Վասն ճշմարտության եւ ի պետս իմացության – Կամ՝ բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին (1-ին մաս)… ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը մշակույթի նախարարության ապօրինությունների մասին…

Ընթերցողին ներկայացվող այս անդրադարձս ամենեւին անպատեհ եւ ուղղորդված թող չթվա: Քանզի այն պայմանավորված է «Իրատես de facto» թերթի 2013թ. ապրիլ-մայիս ամիսների 28-31-րդ համարներում ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակորթային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպահության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2011-2013թթ. մի քանի հրատարակությունների վերաբերյալ հրապարակած իմ «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» հոդվածին ի պատասխան, նույն թերթի 38-39 համարներում հիշյալ ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանի՝ որպես ի պատասխան հրապարակած հոդվածով: Հոդվածագիր պրն Փիլիպոսյանն իր պատասխան հոդվածի հենց սկզբում նշել էր, որ ՊՈԱԿ-ի հրատարակությունների վերաբերյալ իմ մատենախոսությունում արված քննադատությունից հետո՝ նրա պատասխան հոդվածով հանդես գալը, պայմանավորված էր իբր այն հանգամանքով, որ «ապատեղեկացված ընթերցողն էլ ակամա կարող էր մտածել, թե «անգետների, գրագողերի եւ դատարկամիտների դավադիր խումբ է բույն դրել» «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատասենյակներում: Հանգամանք, որ պարտադրում էր սթափ ու կոնկրետ պատասխան»: Փիլիպոսյանի այս մատնացույց անող միտքը իրոք որ շատ ուսանելի է, որի համար, հարկ է նույնիսկ հրապարակավ շնորհակալություն հայտնել նրան: Քանզի, պրն Փիլիպոսյանի մատնանշմամբ, պարտադրված եմ ստորեւ շատ «սթափ ու կոնկրետ պատասխան»-ների ու պատասխանատվությունների ակնկալիքներով հուսալ ՊՈԱԿ-ի աշխատասենյակներում՝ իր իսկ բնորոշմամբ, «բույն դրած խմբի» գործունեության վերաբերյալ պատկան մարմինների բացահայտումները, որի համար ոմանք իրենց կատարած զեղծարարությունների ու հանցանքների եւ հանցավոր անգործությունների համար, հուսանք որ պատասխանատվություններ կկրեն ՀՀ դատաիրավական մարմինների առաջ, որի վերաբերյալ ՀՀ նախագահին եւ ՀՀ գլխավոր դատախազին իմ կողմից ներկայացվել է համապատասխան դիմում: Եվ այդ առիթով հարուցված քրեական գործը ընթացքի մեջ է եւ հուսանք, որ այն իր իրավական ընթացքից չի շեղվի:

Այստեղ նշեմ այն, որ այս հրապարակումը կարելի է համարել նաեւ 2014թ. «Իրատես  de facto» (թիվ 65) եւ «Լուսանցք (թիվ 36-37) պարբերականներում տպագրված իմ «Չափը չանցնենք հուշարձանները օգտագործելիս, կամ՝ աչքակապությունը՝ գործելաոճ» հոդվածի երկրորդ մաս: Մինչ այդ՝ նաեւ արձանագրենք այն, որ երբ թաքցվում կամ անտեսվում է ճշմարտությունը, ապա միշտ էլ նրան հետեւում է կեղծիքը եւ իրականությանը հակասող հազար ու մի ձեւակերպումները: Հետեւապես, կյանքը միշտ էլ ցույց է տվել, որ վաղ թե ուշ ճշմարտությունը՝ նունիսկ մեր օրերում, երբեմն-երբեմն ի հայտ է գալիս եւ այն թաքցնել պարզապես հնարավոր չէ: Միով բանիվ՝ իրականությունից ժամանակավոր վտարանդված եւ նրա դեմ որոգայթված ու «հիմնավորված», զանազան իրավական ու բարոյական  օրենքներով նսեմացված ճշմարտությունը մարդկային անդուլ  պայքարների շնորհիվ ու ջանքերով է ի վերջո հաղթանակում: Նույնիսկ զանազան խնդիրների վերաբերյալ այս կամ այն ճշմարտությունները պետական կառույցների կողմից, փականքների տակ են պահվում 50-100 եւ ավելի տարիներ եւ միայն հետո գաղտնազերծվում: Այնպես որ՝ սա եւս չվիճարկվող փաստ է:

Ստորեւ պիտի անդրադառնամ միմիայն ՀՀ նախագանին հասցեագրված դիմումը ՀՀ մշակույթի նախարարությանը վերահասցեագրված հանձնարարականի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարի 2014թ. հոկտեմբերի 16-ի թիվ 632-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյասլ 2014թ. հոկտեմբերի 27-ին կազմած արձանագրության մի քանի կետերին՝ ամենեւին նպատակ չունենալով որեւէ փաստ-փաստարկում ստվերել ու անգոսել, կամ էլ որեւէ մեկի հասցեին բարոյախրատական քարոզներ կարդալ, չնայած որ մեր օրերում այդ կատեգորիան վաղուց է իրեն սպառել:

Մինչ այդ նշեմ նաեւ այն, որ  նշյալ աշխատանքային խումբը, որը կազմված է 7 անդամներից, նախարարության աշխատակազմի վարչությունների ու բաժինների պետեր ու տեղակալներ են եւ ինձ համար հարգելի անձինք: Այնուամենայնիվ, պաշտոնապես ստանալով աշխատանքային խմբի կազմած արձանագրության օրինակը, 2014թ. նոյեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարին եւ ՀՀ նախագահի աշխատակազմին իմ պարտքն եմ համարել ներկայացնել այդ արձանագրության կետերի վերաբերյալ իմ համապատասխան դիտողությունները: Քանզի իմ առաջ քաշած հարցերը այդ աշխատանքային խմբի կազմած արձանագրությունում, ըստ էության եւ համակողմանի քննարկման չեն ենթարկվել եւ, բնականաբար էլ, կոնկրետ ոչ մի առաջարկություններ չեն պարունակում: Մանավանդ, որ ՀՀ մշակույթի նախարարության 2014թ. նոյեմբերի 25-ին ինձ հղված նամակով հավաստիացվում է, որ իմ դիմումում բարձրացված հարցերին աշխատանքային խմբի 2014թ. հոկտեմբերի 27-ի կազմած «արձանագրությամբ… տրվել է սպառիչ պատասխան», որի արդյունքների մասին, անկասկած, տեղեկացվել է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմին:

Այս առումով միայն նշեմ, որ մասնագիտական կարողությունների ի դերեւ անելու, կամ էլ փաստերը սքողելու եւ հանձնարարական կատարելու այսպիսի դրսեւորումների համար, որքան էլ այն անհավանական թվա, միմիայն ափսոսանքներ կարելի է արտահայտել: Քանզի վերադասի ու պետական պատասխանատու մարմնի նմանօրինակ կրավորականությունը, կամ էլ «վստահելիի» գործունեության բացերի վերաբերյալ այսպիսի քողարկված (այլ բան ենթադրելը դժվար է) կազմված արձանագրակետերի տրամաբանությունն անվարան կարելի է վերագրել մեծանուն Հակոբ Պարոնյանի, կամ էլ  մերօրյա երգիծապատումների ժանրին: Մնացածը, ինչ խոսք, թողնենք ընթերցողն ինքը կողմնորոշվի: Եվ կարծում եմ, որ ընթերցողը դժվար չըմբռնի, թե ստորեւ բերվող փաստերի տակ կանխամտածորեն ինչ է թաքնված: Մանավանդ, որ մեզանից շատերը, հաճախ տեղին-անտեղին, ներքեւից-վերեւ, վերեւից-ներքեւ, մեծ ու փոքրով` ամենեւին մեզ հաշիվ չտալով, փնովում ենք թե՛ մեր երկիրը եւ թե՛ իշխանություններին` զանց առնելով, որ շատ ու շատ դեպքերում մենք մեր իսկ գործողություններով ու անգործություններով, ստրկամտությամբ ու անտարբերությամբ նպաստում կամ էլ կամա թե ակամա մասնակից ենք դառնում այս կամ այն դատապարտելի ու հանցավոր արարքներին: Մինչ այդ ուզում եմ, որպեսզի ընթերցողը հստակորեն տարանջատի այն հանգամանքը, որ ՀՀ հուշարձանների պահպանության ամենօրյա ու դժվարին գործում հիշյալ ՊՈԱԿ-ի կոլեկտիվը, անշուշտ, կատարել եւ կատարում է մի շարք կարեւոր եւ արժանահիշատակ աշխատանքներ: Այդ աշխատանքները մասնավորապես նկատելի է հուշարձանների պահպանության գործում տեղական մարմինների հետ իրագործվող ծրագրերը սերտացնելու, հուշարձանների հանրահռչակման, դպրոցականների հետ տարվող աշխատանքների եւ այլ բնագավառներում: Սակայն այն, ինչի մասին խոսվելու է ստորեւ, կապ ունի միմիայն, այսպես ասած, ՊՈԱԿ-ում «բույն դրած» այն  խմբի հետ, որի վերաբերյալ ուղղակի թե անուղղակի իր հոդվածում նշել էր Ա. Փիլիպոսյանը: Եվ այսպես.

ա) Իմ դիմումում նշվել է ՊՈԱԿ-ի «Նախագծա-նախահաշվային ֆոնդից» 25 արխիվային նյութերի 1993-1999թթ.-ից բացակայության մասին: Աշխատանքային խմբի հաստատմամբ եւ ՊՈԱԿ-ի տնօրենի 2011թ. նոյեմբերի 4-ի թիվ 477 հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի 2011թ. դեկտեմբերի 2-ի նշված ֆոնդի «Հավաքածուի առկայության ստուգման» թիվ 7 ակտի եւ նրա թիվ 3-րդ հավելվածի՝ դրանց թիվը 14-ն է, որոնք վերաբերում են Արուճի մեծ տաճարին, Երեւանի «Կարմիր կամուրջին» եւ Հաղարծինի ս. Աստվածածին վանքին: Նույնը կարելի է ասել նաեւ «Մեծամոր» թանգարանի հավաքածուներից 2 հնագիտական իրերի՝ Ք.ա. 2-1-ին հազարամյակներին վերաբերող զարդաճարմանդների՝ դեռեւս 1986թ.-ից բացակայության մասին:

Այստեղ նկատի ունենանք այն, թե ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահը օրենքի եւ իր աշխատանքային պայմանագրի համապատասխան կետի համաձայն, ինչի համար ժամանակին չի կատարել իր անմիջական պարտականությունը՝ համապատասխան ակտ չի կազմել եւ չի դիմել իրավապահ մարմիններին, որը պահանջում է նաեւ ՀՀ մշակույթի նախարարի 2011թ. հոկտեմբերի 14-ի թիվ 780-Ա հրամանի հավելվածը: Ըստ որի՝ գլխավոր ֆոնդապահը, հիշյալ հավելվածի 14-րդ կետի համաձայն. «թանգարանային առարկաների կորստի, կամ հափշտակման դեպքում պարտավոր է անհապաղ կազմել թանգարանային առարկաների կորստի հանգամանքները արձանագրող ակտ, գրավոր տեղեկացնել թանգարանի տնօրենին, իրավապահ մարմիններին եւ ՀՀ մշակույթի նախարարությանը»: Այս պահանջներին, կարծում եմ աշխատանքային խմբի հարգարժան մասնագետները դժվար թե ծանոթ չեն եւ անհարկի են դա անտեսել կամ էլ գիտակցաբար աչքաթող արել իրենց, այսպես ասած, «սպառիչ» ուսումնասիրությունների ժամանակ:

Բացի այդ էլ հարց է առաջանում, թե ՀՀ մշակույթի նախարարությունը ՊՈԱԿ-ի 2011թ. ապրիլի 5-ի թիվ 1-154, 2012թ. հունիսի 16-ի թիվ 1-365 եւ հուլիսի 9-ի թիվ 1-411 գրություններով ստանալով ՊՈԱԿ-ի ֆոնդերի նյութերի ստուգման թիվ 1 («Մեծամոր»-ի թանգարանի) եւ թիվ 7-րդ (ՊՈԱԿ-ի «Նախագծա-նախահաշվային» ֆոնդի) ակտերը՝ դրանցում արձանագրված բացակայող նյութերի վերաբերյալ ինչու՞ միջոցներ չի ձեռնարկել այդ նյութերի բացակայության հարցում իրեն վերապահված լիազորություններով: Ընդ որում, աշխատանքային խումբը չգիտես ինչ հիմքերով է ղեկավարվել եւ իրենց պաշտոնեական արձանագրությունում փաստել, որ ՊՈԱԿ-ի ֆոնդերից տարբեր տարիներում ուսումնասիրողներին «տրամադրված նյութերի վերադարձի ձգձգումը դեռեւս «բացակայություն» չէ, ինչպես վկայակոչում է պրն. Այվազյանը»: Հետաքրքիր է, թե 1993-99թթ. առ այսօր ֆոնդերից բացակայող նյութերի վերաբերյալ աշխատանքային խմբի մասնագետները ի՞նչ տրամաբանությամբ են դրանց 15-22 տարվա բացակայությունը դեռեւս ոչ այդպիսին համարում: Մանավանդ, որ այդ նյութերը ՊՈԱԿ-ից վերցրած 3 անձերից 2-ն այժմ հանգուցյալներ են: Այդ ուղղությամբ մեկ այլ պաշտոնեական անփութությունն էլ այն է, ըստ որ 2012թ. հունիսի 16-ի թիվ 1-365 գրությամբ ՀՀ մշակույթի նախարարին ուղղված գրությամբ ՊՈԱԿ-ի տնօրենը, ով, հավանաբար, շրջանցում է իր պաշտոնեական պարտականությունների շրջանակները, տեղեկացնելով «Մեծամոր»-ի համապատասխան ֆոնդից մեկ (իմ կարծիքով՝ երկու) զարդաճարմանդի (15/35-1) կորստի փաստը, ընդգծել է, որ թանգարանի ֆոնդերի նյութերի առկայության ստուգման 2010թ. ակտում (որի նախագահը ես եմ եղել) «իրավապահ մարմիններին այդ կորստի վերաբերյալ հայտնելու մասին վերը նշված ստուգման ակտում նշում չկա»:

Այո՛, նշում չկա եւ սա ամենեւին էլ պարտադիր չէ, որ ստուգման ակտը տնօրենի կամ էլ գլխավոր ֆոնդապահի պարտականությունների կատարման ուղեցույց դարձվի: Այնպես որ, այդ հանգամանքը ոչ մի պարագայում արդարացման հիմք չէ ՊՈԱԿ-ին, առավել եւս գլխավոր ֆոնդապահին, ով նաեւ ստուգող հանձնաժողովի անդամ է, որ այդ մասին գրավոր չտեղեկացվեր իրավապահ մարմիններին:

Այդ առիթով նշենք նաեւ այն եւ հարցնենք, ապա ի՞նչ հիմքով  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանը ընթացք չի տվել 2010թ. նոյեմբերի 10-ի, 2011թ. մարտի 16-ի եւ ապա 21-ի՝ որպես տնօրենի տեղակալի, իմ զեկուցագրերին (որոնք կցված են

դիմումի փաթեթին), որոնցից վերջինը հենց վերաբերում է իրավապահ մարմիններին դիմելուն: Բացի այդ՝ «Մեծամոր»-ի նույն ակտի 2-րդ էջի 1-3 կետերում արձանագրվել են թանգարանային իրերի պահպանության, շենքի նորոգման ու էլեկտրականության եւ այլ խնդիրների վերաբերյալ փաստեր եւ այդ ուղղությամբ կատարվել են մի շարք առաջարկություններ, որոնք եւս ուշադրության չեն արժանացել:

Ավելին, այդ գործի պատասխանատուներին համապատասխան կարգապահական տույժերի ու պատասխանատվությունների ենթարկելու փոխարեն՝ տնօրենը հենց այդ իրավիճակի բուն եւ անմիջական մեղավորներին, օրինակ, գլխավոր ֆոնդապահ Լ. Գեւորգյանին, ի հեճուկս առկա իրավիճակի՝ որպես իր պարտականությունները բարեխղճորեն ու հավուր պատշաճի կատարողի (այդպիսինների համար երկու ձեռքով կողմ եմ), ՊՈԱԿ-ի պատվոգրերով պարգեւատրելուց բացի, ՊՈԱԿ-ի կողմից նույնիսկ ներկայացվել է գերատեսչական՝ ՀՀ մշակույթի նախարարության պարգեւատրումների՝ պատվոգրի ու նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալի: Ավելին՝ պաշտոնի առաջխաղացման կարգով էլ, 2014թ. հունվարից նշանակվել է նաեւ որպես ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ-գլխավոր ֆոնդապահ: Այստեղ զանց առնենք հեգնանքի չափաբաժինը եւ հարցնենք ՀՀ կառավարության լիազոր մարմնին՝ իր «սպառիչ պատասխաններով» արդյո՞ք առաջարկում է չբարձրաձայնել մեր թանգարաններից ու արխիվներից ժամանակ առ ժամանակ մշակութային արժեքների կորստյան (կամ բացահայտումների) մասին եւ տասնամյակներով «վայելե՞լ» դրանց կորստյան փաստերի «հաճույքն ու հրճվանքը», խարխափե՞լ մեր անզորության ու անգործության բավիղներում ու տիրույթներում… Լռե՞նք նաեւ վերջին տասնամյակներում հանրապետության մշակութային ֆոնդերից տասնյակներով անհետացած գեղանկարների եւ այլեւայլ արժեքների վերաբերյալ: Իրոք, շատ հետաքրքիր է այդպիսի պարզաբանումներ ստանալը… Քանզի, Հայաստանի անկախության տարիներին մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող որոշ կազմակերպությունների ֆոնդերից, կարծեք թե սովորություն է դարձել տասնյակներով գեղանկարչական արվեստի եւ այլ արժեքների կորուստների հետ հաշտվելը: Օրինակ, այդպիսի «մի շարք կորուստների մասին բացահայտվել է 1998-2000թթ. տեղի ունեցած ֆոնդերի հաշվառման ժամանակ:

Ու հետեւաբար, անհստակ է, թե հատկապես երբ եւ ինչ հանգամանքներում է անհետացել այս կամ այն աշխատանքը» («Հայկական ժամանակ», 15.10.2014): Մեկ այլ՝ 1996-98թթ. Գեղարքունիքի մարզային թանգարանից Երեւան բերված Ք.ա. 2-1-ին հազարամյակների 2 բրոնզե արձանիկների անհետացման փաստը: Այդ առիթով հարուցված քրգործն էլ կարճվեց, եւ այդպես էլ ոչ ոք պատասխան չտվեց այդ իրերի կորստի համար:

բ) Իմ դիմումում կոնկրետ անուն-ազգանուններով նշվել են 7-8 անձանց անուններ, ովքեր 2011-2014թթ. զանազան պատճառաբանություններով չեն աշխատել ՊՈԱԿ-ում եւ այդ տարիներին՝ մինչեւ իրենց աշխատանքից ազատվելը, ստացել են  աշխատավարձեր: Աշխատանքային խմբի ուսումնասիրությունն այդ հարցում սահմանափակվել է միմիայն այդ անձանց աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու հրամանների ճշգրտումներով: Քանզի, ինչպես երեւում է, պետբյուջեի միջոցների նմանօրինակ վատնումներին կարելի է նաեւ բանի տեղ չդնել: Օրինակ, շրջանցել, որ ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահը կարող է իր կնոջը պարզապես ձեւակերպել գիտաշխատող (ով իրականում չի աշխատել) եւ ապա ուղարկել ֆիզարձակուրդ, տնօրենը նմանօրինակ սկզբունքներով իր եւ սրա-նրա ծանոթ-բարեկամներին պետբյուջեի հաշվին աշխատավարձեր բաշխել… Չէ որ Հայաստանում, ի ցավ սրտի, վաղուց է ինչ նմանօրինակ ու բազմատեսակ օրինախախտումները մեր որոշ նախարարությունների ու պետական կառույցների, զանազան պաշտոնատար անձանց համար դարձել են սովորական երեւույթներ ու օրինաչափություններ: Քանզի, ինչպես վերջերս իր հոդվածներից մեկը լրագրող Լ. Ավագյանն էր դիպուկորեն վերնագրել. «Ոչ մի ինքնագործություն. բյուջեն թալանենք միասին» («168 ժամ», 9.12.2014): Հետո էլ զայրանում ու զարմանում ենք, թե ինչու է մեր երկրի բնակչության մեծ մասը թշվառության ու աղքատության մեջ խարխափում, արտագաղթում…

գ) ՊՈԱԿ-ը 2011թ. քաղաքացի Ա. Գրիգորյանից գնել է Կոտայքի մարզի Հավուց թառ հուշարձանին վերաբերող 31 չափագրություններ եւ 16 կրկնօրինակներ: Ընդգծենք, որ այդ նյութերի հեղինակը ոչ թե միայն Ա. Գրիգորյանն է, այլեւ Գագիկ Շիրինյանն ու Մ. Խորխորյանը, ովքեր էլ պետական միջոցներով այդ աշխատանքները կատարել են 1976-1977 եւ 1984 թվականներին, ինչը փաստված է հեղինակների վերաբերյալ գծագրերի կատարման տեղեկատվական մասում: Հետեւապես, ինչպես Ա. Գրիգորյանն, այնպես էլ ՊՈԱԿ-ը, առանց մյուս երկու հեղինակների համաձայնությունների, իրավունք չպետք է ունենային առք ու վաճառքի գործարք կայացնելու, որի համար Ա. Գրիգորյանին վճարվել է 900.000-ից ավելի գումար: Այս առումով էլ ամենեւին հիմք չէ, արձանագրությունում փաստված այն միտքը, որ Ա. Գրիգորյանը ՊՈԱԿ-ի տնօրենին ներկայացրած իր դիմումում նշել է, որ դրանց «միակ հեղինակն եմ եւ սեփականատերը՝ չափագրվել է իմ կողմից՝ տեղում 1970-ական թվականներին»: Այնպես որ, այդ խնդրի վերաբերյալ առաջ քաշած հարցերը եւս մնացել են անպատասխան: Մանավանդ, ակնհայտ է այն փաստը, որ այդ նյութերը, ինչ-ինչ հանգամանքներում, անցած տարիներում դուրս են տրվել նախկին «Հայռեստավրացիա» կազմակերպության կամ էլ Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության արխիվներից եւ հետ չեն վերադարձվել:

Շարունակելի

Արգամ Այվազյան, Հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Հ.Գ. – Հեղինակը մեր թերթի էջերում նախորդ տարի էլ հանդես է եկել, բայց մշակույթի նախարարությունը չի պատասխանել: Սույն հրապարակումից հետո էլ կսպասենք պետական այդ կառույցի արձագանքին:

Իսկ լուսանկարներում այն է, ինչ կատարվում է մեր մշակութային հարստության հետ՝ նախարարության գիտությամբ (լուսանկարները՝ «Լուսանցք»-ի PDF տարբերակում)…

«Լուսանցք» թիվ 1 (347), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։