Թե ինչ պատահեց, երբ մեսիջվեցինք բոլորս – ԿԲ նախագահը մեսիջ է ուղարկում «սպեկուլյանտ տարրերին»… Միջանկյալ օղակ – Բարդ է, բայց այլ ելք չկա… Շահեկան դիրք – ԵՏՄ-ԵՄ խնդիրներ…

Թե ինչ պատահեց, երբ մեսիջվեցինք բոլորս

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելում է խանութներ՝ մեսիջներ ուղարկելով ներկրող գործարարներին: Մեր առեւտրական գործարարները վարչապետին ցույց են տալիս գնապիտակներ, որոնք ապացուցում են «ողջամիտ թանկացումը»: Վարչապետը խանութներից դուրս է գալիս, գնապիտակները փոխում են… Չէ, վարչապետին չեն խաբում, ուղղակի 1 րոպե առաջ դոլաը կրկին թանկացավ: Մինչ այդ՝ օր առաջ վարչապետը հանդիպում է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին, եւ վերջիններս մեսիջ են ուղարկում Հայաստանին, որ պատրաստ են մեզ աջակցել ֆինանսական շուկայի կարգավորման գործում: Դրանից հետո ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեսիջ է ուղարկում «սպեկուլյանտ տարրերին», թե արժույթը կարգավորվելու է, եւ դրամը դեռ արժեւորվելու է: Ասուլիսից հետո դրամը արժեւորվում է: Հետո կրկին մի փոքր արժեզրկվում է, հետո նորից՝ արժեւորվում: «Սպեկուլյանտ տարրն» էլ երեւի ԿԲ նախագահին հիշեցնում է, որ միջազգային տնտեսագիտական եզրույթում չկա սովետական սպեկուլյացիան, եւ իրենց արածը պարզապես դիլերությունն է: Երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը երեկ կառավարության նիստից հետո հանրությանը մեսիջ է ուղարկում, թե եթե Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունը մի քանի օր առաջ արվեր, արժութային շուկան ավելի արագ կկայունանար. «Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի երեկվա ելույթից արդեն մի քանի ժամ անց հայկական դրամի փոխարժեքը սկսեց բարձրացնալ: Նման դեպքերում հասարակության մեջ, բացի օբյեկտիվ խնդիրները, նաեւ տագնապներն են դեր խաղում ու այստեղ մեսիջները կարեւոր են: Այո, մեր շուկան ազատական է, սակայն արժույթի հետ կապված սպեկուլյացիաները, այդ թվում նաեւ՝ սեւ շուկայում, պետք է խստագույնս պատժվեն»: Հետո ՌԴ նախագահ Պուտինն է մեսիջ ուղարկում միջազգային հարթակին, թե այս դժվարին վիճակը երկու տարի կտեւի, ինքն այդ մասին ասել է իր ժողովրդին, եւ նա պատրաստ է դիմանալ, բայց այ Եվրոպան հաստատ 2 տարի չի դիմանա:

Հավատում ենք, որ մեր վարչապետը հավատում է, որ թանկացումը ողջամիտ է, որովհետեւ գործարարները հենց նոր են ամեն ինչ ներկրել եւ խանութներում փաթեթավորած 2013թ. հնդկաձավարն էլ անհիմն չի թանկացել, որովհետեւ կրկին հենց նոր է ներկրված:

Հավատում ենք, որ միջազգային հիմնադրամը ամեն օր Հայաստանի ցավով է ապրում:

Հավատում ենք, որ Ջավադյանը զզվում է «սովետական սպեկուլիանտներից», ու հայտարարությունն էլ ճիշտ ժամանակին է արել:

Հավատում ենք, որ գործարարների միության նախագահը պարզապես բաց ու թափանցիկ արտահայտվեց՝ առանց ոչ մի ենթատեքստի:

Հավատում ենք, որ Պուտինը հավատում է, որ իրենք 2 տարի կդիմանան:

Սա էլ թող լինի մեր հանրության մեսիջը ղեկավարությանը ու նրա հավատին՝ առ Ռուսաստանը: Որովհետեւ գլխներիս այնքան են վարսավիրություն սովորել, որ ուղեղներիս են հասել:

Հա, հավատում ենք, որ Արսեն Ղազարյանը վստահ է, որ մեղավորները կպատժվեն, բայց այ խնդրում է իրեն շաքարավազի շուկայից հարցեր չտալ, որովհետեւ Սամվել Ալեքսանյանը դրա հետ ոչ մի կապ չունի, որովհետեւ Սամվել Ալեքսանյանը գործարար չէ, պարզապես գործ է դրել-ապրում է:

Այ այսպես էլ մեսիջված ապրում ենք: Մինչեւ վերլուծում ենք դրանք, վրա են հասնում նոր մեսիջները:

Աստղինե Քարամյան

Միջանկյալ օղակ

ԵՏՄ-ի երկրները դեռ կառույցի ձեւավորման փուլում արդեն խնդիրներ ունեն միմյանց հետ: Հատկապես արտահանման ու ներկրման հարցերում: Միջազգային տարանցիկ երկիր դառնալու առումով եւս լուրջ խնդիրներ կան՝ ինչպես ռուս-բելառուսական, այնպես էլ ռուս-ղազախական հարաբերություններում: Խնդիրներ կան նաեւ ԵՏՄ մուտք գործող Հայաստանի հետ, որոնցում նաեւ քաղաքական հարցեր կան չպարզաբանված: Այս իրավիճակը շատերին է հուշում, որ ԵՏՄ-ի հաջողությունը միայն ժամանակավոր է եւ չի կարող ապագա ունենալ:

Առավել եւս, որ Մոսկվան փորձում է ԵՏՄ-ում վարել այնպիսի քաղաքական գիծ, որը ոչ թե ԱՊՀ-ն է հիշեցնում, այլ՝ ԽՍՀՄ-ը: Իսկ ցանկացած այդպիսի գործընթաց կարճ կյանք է ունենում, քանի որ ժամանակի ընթացքում հետզհետե մարում է: Այս ամենը հաշվի առնելով՝ պիտի շարունակել ԵՏՄ-ական գործընթացը՝ առանց լուրջ քաղաքական նպատակների:

Որպես մեծ շուկա՝ ԵՏՄ երկրների բնակչությանը սպառող պիտի դիտարկել, սակայն տնտեսական ծրագրերը կարող են խաթարվել ՄՄ կանոնակարգի պատճառով, ինչը եւս պիտի պահուստային տարբերակում ունենալ:

Տնտեսական խնդիրների այլընտրանքը պետք է գործածել եւ գնալ նաեւ ԵՄ-ի ուղղությամբ: Արդեն շատերն են Հայաստանին դիտարկում ԵՄ-ԵՏՄ միջանկյան օղակի դերում, ինչը պետք է կյանքի կոչել հնարավորինս արագ:

Եթե ԵՏՄ-ական շուկան ապրանքների սպառման տեղ է, անգամ ոչ որակյալ ապրանքների, ապա եվրոպական շուկայի հետ հարաբերվելիս կգործեն ու գործում են որակական այլ չափորոշիչներ: Տարբեր են նաեւ քաղաքական ու օրենսդրական ոլորտները. ինչը կդժվարացնի մեր զուգահեռ գործունեությունը, սակայն իրագործելի է եւ պիտի այդպես շարժվել: Պետք է գնալ առաջ՝ չմոռանալով, որ նախընտրելի են երկարաժամկետ շահերը, որոնք կան ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական եւ այլ ոլորտներում:

Մաքսային միությունը կարող է կիրառվել որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատասխան քայլերի միջավայր, եւ Հայաստանը պիտի խուսափի այդ ձեռնարկներից: Պետք է հրաժարվել նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանցն ընկնելուց:

Բարդ է, բայց այլ ելք չկա:

Արամ Ավետյան

Շահեկան դիրք

«ԵՏՄ-ին միացող երկրների բանակցային դիրքերն ավելի շահավետ են, քան ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիր ստորագրողներինը, քանի որ Եվրասիական տնտեսական միությունը նոր ինտեգրացիոն միավորում է, այն նոր է մեկնարկում»,- ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաեւը Երեւանում՝ ներկայացնելով «Ռուսաստան եւ Հայաստան. ինտեգրում գլոբալ քաղաքականության ֆոնի վրա» զեկույցը:

Ըստ նրա, ԵՏՄ-ում կարելի է ակնկալել ավելի անհատական մոտեցում, քան Բրյուսելի բանակցություններում այն երկրների հետ, որոնց առաջարկվել էր ասոցացման մասին համաձայնագիր կնքել: ՌԴ-ն, նախաձեռնելով եւ առաջ տանելով այս նախագիծը, ավելի մեծ պատախանատվություն է ստանձնում, քան ԵՄ-ն՝ առաջարկելով ասոցացման ծրագիրը:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Միխայիլ Վոլկոնսկու զեկույցում էլ նշվել է, որ «թեեւ ԵՄ-ն ավելի պատկառելի տեսք ունի, ԵՏՄ-ն առնվազն մեկ տեսանելի առավելություն ունի, դա ինտեգրացիոն միավորում է, որը նոր է մեկնարկում»:

Նկատելի է՝ վերլուծաբանները հիմնական առավելություն են համարում նոր մեկնարկելը, ինչը դրսեւորվելու հնարավորություն է տալիս, ի հակառակ ԵՄ-ի կարծրացած քաղաքականության:

Ըստ բանախոսների, Հայաստանն ավելի ամուր բանակցային դիրքեր ունի ԵՏՄ անդամ երկրների հետ բանակցություններում, քան Բրյուսելի հետ երկխոսությունում (ՀՀ նախագահը նորից Բելգիա է մեկնել): Ասոցացման համաձայնագրերի հարցում ԵՄ քաղաքականության առանձնահատկյությունն այն էր, որ նա փաստորեն չէր էլ վարում բանակցություններ: Դա տեսանելի է եղել Ուկրաինայի պարագայում, որին ուղղակի առաջարկեցին ստորագրել Բրյուսելում նախապատրաստված փաստաթուղթը: Նույն բանը գրեթե Վրաստանի ու Մոլդովայի պարագայում եղավ:

Ըստ այս տրամաբանության, տեսակետ կա, որ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին՝ կստիպի գործընկերներին լրացուցիչ քաղաքական պարտավորություններ ստանձնել, իսկ ԵՄ-ին՝ ասոցացման այլ համաձայնագրի նոր տարբերակ գտնել՝ գոնե դեռ քաղաքական առումով:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 41 (346), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։