Աշխարհի մարզական հեւքից – Տարեվերջին մեծարեցին Հայաստանի 10 լավագույն մարզիկներին… Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը… Հայրենասիրական դաստիարակությունը բանակում եւ կրթահամակարգում…

Աշխարհի մարզական հեւքից.-

Օլիմպիական խաղերը՝ հեթանոսական ծեսՀայ արքան կռփամարտի մրցումների հաղթող

Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը փաստացի համարվում է մ.թ.ա. 776թ., երբ խաղերն սկսել են համարակալել եւ գրանցել հաղթողների անունները: 281թ. կայացած օլիմպիական խաղերում, ըմբշամարտ մարզաձեւում, հաղթանակ է տոնել Հայոց Տրդատ Արշակունի արքայազնը:

Նա 287թ. հռչակվել է Մեծ Հայքի արքա: Վարազդատ Արշակունին 394թ. տեղի ունեցած Հին աշխարհի վերջին օլիմպիական խաղերում, կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է:

Հնագույն ժամանակների օլիմպիական խաղերը, որպես հեթանոսական ծես, 394թ. դադարեցվել են Հռոմի կայսր Թեոդորոս Ա-ի հրովարտակով: Օլիմպիական խաղերի երկրորդ ծնունդը տեղի է ունեցել 1896թ.:

Տարեվերջին մեծարեցին Հայաստանի 10 լավագույն մարզիկներին

2014թ. Հայաստանի սպորտային կարեւորագույն հավաքի ժամանակ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնները միաժամանակ դրամական պարգեւներ ստացան, նաեւ խրախուսման արժանացան նրանց մարզիչները:

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2014թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Նա պարգեւատրվեց Երեւանում՝ բնակարանով։

2-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի մեկ այլ չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը: Լավագույն եռյակը եզրափակել է ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 2-10-րդ տեղերը զբաղեցրած լավագույն մարզիկներին ավտոմեքենաներ նվիրեց: Գործող եւ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն հաշվետու այս արարողությանն այս անգամ չեն մասնակցել։

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Անցյալ տարեվերջին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2014թ. մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն, որի ժամանակ հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերի հաղթողները:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, 2014թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:Այդպիսով, նա 5-րդ անգամ եւ 4-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հենրիխ Մխիթարյանի անունը 39 անգամ նշվել է 1-ին, 6 անգամ 2-րդ եւ 2 անգամ՝ 3-րդ տեղում: Նա վաստակել է 215 միավոր: 2-դ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ վաստակելով 96 միավոր: Նրա անունը 6 անգամ նշվել է 1-ին, 19 անգամ 2-րդ եւ 9 անգամ՝ 3-րդ տեղում: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, վաստակելով 59 միավոր, զբաղեցրել է 3-րդ տեղը: Նրա անունը 2 անգամ նշվել է 1-ին, 11 անգամ 2-րդ եւ 16 անգամ՝ 3-րդ տեղում:

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի անդամ, 2014թ.Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, այժմ Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, հավաքելով 154 միավոր, արժանացավ տարվա լավագույն մարզչի մրցանակին: 2-րդ տեղում է Երեւանի «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը, ով հավաքել է 72 միավոր, 3-րդ տեղում Երեւանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն է, ով հավաքել է 64 միավոր:

Հորդանանի արքայազնը՝ ՖԻՖԱ-ի նախագա՞հ

Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում: «Ես որոշել եմ մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին, քանի որ, կարծում եմ, ժամանակն է եկել շեղել հասարակության ուշադրությունը վերջին սկանդալներից եւ վերադարձնել նրան դեպի սպորտ»,- ասել է նա, ով այժմ ՖԻՖԱ-ի փոխնախագահն է: Նա նշել է, որ «այս ոչ հեշտ որոշումը կայացրել է ՖԻՖԱ-ի հեղինակավոր գործընկերների հետ մանրամասն քննարկումներից հետո»:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կայանալու են 2015թ.: Ընտրություններին մասնակցելու են կազմակերպության ներկայիս նախագահ Ժոզեֆ Բլատերն ու այդ կառույցի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը:

Վարդան Մինասյանի ղեկավարությամբ խաղալը՝ հաճույք

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մարզական գործունեությունը կշարունակի Ղազախստանի առաջնությունում: 26-ամյա ֆուտբոլիստն առաջիկա տարին կանցկացնի «Տոբոլ»-ում, բայց դեռ հայտնի չէ՝ խոսքը վարձավճարի՞, թե՞ լիարժեք պայմանագրի մասին է: «Ինձ համար ամենակարեւորը խաղալն է,- ասել է հայ ֆուտբոլիստը: Իսկ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ խաղալը պարզապես հաճույք է, նոր մարտահրավեր է նետված ինձ, եւ կաշխատեմ ամեն ինչ անել՝ ակումբի ղեկավարության ու մարզչի ակնկալիքներն արդարացնելու համար: Ինձ շատ լավ են ընդունել, հիմա մնում է միայն աշխատել ու աշխատել»,- ասել է մեր թիմի կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին մարզչի մասին է խոսքը, ում օրոք մեր ընտրանին ցույց տվեց իր պատմության մեջ ամենաուժեղ ու տպավորիչ մրցախաղերը, եւ շատ մոտ էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությանը, եթե չլիներ վերջին խաղում (Իռլանդիա-Հայաստան) մրցավարական կոպիտ (եթե չասենք՝ միտումնավոր) սխալը… Մեր ազգային հավաքականից հեռանալուց հետո (իրապես չգնահատված լինելու եւ որոշակիորեն կաշկանդված իրավունքների պատճառով) Վարդան Մինասյանը երկար ժամանակ է վերոնշյալ ղազախական ակումբի գլխավոր մարզիչն է:

Հայաստանի ֆուտբոլիստները ջախջախեցին Շոտլանդիային

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2016թ. առաջնության հերթական խաղում վստահ հաղթանակ տարավ: Շվեդիայում ընթացող ընտրական մրցաշարի երրորդ տուրում մեր ֆուտբոլիստները հանդիպեցին խմբի ետնապահ Շոտլանդիայի ազգային թիմի հետ: Հայաստանի ընտրանին հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը եւ արդեն առաջին խաղակեսում առաջ անցավ հաշվի մեջ՝ 2:0: Ընդմիջումից հետո մեր ֆուտբոլիստներն ավելի ուժեղացրին ճնշումը եւ մրցակցի դարպասն ուղարկեցին եւս չորս գնդակ՝ սեփականը ընդունելով միայն մեկը՝ 6:1:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 7 միավոր եւ բարձրացավ 1-ին հորիզոնական: Եվրոպայի առաջնության ընտրական փուլում  ֆուտզալի Հայաստանի հավաքականը F խմբում հաղթելուց հետո դուրս եկել հաջորդ փուլ։ Հիշեցնենք, որ F խմբի հանդիպումները տեղի էին ունենում Շվեդիայում։ Հայաստանի հավաքականը 4։3 հաշվով հաղթել էր տանտերերի ընտրանուն, ապա Իսրայելի եւ Հայաստանի հավաքականները ոչ-ոքի են խաղացել, իսկ Շոտլանդիայի ընտրանու նկատմամբ տոնեց խոշոր հաշվով հաղթանակ։

Եվրոպայի 2016թ. առաջնության հաջորդ փուլում ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Թուրքիայի եւ Սլովակիայի ընտրանիները։ Այս փուլի հանդիպումները կայանալու են 2015թ. մարտի 17-22-ը։

Աշխարհի կանանց առաջնությունը՝ Սոչիում

ՖԻԴԵ-ի որոշման համաձայն աշխարհի շախմատի կանանց անհատական առաջնությունը կանցկացվի 2015թ. մարտին, Ռուսաստանի Սոչի քաղաքում:

Նոկաուտ համակարգով կայանալիք այդ մրցաշարի մասնակիցների մեջ կլինեն Հայաստանի առաջատար ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

Անդրանիկ Մարգարյանի անվան հերթական հուշամրցաշարը

Երեւանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատային մրցաշարը: 1-ին տեղը գրավեց եւ հաղթողի կոչմանն արժանացավ միջազգային վարպետ, ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոն, ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: Նրանից կես միավորով ետ մնաց արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, ով զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը:

Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Չիգաեւը եւ մեր հայրենակից Մանուել Պետրոսյանը վաստակեցին 5,5-ական միավոր եւ բաժանեցին մյուս երկու հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշով մրցանակային 3-րդ տեղում հայտնվեց ռուսաստանցի շախմատիստը:

Դահուկավազքի Հայաստանի առաջնության արդյունքները

Ծաղկաձորում կայացավ դահուկավազքի Հայաստանի 2015թ առաջնությունը, 1100 մ արագավազքի մրցումներում տղամարդկանց մրցավազքում հաղթել է աշոցքցի Արթուր Եղոյանը, 2-րդ տեղը զբաղեցրել է Արտուշ Մկրտչյանը, 3-դը` Շավարշ Գասպարյանը: Տղամարդկանց 10 կմ դասական ոճում հաղթել է աշոցքցի Սերգեյ Միքայելյանը (ԲԿՄԱ), 2-րդ տեղը գրավել է Արթուր Եղոյանը (Աշոցք), իսկ 3-րդ՝ Միքայել Միքայելյանը (Աշոցք), ով Սերգեյ Միքայելյանի կրտսեր եղբայրն է:

Կանանց 5 կմ դասական ոճում 1-ին տեղը գրավել է Աննա Մխիթարյանը (Գյումրի): Մրցանակային երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են նրա համաքաղաքացիներ Կատյա Գալստյանը եւ Լիլիթ Տոնոյանը: Տեղի կունենա առաջնության վերջին մեկնարկը՝ թիմային սպրինտը:

Արսեն Պետրոսյան

ՊՆ կողմից իրականացված ծրագրերին մասնակցել է քոլեջների և ուսումնարանների 12.000 մասնակից

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2014թ. ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստ: ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված նմանաբնույթ` արդեն ավանդական դարձած հանդիպումները, նշելով, որ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը տարեցտարի ակտիվորեն ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ: Հաշվի առնելով մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին սպառնալիքները` պաշտպանության նախարարն ընդգծել է Հայաստանի նորագույն պատմության, ինչպես նաեւ Արցախյան պատերազմի ընթացքում ձեռքբերված արժեքներն աճող սերնդին պատշաճ կերպով փոխանցելու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ կերպ կարելի է ապահովել մեր երկրի հետագա զարգացումը:

Որպես ազգային ինքնության պահպանման կարեւորագույն նախադրյալ` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում փաստել է, որ հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդունքում հաջողվել է լուրջ տեղաշարժեր արձանագրել: Օրինակ, որպես նորամածություն` 2014թ. հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է ազգային երգ ու պար առարկան, կառավարության հաստատմանն է ներկայացվել նաեւ ավարտական դասարաններում ՆԶՊ-ը քննական առարկա դարձնելու ծրագիրը:

Նիստի ընթացքում հայրենասիրական դաստիարակության ոլորտում 2014թ. պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված միջոցառումների, առկա բացթողումները շտկելուն միտված նախաձեռնությունների վերաբերյալ հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով ընդգծել է, որ մարտունակ բանակ ունենալու համար անհրաժեշտ է դաստիարակել ազգային ինքնության եւ հպարտության զգացումով համակված սերունդ:

Կարեւորելով վերոնշյալը՝ 2014թ. ՀՀ ՊՆ կողմից իրականացվել է 17 խոշոր ծրագիր, 46 թիրախային միջոցառումներ` ներգրավելով 1100 դպրոցների, քոլեջների եւ ուսումնարանների 12.000 մասնակիցներ: Կազմակերպվել են միջոցառումներ նվիրված ազգային հերոսներին, անվանի զորահրամանատարների ծննդյան տարեդարձներին և զոհված ազատամարտիկների հիշատակին: Հատուկ ուշադրություն է դարձվել ՆԶՊ առարկայի դասավանդման շարունակական կատարելագործման գործընթացին, հարստացվել է դպրոցների ուսումնանյութական բազան: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում զորամասեր են այցելել բուհերի եւ երիտասարդական կառույցների 800-ից ավելի ներկայացուցիչներ: Իրականացվել են նաեւ մի շարք հետազոտական աշխատանքներ, ըստ որոնց` 800 հարցված երիատասարդների ավելի քան 60%-ը հայկական բանակին տվել է լավ և գերազանց գնահատականներ:

Որպես մտահոգիչ փաստ ներկայացվել է 820 ուսանողների եւ աշակերտների շրջանում իրականացված սոցիալական հարցման արդյունքը, որի համաձայն հարցվողների ավելի քան 60%-ը բացասաբար չի վերաբերվել քրեական հեղինակություններին տուրք տալուն, 80%-ը հայհոյելը չի ընկալել որպես արատավոր երեւույթ, իսկ 64%-ը բացասաբար չի վերաբերվել մականուն ունենալուն, ինչի նպատակով էլ ազգային բանակում իրականացվում են հիմնարար բարեփոխումներ:

Զեկույցներով հանդես են եկել նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում ընդգրկված տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են իրենց կողմից հաշվետու ժամանակահատվածում ընդունված որոշումներն ու իրականացված քայլերը, ամփոփեցին նախազորակոչային պատրաստության եւ հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Քննարկվել են նաև ձեռքբերումներն ու բացթողումները, նախանշվել 2015-ին իրականացվելիք համատեղ ծրագրերը:

Ամփոփելով նիստի արդյունքները` պաշտպանության նախարար Օհանյանը նկատել է, որ զեկույցներում ընդգրկված մի շարք փաստարկներ իրապես մտահոգիչ են եւ հարկ է առավել մեծ ջանքեր գործադրել առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Նիստի ավարտին հայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրած ավանդի համար մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ զինծառայողներ արժանացան գերատեսչական պարգևների, պատվոգրերի, արժեքավոր նվերների: Նիստին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Դասընթաց՝ զորակոչիկների եւ նրանց հարազատների համար

Պարբերաբար կկազմակերպվեն դասընթացներ, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքներին ու պարտականություններին, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները, մասնավորապես.«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի դրույթներն առավել մատչելի ձեւով, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ 410 Հրամանի դրույթները, որոնցով կարգավորում է զինծառայությանը պիտանիության հարցը:

Անդրադարձ կարվի նաեւ զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանը եւ բողոքարկման մեխանիզմներին: Անհրաժեշտության դեպքում ներկաներին դասընթացիից հետո կտրամադրվի իրավական աջակցություն անհրաժեշտության դեպքում կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 1 (347), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։