոսներ են զոհուած Հայկական Դատի վեհ նպատակին համար, իւրաքանչիւրը ունեցած է իր իւրայատուկ գործունէութիւնը եւ ազատագրութեան ճամբուն վրայ իրենց երիտասարդ կեանքը նուիրած են ազգին:

ՀԱՀԳԲ-ն իհարկե ունեցաւ իր մեծ դերը Հայկական Հարցի՝ Հայ Դատի նկատմամբ, որ չէր պատահած նախապէս Սփիւռքի ամբողջ պատմութեան ընթացքին:

Պատրաստեց Գարիկ Ավետիսյանը

Հ.Գ. – «Լուսանցք»-ը մեկ անգամ էլ է նշում, որ պատրաստ է հայկական վրիժառուական այլ կառույցների եւս անդրադառնալ:

Թուրքական «Gunaydin» օրաթերթը 1982թ. օգոստոսի 8-ին գրում է. «1973-ին սկիզբ առած հայկական հարձակումները. հասան իրենց գագաթնակետին. Հայերն 9 տարվա ընթացքում 23 հարձակում գործեցին թուրք դիվանագետների ու թուրքական հաստատությունների վրա. սպանված թուրք դիվանագետների թիվը հասավ 28-ի, իսկ վիրավորներինը՝ 69-ի: …Հայ ահաբեկչական կազմակերպությունների կողմից թուրքերի դեմ կատարված հարձակումների մեծ մասը իրականացրել է ԱՍԱԼԱ-ն: Հայկական կազմակերպություններից ամենահզորն ԱՍԱԼԱ-ն է: Հայկական մյուս կազմակերպություններից իր անկախությունը հռչակած ԱՍԱԼԱ-ն անկախ Հայաստան ստեղծելու համար մղելու է հարատեւ պայքար»:

Այդ պայքարը բոլորինս է, եւ Հայոց ցեղասպանության զոհերի ամենակարեւոր փոխհատուցումը Հայկական լեռնաշխարհում Հայաստանի վերականգնումն է: Ով միայն ներողությամբ կբավարարվի՝ նա կնախաձեռնի մի նոր ցեղասպանություն...

«Լուսանցք» թիվ 41 (346), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։