Ժիրինովսկին Ռուսաստան չէ, բայց հաստատ ռուսական «նամյոկ» է – Հայաստանը երբեք ու ոչ մի ժամանակահատվածում չի դավաճանել Ռուսաստանին, փոխարենը հակառակ փաստեր պատմությունը հրամցնում է…

Դեռ ուկրաինական իրադարձությունների սկզբում Ռուսաստանի նախագահի «պալատական խեղկատակ» Ժիրինովսկին առաջարկել էր Ուկրաինայից հետո լուծել նաեւ Ղազախստանի հարցերը: Այսպես, ըստ վերլուծաբանների, ՌԴ ԼԴ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կրկին աչքի ընկավ մտքի փայլատակումներով: Կորցնելով «սլավոն եղբայր» Ուկրաինան, Կիեւը վաղուց հանդես է գալիս Արեւմուտքի դիրքերից, Մոսկվան շտապեց վերցնել իրեն «հասանելիք» գլխավոր պատառը՝ Ղրիմը, ապա նետվեց իրենով անելու ամբողջ Հարավ-Արեւելյան Ուկրաինան…

Ինչպես ասում են, մեծ հաշվով Ուկրաինան արհեստականորեն ուռճացված պետություն է, այս կամ այն ղեկավարի կողմից «նվիրատվություններ» ստացած տարածքներով, բայց առավել ուռճացված պետություն է հենց Ռուսաստանը, որի քաղաքական վերնախավի՝ «Երբ կար Ռուսաստանը, չկար Ուկրաինանբայց կար Կիեւյան Ռուսիան»… թեզը խիստ հարաբերական է: Այս կռիվը, ինչպես հայ արիներն են նշում, հայեվրոպական (այժմ գործածվում է դրա աշխարհագրական՝ հնդեվրոպական ձեւը) կամ արիական տեսակից առաջացած սլավոնական ազգերի միջեւ է, որոնք որպես տեսակ բնածին չեն ու երբեք բնատուր հայրենիք չեն ունեցել:

Ինչեւէ, Ռուսաստանի «պալատական խեղկատակը» համարում է, որ Ուկրաինայի տարածքները Ռուսաստանինն են ու պետք է ետ վերցնել: Մինչ այժմ դա չէին անում, քանի որ բարեկամական ու եղբայրական երկրներ էին՝ տարբերություն չկար: Կարճ ժամանակ առաջ նույն անձը հայտարարեց, թե «Ղազախստանի հարցերը եւս պիտի լուծել, քանի որ այնտեղ նկատվում են ռուսաֆոբ տրամադրություններ»: Նման հայտարարություն նա արել է նաեւ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ: «Ղազախստանը Մաքսային միության անդամ է, սակայն այնտեղ հակառուսական տրամադրություններ են տիրում: Ղազախստանի բոլոր դասագրքերում հակառուսական տրամադրություններ են: Թեեւ Ռուսաստանը նրանց երբեք չի նվաճել, այլ միշտ օգնության է գնացել, այլապես ղազախներին սրի կքաշեին ջունգարները: Ռուսական բանակը ջունգարներին քշեց Չինաստան: Իսկ այսօր ղազախները իբր մոռացել են, որ ռուսական բանակը փրկել է իրենց, երբ ղազախ ուլուսները դիմել էին ռուս ցարին,- հայտարարել է Ժիրինովսկին եւ հավելել,- Ղազախները ռուս ցարի ոտքերն էին ընկել, թե՝ փրկեք մեզ, այլապես մեզ կոչնչացնեն, եւ ցարը բանակ ուղարկեց, ազատագրեց Հյուսիսային Ղազախստանը, հետո նաեւ ուզբեկական Տաշքենդը: Հյուսիսային Ղազախստանը Սեմիռեչյեն է: Ուստ-Կամենոգորսկը, Արտյոմովսկը, Սեմիպալատինսկը. անվանումները ռուսական են: Ալմա-Աթա քաղաքը, որտեղ ես եմ ծնվել, Վերնի քաղաքը, որը հիմնել են ռուս կազակները: Հետո եկան բոլշեւիկները, ամբողջ դժբախտությունը նրանց մեջ էր: Ամեն ինչ փչացրեցին, ազգային հարց… եւ դա բերեց Ուկրաինայի այսօրվա իրավիճակին»:

Մի բանում է ճիշտ Ժիրինովսկին, որ «եկան բոլշեւիկները եւ ամեն ինչ փչացրին»… Նորից մեջբերում անելով հայ արիների՝ խորհրդային պետությունների առաջացման տեսակետից, նշեմ, որ խորհրդային 15 պետություններից եւ բազում ինքնավար հանրապետություններից կամ մարզերից միայն Հայաստանը տուժեց տարածքային իմաստով: Վրաստանը եւ Ադրբեջանը խորհրդայնացան հայկական տարածքների վրա, իսկ մեր հայրենիքի մեծ մասը թողնվեց թուրքերին՝ ռուս-թուրքական պայմանագրի ստորագրմանը զոհաբերվելով… Միջին Ասիայում գոյացան հսկայական տարածքներով երկրներ, իսկ Ղազախստանը դարձավ աշխարհի ամենամեծ երկրներից մեկը (Ռուսաստանից, Կանադայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ավստրալիայից, Հնդկաստանւից եւ Արգենտինայից հետո: Վերջինիս շատ քիչ է զիջում տարածքով՝ Արգենտինայի 2.280,4 կմ2 տարածքի դիմաց ունի՝ 2.724,9 հզ. կմ2):…

Իմիջիայլոց, նույն Ժիրինովսկին հայտարարել է, որ ադրբեջանցի ազգ չկա եւ նրանք ներխուժել են հայկական տարածքներ ու իրենց կոչել են տեղի բնակիչներ, գրեթե նույնն ասել է ժամանակին թուրքերի մասին, որ Արեւմտյան Հայաստանը պետք է միավորել այսօրվա Հայաստանի հետ, բայց հետո, ըստ քաղաքական իրավիճակների նաեւ հայերին է մեղադրել… ծավալապաշտության մեջ…

Իսկ խորհրդային տարիների ձեռքբերումներով աշխարհի մեծ տարածք ունեցող պետություններից մեկի կեսից ավելիի վրա ռուսական շատ քաղաքական գործիչներ աչք ունեն: Ղազախստանի բնակչության կեսը ռուսներ կամ ռուսախոսներ են եւ հիմնականում բնակվում են Հյուսիսային Ղազախստանում՝ Ռուսաստանի սահմանակից հատվածներում: Այս վտանգն էր պատճառը, որ ղազախներն իրենց մայրաքաղաքը հարավից՝ Ալմա-Աթայից տեղափոխեցին հյուսիս՝ Աստանա՝ հենց «ռուսական տարածքների կենտրոն», որպեսզի հողերի պայքարի հարցում հերոսաբար չզիջեն մայրաքաղաքը եւ միջազգային աղմուկն ավելի ուժեղ լինի:

Ահա այս ամենը կրկին փորձում է արծարծել Ժիրինովսկին՝ շարունակելով. «Առայժմ կսպասենք: Եկեք Ուկրաինայի հետ մեր հարցերը լուծենք, հետո…»: Հիշեցնենք, որ մի այլ հայտարարություն էլ արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ավելի վաղ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը «պետություն է ստեղծել այն տարածքներում, որտեղ պետություններ չեն եղել երբեք»:

Սրան հաջորդեց Ղազախստանի նախագահի պատասխանը, որ 2015թ. նշվելու է ղազախական պետականության 550-ամյակը: Նրա խոսքով, Չինգիզ խանի ժառանգներ Քերեյն ու Ժանիբեկը 1465թ. ստեղծել են առաջին խանությունը, որից էլ սկսվել է ղազախական պետականության պատմությունը: Հնարավոր է՝ դա չի եղել պետություն ժամանակակից ընկալմամբ, եւ չի ունեցել հեղինակություն, սակայն նույնը կարելի է ասել այդ ժամանակների մյուս պետությունների մասին, ասել է ղազախ  (ավելի ճիշտ՝ թյուրքաղազախ) Նազարբաեւը: Նա ասել է նաեւ, որ Ղազախստանի անկախությունը բացարձակ արժեք է, եւ այն պահպանելը յուրաքանչյուրի սրբազան պարտքն է: Վլադիմիր Պուտինի խոսքին բերելով՝ «Ղազախական պետականության 550-ամյակը», Նուրսուլթան Նազարբաեւը ակնարկել է, որ այդ նույն ժամանակ էլ ստեղծվել է Ռուսական պետությունը, որը նոր էր ազատվել մոնղոլական տիրապետությունից՝ 1480թ: Նազարբաեւը փաստացի ակնարկում է, որ ղազախական պետությունն առնվազն 15 տարով ավելի հին է, քան Ռուսաստանը, եւ որ Ռուսաստանը եղել է ղազախական պետության ստեղծողների նախահայրերի լծի տակ:

Սակայն մոռանում է, որ Ղազախստանն այսօր մի դաշինքում է (Թուրքիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի ու Ուզբեկստանի հետ), որը կոչվում է համաթուրքական (1 ազգ – 6 պետություն) եւ որեւէ կապ չունի մոնղոլական, չինական, կորեական կամ ճապոնական անցյաների հետ

Հիմա արի ու սրանց բացատրիր, թե Հայաստանը երբ է եղել ու առհասարակ ովքեր են եղել այդ ժամանակ: Ու որ բնածին ազգերին երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, նույնիսկ՝ մեկուկես ձեռքի մատների

Եվ ահա թե ինչ վիճակում ենք հայտնվել մենք, ինչ հարաբերություններ են ստեղծվել հայ-ռուսական հարցերում, հայ-բելառուսական եւ հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները ինչ մակարդակի վրա են գտնվում եւ ինչ ենք անելու մենք ԵՏՄ-ում, եթե չկարողանանք հավասարակշռել մեր շահերը ԵՄ-ի հետ հարաբերություններում: Չնայած Հայաստանի արտաքին քաղաքականությունը նպաստում է, որ եվրոպական համագործակցությունը ուղիներ գտնի համագործակցելու, ինչը արդեն ընթացքի մեջ է:

Իսկ Ռուսաստանի նախագահի «պալատական խեղկատակը» այստեղ էլ հանգիստ չի մնացել: Նա Հայաստանի մասին արդեն խոսել է որպես Ռուսաստանի մաս: Ըստ նրա՝ «Գյումրիում կատարված սպանդը Հայաստանում նարնջագույն հեղափոխություն կազմակերպելու փորձ է, եւ կազմակերպել է ԱՄՆ-ն: Գոսդեպն արդեն սկսել է լկտի վրաերթեր կատարել Ռուսաստանի դեմ: Նրանք կազմակերպել են խեղճ հայ ընտանիքի սպանությունը, հավաքել են տեղի ֆաշիստներին՝ մեզ վրա հարձակում են սկսել, այս անգամ արդեն Կովկասից: Հայաստանը միշտ եղել է Ռուսաստանի հետ եւ կմնա Ռուսաստանի կազմում (՞՞՞-խմբ.): Թող բոլորն իմանան, որ մենք թույլ չենք տա, որ Հայաստանում ուկրաինական սցենար զարգանա»… Այնուհետեւ ինքն իրեն ոգեւորելով շարունակել է. «Հայաստանում հզոր ռազմաբազաներ ունենք եւ արագ կհանգստացնենք Գոսդեպի ֆաշիստներին եւ 2 ժամում կարգուկանոն կհաստատենք: Եվ ոչ ոք թող դրանում չկասկածի»:

Եվ սա միայն խեղկատակի խոսք չէ

Ի դեպ, Ժիրինովսկին միայնակ չէ այն կարծիքի մեջ, որ սպանդը Հայաստանում արեւմտյան ծագում ունի՝ հատուկ կազմակերպվել է հակառուսական տրամադրություններ հրահրելու նպատակով: Ռուսական որոշ շրջանակներ կիսում են այս տեսակետը: Բայց այն, որ Ժիրինովսկին ԱՄՆ-ի Պետքարտուղարությանը եւ հայությանը վախեցնում է Հայաստանում ռուսական ռազմաբազաներից, արդեն այլ բան է նշանակում…

Անշուշտ, ռուսաստանյան իրականությունում բոլորը չէ, որ «Ժիրիկներ» են (ինչպես հայերից ոմանք են ասում Ժիրինովսկուն), կան նաեւ շատ գործիչներ, մտավորականներ, հասարակ մարդիկ, ովքեր հասկանում են կատարվածի ողբերգականությունն ու դրանից բխող հետեւանքները: Նրանց մի մասը ներողություն է խնդրել գյումրեցիներից, մյուսները ցավակցում են եւ վստահեցնում, որ ռուս ազգը միայն «ժիրինովսկիներից» չի կազմված:

Այո, այդպես է, բայց հավատն ու սերը դարերով են ձեւավորվում, ինչը մեր դեպքում 100%-ի զգալի մասը դեպի անվստահության է տանում՝ պատմական դառը փորձից ելնելով:

Թե երբ դա «կուղղվի», միայն Մոսկվայի քայլերից է կախված: Հայաստանը երբեք ու ոչ մի ժամանակահատվածում չի դավաճանել Ռուսաստանին, փոխարենը հակառակ փաստեր պատմությունը հրամցնում է:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 1 (347), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։