2015-ի «Տարվա Տանուտեր»-ը հայկական կենդանաշրջանի Կշեռքն է, ոչ թե չինականի՝ Ոչխարը կամ Այծը… Տարբեր են նաեւ հայկական ու չինական տարեցույցի երկնային ճյուղերը…

«Լուսանցք»-ը այս տարի եւս անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին»:

Ամեն անգամ նշում ենք, որ մեզանում այս ոլորտը եւս մնում է օտարի թելադրանքի տակ, եւ մի քանի օրից՝ հայերի մեծ մասը «կդառա» չինական Ոչխարի (նաեւ որպես Այծ է նշվում) հետեւորդներ...

Բազմիցս նշել ենք, որ բնականորեն տարին փոխվում է գարնանը, եւ դա է իրական տարեփոխությունը, բայց ձմեռային կրոնական «տարեփոխությունը» շարունակում է իր հաղթարշավը, եւ հայաստանյան ու սփյուռքյան հայերը հունվարի 1-ին են նշում Ամանորը՝ Նոր Տարին:

Ինչպես նշվեց, բնական՝ գարնանային տարեփոխությունը, դեռ մնում է հայության մի հատվածի տոնը: Հայ արիներն ու հեթանոս հայերը մարտի 21-ին են տոնում Հայոց Ամանորը, որը համընկնում է Երկրային Բնության Վերազարթոնքին՝ Գարնան Վերածննդին: Այդ օրը  նաեւ փառաբանվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը, քանզի Արի Վահագնը հնազանդեցնում-հաղթում է Չարի Վիշապին եւ այդ օրը տոնվում է Վահագնի Երկրային (Վերամարմնավորումը) Վերածնունդը: Այդ կռիվը այլաբանորեն ներկայացվում է որպես Երկնի ու երկրի երկունքի ցավեր, որից էլ Վերածնվում է Վահագնը… Այդ Երկունքն էլ ազդարարում է Երկրային Նոր Տարվա սկիզբը:

Ինչեւէ, քրիստոնեական տոներն ու ծեսերը  ինքնահաստատվելու համար հիմնվեցին հայ հեթանոս-արիադավան հավատի տոնացույցի եւ ծիսակարգի վրա՝ փոխելով իմաստը, չնայած ցայսօր փորձում են հերքել դա: Այսպես առաջին դերում հայտնվում է եկեղեցական տոնը, իսկ ազգային ավանդականն անտեսվում է: «Լուսանցք»-ը գրել է, որ անգամ կրոնական ու տարեփոխական կարգն է անհասկանալի մնացել: Կաթոլիկների (նաեւ այլոց) մոտ նախնական օրը պահպանվել է եւ Հիսուսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-26-ին (իմիջիայլոց, պահպանել են Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը՝ հասկանալով, որ այդ ժամանակ իսկապես բաց են Տիեզերքի Դարպասները…): Այնուհետեւ, օրեր անց փոխվում է Տարին: Իսկ հայ առաքելականների մոտ տարեփոխությունից հետո է ծնվում Հիսուսը՝ հունվարի 6-ին…

Չնայած ասել ենք, որ ըստ աստվածաշնչյան տվյալների, Հիսուսի ծննդյան օրը աշնանն է, ինչը հուշում է Բիբլիայում  առկա նկարագրությունը: Այդ օրը բնության եւ մարդկանց առօրյա գործերի նկարագրությունից իմանում ենք նաեւ հոտաղների առկայություն մասին, ինչը հավաստում է, որ այդ ժամանակ ձմեռ չի եղել, եւ ժամանակահատվածը մոտ է աշնանը:

Բազում դարերի պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս նորօրյա 2015-ի խոհրդանիշը այժմ էլ չինական Ոչխարն է (կամ՝ Այծը): Եվ հիմա էլ հայերից շատերը ամեն բան անում են, որ այդ  չինական Ոչխարը իրենց համար ուղեցույց դառնա… Այս դեպքում՝ քրիստոնյա հայերի համար, որ իրենց գառների տեղ դրած գնում են հոտի հովիվի հետեւից, իսկական բախտավորություն է՝ քրիստոնեական գառան համար ոչխարի տարի է…

Հիշեցնենք չինական կենդանակերպը՝ Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար (Այծ), Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ:

Հայերի ավանդական կենդանաշրջանը ներկայացնում են Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Եվ տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ:

Տարվա տանուտերին գտնելու համար այդ տարվա թվականից պետք է հանել 4 եւ բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Եթե մնացորդը 1 է, ուրեմն տանուտերը Խոյն է, իսկ եթե 7 է, ապա Կշեռքն է… Եթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Ավանդական կենդանաշրջանի հերթականությունը նշեցինք՝ վերեւում 12 աստղատներով:

2015թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Կշեռքն է (2015-4=2011:12=167 եւ մնացորդ՝ 7), ոչ թե՝ չինական Ոչխարը…

«Լուսանցք»-ը այս տարի էլ կկրկնի, որ տարբերություններ կան անգամ բնության տարրերի պատկերացումների մեջ: Չինական տարեցույցով երկնային ճյուղերը ներկայացնում են բնության 5 տարրերը՝ ծառը, կրակը, հողը, մետաղը, ջուրը:

Իսկ հայկականում այդ 5 տարրերն են հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը (տեսակետ կա նաեւ, որ մեզանում ընդունված ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ, որն այսպիսին է՝ հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը, քարը, մետաղը, փայտը:

Դեռ ցանկություն է մնում, որ հայերը միասնաբար վերականգնեն հայկական կենդանաշրջանի գոյությունն ու ազդեցությունը մեր կյանքում՝ առաջնորդվելով 2015-ը Կշեռքի տարի լինելու պարբերափուլով: Սա, ինչպես վերը նշվեց, հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան է, ինչը մեր ցանկություններն ու մաղթանքները կհասցնի Տիեզերք ու այնտեղից ետ կբերի դրանց պատասխաններն ու ազդակները՝ արդեն բնական ու իրական,  անձնավորված ու հայանպաստ լիցքերով…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 41 (346), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։