Գործընկերային ինքնակործան ծայրահեղություն – ԵՄ-ԵՏՄ. Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել մեկից՝ հանուն մյուսի նկրտումների…

…Սակայն լավ ենք հիշում, թե Խորհրդային Միությունը ինչպես էր տասնյակ ազգերից կերտում «խորհրդային ժողովուրդ» եւ ինչպես էր ոչնչացնում ազգերի ինքնությունն ու ինքնուրույնությունը… Եվ ԽՍՀՄ-ը փլուզվեց, ինչպես բոլոր բռնատիրությունների վերջն է լինում: Իսկ ԱՊՀ-ն կամ ԵՏՄ-ն նոր ԽՍՀՄ-ի կամ ռուսական կայսրության վերածելու փորձերը կհանգեցնեն նույն վախճանին…

…Սա չափազանց ակնհայտ է, եւ միանշանակ ճիշտ է Հայաստանի ներկայիս տարվող փոխլրացնող արտաքին քաղաքական գիծը ու կողմերին երկխոսության տանելու ձգտումը: Եվ իզուր չէ, որ պաշտոնական Երեւանը հստակ կողմնակից է ԵՄ-ԵՏՄ համագործակցությանը, նաեւ կարող է դառնալ կապող օղակ երկու միությունների միջեւ, քանի որ չի պատրաստվում հրաժարվել մեկից՝ հանուն մյուսի…

Ռուսաստանը Արեւմուտքի հետ առճակատմամբ սկիզբ դրեց համաշխարհային 2-րդ բեւեռի ձեւավորմանը եւ կարծես վատ չսկսեց այդ գործընթացը:

  1. Ուկրաինական ճգնաժամը նպաստեց, որ Ղրիմը կրկին դառնա ռուսական տարածք, իսկ Արեւելյան Ուկրաինայի զգալի մասը ենթարկվի Մոսկվայի ցուցումներին, որպես Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններ: Չի բացառվում, որ Օդեսայի մարզում եւս ռուսամետ ընդվզումներ լինեն:
  2. Ընդվզման խոսակցություններ կան նաեւ Մոլդովայից առանձնացած Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության առումով:
  3. Մեծ ցամաքային տարածքների տիրելուց բացի, Սեւծովյան ավազանում նույնպես մեծացավ Ռուսաստանի ազդեցությունը եւ Մոսկվան ցամաքային ու ջրային հսկայական նոր պաշարների տեր դարձավ:
  4. Նույն ոգեւորությամբ Մոսկվան թարմացրեց իր ազդեցությունը Կասպիցծովյան ավազանում եւ հատկապես վառելիքա-հումքային պաշարների՝ դեպի Եվրոպա արտահանման հարցում հասավ հաջողությունների: Կարողացավ տապալել թուրք-ադրբեջանական արեւմտամետ նախագծերը՝ փոխարենն առաջարկելով իրենը:
  5. ԵՏՄ-ն ստեղծելով կարողացավ զսպել նաեւ Ղազախստանին եւ Թուրքմենստանին, որպեսզի Միջին Ասիան, որոշակի նաեւ Իրանը, հեռու մնան արեւմտամետ տարածաշրջանային ծրագրերից:
  6. Մաքսային միության նոր կանոններով կարողացավ զսպել ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի ու Բելառուսի՝ դեպի Եվրոպա գնացող մի շարք ծրագրերի իրագործումը:
  7. Վրաստանի հետ տարիներ շարունակ լարվածությունը մեծամասամբ թուլացավ, եւ Վրաստանն ու Ռուսաստանը անգամ դիտարկում են տնտեսական համագործակցություն սկսելու հնարավորությունը:
  8. Մերձավոր Արեւելքում (Պաղեստինի հարցում տապալվելով) Սիրիայի շահերը պաշտպանելով՝ ամրապնդեց իր դիրքերը արաբական աշխարհի որոշակի հատվածում եւ Իրանում:
  9. Կովկասում թուրք-ադրբեջանական դաշինքի հետ բազմակողմանի հարաբերություններով նույնպես կարողացավ ամրապնդել եղած դիրքերը տարածաշրջանում:
  10. Ռուսաստանի նախագահի Չինաստան կատարած նպատակային այցով էլ սկիզբ դրվեց Արեւմուտք-Արեւելք ռազմա-քաղաքա-տնտեսական մրցավազքին, որը որոշակիորեն մեղմացրեց Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները՝ ուղղված Ռուսաստանի տնտեսությանը:

Կարելի է թվարկել էլի որոշ հաջողություններ Հարավային Ամերիկայի կամ Ասիայի մի շարք երկրների հետ կապված, բայց դա արդեն էական չէ: Հիմնական հաջողությունն ակնկալում են ստանալ ԵՏՄ-ի լիարժեք ձեւավորումից եւ գործունեությունից: Մոսկվայի համար համաշխարհային 2-րդ բեւեռ մնալ-պահելը պայմանավորված է հենց Եվրասիականամիություն-Եվրամիություն հակամարտության կամ համագործակցության հեռանկարից:

Այս առումով Ռուսաստանը ողջունեց ԵՄ-ԵՏՄ երկխոսություն սկսելու գերմանական նախաձեռնությունը: Եվրոպացիները եւս տուժում են Ռուսաստանի դեմ սկսած տնտեսական պատժամիջոցներից ու սահմանափակումներից, ինչը այդքան մեծ ազդեցություն չի թողնում ԱՄՆ-ի տնտեսության վրա: Ռուսաստանն էլ իր հերթին է պատժամիջոցների դիմել եւ վերջերս եվրոպական կողմը անգամ դիմել էր որոշակի մթերքների հանդեպ Մոսկվայի սահմանափակումները դադարեցնելու համար: Ռուսաստանի ԱԳՆ-ն արագ սատարեց Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է երկխոսությամբ հարթել Եվրոպական Միության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ հարցերը: Նշվեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը կարող են համատեղ աշխատել «Ատլանտյան օվկիանոսից մինչեւ խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական եւ հումանիտար տարածքի ձեւավորման շուրջ եւ հույս հայտնել, թե Եվրամիությունն իր նոր նախաձեռնություններում կհրաժարվի «Արեւելյան գործընկերության» քաղաքականության թերություններից»: Նշվում է, որ համաեվրոպական անվտանգությունը պիտի լինի բոլոր երկրների պայմանավորվածությունների արդյունք, այլ ոչ միայն ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի:

Այսպես կարծես ամեն բան ընթանում էր ռուսական ծրագրերի համաձայն, սակայն իրավիճակը փոխվում է հետզհետե եւ կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել: Պատճառը ռուսական մեծապետականությունն է, երբ գործընկերները հետզհետե դիտարկվում են որպես Մոսկվայի կամքի կատարողներ: Մեկ անգամ չէ, որ Մոսկվան տապալել է իր ծրագրերը (անգամ հաջողության հասած) այս մենատիրական տվայտանքների պատճառով:

Վերոնշյալ ընթացիկ հաջողությունները արդեն պակասել են եւ դեռ միտում կա պակասելու:

  1. Ուկրաինական ճգնաժամը կարող է դառնալ լուրջ ծախսատար տարածաշրջան, որտեղ անգամ չի բացառվում պատերազմական գործողությունների սկսումը: Եթե Ղրիմը անցնելով Մոսկվայի տիրապետության տակ՝ փրկվել է հրետակոծություններից, զոհերից ու ավերումներից, տարատեսակ աղետներից, ապա Արեւելյան Ուկրաինան ամենօրյա վտանգների մեջ է եւ ամենօրյա ուշադրություն է պահանջում Մոսկվայից, այդ թվում՝ դրամական, ինչը այնքան էլ հեշտ չէ գտնել: Իսկ Թուրքիան դեռ չի հրաժարվել Ղրիմը թուրք-թաթարական պետության վերածելու գաղափարից:
  2. Մոլդովան արդեն ոչ միայն Մերձդնեստրին վերատիրելու խնդիրն է հետապնդում, այլեւ Ռումինիային միավորվելու, ինչը կարող է նոր առճակատում ստեղծել Ռուսաստանի համար: Անգամ Բելառուսն է փորձում հետխորհրդային տարածքում վարել Մոսկվայից անկախ քաղաքականություն եւ դա անում է բացահայտորեն:
  3. Սեւ ծովի ավազանում Վրաստանը, Թուրքիան, Ռումինիան ու Բուլղարիան աջակցում են Միացյալ Նահանգներին, որպեսզի մերթ ընդ մերթ այդ երկրի ռազմածովային ուժեր ցուցադրվեն ծովի տարբեր հատվածներում: Եթե Անկարան ինքն է փորձում հզորացնել իր նավատորմը, ապա Վրաստանը պատրաստ է ռազմաբազա հատկացնել ՆԱՏՕ-ի զինուժի համար:
  4. Չնայած Կասպից ծովի երկրները նոր ծրագրեր չեն նախաձեռնել, սակայն Իրանն ու Թուրքմենստանը պատրաստակամ են համագործակցել թուրք-ադրբեջանական նախագծերի հետ, եթե դրանք կյանքի կոչվեն: Ադրբեջանն ու Ղազախստանն էլ խորացնում են կապերը՝ Մոսկվայից կախվածությունը թուլացնելու նպատակով:
  5. ԵՏՄ-ն իր նախնական քայլերով տնտեսական բարդ իրավիճակ է ստեղծել անդամ եւ հարակից երկրներում, իսկ կյանքի բոլոր ոլորտներում արդեն առկա թանկացումները կարող են լրջորեն չեզոքացնել Եվրասիականության տեսիլքը: ԵՏՄ-ի անդամ Բելառուսն ու Ղազախստանը, որ նաեւ ԱՊՀ ՀԱՊԿ անդամ են, Մոսկվայի ջանքերին զուգահեռ փորձում են հավասարակշռել իրենց քաղաքականությունը Հարավային Կովկասում, ինչը ռազմավարական գործընկեր Հայաստանին դրել է նույն կարգավիճակում, ինչպիսի վիճակում է ոչ ԱՊՀ-ական եւ ոչ ԵՏՄ-ական Ադրբեջանը: Անգամ հայտարարել են, թե Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի ազդի Ադրբեջանի հարաբերությունների վրա: Նույն ռուսաստանյան քաղաքականությունն է:
  6. ԵՏՄ անդամ երկրներում բնակչության մի մասն արդեն բողոքում է Մաքսային միության օրենքներից, ինչը երրորդ երկրների նկատմամբ կիրառվող կարգի համաձայն դժվարացնում եւ մի քանի անգամ թանկացնում է ներկրվող ապրանքները:
  7. Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Մոսկվայի կողմից սառեցրել էր ռուս-վրացական հարաբերությունները, որի ջերմացման փորձերը կարող են կրկին սառել, քանի որ Աբխազիան հայտարարել է, որ պատրաստ է միանալ Ռուսաստանին, որին կհետեւի նաեւ Հարավային Օսիան: Սա հաստատ նոր առճակատումների կհանգեցնի:
  8. Մերձավոր Արեւելքում Իսլամական Պետության «հայտնությունը» փոխել է իրավիճակը եւ Արեւմուտքի ռազմական, քաղաքական ու տնտեսական ուժերը նետված են առճակատման, ինչից հեռու է մնում Ռուսաստանը: Հակաահաբեկչական արեւմտյան դաշինքի հաջողության դեպքում կթուլանան ինչպես Սիրիայի եւ Իրանի, այնպես էլ Ռուսաստանի դիրքերը:
  9. Կովկասում ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական անպտուղ խաղերը հանգեցրին այն բանին, որ Հայաստանը եւս վերապահումներ է ձեռք բերում Ռուսաստանի նկատմամբ: Իսկ Գյումրիի դեպքերը՝ կապված ռուս զինվորի կողմից խաղաղ քնած հայ ընտանիքի բոլոր անդամներին սպանելու հետ, սրել է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, այլեւ ռուսական ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության հարցն է արծարծվում: Դա միակ ռազմական հենակետն է Ռուսաստանի Կովկասում:
  10. Չինաստանը աջակցելով ռուսական որոշ տնտեսական ծրագրերի՝ չի պատրաստվում լինել Մոսկվայի ծրագրերի կցորդը: Պեկինը միշտ էլ փորձել է համաշխարհային բեւեռ ձեւավորել, անգամ այն տարիներին, երբ ԽՍՀՄ-ը արդեն լուրջ բեւեռ էր ստեղծել Արեւմուտքի դեմ՝ սոցիալիստական ճամբար, որի անդամ էին կոմունիստական կամ սոցիալիստական երկրներ՝ աշխարհի բոլոր մայրցամաքներից:

Սակայն լավ ենք հիշում, թե Խորհրդային Միությունը ինչպես էր տասնյակ ազգերից կերտում «խորհրդային ժողովուրդ» եւ ինչպես էր ոչնչացնում ազգերի ինքնությունն ու ինքնուրույնությունը… Եվ ԽՍՀՄ-ը փլուզվեց, ինչպես բոլոր բռնատիրությունների վերջն է լինում: Եվ ԱՊՀ-ն կամ ԵՏՄ-ն նոր ԽՍՀՄ-ի կամ Ռուսական կայսրության վերածելու փորձերը կհանգեցնեն նույն վախճանին:

Սա չափազանց ակնհայտ է, եւ միանշանակ ճիշտ է Հայաստանի ներկայիս տարվող փոխլրացնող արտաքին քաղաքական գիծը եւ կողմերին երկխոսության տանելու ձգտումը: Եվ իզուր չէ, որ պաշտոնական Երեւանը հստակ կողմնակից է ԵՄ-ԵՏՄ համագործակցությանը ու կարող է դառնալ կապող օղակ երկու միությունների միջեւ, քանի որ չի պատրաստվում հրաժարվել մեկից՝ հանուն մյուսի:

Վերջին դեպքերը Գյումրիում հավաստեցին, որ Հայաստանը չի կարող լինել միաբեւեռ աշխարհի կողմնակից կամ հանգրվանել այդ բեւեռներից մեկում՝ վտանգելով հայության շահերն ու նպատակները: ՀՀ ԱԳ նախարարի մեկնումը Բրյուսել իսկը ժամանակին է, որտեղ կայանում է Հայաստան-Եվրոպական միություն խորհրդի 15-րդ նիստը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 1 (347), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։