Վասն ճշմարտության եւ ի պետս իմացության (մշակույթի նախարարության անօրինությունները)… Կամ՝ բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին (մաս 2-րդ) – Արգամ Այվազյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Սկիզբը՝ թիվ 1-ում

դ) Իմ դիմումում հստակորեն նշված է՝ քննության առնել «թանգարանների համար տպագրվող տոմսերի ծախսերի հաշվարկները» եւ ոչ թե այն շրջանցելով արձանագրել, թե ՊՈԱԿ-ը ինչքան տոմս է տպագրել եւ ինչքան վճարել ու իրացրել:

Փակագծերը բացենք. աշխատանքային խմբին ներկայացրած ՊՈԱԿ-ի թանգարանների համար 2011-2014թթ. տպագրված 820.500 հատ տոմսերի տպագրության համար վճարած 15.314.600 դրամը գրեթե 5 անգամ գերազանցում է տոմսերի տպագրման իրական արժեքին: Երեւանի ցանկացած տպարանում կարելի է հաշվարկել, որ այդօրինակ ամեն 1 տոմսի տպագրման ծախսը չի կարող անցնել 3-3,5 դրամի սահմանները, որի համար պետք է վճարվեր 3 միլիոնի չափ գումար: Մինչդեռ, ՊՈԱԿ-ը ամեն մի տոմսի տպագրման համար, վերոնշյալ հաշվարկով, անհարկի 18 դրամով վճարել է 15 միլիոնից ավելի, որն ամենեւին էլ չիմացության արդյունք չէ, եւ այսպիսի վնասարարությունը եւս մեծահոգաբար անտեսվել է արձանագրությունը կազմողների «տեսադաշտից»:

ե) Աշխատանքային խմբին ներկայացված «Մեծամորի ոսկին» կատալոգի տպագրության վերաբերյալ «Լեգալ պլյուս» տպարանի հետ կնքված (01.08.2013) «Տպագրական աշխատանքների կատարման պայմանագրի» եւ հանձնման-ընդունման ակտի ու ապրանքների մատակարարման փաստաթղթերի համաձայն՝ այն տպագրվել է 230 օրինակով, որի համար տպարանին վճարվել է 960.480 դրամ: Մանրամասների մեջ չմտնելով՝ միայն կատալոգի տվյալներով փաստենք հետեւյալը.

ա) Այդ կատալոգի ելքային տվյալներում, որը նաեւ թերի է, ոչ մի տեղ չի նշված, որ այն տվյալ ՊՈԱԿ-ի հրատարակությունն է: Չկա նաեւ նրա տպաքանակի, ինչպեսեւ ինդեքսավորման վերաբերյալ նշումներ, որոնք սահմանված են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի (3.12. 2003թ.) 11-րդ հոդվածի պահանջներով եւ պետական կազմակերպության համար, կարծում եմ, պարտադիր է:

բ) Բացի այդ էլ՝ 230 օրինակի տպագրման ծախսերի 960.480 դրամ հաշվարկը այդ կատալոգի (գունավոր) 24 էջի համար գրեթե եռակի է վճարված, որը եւս շատ «համեստորեն» եւ կանխորոշված անտեղյակությամբ անտեսվել է: Քանզի դրա հրատարակության իրական ծախսերը կարող է կազմել 350-400 հազարից ոչ ավելի (260.000 թղթի ու տպագրության, 90-140 հազարը՝ շարվածքի, խմբագրման, սրբագրման ու էջադրման համար): Ընդ որում էլ՝ կատալոգի խմբագրման ու սրբագրման աշխատանքները կատարվել են ոչ թե վերոնշյալ ՍՊԸ-ում, ինչպես նշված է պայմանագրում, այլ ՊՈԱԿ-ում՝ աղբյուրագիտության եւ խմբագրական բաժնի խմբագրի  կողմից:

Տպագրական աշխատանքների ծախսերի հաշվարկման-վճարման վերոնշյալ երկու օրինակները ուղղակի թե անուղղակի մատնացույց են անում, որ, հավանաբար, ՊՈԱԿ-ի այլ հրատարակությունների ծախսերի հաշվարկները, որը իրականացվում է ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցներից, եւս կատարվել են նմանօրինակ չարաշահումներով եւ այն հիմնավորապես ուսումնասիրման կարիք ունի:

զ) 2011թ. «Գառնի» արգելոց-թանգարանի ՅՈւՆԵՍԿՕ-ից ստացած դրամաշնորհի վերաբերյալ 2014թ. սոցցանցերում ՊՈԱԿ-ին ուղղված մի շարք հարցումներին ի վերջո պատասխան տալու համար ես նշել եմ, որ անհրաժեշտ է պարզաբանել, թե ե՞րբ եւ ի՞նչ նպատակներով է ծախսվել այդ գումարը: Քանզի, ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի 2011թ. հրապարակավ մատնանշածի, այդ գումարը պետք է ներդրվեր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հետագա զարգացման նախագծերի իրագործման մեջ» (տե՛ս «Իրավունք», 20.09.2011թ.): Այս հարցի վերաբերյալ էլ աշխատանքային խումբը արձանագրել է, որ 2011թ. ՅՈւՆԵՍԿՕ-ից «Գառնի>-ի վերաբերյալ ստացված 15.000 ԱՄՆ դոլար գումարը` ՊՈԱԿ-ի ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանին հղած 2011թ. սեպտեմբերի 16-ի թիվ 1-451 գրությամբ ներկայացրած միջոցառումների ու գործնական քայլերի իրագործման համար 2011թ. «ծախսվել է ամբողջությամբ», որը, մեղմ ասած, ճիշտ չէ եւ այն ամենեւին էլ չի անհանգստացրել աշխատանքային խմբի արգո անդամներին:

Այստեղ չանդրադառնալով հիշյալ միջոցառումների ծրագրի բոլոր կետերին՝ միայն նշենք, որ նախատեսված աշխատանքների 1-ին եւ 8-րդ կետերից բացի, մնացած 6 կետերը «Գառնի»-ի զարգացման նախագծերի եւ տեղանքապահպանման ծրագրերի գործում ոչ այնքան նպատակային են: Այնուամենայնիվ նշենք, որ հիշյալ նամակ-ծրագրի 1-ին եւ 5-րդ կետերի կատարումը (9000 ԱՄՆ դոլար), մեղմ ասած, չի իրագործվել, որի շղարշածածկ վարագուրելը, հավանաբար, գին ունի կամ էլ մաս է կազմում այս կամ այն տնօրենի ընտրության մրցույթի չգրված պայմաններում: Քանզի առ այսօր, ըստ վերոնշյալ պաշտոնեական նամակի.

ա) ՊՈԱԿ-ի ֆոնդերի թվայնացման A1 չափի պատկերամուտ սարքի համար նախատեսված՝ 6000 դոլարին համարժեք գումարով, չի գնվել, որը տեղ չի գտել նաեւ ՊՈԱԿ-ին ուղղված հարցման վերաբերյալ քաղ. Ա. Հարությունյանին ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ս.Առաքելյանի 2014թ. օգոստոսի 23-ի թիվ 1-852 պատասխան գրության 6-րդ կետում (տե՛ս «Լուսանցք», 2014թ. թիվ 37):

բ) 2011թ. ընթացքում հիշյալ նամակի 1-ին կետով նախատեսված «Գառնի» թանգարանի նախագծի համար էլ 3000 դոլարին համարժեք գումարի աշխատանք եւս չի կատարվել (իրականում այն կատարման ընթացքի մեջ է, որը կավարտվի, հավանաբար, 2015թ. սկզբներին եւ, բնականաբար էլ, կֆինանսավորվի ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցներից):

է) Իմ դիմումում հատուկ մտահոգությամբ անդրադարձել եմ ՊՈԱԿ-ի ֆոնդերում առկա նյութերի (շուրջ 324.294) պահպանության խնդիրներին, մասնավորապես՝ տասնամյակներ շարունակ շենքի ջեռուցում չունենալու հանգամանքով ամեն տարի տաք եւ ցուրտ ջերմային ռեժիմի քայքայիչ ազդեցության ենթարկվելու իրավիճակին:

Արձանագրենք նաեւ այն, որ հանրապետությունում արխիվային այդ ֆոնդերի մեծ մասը ՀՀ հուշարձանների (զգալի մասով նաեւ հանրապետությունից դուրս) վերաբերյալ փաստավավերագրական եզակի հավաքածուներ են եւ հիմնական ֆոնդերում ներառված մասով բացառապես բնագրային նյութեր են մեկական օրինակներով: Հարկ է ընդգծել, որ մեր հուշարձանների վերաբերյալ այդ արխիվային արժեքների թվում են նշանավոր երախտավորների՝ Թ. Թորամանյանի, Ա. Վրույրի, Մ. Մազմանյանի, Ն. Բունիաթյանի, Ն. Տոկարսկու, Ա. Յակոբսոնի, Վ. Հարությունյանի եւ այլոց արխիվային նյութերը:

Բացի այդ, այդ ֆոնդերում են պահպանվում նաեւ հանրապետության թե՛ վերականգնված եւ թե՛ դեռեւս չվերականգնված հուշարձանների հազարավոր չափագրություններն ու նախագծերը, այլեւայլ փաստաթղթերը, որոնք, ցավոք, դեռեւս կայուն ջերմային ռեժիմի ապահովման տեսակետից եւ այդ ֆոնդերին բնորոշ հատուկ տեխնոլոգիաներով ոչ միայն պատշաճորեն չեն պահպանվում, այլեւ ինչպես վերեւում նշվեց, 1993-1999թթ. («Մեծամոր»-ի պարագայում՝ 1986թ.) մինչեւ 2008թ. ՊՈԱԿ-ի պաշտոնատար որոշ անձանց պաշտոնեական պարտականությունների անփույթ դրսեւորումների պատճառով, այդ ֆոնդերից կորստյան են մատնվել նաեւ զանազան նյութեր: Ավելին, տարիներ շարունակ էլ կորստյան մատնված այդ նյութերի վերադարձման գործում հանցավոր անտարբերություն է ցուցաբերվել:

Վերոնշյալ մտահոգություններից, անցած տարիներում այդ եւ առնչակից խնդիրների արծարծված, սակայն էական ու ծրագրային տեղաշարժեր չկիրառված, ՊՈԱԿ-ի կառուցվածքի վերջին մի քանի տարիներում պարբերաբար կատարվող կառուցվածքային փոփոխություններում ու նորանոր հաստիքների թվում՝ ֆոնդային արժեքների պահպանության ու ծրագրերի կատարելագործման, ֆոնդերի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբեման աշխատանքները երկրորդ պլան մղելու հանգամանքից ելնելով էլ իմ դիմումում նշել եմ, որ հարց բարձրացվի ՀՀ կառավարության առջեւ, որպեսզի ՊՈԱԿ-ի «Ֆոնդերի հաշվառման, պահպանման եւ սպասարկման» բաժնի սեւանկարների, լուսանկարների, չափագրությունների, նախագիծ-նախահաշիվների, անձնական, պլանշետների, քարտեզների ֆոնդերը իրենց ամբողջությամբ ՊՈԱԿ-ի բալանսից բալանս հանձնվեն ՀՀ Ազգային արխիվին:

Այս խնդրում ճիշտ որոշումը միայն դա՛ կարող է լինել:

Քանզի, եթե նույնիսկ առաջիկայում լուծվի շենքի ջեռուցման խնդիրը (2014թ. դեկտեմբերի 8-ից այն իրականացվել է), ապա տասնամյակներ են անհրաժեշտ, որպեսզի ՊՈԱԿ-ը իր այդպիսի դանդաղաշարժ տեմպերով իրականացնի այդ ֆոնդերի թվայնացման աշխատանքները: Այսպիսի առաջարկ-որոշման դեմ, անկասկած, կըմբոստանա թե՛ ՊՈԱԿ-ի տնօրինությունը, եւ թե՛ ՀՀ մշակույթի նախարարությունը՝ պատճառաբանելով, որ դրանց ՊՈԱԿ-ում գտնվելը նպաստավոր է համակարգի առջեւ ծառացած խնդիրներին ավելի օպերատիվ լուծումներ տալու համար:

Սակայն, ինչպես վերեւում արձանագրվեց, ակնհայտ է, թե ՊՈԱԿ-ի եւ ՀՀ մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության որոշ պատասխանատու աշխատակիցները վերջին 20-25 տարիներում այդ ազգային հարստությունները պահպանելու (ցուրտ ու շոգ վիճակում) եւ օգտագործելու գործում ինչպիսի՜ «հոգատարություններ» են դրսեւորել:

Այդտեղ նշենք նաեւ մեկ այլ փաստ, որն անվարան կարելի է համարել մշտարթուն բնազդով օժտված աչքակապություն դրսեւորելու գործելաոճ: Դա այն է, որ ՊՈԱԿ-ը աշխատանքային խմբին հավաստիացրել է եւ այն տեղ է գտել արձանագրությունում, որ իբր թե մինչեւ այժմ ՊՈԱԿ-ի «յուրաքանչյուր ֆոնդապահոց ջեռուցվում է առանձին ջեռուցիչով… 2-րդ հարկում պահպանվող ֆոնդային հավաքածուների (խոսքը սեւանկարների, լուսանկարների, չափագրությունների, նախագիծ-նախահաշիվների եւ անձնական ֆոնդերի մասին է,- Ա.Ա.) պարագայում անհանգստանալու հիմքեր շատ չկան. դրանք պահպանվում են չոր եւ կայուն ջերմաստիճանի պայմաններում»:

Սա, մեղմ ասած, ճիշտ չէ (բացառությամբ այն բանի, որ դրանք, իրոք որ պահպանվում են խոնավազերծ սենյակներում): Այստեղ մարդ չգիտի՝ ինչի վրա զարմանա եւ ինչի վրա զայրանա: Քանզի, այդպիսի դյուրակեզ ու հրավտանգ ֆոնդապահոցներում (թուղթ, ժապավեն, լուսանկար) պարզապես անհսկողությամբ թողնվող էլեկտրասարքավորումներով ջերմություն ապահովելը պարզապես խստագույնս արգելվում է, եւ մշակույթի նախարարության ու ՊՈԱԿ-ի պատասխանատուները հստակորեն պետք է դա գիտակցեն եւ ուրիշներին էլ մոլորությունների մեջ չգցեն:

Այնպես որ, հավանաբար, այսպիսի դեպքերի համար է ասվել, որ «բակլան իմն է՝ խաշած եմ ցանում»: Բացի այդ էլ.

ա) Ձմեռային ամիսներին, ինչպես առհասարակ ամբողջ տարվա ընթացքում՝ աշխատանքային ժամի ավարտից հետո, ժամը 18-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը, ՊՈԱԿ-ի բոլոր աշխատասենյակների, այդ թվում նաեւ ֆոնդապահոցների էլեկտրասնուցումը անջատվել է (բացառությամբ տնօրենի եւ պահակի սենյակների): Այնպես որ, ձմեռվա ամիսներին ո՛չ աշխատանքային եւ ո՛չ էլ գիշերային ժամերին չեն ջեռուցվել ֆոնդապահոցները: Վերջինս առանց որեւէ դժվարությունների կարելի է ճշգրտել ձմեռվա ամիսներին ՊՈԱԿ-ի գիշերային ժամերին ծախսած հաշվիչի ցուցմունքներով եւ ՊՈԱԿ-ի էլեկտրաէներգիայի դիմաց կատարված վճարումների փաստաթղթերի ստուգմամբ:

Այնպես որ ՊՈԱԿ-ի՝ աշխատանքային խմբին այսպիսի տեղեկություններով մոլորեցնելը, ոչ այլ ինչ է, քան պարզ աչքակապություն:

բ) Բացի այդ՝ սեւանկարների ֆոնդի շուրջ 58.500 նյութերը (որոնց մի մասը շուրջ 100 տարվա հնության ապակյա եզակի արժեքներ են), ժապավենյա պոզիտիվ (սլայդ) ու սեւանկար բնագրերը թե՛ ամռան եւ թե՛ ձմռան ամիսներին պետք է պահպանվեն հատուկ եւ կայուն ջերմաստիճաններ ունեցող պահարաններում, որն, առհասարակ, առ այսօր ՊՈԱԿ-ի մտահոգություններից դուրս է: Փույթ չէ, որ այդ նյութերում, մանավանդ ապակյա սեւանկարներում, վաղուց է ինչ առկա է քայքայման ու գունաթափման պրոցեսը:

գ) Բարվոք չեն նաեւ 60-100 տարվա հնություններ ունեցող ավելի քան 48.000 վատման, գծագրական-նկարչական, կալկա, կավճապատ եւ այլ տեսակի ու խտություններ ունեցող թղթերի վրա կատարված հուշարձանների զանազան չափագրությունների, գծագրերի, հուշարձանների վերականգնման ու կոնսերվացման նախագծերի, էսքիզների, հանույթների ու քարտեզների եւ այլեւայլ նյութերի վիճակները:

Մանավանդ, որ այդ նյութերը տուշով կատարված լինելուց բացի՝ զգալի մասով կատարված են մատիտով: Այդպիսի նյութերի չգունաթափվելու եւ թղթի զանազան հիվանդություններից զերծ պահելու համար անհրաժեշտ է դրանց պահպանությունը իրականացնել այդ նյութերի պահպանմանը բնորոշ հատուկ ռեժիմով (կայուն ջերմաստճան ու խոնավություն, հատուկ ծրարավորում, դարակաշարերում տեղադրման դիրք եւ այլն);

դ) Նույնը կարելի է ասել նաեւ 73.000-ից ավելի լուսանկարների ֆոնդի վերաբերյալ: Եվ կարծում եմ, որ ոչ մի անհրաժեշտություն չկա այսպիսի իրականությունը շողոմաբնույթ վարքագծերով ցուցանելու:

ը) Իմ դիմումում հստակ խնդիր է բարձրացված ՊՈԱԿ-ի ֆոնդերի իրերի վկայագրերի կազմելու վիճակի վերաբերյալ: Այդ ոչ ճիշտ քաղաքականության պատճառով էլ ՊՈԱԿ-ի ֆոնդերի վկայագրերի կազմելու աշխատանքները 2011թ-ից հանձնարարվում է ՊՈԱԿ-ի մյուս բաժինների գիտաշխատողներին, որոնց թե՛ բաժինների կանոնադրություններով եւ թե՛ նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերով նախատեսված չեն: Վերջիններիս կազմած վկայագրերն էլ, նրանց որոշ կետերի թերի լրացված կամ առհասարակ չլրացված լինելու հանգամանքները, օրենքի համաձայն, պետք է ստուգվեն եւ ստորագրություններով հաստատվեն (վավերացվեն) ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տեղակալի (Ա. Փիլիպոսյանի), գլխավոր ֆոնդապահի (Լ. Գեւորգյանի), բաժնի պատասխանատու ֆոնդապահների կողմից:

Իմիջայլոց, նշենք նաեւ, որ վերոնշյալ պաշտոնյաները իրենց անմիջական պարտականությունների կատարումը՝ վկայագրերի մասնագիտական եւ գիտական նկարագրությունների ստուգումները, հանձնարարում են ՊՈԱԿ-ի այլ աշխատակցների, որը նրանց պարտականությունների մեջ չմտնող աշխատանք է:

Այսպես, ըստ ՊՈԱԿ-ի պաշտոնական տարեկան հաշվետվությունների, որոնց համառոտված տարբերակները նաեւ հրատարակվել են, 2011թ. կազմվել է 827 հնագիտական իրերի վկայագիր, 2012թ.՝ 2051, 2013թ.՝ 2256, 2014թ.՝ առաջին կիսամյակում՝ 1201 վկայագրեր:

Իրականում այս ամենը կատարված է կիսատ-պռատ. չկան դրանց թղթի վրա տպագրված վերջնական օրինակները եւ, բնականաբար, նրանց հաստատող եւ ոչ մի ստորագրությունները (ստորագրություններ չկան, բնականաբար, նաեւ էլեկտրոնային տարբերակներում): Ասել է թե՝ թերի եւ մինչեւ վերջ չավարտված աշխատանքները, որոնք սուբսիդիայի պայմանագրի մաս են  կազմում, պաշտոնապես ներկայացվել են իբրեւ ավարտվածներ: Թե մշակույթի նախարարությունն էլ այդ աշխատանքները ինչպե՞ս է ընդունել, խորհելու տեղիք է տալիս: Քանզի նախարարության եւ ՊՈԱԿ-ի միջեւ ամեն տարի կնքված սուբսիդիայի պայմանագրում հստակորեն շարադրված է, որ կողմերը նախատեսված պարտավորությունները «ոչ պատշաճ կամ ժամկետանց կատարելու, չկատարելու կամ կատարելուց խուսափելու դեպքում, ինչպես նաեւ իրենց գործողություններով կամ անգործությամբ սույն պայմանագրի կատարման համար խոչընդոտներ ստեղծելու համար… կրում են պատասխանատվություն… ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Այնպես որ, սա եւս հանցակազմեր պարունակող աչքակապության նման մի բան է, որի վերաբերյալ նախարարության աշխատանքային խումբը զանց առնելով խնդրի բուն էությունը, բարեհաճել է միայն արձանագրել, որ «2011-2013թթ. ՊՈԱԿ-ում ընդհանուր առմամբ կազմվել է 6134 վկայագիր, որը էլեկտրոնացվել է 2014թ. առաջին կիսամյակում»

թ) Վերոնշյալ փաստերը հիմք ու հիմնավորում են տալիս, որպեսզի ՊՈԱԿ-ի 2011-2014թթ. գործունեությունը, մասնավորապես ամեն տարի 90-110 միլիոնի հասնող արտաբյուջետային մրջոցներից կատարված ծախսումներն առհասարակ անկախ աուդիտի ենթարկվի, որի ընթացքում կբացահայտվեն նաեւ այլ խախտումներ ու չարաշահումներ եւս: Այս առաջարկն, անշուշտ, պատասխանատուների սրտով չէ եւ աշխատում են այդ խնդրին առհասարակ չանդրադառնալ:

Սակայն հուսանք, որ այս առաջարկը չի անտեսվի նաեւ ՀՀ վարչապետի եւ այս ՊՈԱԿ-ի հիմնադիր՝ ՀՀ կառավարության կողմից:

Մինչ այս հոդվածի վերջակետելը նկատի ունենանք, որ բոլոր ժամանակներում էլ հանուն արդարության, ճշմարտության ու  արժանապատվության, մարդը, ժողովուրդները միշտ էլ պայքարել ու պայքարում են պետական, այսպես ասած, չինովնիկ-մանեկենների, իշխանության «մեծապատիվ» եւ անպատիվ մուրացկանների եւ նրանց կողմից սրբատաշ քարերով երեսապատված ամենաթողությունների ու ձգած որոգայթների դեմ: Այնպես որ, մեզանից յուրաքանչյուրը՝ իր գործունեության ընթացքում, հնարավորինս չպետք է կորցնի թե՛ անցյալի եւ թե՛ ներկայի նկատմամբ մարդկային գլխավոր արժանիքներ համարվող բարոյական սկզբունքները, արժանապատվությունն ու ազնվությունը, մասնագիտական խիղճը:

Հարկ է նկատի ունենալ, որ մարդու գործունեության ընթացքում՝ նրա կյանքի անբաժան մաս են կազմում բարոյական ու իրավական դաշտում նրա գործած այս կամ այն սխալներն ու թերացումները, որոնք, բնականաբար էլ մարդկային են եւ միշտ էլ ենթակա են ներման: Հետեւապես մարդու կողմից թույլ տված սխալների գիտակցումը եւ շտկումն առհասարակ բարոյականության առաքինություն է, մարդուն արժեւորող հատկանիշ: Հանրահայտ է նաեւ այն, որ երբ մարդը չի գիտակցում իր սխալը, ապա վերջինս կամա թե ակամա դառնում է մարդու բնավորություն, գործելաոճ, որն էլ անխուսափելիորեն վերածվում է մեղքի ու մեղսակցության: Ավելին, եթե շարքային, ոչ պաշտոնատար մարդու սխալներն ազդում են միայն նրա շրջապատի կամ ընտանիքի անդամների վրա, ապա պաշտոնատար անձի ու պետական ծառայողի թույլ տվածները ճակատագրական են լինում ավելի լայն զանգվածների՝ համայնքների ու աշխատանքային կոլեկտիվների, պետության անվտանգության, ազգային շահերի եւ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա:

Իսկ այսպիսի դեպքերը ու դեմքերը, ցավոք, նորանկախ Հայաստանի պետական կառույցներում քիչ չեն, որի ականատեսն ենք լինում գրեթե ամեն օր: Եվ ասես թե ստի ու կեղծիքի մատուցման մեջ մենք դաջվել-վարպետացել ենք, ճանապարհ ենք բռնել դեպի աչքակապության ու կեղծիքի անդունդը: Քանզի մեր մեջ դեռեւս հարկ եղած չափով բացակայում են մեր պետականության ամրապնդման գիտակցումն ու հասարակական-ազգային մտածելակերպը, շիտակ ու ազնիվ քաղաքացիական մոտեցումները:

Այնպես որ, մեր, ինչպեսեւ յուրաքանչյուր պետություն ամրապնդվում է միայն ու միմիայն պետական ու ազգային մտածողության գերակայության դեպքում, երբ օրենքն ու ազգային շահերն անձնականից ու խմբային շահերից վեր են դասվում: Այլապես կեղծիքը, սին ճառերն ու ճամարտակումները, ճշմարտության սքողումներն ու կոծկումները, մեր պետական համակարգին պատուհասվող տեսանելի եւ անտեսանելի արգահատելի արարքները հարուցիչների ու մակաբույծների, ստվերների նման ամենուր կհետապնդեն ու կվարկաբեկեն մեզ:

Վերջակետելուց առաջ ՀՀ կառավարության ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը հրավիրենք այս ՊՈԱԿ-ի վերջին տարիների գործունեության եւ կառավարության որոշմամբ դրա վերահսկողությունը իրականացնող լիազոր պետական մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության այսպիսի «շատ օրինակելի» ու «սպառիչ» դիրքորոշումների վրա:

Մանավանդ, որ ՊՈԱԿ-ի 2013թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը 2014թ. փետրվարի 14-ին ընդունելու-քննարկելու ժամանակ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը գնահատել է՝ «գերազանցիկ ՊՈԱԿ եք, երեւի միակն եք, որ նման ցուցանիշ եք ապահովել» (hushardzan.am/3928/):

Հրավիրենք վարչապետի ուշադրությունը եւ սպասենք արձագանքին: Գործադիր իշխանության ղեկավարը պետք է որ գործի վասն ճշմարտության եւ ի պետս իմացության: Այլապես նմանօրինակ թողտվություններն ու ամենաթողությունները պտղաբերելով՝ երկիրը կսնանկացնեն թե՛ բարոյապես եւ թե՛ ֆինանսապես...

Արգամ Այվազյան, Հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

«Լուսանցք» թիվ 2 (348), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։