Աշխարհը՝ միջուկային հակամարտության շեմի՞ն – Եզրեր ունենալ ինչպես ԱՊՀ-ՀԱՊԿ-ի հետ, այնպես էլ Արեւմուտք-ՆԱՏՕ ուղղութուններով… Նոր «սառը պատերա՞զմ»…

Մոսկվան շարունակում է պնդել, թե Ուկրաինայի պետական հեղաշրջումը կազմակերպված էր ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից, որին հաջորդեցին պատժամիջոցներն ու սպառնալիքները Ռուսաստանի հասցեին: Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, եթե սա տեղի չունենար, ապա Արեւմուտքը մեկ այլ պատճառ էր փնտրելու՝ հզորացող Ռուսաստանին ճնշելու համար:

Այս իրավիճակը թույլ տվեց նաեւ կազմակերպել ՆԱՏՕ-ի ուժերի տեղաշարժը ինչպես Եվրոպայի Արեւելքում, այնպես էլ բուն Արեւելքում՝ Ասիայում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կտրուկ շարժը դեպի Ասիա՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան, նպատակ ուներ վերահսկողություն սահմանել նաեւ Չինաստանի ուղղությամբ:

Ըստ Մոսկվայի, միայն զսպվածությունը փրկեց աշխարհը նոր մեծ ու վտանգավոր հակամարտությունից: Բայց սա խթանում է միջուկային նոր հակամարտությունների առաջխաղացմանը. նման տեսակետ են հայտնել Global Research-ի վերլուծաբանները: Նրանց կարծիքով՝ այսօր աշխարհը կանգնած է գլոբալ պատերազմի շեմին, ինչպես Կարիբյան ճգնաժամի տարիներին (1960-ականներ): «Ուշադիր զննեք աշխարհը, եւ կտեսնեք նոր զենքերի ու հրիթռների, նոր սուզանավերի մշակում…»,- նշում է վերլուծաբաններից մեկը:

ԱՄՆ-ն բացահայտ սպառնում է Ռուսաստանին եւ Չինաստանին, որոնք փորձում են 2-րդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը վերանայել, սակայն, ըստ Վաշինգտոնի, պետք է իմանան, որ Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների հանդեպ սպառնալիքներին կարող  է պատասխանել ռազմական մեթոդներով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Բոբ Վորքը՝ ելույթ ունենալով ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդում: «Նախ՝ ամբողջությամբ պարզ է, որ այս երկու երկրները (Չինաստան եւ Ռուսաստան) ամրացնում են իրենց դիրքերը իրենց սահմանների մոտ»,- նշել է Վորքը եւ հավելել,  որ ԱՄՆ-ն պետք է հստակեցնի, թե այդ երկրներն իրենց կենսական կարեւորության  շրջանները որոնք են համարում: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը պետք է համոզվի, որ Պեկինն ու Մոսկվան ուժ չեն գործածի, ինչը կհանգեցնի նաեւ ԱՄՆ-ի կողմից պատասխան ռազմական միջամտության: Փոխնախարարի կարծիքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են վերափոխել վերջին 70 տարիների ընթացքում հաստատված աշխարհակարգը:

GFI-ի ցուցակում ներկայացված երկրները նկարագրող տվյալների 7 ցուցիչներ են առաննձնացված, որտեղ նշվել են բանակի անձնակազմի քանակը, տանկերի, ինքնաթիռների, միջուկային մարտագլխիկների, ավիակիրների, սուզանավերի քանակը եւ  ընդհանուր ռազմական բյուջեն, ինչը հաստատում է որ պայթյունավտանգ վիճակ կարող է առաջանալ ամեն պահի:

Իսկ Վաշինգտոնի դեռ բարձրաձայն չհայտարարված «սառը պատերազմը» Մոսկվան ընդունել է ու փորձում է ռազմա-տնտեսական ծավալումները զարգացնել արդեն ասիական ուղղությամբ:

Ռուսաստանի նախագահը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ, որի ժամանակ քննարկվել է նաեւ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակը: Մոսկվան պատրաստ է ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, եթե Արեւմուտքը միջամտի ուկրաինական դեպքերին: Այս ժամանակ այդ տարածքների՝ Ռուսաստանին միավորվելը այլեւս խնդիր չի լինի, ինչպես եղավ Ղրիմի դեպքում (չնայած ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ 2-րդ Ղրիմը չի լինելու):

Լատվիան արդեն պատրաստ է զենք վաճառել Ուկրաինային, որը հաստատ ՆԱՏՕ-ական է: ՆԱՏՕ-ի միասնական ուժերի տեղակայումը Լեհաստանում, Չեխիայում եւ Մերձբալթյան երկրներում, արդեն իսկ քայլ էր ապագա միջամտության համար: Չնայած հայտարարվել է, թե դա ինքնապաշտպանության նպատակով է, որպեսզի Մոսկվան չխաթարի Արեւելյան Եվրոպայի անվտանգությունը:

Զինադադարի չափազանց փխրուն լինելն արդեն մտահոգել է Եվրոպային, քանի որ նրանք են կրում այն վնասները, ինչը հակադարձվելով գալիս է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից:

ԱՄՆ-ն հեռու էր պատերազմի դաշտից ինչպես 1-ին, այնպես էլ  2-րդ Աշխարհամարտի ժամանակ, հեռու է նաեւ այսօր, քանի որ ուկրաինական, կովկասյան եւ մերձավորարեւելյան հակամարտությունները առավելապես առնչվում են ռուսական ու եվրոպական ուղղություններին:

Նման վիճակում միանշանակ կողմնորոշվելը դժվար է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի ու Ադրբեջանի համար: Անկարան նաեւ մտահոգված է Ադրբեջանում ռուսական ազդեցության ընդլայնմամբ: Ադրբեջանի հասարակական շրջանակները դեմ չեն, որ Ռուսաստանն իր ազդեցությունը տարածաշրջանում ընդլայնի: Սա պայմանավորված է տարածաշրջանում Արեւմուտքի՝ հատկապես Վաշինգտոնի կողմից վարվող քաղաքականությունից հիասթափվածությամբ: Բաքվում տարածվում է այն միտքը, թե ԱՄՆ-ի ազդեցության պատճառով է, որ Ադրբեջանը չի կարող իր կամքն իրագործել՝ գրավել Արցախը: ԱՄՆ-ն զենք չի վաճառում Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը վաճառում է եւ այլն: Մեծ թվով ադրբեջանցիներ էլ աշխատում են Ռուսաստանում ու մեծ գումար են ուղարկում Ադրբեջանում ապրող իրենց ընտանիքներին, եւ սրանք նույնպես ռուսական կողմնորոշում ունեն:

Մոսկվան, ինչպես Հայաստանի դեպքում, այնպես էլ Ադրբեջանի, բացահայտ ճնշում չի գործադրում, բայց օգտվում է այս եւ այլ լծակներից: Դա կարող է թուլացնել Թուրքիայի դերը տարածաշրջանում եւ բուն Ադրբեջանում, ինչը կանդրադառնա նաեւ Վրաստանի հետ հարաբերությունների վրա:

Եվ ահա, սկսվեց ռուս-թուրքական մերձեցման նոր ժամանակը: Սա, իհարկե, վատ է Հայաստանի համար, քանի որ ադրբեջանամետ ռուսական խաղերին կավելանա նաեւ թուրքամետը:

Այստեղ է, որ նորից հարց է առաջանում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման առումով: Ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերությունները որոշակի ստվերում են հայ-ռուսական ռազմավարականը, սակայն ստիպված ենք գիտակցել, որ Մոսկվան մեծ խաղի մեջ է մտել եւ փորձելու է շահել այդ խաղը:

Ուստի՝ մեր երկրի ԵՏՄ եւ ՄՄ մտնելու հանգամանքը որքան վիճարկելի, նույնքնան էլ հասկանալի է, քանի որ այդ մեծ խաղի մեջ չի՛ կարելի դառնալ թիրախ (անգամ Անկարան ու Բաքուն միանշանակ չեն հրաժարվում ԵՏՄ-ից):

Ողջունելի է եւ այն, որ Հայաստանը ռուսական կողմին զուգահեռ կարողանում է զարգացնել հարաբերությունները արեւմտյան ուղղության հետ, ամեն ինչ անելով, որպեսզի ստորագրվի Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը:

Կարեւոր է նաեւ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն բարձրաձայնել է, որ ԱՊՀ կառույցում, ՀԱՊԿ գծով մի շարք գործընկերների դիրքորոշումն Արցախի հակամարտության հարցում հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, իսկ այդ երկրներն առավել դրական դիրքորոշում ունեն ոչ ՀԱՊԿ-ական Ադրբեջանի, քան թե ՀԱՊԿ լիարժեք անդամ Հայաստանի նկատմամբ: Սա վտանգավոր է, եթե անսպասելի հայ-ադրբեջանական հակամարտությունը խորանա՝ վերսկսվեն պատերազմական գործողությունները:

Պաշտոնական Երեւանը պիտի նաեւ դիտողությունների փուլից անցնի ազդեցիկ գործողությունների փուլին եւ կարողանա ոչ միայն հակադարձել թյուրք-ադրբեջանական սադրանքներին, այլեւ նախահարձակ լինել՝ ռազմա-քաղաքական առաջարկներով ու տարածաշրջանային ծրագրերով:

Այդ ծրագրերը պետք է համագործակցության եզրեր ունենան ինչպես ԱՊՀ-ՀԱՊԿ-ի հետ, այնպես էլ Արեւմուտք-ՆԱՏՕ ուղղությամբ, ինչը կլինի եւ՛ հավասարակշռող քաղաքականություն եւ՛ համարժեք պատասխան՝ մեր բարեկամ ու ռազմավարական կոչվող այն գործընկերներին, որոնք մեզ հետ հավասար համագործակցում են նաեւ մեր թշնամիների հետ:

Եվրամիության ու Եվրասիամիության հակասությունները մեզ համար չպետք է կրեն «ազգային» բնույթ, ինչը թերեւս հաջողվում է իրականացնել ներկա փոխլրացնող արտաքին քաղաքականությամբ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 41 (346), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։