Երբ դժվար է, չկա տարվա հինն ու նորը – Սթրեսը նախա եւ հետտոնական չէ, այլ՝ աղքատության հետեւանք… Սպասարկող  երկիր դարձած Հայաստանն այլեւս զարկ չի տալիս արդյունաբերությանը եւ արտադրություններին…

Երեւանի քաղաքապետարանը 19 մլն 475 հազ. դրամ կծախսի՝ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը կազմակերպելու համար: Մայրաքաղաքի բյուջեից հատկացվելիք այդ գումարը նախատեսվում է ծախսել դեկտեմբերի 22-ին կայանալիք հանդիսությունները կազմակերպելու համար: Այդ օրը տեղի կունենա տոնական համերգ՝ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:

Տոնը միշտ պետք է նշել, անգամ պատերազմական իրավիճակում, բայց մարդկանց մոտ տրամաբանական հարց է ծագում, արդյո՞ք այդ գումարով հնարավոր չէ մայրաքաղաքի որեւէ խնդիր լուծել, որպեսզի այդ նպատակով եկող տարի գումար չծախսեն, իսկ փոխարենն ավելի համեստ միջոցառում անցկացվի: Ի վերջո, օրվա հացի խնդիր ունեցող մարդկանց մոտ հենց այս ցուցադրականությունն է հուսահատություն առաջացնում: Մարդկանց մի մասը քեֆ անելով ուրախանում է, մի այլ մասը՝ հուսահատության եւ հիասթափության նոր չափաբաժին է ստանում:

Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատթարանում է, մինչեւ թանկացումները արդեն հայտնի էր, որ բնակչության շուրջ 90%-ը դժգոհ է ներկա ներքին քաղաքականությունից: Քաղաքացիների առջեւ ծառացած խնդիրները հիմնականում չեն լուծվում հիմնովին:

Տվյալներ կան, որ Հայաստանում առկա բնակչության թիվը զգալի պակասել է, մոտ 2,2 մլն-ն է մշտապես բնակվում հայրենիքում: Հազարավոր ՀՀ քաղաքացիներ շարունակում են հայտնվել Ռուսաստանի Դաշնությունում, Միացյալ Նահանգներում ու եվրոպական երկրներում: Տեղեկություն կա նաեւ, որ Ռուսաստանում ապրում է ավելի քան 800 հազ. աշխատանքային ներգաղթյալ Հայաստանից:

2014թ. մեր երկրում գործազուրկ քաղաքացիների քանակը շարունակում է աճել: Սպասարկող  երկիր դարձած Հայաստանն այլեւս զարկ չի տալիս արդյունաբերությանը եւ արտադրություններին: Պետք է ծայարահեղ լավատես լինել մտածելու համար, որ մյուս տարի մարդիկ արդեն կարող են աշխատանք գտնել մեր երկրում:

Իսկ վերնախավում ներկայացնում են հայաստանաբնակների 3 մլն թիվը, եւ ստացվում է, որ պահում ենք կառավարման համակարգ ու համապատասխան ֆինանսավորում՝ 3 մլն բնակչության համար, սակայն ունենք 2,2 մլն մարդ, ինչի մասին անգամ տվյալներ են հաղորդում օտար դեսպանատներից: Ուղեւորահոսքի տատանումները եւս ոգեւորիչ չեն՝ «Զվարթնոց»-ում եւս ելումուտի դրական ցուցանիշների սպասում կա դեռ:

Պաշտոնական տվյալներով, ՀՀ-ում ընտանիքների մոտ 42%-ն աղքատ է, որից 10,2%-ը՝ չքավոր է, որից էլ 3,7%-ն իրեն համարում է ընչազուրկ:

ՄԱԿ-ը 1992թ. դեկտեմբերի 22-ին ընդունված հռչակագրով հոկտեմբերի 17-ը հռչակեց Աղքատության վերացման դեմ պայքարի միջազգային օր ու կոչ արեց բոլոր պետություններին այս օրը պայքարել աղքատության դեմ: Միայն այդ օրը պայքարելով, անգամ սրտանց, ոչինչ չես հաջողի, քանի որ մյուս բոլոր օրերին հակառակ պայքարն է ընթանում: Ըստ սոցիոլոգիական տվյալների, մեր երկրում համեստ ապրողների թիվը մոտ 40% է, մինչդեռ իրեն համեստ ապրող համարում է հարցվածների 70%-ը: Իսկ 13%-ը կազմում են հարուստ-ունեւոր խավը, սակայն այդ խավի միայն 2,2%-ն է խոստովանում, որ հարուստ է: Ինչ մնում է օլիգարխներին, ապա նրանց թիվը Հայաստանում կազմում է ընդհանուր բնակչության միայն 0,2%-ը, որոնք կյանքի վայելքներից քաղում են 99,8%-ը, այսպես քանակով ու հնարավորություններով լրացնելով 100%-ի սահմանը…

Բայց արի ու տես՝ աշխարհի երջանիկ երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 53-րդ տեղը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն գտնվում է ցուցակի 105-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 122-րդ, Ադրբեջանը՝ 80-րդ, Վրաստանը՝ 55-րդ տեղում… Այս աշխարհից բան չես հասկանում, բայց մի բան հստակ է, որ ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում բնակվում է 2,5 մլրդ աղքատ մարդ, որից 1 մլրդ-ն չքավոր է: Սոցիոլոգները նշում են, որ կա բացարձակ եւ հարաբերական աղքատություն: Բացարձակ աղքատությունը որոշում են միջին բարեկեցիկ կյանքի համար աճող ծախսերը, իսկ հարաբերական աղքատությունն այն է, երբ չի բավարարվում տվյալ սոցիալ տնտեսական պայմաններում մարդու սովորական պահանջները՝ սնվելու, կենցաղային պահանջները բավարարելու, երեխա ունենալու, մեծացնելու եւ այլն:

Հայաստանում մեծամասնության համար պայքարը ոչ թե լավ ապրելու, այլ գոյատեւելու համար է ընթանում, այդ պատճառով լրացուցիչ պայքարելու ուժ էլ չի մնացել՝ թանկացումների դեմ հանդես գալու համար: Իսկ տոնական այս օրերին բարձր ամբիոններից խորհուրդ են տալիս մասնագիտական, թե ալկոհոլը պետք է չափավոր օգտագործել, թե կարելի է գործածել ցածր տոկոսայնությամբ ալկոհոլ, թե տոնը տրամադրությամբ պետք է ստեղծել, այլ ոչ թե ալկոհոլային խմիչքներով… Հաստա՜տ այս տրամադրությամբ կստեղծվի: Անդրադառնալով տոնական օրերին սննդամթերքի օգտագործմանը՝ առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ պետք է բացառել մսային, յուղային, ծանր սննդամթերքը, ավելի շատ չրեղեն եւ բանջարեղեն օգտագործել: Էհ, տարին կլոր մարդիկ միս ու ծանր սննդամթերք չեն ուտում եւ հույս ունեն, որ այս մի քանի օրը գոնե կուտեն, հիմա դա էլ չանե՞ն… Ո՛չ, պիտի աշխատել չափը չանցնել եւ ուտել քիչ-քիչ, վերջացնում է իր զգուշացումը առողջապահության նախարարությունը:

Այսքանից հետո մի քանի հոգեբան էլ նշել են, թե հիշե՛ք, որ «Ձմեռ պապիկ չկա, բայց նա ձեր սրտում է»…. եւ աշխատեք ուրախանալ: Նաեւ նշել են, որ «հետտոնական սթրեսն առավել վտանգավոր է, քան նախատոնականը»,- ավելի սարսափեցնելով ամանորյա սեղանի համար վազվզող մարդկանց: Ըստ հոգեբանների՝ մարդկանց մոտ առկա է տարեթվերի սինդրոմը, երբ մոտենում է նրանց ծննդյան օրը կամ ամանորը, նրանք սկսում են ի մի բերել իրենց անցածը եւ հասկանում, որ շատ նպատակներ անկատար են թողել: Մարդկանց մոտ սթրեսը ծնվում է նաեւ այն պատճառով, որ նրանք չեն կարող ետ բերել անցյալում տեղի ունեցած լավ իրադարձությունները: Ինչ վերաբերում է ամանորին նախորդող՝ նախատոնական սթրեսին, դրա հիմնական պատճառը մրցակցությունն է: Մարդիկ սկսում են տոնական մրցավազքը՝ անել ավելին, քան նախորդ տարում էր, իսկ ամանորի գիշերը, երբ ժամը 12-ն է զարկում, դատարկություն է լինում: Մարդը հասկանում է, որ չնայած իր ջանքերին, կյանքը նույնն է մնում:

Հոգեբանների խոսքով՝ ճիշտ կլինի, եթե մարդիկ ամանորը լցնեն նոր ուրախություններով ու բարձր տրամադրությամբ: Տոնական սեղանի պատրաստությունները եւս սթրեսի պատճառ կարող են դառնալ: Այն է՝ սնոտիապաշտությունը, թե ինչպես սկսես տարին, այնպես էլ այն կանցնի, սխալ է: Բացի այդ, երբ մարդը չի կարողանում իր սեղանին ապահովել այն լիությունը, որը նախատեսել էր, դա եւս սթրեսի առիթ է: Խորհուրդ է տվում ամանորի գիշերը քայլել գիշերային Երեւանով եւ օրն անցկացնել հարազատների ու ընկերների հետ, քանի որ սա թույլ կտա խուսափել սթրեսից եւ վայելել քաղաքի տոնական անցուդարձը: Անգամ խորհուրդ է տրվել տոներին կտրվել առօրյայից, անջատել բջջայինը եւ հանգիստ պայմաններում հիշել կյանքի անցկացրած լավագույն նոր տարին:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 41 (346), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։