Անահիտ Աստվածամոր հեթանոսական պաշտամունքը եւ Նիցշեի Դիոնիսոսականը (մաս 2-րդ) – Քուրմ Մանուկ, հայ արիների քրմական դասի ներկայացուցիչ

Սկիզբը՝ թիվ 1-ում

Նիցշեն անհավատ չէ: Իմաստասերը գրում է. «Մենք… լավ եվրոպացիներ ենք21, Եվրոպայի ժառանգորդները, եվրոպական ոգու հազարամյակների հարուստ, ծանրաբեռն, բայց եւ լիուլի պարտավորյալ ժառանգները. իբրեւ այդպիսիք՝ աճելով դուրս ելած նաեւ քրիստոնեության հասակից եւ նրան անբարեհաճ, եւ հենց որովհետեւ մենք նրանցից ենք աճել, որովհետեւ մեր նախնիները քրիստոնեության անխնա ուղղամտության քրիստոնյաներ էին, որոնք կամովին զոհաբերել են իրենց հավատին ունեցվածք ու արյուն, դիրք ու հայրենիք: Մենք – նույնն ենք անում: Բայց ինչի՞ համար: Մեր անհավատության համա՞ր: Ամեն կարգի անհավատության համա՞ր: Ոչ, դուք այդ ավելի լա՛վ գիտեք, իմ բարեկամներ: Ձեր մեջ թաքնված այո-ն ավելի ուժեղ է, քան ողջ ոչ-ն ու հավանաբար», որոնցով դուք հիվանդ եք ձեր ժամանակով հանդերձ. եւ եթե դուք, տարագիրնե՜ր ապա ձեզ նույնպես դրան ստիպում է – մի հավատ…»22:

Այդ «մի հավատը»-ը, ինչպես վերեւում նկատվեց, արիական-հեթանոսական ցեղային հոգեկերտվածքով պայմանավորված հավատքն է: Իմաստասերը իր գործերում ոչ մեկ անգամ է արտահայտել իր՝ ըստ ամենայնի դրական վերաբերմունքն իր նախնիների հավատքի նկատմամբ: Այսպես, օրինակ, «Զվարթ գիտության» երրորդ գրքի «Գերմանական հույսեր» ասույթում կարդում ենք. ««Գերմանացիները» («die Deutschen»). սա նախասկզբնապես նշանակել է «հեթանոսները» («die Heiden»), այսպես էին գոթերը, իրենց դարդից հետո, անվանում իրենց չմկրտված ցեղակիցների մեծ զանգվածին՝ ղեկավարվելով Յոթանասնից իրենց թարգմանությամբ, որտեղ հեթանոսները, նշվում են մի բառով, որը հունարեն «ժողովուրդներ» է նշանակում23… Տակավին շատ հնարավոր է, որ գերմանացիները հետին թվով իրենց հին հայհոյական անունից մի պատվանուն սարքեն՝ Եվրոպայի առաջին ոչ քրիստոնյա ժողովուրդը դառնալով. ինչին վերին աստիճանի հակված լինելը Շոպենհաուերը նրանց համար պատիվ էր սեպում: Այդպես ավարտին կհասներ Լութերի գոթը, որը նրանց սովորեցնում էր ոչհռոմեական լինել եւ ասել «այստեղ ե՛ս եմ կանգնած: Ես այլ կերպ չե՛մ կարող»24: Սակայն ինչ-ինչ՝ Նիցշեն լավ էր հասկանում, որ հեթանոսություն նախեւառաջ նշանակում է ցեղային (մասնավոր առումով՝ ազգային) աստվածներ, նրանց պաշտամունքն ունեցող՝ հավատք: Եվ այս առումով՝ նրա գործերում դժվար չէ նկատել հին՝ ցեղային (ազգային) Աստվածների նկատմամբ կարոտաբաղձությունը, նրանց «կա՜նչը», եթե արտահայտվելու լինենք նրանից ազդված մեր Լեւոն Շանթի պես:

Ինչո՞ւ հեթանոսական Աստվածների, եւ ո՛չ՝ քրիստոնեականի,- եթե արդեն ինքնին հասկանալին «այո»-ի ու «ոչ»-ի կտրվածքով ձեւակերպելու լինենք: Բերենք, այդ առումով, իմաստասերի «Հակաքրիստոս»-ից երկու, շատ բան ասող, մեջբերում, որոնք հարցի սպառիչ պատասխանը տալիս են25. «Այն ժողովուրդը, որը դեռեւս հավատում է ինքն իրեն, իր սեփական Աստվածն ունի: Նա նրանումն է տեսնում այն պայմանները, որոնց շնորհիվ նա բարձրացել է՝ իր առաքինությունները: Նրա ինքնաբավարարվածությունը, նրա՝ առ իշխանությունը մղումը նրանում արտացոլվում է մի էակի մեջ, որի համար պետք է նրանից շնորհակալ լինել: Ով հարուստ է՝ ցանկանում է զոհաբերել. հպարտ ժողովուրդը աստվածության կարիք ունի, որ զոհաբերի… Կրոնը նման նախադրյալների գոյության պայմաններում՝ երախտագիտության արտահայտություն է: Այն ժողովուրդը, որը երախտապարտ է իր գոյության համար, այդ երախտագիտության արտահայտման համար աստվածության կարիք ունի: – Այդպես աստվածությունը օգուտ տալու կամ վնաս պատճառելու, ընկեր կամ թշնամի լինելու զորությունը պետք է ունենա. նրան պետք է զարմացնեն ինչպես բարությամբ, այնպես էլ՝ չարությամբ: Միայն բարի աստվածություն՝ աստվածության անբնական ամորձատումը, այստեղ լրիվ անցանկալի է: Չար աստվածության կարիքը նույնպես զգացվում է, ինչպես եւ բարի… Ի՞նչ իմաստ կա աստվածության մեջ, որը չունի ոչ զայրույթ, ոչ վրեժ, ոչ ատելություն, ոչ ծաղր, ոչ խորամանկություն, ոչ բռնություն… Նման աստվածությունը կլիներ անհասկանալի. ինչի՞ համար է այն: – Իհարկե, երբ ժողովուրդը մեռնում է, երբ նա զգում է, որ վերջնականապես կորչում է իր հավատը գալիքի հանդեպ, ազատության հույսը: Երբ հնազանդությունը սկսում է մտնել նրա գիտակցության մեջ որպես առաջին անհրաժեշտության բան, երբ ենթարկվելու մղումը դառնում է նրա պահպանման անհրաժեշտ պայմանը,- ապա նրա աստվածությունը եւս պետք է ըստ այդմ փոխվի: Նա այժմ դառնում է խորամանկ, երկչոտ, համեստ, նա «հոգեւոր» կյանքի, ատելությունից հեռու մնալու, զգուշավորության, «ընկերոջը եւ թշնամուն սիրելու» խորհուրդներ է տալիս: Նա անընդհատ բարոյախոսում է, նա սողոսկում է ամեն մի մասնավոր առաքինության մեջ, դառնում՝ աստվածություն առանձին մարդու համար, դառնում՝ մասնավոր անձ, կոսմոպոլիս… Ինչ-որ ժամանակ աստվածությունը իրենով ներկայացնում էր ժողովրդին, նրա ուժը, նրա հոգու ողջ թափն ու իշխանության ծարավը,- այժմ նա միայն բարի աստված է… Ճշտիվ՝ աստվածների համար այլ երկընտրանքներ գոյություն չունեն. կամ նրանք կամք են առ իշխանությունը, եւ այդ դեպքում նրանք լինում են որպես ազգային աստվածություններ. կամ էլ նրանք առ իշխանությունը կամքի ժխտումն են, եւ այդ ժամանակ նրանք հարկադրաբար դառնում են բարի…»26. «Առաջ Աստված գիտեր միայն իր ժողովրդին, իր «ընտրյալ» ժողովրդին… Հետո նա ամենուր դարձավ օտարական, մեծ կոսմոպոլիս, իր կողմը «մեծ թիվը», երկրի կեսը՝ ձգող: Բայց «մեծ թվի» Աստվածը, աստվածների մեջ դեմոկրատը, չնայած դրան, չդարձավ հեթանոսների հպարտ աստվածը, նա մնաց հրեա, նա մնաց ծակուծուկերի աստվածը, բոլոր մութ անկյունների ու տեղերի, ողջ աշխարհի անառողջ բնակարանների աստվածը»27:

Ահա եւ մեծ իմաստասերը. «հավերժ վերադարձ»-ի համատիեզերական օրենքն իրեն ապավեն դարձրած28, որպես իր ցեղի, յուրահատուկ վաղածիններից, ժամանակից շո՜ւտ ծնվածներից մեկը, գնում է իր ցեղի երբեմնի հզոր ու հպարտ աստվածների հետքերով, գնում է նրանցով առլեցուն իր կորուսյալ երկիրը հայտնաբերելու, գիտակցելով, որ իր ու իրպեսների այդ ուղին շա՜տ դժվարին, փորձություններով ու արկածներով առլեցուն, «մեծ թվի» պատնեշներով արգելափակված է լինելու: Գրում է. «Եվ ահա այս կերպ երկար ճանապարհին լինելուց հետո մեզ՝ իդեալի արգոնաորդներիս, թերեւս՝ ավելի համարձակ, քան խելամտությունն է պահանջում, եւ հաճախ բավականաչափ նավաբեկյալ ու տուժած, սակայն… ավելի առողջ, քան մեզ կուզենային թույլ տալ, վտանգավոր առողջ, նորից ու դարձյալ առողջ,- մեզ սկսում է թվալ, թե իբր մենք, ի հատուցումն դրա, մեր առջեւ տակավին չհայտնաբերված մի երկիր ենք նշմարում, որի սահմանները դեռ ոչ ոք նայելով չի տեսել, իդեալի բովանդակ մինչայժմյան երկրների ու անկյունների մի անդին, գեղեցիկով, օտարով հարցահարույցով, սարսափելիով ու աստվածայինով այնքան գեր հարուստ մի աշխարհ, որ մեր հետաքրքրասիրությունը, ինչպես նաեւ տիրանալու մեր տենչանքը իրենցից դուրս են ելել»29 (ընդգծ. իմն է,- Ս.Մ.):

Իդեալի՝ նոր աստվածների, նոր հավատքի երկրի՝ արգոնաորդ իմաստասերի «նավը», ցեղային արժեքների «ծովով» դեպի հետ նավարկելիս (քանի որ նա, այնուամենայնիվ, եվրոպական արժեքների ծնունդ էր, իսկ դրանք գնում-հասնում էին միայն մինչեւ Հին հունական հեթանոսական աշխարհ30) կանգ է առնում հեթանոսական Հունաստանում լայն տարածում գտած Դիոնիսոս Աստծո պաշտամունքի վրա, դրանում տեսնելով՝ սեմականությունից (եգիպտականությունից, հրեությունից…) ձերբազատ՝ իր ցեղային արժեքների վերագտնումի ու վերահաստատումի բանալին: «Չաստվածների մթնշաղ»-ում գրում է. «Ես առաջինն էի, որ… լրջորեն վերաբերեցի այն զարմանահարույց երեւույթին, որ Դիոնիսոս անունն է կրում. այն հասկանալի է միայն ուժի չափազանցությունից… Լոկ դիոնիսյան խորհրդածեսերում, դիոնիսյան վիճակի հոգեբանության մեջ է արտահայտվում հելլենական բնազդի բուն փաստը՝ նրա «առ կյանք կամքը»: Ի՞նչ էր երաշխավորում իրեն հելլենն այդ խորհրդածեսերով: Հավերժական կյանքը, կյանքի հավերժական վերադարձը. անցյալի մեջ ավետված եւ սրբագործված գալիքը, կյանքի հանդեպ հաղթական Այո-ն ընդդեմ մահվան ու փոփոխության. ճշմարիտ կյանքը որպես համընդհանուր շարունակական կյանք բեղմնավորման միջոցով, սեռականության խորհրդածեսերի միջոցով: Այդ պատճառով հույների համար սեռական խորհրդանիշը հարգանքի արժանի ինքնին խորհրդանիշ էր… Առանձին ամեն ինչ բեղմնավորման, հղիության, ծննդի ակտի մեջ արթնացնում է բարձրագույն ու ամենահանդիսավոր զգացմունքները: Խորհրդածեսերի վարդապետության մեջ ցավը սրբացված է, «ծննդկանի ցավերը» սրբագործում են ցավն ընդհանրապես,- ամենայն գոյավորում եւ աճ, ամենայն գալիք երաշխավորողը ցավն է պայմանավորում… Որպեսզի գոյություն ունենա արարման հավերժական հրճվանքը, որպեսզի առ կյանք կամքը հավերժորեն հաստատի ինքն իրեն, պետք է նաեւ «ծննդկանի չարչարանքները» հավերժորեն գոյություն ունենան… Դիոնիսոս բառն այս ամենն է նշանակում. ես ուրիշ ոչ մի ավելի բարձր խորհրդանշանակություն չգիտեմ, քան այս հունական խորհրդանշանակությունը, դիոնիսյան խորհրդանշանակությունը: Նրանում կյանքի խորագույն բնազդը, կյանքի գալիքի բնազդը, կյանքի հավերժության բնազդն է կրոնականորեն զգացված,- առ կյանք բուն ուղին՝ բեղմնավորումը, որպես սրբազան ուղին… Լոկ քրիստոնեությունը, կյանքի դեմ իր հիմքում ընկած ressentiment-ով (ոխակալությամբ, չարացածությամբ,- Ս.Մ.), սեռական կյանքից ինչ-որ անմաքուր բան սարքեց. այն կեղտ շպրտեց սկզբի վրա, մեր կյանքի նախապայմանի վրա…»31: Իր արած մեծ գյուտի՝ հին հունական բնազդի (ըստ իրեն՝ ընդհանուր-արիականի հիմքի) բուն փաստի հայտաբերումի համար իմաստասերն ինքն իրեն համարում է Դիոնիսոսի «Վերջին աշակերտ», «Հավերժական վերադարձի ուսուցիչ»32:

Դիոնիսոս աստծուն Նիցշեն անդրադարձել է իր այլ երկերում էլ: «Զվարթ գիտությունում» անդրադարձն էլ հիշենք. «Կենսալիությամբ ամենահարուստը՝ դիոնիսոսյան աստվածն ու մարդը, կարող է իրեն պարգեւել ոչ միայն սարսափելու եւ խնդրահարույցի հայեցումը, այլ անգամ սարսափելի արարքը եւ ավերման, քայքայման, ժխտման ամեն շքեղության. նրա մոտ չարը, անիմաստը եւ այլանդակը երեւան է գալիս ասես թե թույլատրված, ի հետեւանս ծնող, բեղմնավորող ուժերի մի լիառատության, որը ի վիճակի է ամեն անապատից դեռ փարթամ մի մրգաստան ստեղծել: Ընդհակառակը, ամենատառապողը, կյանքով ամենաաղքատը առավելապես մեղմության, խաղաղասիրության, բարության կարիք կունենա, թե՛ մտածելիս եւ թե՛ գործելիս, այդ հնարավորության՝ մի աստծո, որը բացառապես հիվանդների համար աստված լինի, «փրկիչ» լինի. նմանապես՝ եւ տրամաբանությանը, գոյության վերացական հասկանալիությանը,- որովհետեւ տրամաբանությունը հանգստացնում է, վստահություն է տալիս…»33:

Դիոնիսոս խորհրդի՝ Նիցշեի փիլիսոփայության մեջ նշանակալիության, այն որպես նրա հեթանոսական աշխարհընկալումի ելակետի մասին է խոսում այն փաստը, որ Նիցշեն իր զրահադաշտին դիտում է որպես Դիոնիսոս Աստծո մարգարե, իսկ գերմարդուն (իր փիլիսոփայության մեկ այլ գլխավոր անձին)՝ նրա որդին:

Գանք, սակայն, Նիցշեի դիոնիսոսականի եւ Անահիտ Աստվածամոր կապին: Կապը տեսնելու համար նախ տեսնենք, թե ով է եղել նիցշեական դիոնիսոսականի նախատիպար Դիոնիսոս աստվածը Հին հունական դիցաբանական պանթեոնում եւ ինչ դրսեւորումներ է ունեցել նրա պաշտամունքը34:

Տարածված է այն կարծիքը, որ Դիոնիսոսը Հին Հունաստանում եղել է բուսականության Աստված, խաղողագործության եւ գինեգործության հովանավոր: Սակայն ավելի ընդունելի է այն կարծիքը, որ նա, համենայն դեպս իր ավելի վաղ պաշտամունքային դրսեւորումներում, համարվել է պտղաբերության կամ մեռնող-հառնող բնության Աստված (Նիցշեն Աստվածությանը այսպես՝ ավելի ընդհանուր դերակատարությամբ է ընկալում): Աստծո պաշտամունքը Հին Հունաստանում ամենալայն տարածում գտած պաշտամունքներից է եղել: Ըստ հունական առասպելաբանության՝ նա Զեւսի եւ Սեմելեյի որդին է, ծնվել է երկու անգամ՝ առաջին անգամ մորից, երկրորդ անգամ՝ Զեւսի ազդրից: Դիոնիսոսյան երթի մասնակիցները կանայք էին, բաղեղից պսակներ հագած եւ տարբեր կենդանիների մորթիներով պատված: Երթը առաջնորդում էր քուրմ «Դիոնիսոսը», նրան ուղեկցող կանայք, ովքեր ձեռքներին պահում էին զոհաբերության նոխազներ, հեղման համար գինի, որթատունկի ճյուղեր, այրական սեռի նշան (ֆալոս), կոչվում էին բաքոսուհիներ: Այն կրում էր աղմկալի, էքստազային բնույթ: Դիոնիսոսյան տոնակատարությունների բաղկացուցիչ մասն էին միստերիաները (հատկապես Դիոնիսոսի տանջանքներին, մեռնում-հառնումին նվիրված), որոնք վերածվում էին խելահեղ օրգիաների՝ կանանց զանազան կաշկանդումներից ազատող ծեսերի: Աստծուն նվիրված չորս տոները տարվա տարբեր ժամանակներում էին տոնում: Այդ տոները խորհրդանշում էին Աստծո տարբեր կողմերը՝ զուգավորում, բեղմնավորում, պտղաբերում, կյանքի զարթոնք, բերք ու բարիք եւ այլն:

Դիոնիսոսագիտության մեջ հաստատված է, սակայն, արդեն այն փաստը, որ չնայած Հին Հունաստանում դիոնիսոսյան պաշտամունքի լայն տարածումին՝ այն տեղական ծագում չունի: Պաշտամունքի հայրենիքը գիտնականները մերթ համարում են Հնդկաստանը, մերթ Եգիպտոսը, մերթ էլ՝ Ասիական (արեւելյան) ինչ-որ մի երկիր: Կարծում ենք, որ ճշմարտությանը ավելի մոտ է երրորդ կարծիքը, այն ճշգրտմամբ, որ նշված ինչ-որ մի երկիրը Հայաստանն է: Հին Հունաստանում Դիոնիսոսի եւ Հին Հայաստանում Անահիտ Աստվածամոր՝ Հայոց դիցարանի ծնող զորության պաշտամունքների զուգադրությունը, դրանց մեջ շատ ընդհանրություններ (խորհրդաբանական, տոնային, տոնակատարությունների կատարման ժամանակի, ծիսային, անգամ՝ լեզվական) է երեւան բերում, որն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ առաջինի հիմքը երկրորդն է: Պարզ է, որ Անահիտ Աստվածամոր պաշտամունքը Հունաստան տարվելով՝ ինչ-ինչ փոփոխությունների է ենթարկվել. ֆալոսապաշտական տարրեր են մտել պաշտամունքի մեջ, կամ էլ Աստվածամոր անունը՝ Անահիտ, դարձել է Դիոնիսոս35

Այն, որ հին արիական դիցարանի՝ ամեն ծնունդ (աստվածային, երկնային, երկրային), կյանքի ամեն բարեշրջում (բեղմնավորում, աճ, լինելիություն), հողի կենսանորոգումն ու բերքատվությունը պայմանավորող ու հովանավորող, բոլոր մայրերի խնամարկու Անահիտ Աստվածամոր պաշտամունքը Հին Հունաստանում տարածված է եղել եւ այն տեւել է մինչեւ 3-4-րդ դարերը՝ հաստատումս է Ագաթանգեղոսը: Նրա «Պատմությունից» իմանում ենք մինչ դարձի բերվելը Տրդատ թագավորի՝ «Մեծ Անահիտ տիկնոջ» (խոսքը Աստվածամոր մասին է,- Ս.Մ.) մասին ասվածն առ այն, որ նա «մեր ազգի փառքն է ու կենսատուն, որին բոլոր թագավորներն են պաշտում, մանավանդ հունաց թագավորը36»37:

Հին հունական դիոնիսոսականի՝ Հայքից ծագումնաբանության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ, ինչպես պատմվում է հունական դիոնիսոսականում, դիոնիսոսականներն անցնելով Հունաստան՝ այդտեղ մարդկանց գինեգործություն են սովորեցնում. իսկ հաստատված է, Հայաստանն է գինեգործության հայրենիքը…

Ահա եւ, կրկին հիշենք մեր առաջ քաշած վարկածը, Հայաստանից Հունաստան տարված Անահիտ Աստվածամոր պաշտամունքն էլ դառնում է այն խորհրդանշական հիմքը, որի վրա Նիցշեն կառուցում է իր նոր փիլիսոփայությունը, իր նոր հավատքը: Հավատքի, իհարկե, միայն ուրվագիծը, քանզի միայն Հին Հունական դիոնիսոսականով նա ավելիին չէր կարող հասնել…

Սերգեյ Մանուկյան (քուրմ Մանուկ), ԵՊՀ դասախոս, փիլիսոփայության գիտությունների թեկնածու

21 «Լավ» եվրոպացին Նիցշեի փիլիսոփայության մեջ մարդու արիական տեսակի զգացում-գիտակցումը հիմնում վերագտած Եվրոպացին է:

22 Ֆրիդրիխ Նիցշե, Զվարթ գիտությունը, էջ 296:

23 Բառը հունարեն նաեւ ցեղեր (ազգեր) է նշանակում, որն է, կարծում ենք, բառի բուն թարգմանությունը:

24 Ֆրիդրիխ Նիցշե, Զվարթ գիտությունը, էջ 164-165:

25 Մեջբերումները երկար են. հատուկ չենք կրճատում, որպեսզի դրանցում արծարծված խորաթափանց պատկերների վրա հայ քրիստոնյայի թմրած ուղեղը մի փոքր երկար կանգ առնի:…

26 Նիցշե, 1-2 հատորներ, հատ. 2-րդ, էջ 642-643:

27 Նույն տեղում, էջ 644:

28 «Հավերժ վերադարձ»-ի օրենքի իր գյուտը Նիցշեն դիտում է որպես մարդկության նոր մարգարեություն: Նրա գործերում քանիցս դրան արված անդրադարձերից զգայացունց է հատկապես «Զվարթ գիտության» չորրորդ գրքի՝ «Մեծագույն ծանրությունը» ասույթում անդրադարձը:

29 Ֆրիդրիխ Նիցշե, Զվարթ գիտությունը, էջ 301:

30 Անդինը՝ դեպ ցեղի բնօրրան եկող հունականի բնօրինակ արխետիպայինը Նիցշեին հայտնի չէր…

31 Ֆրիդրիխ Նիցշե, Բարուց եւ չարից անդին: Չաստվածների մթնշաղ, Ապոլոն հրատ., Եր., 1992, էջ 254-255:

32 Տես՛ նույն տեղում, էջ 256:

33 Ֆրիդրիխ Նիցշե, Զվարթ գիտությունը, էջ 286:

34 Այդ մասին ստորեւ պատմվում է ըստ այս գրականության. Դիցաբանական բառարան, «Լույս» հրատ., Եր., 1985, էջ 61-64:

35 Թեեւ, հնարավոր է, Դիոնիսոս անունը Անահիտ-ին մոտ իմաստ է արտահայտում. թերեւս այն կազմված է հայոց լեզվի (արիական նախալեզվի) տի/դի (մեծ), ան/ին (ծնող, ծնել, պտուղ), աս/իս (գերագույն զորություն) բառարմատներից, եւ, հետեւաբար, նշանակում է Մեծ ծնող զորություն, որը նման է Անահիտ բառի իմաստին (կազմված է ան-ծնող, ահ-զորություն բառարմատներից եւ նշանակում է Ծնող Զորություն):

36 Խոսքը իր ժամանակակից հռոմեական կայսեր մասին է: Իսկ հայտնի փաստ է, որ, ինչ-որ առումով ասած, Հին Հռոմը Հին Հունաստանի ժառանգորդն էր:

37 Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Եր., 1983, էջ 41:

«Լուսանցք» թիվ 2 (348), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։