Հայաստանը 3-րդն է սպառազինության «մրցույթում»… Նրանք զինվում են… Նավթային նոր խաղեր… Ո՞վ է Քըրքի խորհրդատուն (կվաճառե՞ն Արեւմտյան Հայաստանը)… Հայերենը՝ պաշտոնական լեզու Քրդստանում…

Հայաստանը 3-րդն է սպառազինության «մրցույթում»

BICC Բոնի կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակել է «Գլոբալ սպառազինությունների ինդեքս 2014» հերթական ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանն ամենաշատ սպառազինություններ ունեցող երկրների շարքում 3-րդ տեղում է:

Զեկույցում ներառված են 151 երկրներ: Սպառազինությունների ինդեքսը կազմելիս հաշվի է առնվում երկրի ՀՆԱ-ում ռազմական եւ առողջապահական ծախսերի, ինչպես նաեւ ծանր տեխնիկայի ու երկրի բնակչության թվի հարաբերակցությունը: Ըստ այդմ՝ երկրները գնահատվում են 0-1000 միավորով, որտեղ աճը դեպի 1000 նշանակում է, որ երկիրը ավելի շատ սպառազինություններ ունի, իսկ դեպի 0՝ հակառակը:

Այս տարի Հայաստանը զեկույցում 3-րդ տեղում է՝ 783,0 ընդհանուր միավորով: Նախորդ տարի Հայաստանը զեկույցում 4-րդ տեղում էր՝ 724,12 միավորով:

1-ին տեղում է Իսրայելը՝ 831,6 միավորով, իսկ 2-րդում Սինգապուրն է՝ 801,0 միավորով: Ըստ ինդեքսի՝ 10 ամենառազմականացված երկրների թվում են նաեւ Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանը եւ Ադրբեջանը՝ 10-րդ տեղում՝ 746,2 ընդհանուր միավորով: Վրաստանը ինդեքսում զբաղեցրել է 47-րդ տեղը, Թուրքիան՝ 27-րդը, Իրանը՝ 30-րդը, ԱՄՆ-ն՝ 31-րդ տեղը: Ինչպես նշվում է, այս տարվա ինդեքսը կազմվել է նախորդ տարվա տվյալների համեմատականի հիման վրա:

Զեկույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում նշված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը վերջին տարիներին ավելացրել են իրենց սպառազինությունները:

Հայաստանի դեպքում ռազմական ծախսերը կազմում է ՀՆԱ-ի 4,5%-ը, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 5,4%-ը: Ըստ զեկույցի՝ ռազմական ծախսերը Հայաստանում նախորդ տարի կազմել են 427 մլն դոլար, իսկ Ադրբեջանի պարագայում՝ այն հասել է 3,4 մլրդ-ի, ինչպես նշվում է զեկույցում, առավելապես ի հաշիվ էներգակիրներից ստացվող դոլարային եկամուտների: Համաձայն զեկույցում հնչեցված գնահատականի՝ այս իրավիճակից ելնելով Ադրբեջանը փորձում է ազդել հակամարտության կարգավորման ընթացքի վրա՝ ի հաշիվ իրեն:

Հայաստանի մասով զեկույցում շեշտադրված է, որ երկիրը փորձում է աստիճանական կերպով ընդլայնել իր ռազմական ծախսերը՝ հիմնվելով ժամանակակից տնտեսության զարգացման մոդելի վրա: Նշված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը զենք առավելապես ձեռք են բերում Ռուսաստանից, բայց երկու երկրները նաեւ փորձում են տարատեսակացնել սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները:

Զեկույցը անդրադարձել է նաեւ հայկական ուղղաթիռի խոցմանը՝ նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայակական ուղղաթիռի խոցումը կարող է ավելացնել լարվածությունը երկու երկրների միջեւ:

Փաստորեն, դրսում նույնպես սպասում են հայկական կողմի խոստացած «ցավոտ» պատասխանին: Իսկ անկախ դրսի կամ թշնամու վերլուծություններից, մեր բոլորի պարտքն է, որ ասվածը արված դառնա:

Ի վերջո ՀՀ եւ ԼՂՀ նախագահները եւ պաշտպանության նախարարները բարձրաձայնել են այդ մասին, ինչը չի կարելի հենց այնպես թողնել:

Նրանք զինվում են

ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է 2015թ. ռազմական բյուջեն, որը հասնելու է 584 մլրդ դոլարի: Բյուջեով ծախսեր են նախատեսվում Իրաքում եւ Սիրիայում իսլամականների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Բյուջեից 3,4 մլրդ է հատկացվելու «Իսլամական պետության» դեմ ամերիկացի զինվորականների գործողությունները ֆինանսավորելու համար, իսկ 1,6 մլրդ՝ քրդերին զինելու համար, որոնք պայքարում են իսլամականների դեմ:

Նշվում է, որ ընդունված փաստաթուղթը ընդլայնում է ռազմական աջակցությունը չափավոր սիրիական ընդդիմությանը: Նոր փաստաթղթով երկարաձգվել է Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտից բանտարկյալների ԱՄՆ տեղափոխության արգելքը:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է կրկնապատկել ռազմական բյուջեն՝ այն հասցնելով 3 մլրդ դոլարի, որպեսզի կարողանա արդյունավետ պայքարել ռուսամետ անջատողականների դեմ երկրի արեւելքում: Գերագույն Ռադայում նա հայտարարել է, որ այդ գումարի մեջ ներառվելու է 100 մլն դոլարը, որն ուղղվելու է արտերկրում զինամթերքի գնման վրա: Նախարարը կոչ է արել ավելացնել զորակոչը: 2015թ. նախատեսվում է բանակ զորակոչել 45 հազ. մարդ, եւս 10 հազարը ծառայության են անցնելու պայմանագրով: Հաջորդ տարի Ուկրաինայի արեւելքում տեղակայված զորքերի թիվը 232 հազ.-ից հասնելու է 250 հազ.-ի: Դոնբասում 8 ամիս շարունակվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 4.000 մարդ, իսկ 1 մլն մարդ դարձել է փախստական:

Արման Դավթյան

Նավթային նոր խաղեր

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, չնայած նավթարդյունահանող երկրները փորձում են ելքեր գտնել: Հատկապես Իրանը, Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան փորձում են ելքեր առաջարկել:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,27%-ով՝ մինչեւ 66,01 դոլար 1 բարելի դիմաց, WTI տեսակի թեթեւ նավթի ֆյուչերսները նվազել են 0,06%-ով՝ մինչեւ 63,01՝ 1 բարելի դիմաց:

Իրանը կրկնեց իր հայտարությունը՝ նավթի արդյունահանումն ավելացնելու մտադրության մասին, արդեն Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի ռեկորդային զեղչերի համապատկերին: Օրեր առաջ Էռ-Ռիադը հայտարարեց 2 դոլար զեղչի մասին 1 բարելի դիմաց ԱՄՆ եւ Ասիայի համար, իսկ Բաղդադը՝ 4 դոլար զեղչի մասին՝ ասիական գնորդների համար:

Վիեննայում ՕՊԵԿ-ի գագաթնաժողովում քննարկվեց նաեւ նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: ՕՊԵԿ-ի անդամներ Վենեսուելան եւ Իրանը, ինչպեսեւ դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրները հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը, իսկ Սաուդյան Արաբիան հայտնել էր, որ պատրաստ է 1 բարելի դիմաց 80 դոլար գնին՝ 2 տարվա ընթացքում: Իր հերթին Քուվեյթը հայտարարել է, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը՝ 1 բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է նաեւ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, իսկ նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն էլ պակասում են:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 1 բարելի գնի նվազումը 1 դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը 2 մլրդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչեւ 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը 1 բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաեւ 2015-ին, նավթի ներկրումը դեպի ԵՄ կնվազի մինչեւ 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով:

Դա 80 մլրդ քիչ է 2013-ի եվրոպական նավթային ներկրումից:

Ո՞վ է Քըրքի խորհրդատուն

Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար…

Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով» գրքում նկարագրված է մեծ բարերար Քըրք Քրքորյանի առաջին այցը Հայաստան: Ծիծեռնակաբերդում նա հետաքրքիր հարցադրում է արել:

Ներկայացնենք այդ դրվագը. «…Աշխատանքային հանդիպումներից բացի՝ Քըրքը մի քանի տեսարժան վայրեր այցելեց: Ծիծեռնակաբերդում՝ Ցեղասպանության թանգարանի մուտքի մոտ, թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը պատմում էր, Քըրքը՝ լսում: Ես կանգնած էի մի քանի քայլ հեռու, լսեցի, որ Քըրքն ինձ է կանչում: Նա կանգնած էր Արեւմտյան Հայաստանի փորագրած մեծ քարտեզի առջեւ, որը բացահայտում էր մեր կորուստների վիթխարիությունը: Շրջվեց դեպի ինձ ու շատ անկեղծ հարցրեց. «Որքա՞ն փող է պետք այս ամենը գնելու համար»: Ես պատասխանեցի տենչանքով. «Դրա համար միայն փողը բավարար չէ, Քըրք»»…

Հասկանալի է, որ Անկարան կմերժի վաճառի մեր հողերը, ինչպես ժամանակին դա արեց սուլթան Համիդը՝ մերժելով վաճառել օսմանական կայսրության Պաղեստինի հողերը սիոնիստ պարագլուխ Հերցելին՝ Իսրայել հիմնելու համար…

Բայց սա առաջարկ է, որը հնչել է ա՛յլ մակարդակների համար եւ ա՛յլ մակարդակների կողմից արված…

Առաջարկ է, որ կարող է կրկնվել եւ իրականանալ, եթե աշխարհի վերաբաժանման այս փուլում ազգովի կարողանանք քաղաքականություն բերել Հայկական լեռնաշխարհ եզրը…

Հայերենը՝ պաշտոնական լեզու

Իրաքյան Քրդստանում պաշտոնական լեզու է ճանաչվել նաեւ հայերենը: Ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին ստորագրել է լեզվի մասին օրինագիծը, որով հայերենը, ասորերենը եւ թուրքմեներենը քրդերենին ու արաբերենին զուգահեռ պաշտոնական լեզու են ճանաչվել:

Հայաստանի խորհրդարանի «Գիտության, կրթության, մշակույթի երիտասարդության եւ սպորտի հարցերի» մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը դեմ չի արտահայտվել, որ հայոց լեզվի ուսուցիչները գնան Իրաքյան Քրդստան՝ դասավանդելու: Նման գաղափարը անգամ ցանկալի է համարել: Մեր ուսուցիչները Սփյուռքի գաղթօջախներ այժմ էլ են այցելում՝ չնայած, որ այդ երկրներում հայոց լեզուն պետական նշանակություն չունի: Բայց սա, իհարկե, այլ խնդիր է լուծում:

Քրդստանի խորհրդարանի մամուլի խոսնակ Թարըք Ջեւհերը նշել է, թե լեզվի մասին օրինագիծը խորհրդարանն ընդունել է 2014թ. հոկտեմբերի 29-ին եւ նոյեմբերի 20-ին ներկայացրել Մեսուդ Բարզանիին։

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 41 (346), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։