Էրդողանը «հաղթանակ» է հնարել՝ ապրիլի 24-ին Հայաստան չգալու համար – Սերժ Սարգսյանը պատմական փաստերի մեջբերումով զրոյացրեց թուրքերի «հաղթանակ»-ը…

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան հայտարարեց իր հերթական ստոր քայլի մասին: Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ 2015թ. ապրիլի 24-ին թուրքական պետությունը մեծ շուքով նշելու է Չանաքքալեի ճակատամարտում հաղթելու 100-րդ տարին: Թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Սերփիլ Չեւիքջանի «Էրդողանի 2-րդ անակնկալը» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրների նախագահների կամ վարչապետների, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Հոդվածի հեղինակը ուշագրավ է համարել նաեւ այն հանգամանքը, որ մասնակցության հրավեր է ուղարկվել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով ավանդաբար ամենամյա ապրիլքսանչորսյան ելույթներ է ունենում՝ ցավակցելու համայն հայությանը»: Հայաստանի նախագահին ուղարկված հրավերի կապակցությամբ, ըստ Չեւիքջանի, թուրքական կառավարության ներկայացուցիչը հետեւյալ պարզաբանումն է տվել. «Դարդանելիում մարտնչած եւ նահատակված զինվորների շարքերում եղել են էթնիկական տարբեր ծագման բազմաթիվ երիտասարդներ: Նրանց մեջ եղել են նաեւ հայեր: Այլ կերպ ասած՝ միասին ենք պայքարել, դրա համար էլ Սարգսյանին էլ է հրավեր ուղարկվել»:

Ընդգծվում է, որ ամեն տարվա ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերությունների գերլարման շրջանն է: Ահա թե ինչու է Անկարայի համար կարեւոր հրավերի համար այդ օրվա ընտրությունը: «Եթե Օբաման եւ Սարգսյանը ընդունեն այդ հրավերը, ապա դա կլինի պատմության մեջ մեծ հետք թողնող անակնկալ»,- գրել են թուրքական զլմ-ները: Չանաքքալեի հաղթանակը նշելու լուրը մեծ բավականություն է պատճառել Ադրբեջանի նախագահին, ով Թուրքիայի նախագահի հետ ասուլիսին հայտարարեց. «Շնորհակալ եմ այդ տարեթիվը ընտրելու համար: Դա շատ իմաստուն քայլ է»: Հետաքրքիր է, որ այդ ճակատամարտը տեղի է ունեցել 1915թ. ոչ թե ապրիլին, այլ մարտին: Ակնհայտ է, որ այսպես Էրդողանը պատասխանեց Սարգսյանի՝ Հայաստան գալու եւ Հայոց Մեծ եղեռնի հիշատակի արարողություններին մասնակցելու հրավերին՝ անուղղակիորեն մերժելով այն:

Իսկ Չանաքքալեի ճակատամարտ տեղի է ունեցել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1915թ. մարտի 18-ին, երբ թուրքերը թույլ չտվեցին Անտանտի երկրներին պատկանող նավերին մտնել Դարդանելի նեղուց (նեղուցի թուրքական անվանումը Չանաքքալե է): Այս օրը Թուրքիայում վերածվել է ամենամյա տոնի, սակայն երբեք չի նշվել ապրիլին եւ թուրքական զլմ-ները Էրդողանի այդ քայլը բնութագրում են իբրեւ պատմական նշանակության քայլ:

Սերժ Սարգսյանի պատասխանը չուշացավ, եւ նա Թուրքիայի նախագահին խորհուրդ է տվել «համաշխարհային խաղաղությանն ուղղված կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձը հղել աշխարհին»: Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է. «Ստացա Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու՝ ինձ ուղղված Ձեր հրավերը: Հիրավի, Առաջին աշխարհամարտը մարդկության պատմության ամենազարհուրելի էջերից է, որ միլիոնավոր անմեղ մարդկային կորուստների եւ ճակատագրերի խեղման պատճառ դարձավ: Գալիպոլիի ճակատամարտի մասնակից էր նաեւ Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը. սպա, որ նվիրվել էր կայսրության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը եւ հավատարիմ ծառայության ու սխրանքների համար Օսմանյան կայսրության կողմից արժանացել էր ռազմական պարգեւների: Մինչդեռ, նույն թվականին իր գագաթնակետին հասած՝ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ նախապես ծրագրված եւ իրականացված զանգվածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսյանին: Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի թվում էին նրա ծնողները, ովքեր դաժանաբար սպանվեցին, իսկ քույրը մահացավ Սիրիայի անապատում: Հենց նախադեպը չունեցող այդ կոտորածի արդյունքում էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, եւ դրա անպատժելիությունն էր, որ հող նախապատրաստեց Հոլոքոստի եւ Ռուանդայում, Կամբոջայում ու Դարֆուրում ցեղասպանությունների համար»:
Սերժ Սարգսյանը նաեւ հիշեցրել է, որ «Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում անհրաժեշտ է հիշել, որ խաղաղությունը եւ բարեկամությունն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական անցյալի հետ առերեսման խիզախության, պատմական արդարության, ինչպես նաեւ համամարդկային հիշողության՝ ոչ թե ընտրովի, այլ ամբողջական ճանաչման վրա: Ավա՜ղ, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը եւ տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915թ. մարտի 18-ին եւ շարունակվել մինչեւ 1916թ. հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչեւ հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարեւոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի եւ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»: Հայաստանի նախագահը նշել է, որ յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարեւան ազգերի միջեւ մերձեցման ու հետագա համագործակցության համար: Նա հիշեցրել է. «Դեռեւս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երեւան՝ 2015թ. ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: Այդ նպատակի համար Թուրքիա էր գործուղվել ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, ով նորընտիր նախագահ Էրդողանի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով Անկարա էր ժամանել եւ մի ձեռքով շնորհավորել Էրդողանին, իսկ մյուսով փոխանցել Հայաստանի նախագահի պաշտոնական հրավերը:
Թեմային անդրադարձած շուրջ 2 տասնյակ թուրքական զլմ-ներից բացառություն են ընդդիմադիր լրատվամիջոցի համարում ունեցող մի շարք կայքեր, որոնք ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ են հրապարակել նախագահ Սարգսյանի պատասխան նամակը: Իսկ լուսաբանումը թուրքական լրահոսում աչքի է ընկնում հետեւյալ ընդհանրությամբ. «Թուրքական լսարանին ներկայացվում է, թե ինչ խոսքերով է սկսվում նամակը եւ թե ինչ խոսքերով է ավարտվում: Բուն բովանդակությունը հիմնականում բացակայում է: Այսինքն առկա է զուտ սկզբնամասը եւ վերջնամասը»:

Անկարայում չէին սպասում պատասխան նամակի, անգամ Էրդողանն է անակնկալի եկել՝ հասկանալով որ թուրքական այս քայլը իրականում տապալվեց: Թուրքերի զայրույթը կրկնապատկել է հատկապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը պատմական փաստերի մեջբերումով հրաժարվում է ներկա գտնվել մի միջոցառման, որն ակնհայտորեն կազմակերպվել է միտումնավոր՝ Էրդողանին Հայաստան գալու ծանր բեռից ազատելու համար:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 1 (347), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։