Գործ, որ կավարտենք – Հրանտ Դինքը ապրում է… ԱՍԱԼԱ-ն ահաբեկչություն չէ, հակաահաբեկչություն է – Հայ վրիժառուական կառույցը 40 տարեկան է («Հաղթանակը մե՛րն է լինելու»,- ԱՍԱԼԱ)…

Գործ, որ կավարտենք – Հրանտ Դինքը ապրում է

Արդեն 8 տարի է անցել այն օրվանից, երբ Հրանտ Դինքը սպանվեց իր իսկ թերթի խմբագրության առջեւ: Նա ծնվել էր Մալաթիայում, 1954թ. սեպտեմբերի 15-ին եւ դավադրաբար-ծրագրված սպանվեց 2007թ. հունվարի 19-ին, Ստամբուլում:

Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը հունվարի 17-ին Վիեննայի կենտրոնում ֆլեշմոբ է կազմակերպել, որը նվիրված է եղել խոսքի ազատության դեմ ուղղված բռնությունների մասին իրազեկվածության բարձրացմանը:

Ֆլեշմոբի ընթացքում բեմականացվել է Հրանտ Դինքի սպանությունը, ով սպանվել էր Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանության մասին հրապարակավ արտահայտվելու համար:

Հունվարի 18-ին էլ Ավստրիայի Հայաստանյայց Առաքելական եկեղեցում կազմակերպվել է հոգեհանգստի արարողություն եւ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում: Հունվարի 21-ին արդեն Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում Հրանտ Դինքին նվիրված հիշատակի ձեռնարկ եղավ: Միջոցառումը հովանավորում էր Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։ Կազմակերպիչների մեջ էր նաեւ ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակը։

Միջոցառմանը ելութներով հանդես եկան Հրանտ Դինք հիմնադրամի նախագահ Ռակել Դինքը, Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը, ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Ալեքսիս Գովսյանը, Ֆրանկ Էնգելը եւ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ձեռնարկի ավարտին ցուցադրվեց Դինքին նվիրված ֆիլմ։ Հիշեցնենք, որ Դինքը երկար տարիներ պայքարում էր Թուրքիայում ժողովրդավարության հաստատման ու բոլոր ժողովուրդների իրավահավասարության համար, առաջիններից մեկը բարձաձայնեց Հայոց ցեղասպանության մասին եւ ազատ խոսեց հեռուստատեսային հաղորդումների ընթացքում եւ իր թերթում։

Սպանությունից 8 տարի անց էլ շատ մանրամասներ մինչեւ վերջ բացահայտված չեն, իսկ դատավարությունը կոծկեց սպանության իրական պատվիրատուներին:

Այս տարի Դինքի հիշատակի խաղաղ ցույցը Ստամբուլում լուրջ դրմադրության հանդիպեց ոստիկանների կողմից, ինչը հավաստում է, որ թուրքերը փորձում են այս ամենն անցյալ սարքել…

Հրանտ Դինքը ապրում է, եւ նա դեռ անելու է իր գործը, որ դեռ կհասցվի իրական ու հաղթական ավարտին:

Արման Դավթյան

ԱՍԱԼԱ-ն ահաբեկչություն չէ, հակաահաբեկչություն է – Հայ վրիժառուական կառույցը 40 տարեկան է

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ-ի (Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA)) հիմնադրման 40-ամյակը լրացավ հունվարի 20-ին:

Հատված Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտի Բանակի ծրագրից. «Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտի Բանակը ծնունդն է հայ նորագույն սերունդին եւ իր մեջ կմարմնացնե Համայն Հայության դարավոր ձգտումներն ու իր ճակատագրին եւ երկրին տեր ըլլալու անտեղիտալի կամքը:

Այս գիտակցությամբ, ան ինքզինք համարատու կնկատե հայ ժողովուրդին եւ կծառայե միայն անոր գերագույն շահերուն, եւ ուրիշ ոչ մեկ կողմի կամ հատվածի, ինչպես նաեւ ոչ մեկ ուժի կամ պետութեան: Հայ ժողովուրդի հավաքական կամքեն ավելի բարձր ոչ մեկ ուժ կամ հեղինակություն կճանչնա կամ կնդունի եւ կենթարկվի միա՛յն անոր»:

ԱՍԱԼԱ-ի հուշահամալիրը Եռաբլուրում է եւ իրավամբ հայ ազատամարտիկների կողքին, ովքեր հերոսացան պատերազմի վերածված ազատագրական պայքարի ժամանակ:

Իսկ ԱՍԱԼԱ-ն ծնվեց 1975-ին: 1915-ի Մեծ Եղեռնից հետո, Արեւելյան Հայաստանի մի հատվածին՝ Խորհրդային Հայաստանին 50 տարի էր պետք, որ համաշխարհային 2 պատերազմների բովով անցնելուց հետո հրապարակ դուրս գար եւ միաբերան պահանջեր՝ «Հայոց Հողերը», իսկ Սփյուռքին եւս մի տասը տարի ավել, որ վերջնականապես հուսահատվեր միջազգային կազմակերպությունների գթասրտությունից եւ ապավինելով սեփական ուժերին՝ գործի անցներ… Եվ երկունքը դժվար եղավ Սփյուռքում, բայց պայթեց վերազարթոնքի կոչով:

1975թ. հունվարի 20-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ռմբահարելով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակը, որ հայերի արտագաղթի կազմակերպմամբ էր զբաղված, ի լուր աշխարհի հայտարարվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ծնունդը: Եվ այնուհետ աշխարհը խոսեց մինչ այդ մոռացության տրված Հայկական Հարցից, Հայ Դատից:

Նորագույն զինյալ ազատագրական պայքարի ճանապարհին զոհվել են ԱՍԱԼԱ-ի 3 տասնյակից ավել մարտիկներ եւ այս տարի, հունվարի 20-ին՝ 40-ամյակի կապակցությամբ նվիրյալների այցելություն եղավ Եռաբլուր պանթեոն՝ Մարտիկների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու համար:

Այնուհետեւ, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանին նվիրված միջոցառում, որտեղ «անմահություն մաղթեցին «Ամբողջական Հայաստանի ազատագրման ճանապարհին զոհվածներին»:

ԱՍԱԼԱ-ն, ինչպես Պարույր Սեւակը կասեր, հայության համար դարձավ «եւ՛ շանթ, եւ՛ շանթարգել», եղավ դիմակայություն ու զսպաշապիկ՝ այս էլ արդեն մեկ դարից ավելի իրականացվող թուրքական պետական ահաբեկչության դեմ:

Իր պաշտոնական հաղորդագրությունները ԱՍԱԼԱ-ն ավարտում էր հետեւյալ նախադասությամբ. «Հաղթանակը մե՛րն է լինելու»:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 1 (347), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։